HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Հերոսներ, որոնց մասին հրամայված է չգրել

Չինարիում ադրբեջանական սադրանքի պատասխանը. 2-րդ արկը դեռ պայթելու է

Ինչպես ուղիղ 3 տարի առաջ հուլիսին, հիմա էլ լրագրողների խմբով դարձյալ Արցախում ենք՝ պաշտպանության բանակի առաջապահ զորամասեր այցելելու համար: Ես դարձյալ ուղեւորվեցի Մարտակերտի դիրքեր, եւ կարծես պատմության անիվը պարզապես հետ էր շրջվել: Նորից ՊԲ երկու «Վիլիսներով» կիզիչ արեւի տակ կտրում էինք փոշոտ դաշտը, կրկին առջեւից սուրում էր զորամասի հրամանատարի «Վիլիսը», եւ դարձյալ մենք՝ հետեւի «Վիլիսի» ուղեւորներս, ստիպված շնչում ենք հրամանատարական «Վիլիսի» ընթացքից օդ բարձրացող թանձր փոշին:

Փոխվել են միայն մեզ ուղեկցող սպաները, այդ թվում՝ զորամասի հրամանատարը, բացի դրանից՝ այս անգամ Գագիկ Շամշյանի հետ եմ, որին բոլորն անխտիր ճանաչում են եւ տարբեր հարցեր տալիս՝ վերջինիս լուսաբանած այս կամ այն իրադարձության մասին:

Մեր «Վիլիսի» ժամկետային զինծառայող վարորդին խնդրում եմ գոնե մեքենայի ընթացքը դանդաղեցնել, որ առջեւի ավտոմեքենայի առաջացրած փոշին նման առատությամբ չգրոհի մեր մեքենայի վրա:

«Չէ, ինչ ես ասում, դիմացի «Վիլիսը» պետք է միշտ տեսադաշտում լինի»,- ասում է զինվոր վարորդը:

«Ոչինչ, չենք մոլորվի, ուղղակի մի քիչ հետ ընկիր»,- շարունակում եմ:

«Հարցը մոլորվելը չէ. նման դեպքերում հրամանատարի տեսադաշտից դուրս գալու իրավունք ընդհանրապես չունենք»,- եզրափակում է վարորդը:

Պատուհանները փակելը սաստկացնում է տոթը, իսկ փոշուց, ըստ էության, չի պաշտպանում: Ստիպված, մեքենայի պատուհանները բաց, անխռով «ըմբոշխնում եմ» առաջնագիծ տանող ճանապարհի փոշին եւ անհամբեր սպասում, թե երբ ենք հասնելու դիրքեր:

Շամշյանը հարցեր է տալիս մեզ ուղեկցող փոխգնդապետ Հրաչիկ Մակյանին, նա էլ հանդարտ պատասխանում է՝ հընթացս ցույց տալով թիկունքում կառուցված երկաթբետոնե թաքստոցներից մեկը (այնքան աննկատ է, որ իրականում թաքստոցի տպավորություն չի թողնում), զրահատեխնիկայի, տանկերի ընթացքը խոչընդոտելու համար սահմանի երկայնքով փորված փոսերը, «շպալներով» (նեղ ու կարճ բետոնասյուներ) ու փշալարերով կառուցված արգելագոտին (որն ի զորու է կասեցնել անգամ հակառակորդի տեխնիկայի առաջխաղացումը) եւ իրարից հավասար հեռավորության վրա գտնվող ռումբերը, «որոնք աշխատում են դետոնացման միջոցներով եւ օդ կբարձրացնեն նույնիսկ տանկերը»:

«Այս տարիների ընթացքում երկու կողմերն էլ շատ լավ պատրաստվել են պաշտպանության»,- ասում է փոխգնդապետը եւ հավելում, որ իրականում գնահատականը շատ ճիշտ է. պատերազմը սկսողը պարտվելու է՝ կրելով կործանարար կորուստներ:

«Յա, բա ասա՝ դե հարձակվեք: Թողես Ալիեւը մեծ-մեծ խոսա»,- տեսածից ու հակառակորդի «կործանարար կորուստներ» կրելու հեռանկարից ոգեւորված՝ նկատում է Շամշյանը:

Արդեն առաջնագծում ենք: Մեր դիրքերի դիմացի հատվածն ամբողջությամբ ականապատված է եւ ծածկված փշալարերով: Հակառակորդի խրամատների դիմաց փշալարերը տեղ-տեղ են:

Ակամա մտածում եմ դիվերսիոն գործողությունների մասին. ինչպե՞ս են կողմերը հաջողում հաղթահարել նման արգելքները եւ անցնել հակառակորդի թիկունք: Հիշում եմ Կ.-ին: Պաշտպանության բանակում ծառայած յուրաքանչյուր ոք հավանաբար կռահեց, թե ում մասին է խոսքը: Հանրահայտ հայ հետախույզի մասին արցախյան պատերազմից ի վեր լեգենդներ են պտտվում, նույնիսկ պատմում են, որ ցանկացած պահի, թեկուզ հենց հիմա, եթե Կ.-ին հյուր գնաս, տնեցիներն անպայման կհյուրասիրեն ադրբեջանական թարմ կոնֆետներ: Ասում են՝ Կ.-ն, որ սահմանի այն կողմում ավելի շատ է լինում, քան տանը, հակառակորդի խորը թիկունքում տարբեր առաջադրանքներ կատարելուց հետո երբեք դատարկաձեռն չի վերադառնում:

Ամեն անգամ Արցախի զորամասեր այցելելիս միավորման հրամանատարին խնդրում եմ հնարավորություն ընձեռել Կ.-ի հետ հարցազրույց անցկացնել: Ինչպես նախորդ դեպքերում, միավորման հրամանատարը կրկին խոստանում է, որ հնարավորության դեպքում հաջորդ անգամ հարցազրույցը կկազմակերպի:

«Գուցե Կ.-ն այս պահին սահմանի հակառակ կողմո՞ւմ է»,- ավելի ուշ դիրքերում հարցնում եմ մեզ ուղեկցող փոխգնդապետ Մակյանին:

«Չգիտեմ, դժվար թե,- փոխգնդապետը ժպտում է,- բայց գիտեմ, որ Չինարի գյուղում ադրբեջանցիների դիվերսիային Արցախի հատվածում տրված պատասխան գործողություններին Կ.-ն էլ է մասնակցել»:

Իսկ մինչ այդ հրամանատարն ասել էր, որ մեր բանակում Կ.-ի արժանի հետնորդները «շատ-շատ» են, եւ ընդամենը վերջերս նրանցից մի քանիսը պարգեւատրվել են՝ առաջադրանքը փայլուն կատարելու համար:

Ովքե՞ր են նրանք, ի՞նչ առաջադրանք են կատարել: Հրամանատարը չի ասում, միայն ընդգծում է, որ զինվորականը պետք է քիչ խոսի, փոխարենը շատ գործի:

«Շրջեք բոլոր դիրքերով. եթե թեկուզ մեկ ընկճված զինվոր կտեսնեք, կխոսենք,- ասում է հրամանատարը:- Այսօր առաջին գծում ամեն վայրկյան սադրանքի պատրաստ հակառակորդից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա գտնվող զինվորը, որ նման կեցվածքով, հպարտությամբ, առանց վախի նշույլի ծառայում է, ամեն ինչից՝ խոսքից, գործից առավել է. սխրանք է, սխրանք»:

Արդեն հաջորդ դիրքում հանդիպում ենք վերը հիշատակված պարգեւատրվածներից մեկին: «Մարտական ծառայությունից» բացի՝ «Արիության» մեդալով պարգեւատրված Արմենի (անունը փոխված է) ով լինելու մասին դարձյալ կիսածածուկ հայտնում է փոխգնդապետը: Քիչ անց գաղտնազերծվում է նաեւ հատուկ առաջադրանքը: Այն կրկին վերաբերում է Հայաստանի սահմանին՝ Չինարի գյուղում ադրբեջանական գործողությունների պատասխանին:

Արմենը հակառակորդի թիկունք է անցել 2 ընկերների հետ (Կ.-ն նույն գործողության շրջանակներում գործել է սահմանի այլ հատվածում): Իբրեւ սադրանքի պատասխան գործողություն՝ տղաներին հանձնարարվել է թշնամուն անուղղակի ոչնչացնել: Նրանք հակառակորդի «քթի տակ» 2 արկ են տեղադրել, որոնցից մեկն արդեն պայթել է՝ խլելով երկու հոգու կյանք (մեկը՝ սպա): Արկերից երկրորդը, հետախուզության տվյալներով, դեռեւս չի հայտնաբերվել, եւ Արմենը վստահ է, որ դրա ձայնը դեռ լսվելու է:

Վերջինս խնդրում է անունը չհրապարակել, թեեւ հարցերի մեծամասնությանը ուղղակի հրաժարվում է պատասխանել: Միայն շեշտում է, որ հակառակորդի թիկունքում «անելու շատ բան կա», եւ «անցնելիս» մեծ մասամբ ոչ մեկին չեն սպանում: Եթե սպանում են, ապա հարկադրված՝ իրագործելով «անհամարժեք պատասխան հասցնելու» խոստումը, որովհետեւ սաստելու այլ միջոց «նրանց մոտ չի աշխատում»:

Արմենի խոսքով՝ «գնալու եւ վերադառնալու» հավանականությունը 50/50 է, բայց եթե գործում ես «նպատակադրված ու հաշվարկած», հարաբերակցությունը փոխվում է 99/1-ի:

32-ամյա Արմենն ասում է, որ ռազմական լուրջ կրթություն չունի. «Երեւանում կուրսերի եմ մասնակցել»: Իսկ զրույցին մասնակցող նրա ընկերները հավելում են. «Արմենը ղարաբաղցի է, ռազմական կրթությունը գեների մեջ է»:

Տես` Ֆոտոպատմությունը:

Լուսանկարները` Սառա Անջարգոլյանի

Մեկնաբանություններ (6)

Sergey
Shat bacarik hodvac e,shat shnorhakal em hexinakic,Bayc ayspisi gorcoxutyunner@ yerbeq chen hratarakvum kam lusabanvum.( HUYJ GAGHTNI ) e.PARQ MER TXANERIN,HAYOC AZGI ARCIVNERIN.ASTVAC MISHT IRENC HET.
Ando
Our brave soldiers are modern day hero’s. The courage they posses and the will to put themselves at such high risk. I like to thank everyone of our soldiers that goes above and beyond for the homeland. We are proud to have such amazing soldiers like Armen.
Arman ST
Լավ էր: Ապրես Արո ջան, մերօրյա հերոսներ կան ու պետք է պատմել նրանց մասին:
Մանվել
Լավն էր հատկապես դուրս եկավ նաև Կ...ի կոնֆետները :Ճ մենակ կոնֆետ չէ էլի բան ունեն տունը :Ճ
Ani
Nman hodvacner hachax petq e grel. i verjo, petq e irakan herosnery nerkayacven, vor serialayin sarqovi kerparnery herosner chdarnan...kecces Ararat...
Անահիտ
Ես ձեր ցավը տանեեեեեեեեեեեեեեեմ:Շնորհակալություն Հետք-ին այս շարքի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter