HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Հայաստանից գնալը մեծ դժբախտություն դարձավ մեզ համար»

Շուրջ 20 տարի Ուկրաինայում ապրող հորաքրոջ առաջարկով գյումրեցի Արտակ Ազիզյանն արտագնա աշխատանքի է մեկնել Դոնեցկի շրջանի Չասովնյա քաղաք:

«2004 թ. հունիսին ինքը գնաց, որոշ ժամանակ աշխատեց, հետո տեսավ, որ այնտեղ կարելի է ապրել, զանգեց, բա` աշխատանք եմ գտել, շատ լավ է, երեխաներին վերցրու, արի ստեղ»,- պատմում է նրա կինը` Հայկանուշ Դերոյանը:

Հայկանուշը, թեև ծնողները դեմ են եղել, վերցրել է երկու երեխաներին ու տեղափոխվել ամուսնու մոտ: Ընտանիքն ապրել է Արտակի հայազգի ընկերոջ` Վարդանի բնակարանում:

«Վարդանը մի քանի հատ տուն ուներ: Էդ բնակարանի բանալիները տվեց մեզ ու առանց ոչ մի բանի` վարձ տալու ապրում էինք: Ամուսինս շինարարության վրա էր աշխատում, Խարկով էր գնում-գալիս, մալյարություն էր անում: Երեխաներին դպրոց էինք տվել, ամեն ինչ նորմալ էր»,- շարունակում է Հայկանուշը:

Երկու-երեք ամիս անց Արտակի հրավերով իր մոտ են տեղափոխվել նաև վերջինիս ծնողներն ու եղբայրը: Արտակի հայրը նրա հետ սկսել է աշխատել շինարարությունում:

«Այնտեղ աշխատանք ունենալու համար պարտադիր քաղաքացիություն կամ կեցության վկայական պիտի ունենաս: Դրա համար էլ ամուսինս ու սկեսրայրս 3 ամիսը մեկ սահմանն անցնում, գնում էին Ռուսաստան ու հետ գալիս, որպեսզի անձնագրում անհրաժեշտ կնիքները լիներ,- հիշում է Հրանուշ Դերոյանը: – Բայց մի անգամ սահմանի վրա ռեգիստրացիա անելու համար սկեսրայրիցս 700 եվրո ուզեցին, որ նորից թողնեն Ռոստովից մտնի Ուկրաինա: Չկարողացանք տալ: Հինգ տարով դեպորտ խփեցին: Հիմա նա Ռուսաստանում է` աղջկա մոտ, և դեռ 2 տարի էլ կա, մինչև դեպորտի ժամանակը լրանա»:

2008 թվականի հունիսի 9-ի գիշերը Արտակը տնից դուրս է եկել, ճանապարհելու իրենց տանը հյուրընկալված ընկերոջը` Վարդանին, ու այլևս չի վերադարձել:

«Սկեսուրիս հետ խառնվեցինք իրար: Առավոտյան 6-ի կողմերը զանգեցի Վարդանին: Զարմացավ, որ ամուսինս տուն չի հասել: Ասաց` նա  էդիկենց տեսավ, կանգնեց հետները զրուցելու: Գնացինք Էդիկենց տուն, բայց նա տանը չէր. մինչև հիմա էլ փախած է»,- պատմում է Հայկանուշը:

Էդիկը Արտակի ռուս ընկերն է, ով վերջինիցս պարտքով գումար է վերցրել` ինչ-որ երկաթի գործ անելու համար: Հետագայում պարզվել է, որ այդ օրը նա Արտակին համոզել է մտնել տարածքում գտնվող լքված տներից մեկը` հավաստիացնելով, որ այնտեղ շատ երկաթ կա, որը հանձնելով կարելի է բավական գումար վաստակել:

Բայց «լքված տան» տերը` Ալեքսանդր Պովոդը, տանն է եղել: Իրավապահները վերջինիս ձերբակալել են: Սկզբում նա ասել է, թե ոչ մի բանից տեղյակ չէ: Սակայն 4 օր անց խոստովանել է, որ Արտակին սպանել է:

«Ամուսնուս լրիվ մերկացրել էր, ավտոմեքենայի ռելսերը, մոտ 200 կգ երկաթ կապել մեջքից, ոտքերից, և գցել մոտակայքում գտնվող կանալը: Թե հետն ովքե՞ր են եղել, չգիտենք: Սպանության վերաբերյալ գիտենք միայն այն, ինչ մեղադրյալն է գրել: Ասել է, թե իբր Արտակն իրեն ծեծել է: Սակայն նրա վրա ոչ մի վնասվածք, ոչ մի հետք չկար: Թուղթ էր ներկայացրել` իբր հաշմանդամ է: Բայց այդ դեպքում ամուսնուս ո՞նց էր բարձրացրել ու գցել կանալը,- տարակուսում է Հայկանուշը: – Մենակ տեսնեիք, թե դատի ժամանակ ինչպես էին մեզ ձեռք առնում: Դատավորը ծիծաղելով դատ էր անում, դատախազն էլ ընդհանրապես հարցեր չէր տալիս: Ամեն ինչի համար փող են ուզում: Չունեցար, վերջ. ահավոր վիճակ ա»:

36-ամյա Արտակ Ազիզյանի սպանության համար Ուկրաինայի դատարանը Ալեքսանդր Պովոդին դատապարտել է 3 տարվա ազատազրկման: Սակայն վերջինս անազատության մեջ անցկացրել է ընդամենը 7 ամիս:

«Արդեն մյուս տարվա` 2009 թ. փետրվարին մարդասպանին բաց էին թողել` 50 հազար դոլարով: Մի օր տղաներս դպրոցից եկան, թե, մա´մ, Պովոդին ենք տեսել: Նա նույնիսկ մոտեցել էր երեխաներից: Մենակ նրանց վիճակը տեսնեիք. շատ ուժեղ վախեցել էին»,- պատմում է Հայկանուշը:

Արտակի դին թաղված է Չասովնյա քաղաքում. այն Հայաստան տեղափոխելու համար անհրաժեշտ 20 հազար ԱՄՆ դոլարն ընտանիքը չի ունեցել: Դեպքից 2 ամիս անց Արտակի մայրը հատել է ռուս-ուկրիանական սահմանը, անձնագրում անհրաժեշտ կնիքների առկայությունն ապահովելու համար, և ամուսնու պես ստիպված մնացել է Ռուսաստանում: Ուկրիանացի սահմանապահները տարեց կնոջը մուտքի վիզա չեն տվել` խոստանալով, որ եթե հաջորդ անգամ նրան տեսնեն փաստաթղթերի համար սահմանը հատելիս, կարտաքսեն 5 տարի ժամկետով:

Հայկանուշը երկու անչափահաս տղաների հետ օտար երկրում մնացել է միայնակ: Նրան երբեմն-երբեմն օգնել են ամուսնու բարեկամները, հայազգի ընկերն ու հարևանները: Բայց, միևնույն է, Հայկանուշի առջև ծառացել է օվա հացի խնդիրը:

«Երազում էի վերադառնալ Հայաստան, բայց միայն ճանապարհածախսի համար 900 դոլար էր պետք: Դիմել էի Ուկրաինայում Հայաստանի դեսպանատուն. անձնագրիս ժամկետները վերջացել էր: Աշխատողներից մեկը զանգեց` Գարիկ անունով, վռազ դոլարների անուն տվեց: Ասաց` պետք է գաք Կիև, 65 դոլար մուծեք ինչ-որ դակումենտների համար, շատ կոպիտ խոսեց ու հեռախոսը միանգամից դրեց: Չհասցրեցի նույնիսկ ասել, որ այդքան գումար չունեմ»,- հիշում է 34-ամյա Հայկանուշը:

Նրա հարազատները Հայաստանում դիմել են «Հույս և օգնություն» հասարակական կազմակերպությանը, որի միջնորդությամբ էլ Ուկրաինայում էմիգրանտների հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունը ֆինանսավորել է ընտանիքի վերադարձը հայրենիք: Այժմ մասնագիտությամբ հաշվապահ Հայկանուշը երեխաների հետ ապրում է Գյումրիում` ծնողների տանը:

«Աշխատանք չեմ գտնում, ծնողներս էլ թոշակով են ապրում: Նորից կանգնել եմ ֆինանսական անլուծելի խնդիրների առաջ, իսկ գումար ինձ շատ է պետք: Մեծ որդուս` Սուրենի մոտ դեռ այն ժամանակ էպիլեպսիայի թույլ նշաններ կային: Իսկ երբ մարդասպան Պովոդը փողոցում մոտեցել էր երեխաներիս, Սուրենս վախից ուժեղ ցնցման մեջ էր ընկել. հիվանդությունը խորացել է: Մտածում էի, որ Հայաստանում կկարողանանք բուժել, բայց միայն ստուգման համար 80 հազար դրամ են ուզում: Էլ չգիտեմ` ի՞նչ անեմ: Գոնե բարերարներից մեկն իմանար ու օգներ»,- ասում է Հայկանուշ Դերոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter