HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Պարապություն, պարապություն, կովերի հերթ… Անելու բան չկա. չոբան պիտի դառնաս»,- ասում է 19-ամյա Գեւորգը

Վայոց Ձորի մարզկենտրոնից` Եղեգնաձորից մոտ 30 կմ հեռավորության վրա գտնվող Մարտիրոս գյուղը հիմնադրվել է 1283 թ. Պռոշ իշխանի կողմից և նրա որդու անունով կոչվել Մարտիրոս: Սողանքների պատճառով 1970-ականներին գյուղը մոտ 1,5 կիլոմետրով տեղափոխվել է դեպի Արևմուտք: Սակայն, այստեղ ևս սողանքներն ակտիվ են, ինչի պատճառով շատերի տները կրկին վթարային են դարձել:

Անցյալ տարի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Սերժ Սարգսյանը խոստացել, իսկ այնուհետև, խոստմանը համաձայն, 10 մարտիրոսցի ընտանիքի հատկացրել է 7 միլիոն 750 հազար դրամ: Դրանով հիշյալ ընտանիքներից ոմանք գնել են Ռուսաստանում մշտական բնակություն հաստատած իրենց համագյուղացիների լքված տները: Ոմանք էլ, վերցնելով գումարը, իրենք են լքել Մարտիրոսը` բնակարան գնելով այլ բնակավայրերում:

«Գյուղում ամենաքիչը 50 ընտանիք բնակարանի կարիք ունի: Դժվար է ասել, թե ինչպես է հարցը լուծվելու: Եթե, օրինակ, պետությունն անտոկոս վարկեր տրամադրեր, բոլորն էլ կվերցնեին ու տան տեր կդառնային: Բայց այսօր ո՛չ այդ գումարը կա, ո՛չ հույս, ո՛չ էլ հավատ»,- ասում է Մարտիրոսի համայնքապետ Կամո Մկրտչյանը:

Նա բնակարանի կարիքավորներից առանձնացնում է հատկապես Գրիգորյանների երիտասարդ ընտանիքը: Նրանք ապրում են գյուղի ճաշարանում, որի խոնավ պատերը, ինչպես ընտանիքի մայրը` Մարիա Գրիգորյանն է ասում, չեն տաքանում նույնիսկ ամռանը:

Մարիան եւ ամուսինը 3-րդ կարգի հաշմանդամ են. ինքը` ողնաշարի, ամուսինը` տեսողության հետ կապված խնդիրների պատճառով: Նրանք ստանում են 6000-ական դրամ թոշակ: Բացի այդ, պետությունը 3 անչափահաս երեխաների համար ընտանիքին հատկացնում է մոտ 25 հազար դրամ նպաստ:

«Էդ փողը ոչ մի բանի չի հերիքում. չենք կարում ծերը ծերին հասցնենք: Ո՛չ աշխատանք կա, ո՛չ էլ հող ունենք: Մի հատ կով ունեինք, էն էլ ծախեցինք, ալյուր առանք»,- ասում է Մարիա Գրիգորյանը: Նա նշում է, որ փոքր որդու` 2-ամյա Մահարու աչքերն ավելի քան մեկ շաբաթ է` ցավում են, սակայն նույնիսկ բժշկի գնալու գումար չունեն:

«Պիտի քաղաք` Վայքի հիվանդանոց տանենք: Բայց բժիշկները փողը նախօրոք են ուզում: Որտեղի՞ց տամ, չկա: Ինչքա՞ն պարտք անեմ. որին` 1000, որին 2000 դրամով պարտք եմ: Արդեն ամաչում էլ եմ. ամբողջ գյուղին պարտք եմ»,- ասում է Մարիան:

Հիմնականում մակարոնեղեն, շաքարավազ, երբեմն-երբեմն էլ քաղցրավենիք վերցնելու համար նրա անունը մշտապես գրանցված է գյուղի խանութպանների «պարտքի դավթարում»:

Մարտիրոսի խանութներից մեկի տերը`Անուշ Խաչատրյանը, գլուխն օրորելով թերթում է պարտապանների «մասին պատմող» հաստափոր տետրը և սրտնեղում. «Հլը նայեք` ջահելության մեծ մասը ստեղ ա. պապիրոսի փող էլ չունեն: Բա 25 տարեկան տղեն ջեբը փող չունենա՞: Մեղքդ էլ են գալիս` կամ պարտքով են ծխում, կամ էլ մի տեղից 20-30 դրամ ճարում, գալիս հատիկով պապիրոս են առնում ու ամբողջ օրը կիսատ-պռատ փստացնում»,- ասում է Անուշը:

«Եթե թոշակառու ես կամ դրսից` Ռուսաստանից փող ուղարկող ունես, ուրիշ բան: Եթե չէ, ահել-ջահել` կապ չունի. գյուղ տեղ ա, ոչ մեկի ձեռն էլ փող չկա»,- ասում է 19-ամյա Գևորգ Հովհաննիսյանը: Նա երիկամների վատառողջության պատճառով բանակ չի զորակոչվել: Այս տարի ավարտել է Եղեգնաձորի պետական քոլեջը և մտադրվել է դիպլոմը վերցնելուց հետո մեկնել Երևան` սուպերմարկետներից մեկում աշխատանք գտնելու:

«Ստեղ մնամ ի՞նչ անեմ. ապագա չկա: Պարապություն-պարապություն, կովերի հերթ… Անելու բան չկա. չոբան պիտի դառնաս»,- ասում է Գևորգը:

Մարտիրոսն ավելի քան 200 տնտեսություն ունի: Գյուղի վարչական տարածքը 5031 հա է, որից 700-ը` վարելահող: Սակայն անջրդի և գյուղից հեռու լինելու պատճառով (10-12 կմ) վարելահողերի մեծ մասն անմշակ է մնում: Հացահատիկային կուլտուրա ցանողները շատ քիչ են. ծախսը գերազանցում է ստացված բերքի եկամտին: Մոտ 300 հա-ի վրա գյուղացիները ցանում են անասնակեր:

Մարտիրոսում ապրուստի հիմնական միջոցն անասնապահությունն է: Բնակավայրում կա մոտ 540 խոշոր և 1000 մանր եղջերավոր անասուն: Համայնքապետ Կամո Մկրտչյանի խոսքերով` բնակչության մեծամասնությունը պահում է 1-2, հազվադեպ ընտանիքներ` 3-4 կով:

«Արտադրություն է պետք: Եթե գյուղացին տեսավ, որ հնարավոր է տեղում իրացնել իր ապրանքը, կձգտի ավելի շատ արտադրել. երկուսի փոխարեն 10 կով կպահի ու Երևան, առավել ևս` Ռուսաստան գնալու մասին չի մտածի: Էսօր միսը մեր մոտից չեն տանում: Դու ծախս ես անում, հասցնում քաղաք, շատ էժան են առնում: Կաթն էլ, եթե տանում են, ոչ թե 100, այլ ավելի էժան` 80 դրամ են տալիս: Գյուղացին էլ իր արտադրանքից ինքնըստինքյան հիասթափվում է»,- ասում է Կ. Մկրտչյանը:

Վերջին 15 տարիների ընթացքում Մարտիրոսը հիմնավորապես լքել է մոտ 10 ընտանիք: Գյուղապետի ասելով, եթե նախորդ տարիներին արտագնա աշխատանքների մեկնողները տարեկան 30-40-ն էին` գյուղի աշխատուժի մոտ 40 տոկոսը, այս տարի, ճգնաժամի պատճառով, այդ թիվը զգալիորեն կրճատվել է:

Նա ուրախությամբ նշում է նաև, որ Մարտիրոսում աճել է ծննդաբերությունը. արդեն երկու տարի է` ծնելիությունը գերազանցում է մահացությանը. տարեկան գյուղում ծնվում է 8-10 երեխա:

«Եթե գազը լինի, ահագին առաջընթաց կլինի: Ներքևի համայնքում՝ Զառիթափում արդեն խողովակները քաշում են, և հույսեր կան, որ եկող տարի մենք էլ կունենանք,- ասում է գյուղապետ Մկրտչյանը:- Բացի այդ, օգոստոսին երևի կսկսենք երիտասարդության ազատ ժամանցի կենտրոնի շինարարությունը. պետբյուջեով 4 միլիոն դրամ է հատկացվել: Երիտասարդությունը պարապ չի մնա»:

«Էնպես չի, որ գյուղում ապրել հնարավոր չէ, ուղղակի շատ ենք տանջվում, իսկ արդյունքը քիչ է»,- ասում է 4 երեխաների մայր Գոհար Գրիգորյանը: Նա Մարտիրոս հարս է եկել Արցախի Մարտակերտի շրջանից:

«Փառք Աստծո, ոռոգման ջուրը կա, տնամերձում լավ պոպոքի, մի քանի հատ խնձորի ծառեր ունենք, կարտոլ ենք վարում: Վատն էն ա, որ առաջ կարտոլը 100 դրամով էին տանում, հիմա` 20-ով կամ 50-ով: Բայց դե, ոչինչ, էլի ծախում ենք, փոխանակում շորի ու կոշիկի հետ, երեխեքին մեծացնում: Գյուղացին սոված չի մնա, կաշխատի, մի բան կստեղծի, պարտքով էլ ա` կապրի: Մենակ թե կառավարությունը թող օգներ, էս տների հարցը լուծեինք. կեսի տները մի օր փլվելու է գլխներին»,- ասում է Գոհարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter