HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Հետքի» հոդվածի արձագանքները

Հունվարի 31-ին «Հետքը» գրել էր, որ Սերոբ Տեր-Պողոսյանը վարչապետի խորհրդականն է` հղում անելով կառավարության պաշտոնական կայքէջին, որտեղ վարչապետ Տ. Սարգսյանի խորհրդականների մեջ նշված էր նաեւ Սերոբ Տեր-Պողոսյանի անունը` զուգակցված նրա լուսանկարով եւ կենսագրական տվյալներով: Սակայն հոդվածի հրապարակումից քիչ անց կառավարության կայքէջի հիշյալ հատվածն արդեն գոյություն չուներ, իսկ վարչապետի օգնական Արամ Անանյանը պարզաբանեց, թե այդ էջը հանել են, քանի որ Սերոբ Տեր-Պողոսյանը դեռ անցյալ տարվա դեկտեմբերի 31-ից վարչապետի խորհրդականը չէ:

«Հետքի» խնդրանքով Անանյանը տրամադրեց նաեւ Սերոբ Տեր-Պողոսյանի հետ կնքված պայմանագիրը, ըստ որի` նա պարտավորվել է մինչեւ 2009թ. դեկտեմբերի 31-ն անհատույց իրականացնել վարչապետի խորհրդականի պարտականությունները: Ավելի ուշ կատարված փոփոխությունների համաձայն էլ` Տեր-Պողոսյանի պարտականությունների ավարտման ժամկետը երկարեցվել է մինչեւ 2010 թ. դեկտեմբերի 31-ը: Նա իրականացրել է նաեւ հասարակական տրանսպորտի եւ երթեւեկության համալիր զարգացմանն աջակցող աշխատանքային խմբի ղեկավարի աշխատանքները:

Անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը թեմայի առնչությամբ իր բլոգում գրեց. «Բարեկամներ, այսօր ինձ փոխանցեցին hetq.am կայքում հրապարակված հոդվածը, որտեղ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատեր, ՀՀ ոստիկանության հասարակական խորհրդի անդամ, «Համագործակցության համար» մեդալի մեդալակիր եւ հասարակական հիմունքներով իմ նախկին խորհրդական Սերոբ Տեր-Պողոսյանը մեղադրվում է ծանր, անբարո հանցագործության մեջ: Չեմ կարողանում համապատասխան բառեր գտնել իմ զգացածն արտահայտելու համար: Կարող եմ միայն խոստանալ. հետեւելու եմ, որ այս հրապարակման հետքերով քննությունը լինի արագ, համակողմանի եւ թափանցիկ: Վստահ եմ, որ բոլոր մեղավորները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ»:

Ինքը` Սերոբ Տեր-Պողոսյանը, փետրվարի 1-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, անդրադառնալով «Հետքի» հրապարակմանը, ամեն ինչ հերքել է` նշելով, թե այս կերպ փորձում են արատավորել իր ու իր կնոջ բարի համբավը: ԱՄՆ քաղաքացին առանց անուններ նշելու ասել է, որ Ախթալայում իրեն նախանձողներ կան, շարունակ վատություն են ուզում իրենց անել, բայց ինքը, այս ամենին հակառակ, միշտ էլ օգնել է ախթալացիներին ու կշարունակի օգնել:

«Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականատերը միաժամանակ նշել է, որ Վահրամ Փարսադանյանն ու նրա մայրն իր աշխատողներն են: Տղան իսկապես իրենից գումար է խնդրել, բայց ինքը հրաժարվել է տալ եւ նրանց սպառնալիքներին լուրջ ուշադրություն չի դարձրել:

Իսկ Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը ռադիոկայանին ասել է, որ «Հետքի» հոդվածում նշված հանգամանքներն իր ցուցումով ուսումնասիրվում են:

« …Ես իմ բոլոր գործընկերներին ասել եմ` եթե նյութեր են նախապատրաստվում Լոռու մարզի քննչական վարչությունում, որպեսզի գործը ճակատագիր ունենա, պետք է շտապ բերել ոստիկանության գլխավոր քննչական վարչություն… Եթե մնաց Լոռու մարզի տարածքում, չեմ կարծում, որ փաստը, որ արդեն hetq.am-ում տպագրվել է, լուրջ ճակատագիր կունենա: Որովհետեւ մենք այսօր ունենք զոհերի պաշտպանության լուրջ խնդիր»,- ասում է գլխավոր դատախազության իրավական ապահովման եւ եվրաինտեգրման բաժնի ավագ դատախազ Արթուր Ղամբարյանը: Նա միաժամանակ նշում է, որ երեխաներին պարզապես «20 հազար դրամականներ կվճարեն, եւ որեւէ մեկը ցուցմունք չի տա, եւ այդ գործը կմնա փակված»:

Դատախազ Ղամբարյանն այսօր Երեւանում տեղի ունեցած ասուլիսի բանախոսներից էր` նվիրված Հայաստանում սեռական հանցագործությունների անչափահաս զոհերի պաշտպանությանը: Հիմնական թեման ՀՀ Քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածն էր` «Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի հետ»: Այն որպես պատիժ առավելագույնը նախատեսում է երկու տարվա ազատազրկում, սակայն պրակտիկայում հիմնականում կիրառվում է հոդվածի սահմանած մյուս պատժատեսակը` 100 հազար դրամի չափով տուգանք: Հենց այս թեմայի շրջանակներում էլ անդրադարձ եղավ նաեւ «Հետքի» հրապարակումը:

«Այս հանցագործությունը գաղտնիք չէ. ամբողջ Ախթալան գիտի դրա մասին: Նույնիսկ գիտեն այն երեխաներին, ովքեր գնում են այդպիսի հարաբերությունների այդ մարդու հետ: Անգամ գումարի չափերն էլ գիտեն եւ բավականին բաց խոսում են դրա մասին, այսինքն` այնպես չէ, որ ոստիկանությունն էլ տեղյակ չէր»,- ասում է «People in Need» կազմակերպության ներկայացուցիչ Տաթեւիկ Բեժանյանը եւ հավելում, թե ամիսներ առաջ գիտեր երեւույթի մասին, պարզապես չէր խոսում, քանի որ սպասում էր «փաստերի ի հայտ գալուն»: Նրա խոսքերով` հայ հասարակությունն ինքն է իր հանդուրժողականությամբ թույլ տալիս, որ «նա 12,13,14 տարեկան երեխաներին այդպես պղծի»:

«Հայ ընտանիքներում որքա՞ն են ուրախանում, որ ծնվում են տղա երեխա: Բայց 11-12 տարի հետո հայտնվում է ինչ-որ Սերոբ Տեր-Պողոսյան` մանկապիղծ, որը խեղում է այս երեխայի ճակատագիրը»,- ասում է Բեժանյանը:

Դատախազ Արթուր Ղամբարյանը, անդրադառնալով ԱՄՆ-ի օրենսդրությանը, նշում է, որ այս երկիրը պատժում է նույնիսկ իր այն քաղաքացիներին, ովքեր անչափահասի նկատմամբ սեռական հանցագործություններ են կատարում այլ երկրներում. «Այսինքն` եթե չպատժեմ, վաղը դու մեր տարածքում իմ քաղաքացու նկատմամբ նման հանցագործություն կանես: Գաղափարախոսությունը մոտավորապես սա է»:

Սերոբ Տեր-Պողոսյանը ԱՄՆ քաղաքացի է: Նշանակում է, որ եթե այստեղ նրան մանկապղծության համար դատապարտեն, Ամերիկայում նույնպես վերջինս կենթարկվի քրեական պատասխանատվության:

«Հետքի» հրապարակումից հետո շատերն են հայտարարել, որ Տեր-Պողոսյանի «գործունեության» մասին տեղյակ էին: Իսկ ո՞ւր էին ոստիկանները, ինչո՞ւ մինչ այդ խնդորվ չէին զբաղվում: Հարցին ի պատասխան` դատախազը մանրամասնում է, որ քրեական գործ հարուցելու համար առիթ է պետք, եւ առանց կոնկրետ, հացեատեր տեղեկատվության` օրենքն արգելում է դատավարական գործողություն կատարել. «Կարող է հասարակությունը խոսում է դրա մասին, բայց եթե թերթերը չեն գրում, դու ուղղակի որեւէ գործողություն կատարելու լիազորություն չունես»:

Տաթեւիկ Բեժանյանը գործի ելքի համար շատ է կարեւորում, որ հանկարծ «տեսաձայնագրությունը ոստիկանության մոտից չկորչի»: Իսկ դատախազ Ղամբարյանը նշում է, որ այն բավարար ապացույց չի կարող համարվել. դեռեւս պետք է պարզի, թե տեսաձայնագրությունն ո՞վ է ձեռք բերել, օրենքով սահմանված կարգո՞վ, թե՞ դրա խախտմամբ:

«Տեսականորեն, եթե ձայնագրության հեղինակը չգա, չպնդի իր ցուցմունքները, ձայնագրությունը կունենա արժեք միայն հասարակության համար, ապացուցողական արժեք խիստ կասկածում եմ, որ կունենա»- ասում է Արթուր Ղամբարյանը,- այսինքն` այստեղ գալիս է ոստիկանության դերը, որ շտապ պետք է միջոցներ ձեռնարկի, պաշտպանության տակ վերցնի այդ երեխային, նրա ծնողներին, որ հանկարծ ճնշումներ չգործադրվեն, որ կարողանան արագ ցուցմունքներ վերցնել. ձայնագրեն օրենքով սահմանված կարգով: Հետո երեխան ցուցմունքը կփոխի՞, թե՞ ոչ, դա արդեն այլ բան է: Բայց պետք է առաջին քայլով շատ ամուր ֆիքսվեն ապացույցները: Եթե չարվեց, պատժելու հետ կապված խնդիր ենք ունենալու»:

Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանն արդեն հայտարարել է, որ իրավապահները Սերոբ Տեր-Պողոսյանի` մանկապղծությունն ապացուցող տեսագրություն չեն ստացել: Իսկ ոստիկանությունում «Հետքի» աղբյուրը հայտնում է, որ հիշյալ տեսագրությունը գտնվում է Ազգային անվտանգության ծառայությունում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter