HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Մինասի գույները՝ կտավներից դուրս. «Մինաս» ներկեր

«Հոլանդացի նկարիչ Ռեմբրանդտը իր ներկերի մեծ մասը գնում էր մի հայ վաճառականից:   Մի օր հասկանում է, որ այդ տղան փող է վերցնում, ֆռռացնում է իրեն, զիբիլ է բերում: Նկարիչ էր, ո՞նց պետք է ոխը հաներ: Միակ ձևը, որով կարողացավ վրեժը լուծել, այն էր, որ իր «Անառակ որդու վերադարձը» կտավում չալմայի մեջ փաթաթված վաճառականի դերում նկարեց իրեն ներկեր բերող հային»: Տիգրան Հակոբյանի այս պատմությունը պետք է ապահովագրել  չակերտներով. այն կարող է հաստատել միայն Ռեմբրանդտ վան Ռեյնը: Բայց հավատալը, իհարկե, ձեռնտու է. եթե մի կողմ դնենք հայ վաճառականի՝ նկարչին խաբելու անհաջող փորձը, ապա վատ չէ, որ նա իր ներկերով հասել էր մինչև Ռեմբրանդտ:

Գյումրեցի Տիգրան Հակոբյանի` ներկարտադրության նորաբաց բիզնեսի հեռանկարը նույնպես միջազգային շուկա դուրս գալն է: «Մինաս» անունով ներկեր արտադրելը Տիգրան Հակոբյանի և նկարիչ Մինասի որդու՝ «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանի գաղափարն է:

«Ռեմբրանդտը, Լեոնարդո դա Վինչին նկարել են հայ առևտրականներից գնված ներկերով: Այդ ամեն ինչը միշտ հետաքրքրել է ինձ, բայց երբեք չէինք մտածել, որ կարելի է զբաղվել ներկարտադրությամբ,- պատմում է Արման Ավետիսյանը,- հետո հանդիպեցի Տիգրանին, իմացա, որ ինքը ֆանտաստիկ ներկեր է սարքել, մինչև հիմա էլ Վատիկանն իրենից ներկեր են գնում»:

Խորհրդային տարիներից մնացած չգործող «Արևելյան քաղցրավենիքի գործարանում»՝ մի ամանի մեջ, արդեն քսաներորդ օրն է սարքվում դեղին ներկը, բայց Տիգրանն ասում է, որ այն դեռ պատրաստ չէ. չի կարողանում իր ուզած երանգը ստանալ, «ներկը պրինցիպ է ընկել»: Հնարավոր է, որ ամանի միջի դեղինը ոչնչով վատը չէ Տիգրանի նախատեսած գույնից, բայց ներկերի մասնագետը շարունակում է մանրամասնել, որ այդպես էլ պետք է լիներ, այո, ներկը «պիտի նեղանար». ինքը նարդի էր խաղում, երբ դեղինը եփվում էր, անուշադրության է մատնել, ներկն էլ «օրգանական էակ է, հասկանում է մարդու պես»:

Համալսարանավարտ, պատմաիրավագիտության ֆակուլտետում սովորած Տիգրանը նոր մասնագիտությունը ձեռք է բերել գրազի արդյունքում: «Իտալացիները եկել էին  Վահրամաբերդում ուսումնասիրություններ կատարելու, հայեր էլ կային իրենց հետ, ընկերս էլ էր էնտեղ,-պատմում է նա,- կովշը որ գցեցին հողի մեջ,  գունավոր բարակ ապակու կտորներ դուրս եկան: Սկսեցին պնդել թե ապակիները  Չինաստանից են բերել Հայաստան, ես ընկերոջս հետ գրազ եկա մի շիշ շամպանսկու վրա, որ էդ ապակիները չէին կարող Չինաստանից բերել, որովհետև էն ժամանակ ինքնաթիռ չկար, ուղտերով էին բերում, իսկ էդքան բարակ ապակին ուղտերով բերելու դեպքում կկոտրեին: Հետևաբար գունավոր ջնարակը,  որով ներկել են ապակին, արտադրվել է Հայատանում»:

Դրանից հետո Գյումրիի իր տունը «զալոգ է դնում» ու գնում է սովորելու Վատիկանի ռեստավրացիոն դպրոցում՝ ուսումնասիրություններ կատարելու համար: «Էրեխեքս սովամահ էին լինում»,- հիշում է նա:  Այսօր, իր խոսքով, գրազը շահել է, ընկերոջը ապացուցել է, որ ջնարակը տեղական էր, բայց «շամպայնը դեռ չի ստացել»: Գյումրիից Վատիկան տեղափոխվելու համար գրազը սկզբում քիչ է թվում, հետո  կարծես դառնում է արկածների մեջ ընկնելու միակ տարբերակը. մինչև որոշում ես՝ հավատալ, թե ոչ գրազի ուժին, Տիգրանը Վատիկանից տեղափոխվում է Ռուսաստան. Իր խոսքով՝ Վատիկանում ապրած տարիներին Հռոմի նախկին պապ Հովհաննես Պողոս Երկրորդի ռեստավրատորն էր, իսկ այժմ՝ ռուսական ուղղափառ եկեղեցու պատրիարք Կիրիլի:

«Ես նոր եմ եկել Հայաստան, -ասում է նա,-  կլքեի էս երկիրը, ինձ համար չէ: Բայց ես հանդիպել եմ լավ մարդկանց: Լավ մարդկանց հետ էլ լավ գործ կարող ես անել»,- ասում է նա, չնայած որ շուտով Հայաստանից դարձյալ մեկնելու է: Այստեղ եղած ժամանակը կբավականացնի ներկերի առաջին խմբաքանակը շուկա հանելու համար:

Գույները ստանալու համար օգտագործում է տարբեր ապարներ, բույսեր, քիմիական նյութեր, որոնցից ամենաթունավորը սպիտակին անհարժեշտ տիտանիումն է:  «Էդ ապարները լիքն են, թափած են,- ասում է Տիգրանը,- մեր Հայաստանը սպասարկման ոլորտով է ուզում հարստանալ, որտեղ  մարդկանց խաբում են, 100 դրամանոց հացը 500 դրամով են վաճառում, բայց ոտքի տակ եղած ոսկին չեն տեսնում. մենք այսօր գտել ենք այդ ոսկին, մարդիկ  դրա վրա քայլում են, մենք վերցնում ենք»: Ներկեր ստանում են տարբեր  գույնի աղացած քարերից, նաև ցանկացած բույսից ու մրգից: Սև գույնն, օրինակ, ստացվում են սև խաղողի կորիզից: «Թավշյա, փափուկ սև է»,- նկարագրում է Արման Ավետիսյանը:

«Արարատյան նարնջագույն», «Մորե վարդագույն», «Արցախ», «Արտաշատյան տերակոտա» գույների կողքին կան նաև «Մինասական կապույտ, կարմիր, դեղին…» երանգները, որոնք, Արման Ավետիսյանի խոսքով, հենց Մինասի կտավների գույներն են: «Որոշեցինք գույներին դնել հայկական անվանումներ, որովհետև երբ վաղը դրանք ցրվեն աշխարհով մեկ, բոլորը կարող են ասել, որ դրանք հայկական ներկեր են»,- ասում է նա:

Եթե «Մինաս» ներկերը շուկայում լինեն նույնքան անմրցելի, որքան Մինասի կտավներում, ապա դրանց մեջ մտնող վրձինների պակաս չի զգացվի: Տիգրանը հավաստիացնում է, որ «Մինաս» ներկերը կարող են մրցել նույնիսկ ոլորտի ամենահայտնի ապարանքանիշերի հետ, մնում է՝ նախ դուրս գան միջազգային շուկա, ապա  համաշխարհային արվեստ. այնպես, ինչպես ժամանակին Ռեմբրանդտի և դա Վինչիի վրձիններին ծանոթ «Las Armenikus» կոչվող հայկական կապույտ ներկը:

Մեկնաբանություններ (1)

Այունց
«Մինաս» անունով ներկեր որտեղից կարելի է գնել?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter