HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

«Բոզի կալգոտկա». հայ-ադրբեջանական՝ երեսուն մետր հեռավորությամբ դիրքեր

Սահմանի այս հատվածն այսպես էլ կոչվում է' «բոզի կալգոտկա»: Այստեղ դաժան մարտեր են եղել. թե հայկական, թե ադրբեջանական կողմերը տվել են մեծաթիվ զոհեր:

Ամենադաժանը 1994-ին էր: Ադրբեջանական զորամիավորումները ականանետների եւ հրետանու արկերով տեղանքը դարձրել էին ցանց' ամենուր փոսեր էին: Այն նման էր ցանցավոր զուգագուլպայի (կալգոտկա): 1990-ականներին Երեւանում ցանցավոր զուգագուլպաները մոդայիկ էին, դրանք տարածված էին հատկապես մարմնավաճառների շրջանում, եւ այդ տարիներին կրկեսի մոտ երեկոյան ժամերին կարելի էր հանդիպել ցանցավոր զուգագուլպաներով այդ կանանց'մարմնավաճառներին: Եվ տղաներից մեկն այս տեղանքը նկարագրելիս այն նմանեցրել է հենց այդ ցանցավոր զուգագուլպային' «բոզի կալգոտկային»: Անվանումը «կպել է» սահմանի այս ամենավտանգավոր հատվածին ու պահպանվել առայսօր:

Ղարաբաղում ու Հայաստանում շատերն են լսել այս տարածքի, այստեղի մարտերի, զոհերի մասին: Հայ-ադրբեջանական սահմանի ամենամոտ դիրքերն են: Հայ եւ ադրբեջանցի զինվորներն իրարից հեռու են երեսուն մետրով: Երբ դիտակետից նայում էի ադրբեջանցիների դիտակետին, թվաց՝ այնտեղից էլ ինձ են նայում եւ մի պահ աչքերս կկոցեցի այդ զգացողությունից: Իսկ երբ հրամանատարին զգացողությանս մասին պատմեցի, ծիծաղեց: «Նույն բանը շատերն են զգացել», -ասաց նա:

«Բոզի կալգոտկան» հեռվից ցցված է վարելահողերի մեջտեղը: Մի կողմից՝ Չայլու, մյուս կողմից՝ Թալիշ գյուղերի անմշակ հողերն են: Մինչեւ պատերազմը այստեղ կանաչ էր, ոռոգովի հողատարածքներ էին, հիմա ջուր չի հասնում, եւ ամբողջ տեսադաշտը դեղնած խոտածածկ է: Տեղ-տեղ դեղնությունը հատում են խրամատները:

Բարձունքը կիսել են հայկական եւ ադրբեջանական զորքերը, կիսել- խրամատավորվել են' դեմ-դիմաց, նույն հարթության վրա:

Առաջնագիծ հասնում ենք մի քանի հարյուր մետր քայլելուց հետո: Այստեղի զինվորները մի տեսակ առանձնանում էին, ավելի հանգիստ, հասուն էին, նույնիսկ նրանց շարժումներն էին ուրիշ: Մտածում եմ՝ երեւի ընտրովի են այստեղ բերում: Որովհետեւ այստեղ ոչ մի րոպե չես կարող ուշադրությունից դուրս թողնել դիմացի դիրքերը: Այս զինվորները զորացրվելուց հետո չգիտեմ պատմելո՞ւ են, թե որտեղ էին իրենք ծառայում՝ երեսուն մետր հեռավորության մասին պատմելո՞ւ են:

Տղաների մեջ չկային «գլուխգովան» տեսակից: «Տղաներին բոլորին պետք է պարգեւատրել»,- միանգամից անցնում է մտքովս: Տղաների այս տեսակի մասին չեն գրում, չեն պատմում, իրենք էլ խոսողներից չեն: «Այսպիսի զինվորների կնախանձեր ցանկացած պետություն»,- հետո մեր զրույցում ասում է դիվիզիայի հրամանատար Կամո Վարդանյանը:

Զրուցում եմ զինվորների հետ, տարբեր վայրերից են: Հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքների տղաների կարող ես հանդիպել առաջին գծում: Մի քանիսի հայրերն արտագնա աշխատանքի են մեկնել: Չգիտեմ, երբ այս խավի մարդկանց եմ հանդիպում, հասկանում եմ, որ սահմանների պաշտպանությունն ապահով է: «Ինչ լավ է, որ պաշտոնյաների երեխաներ չկան այստեղ, թե չէ ամեն ինչ կփչացնեին»,- մտածում եմ:

«Բոզի կալգոտկայում» է «ծնվել» ադրբեջանցիների ազգային հերոսը' Մուբարիզ Իբրահիմովը: Ադրբեջանական բանակի ենթասպան 2010 թ. հուլիսին դիվերսիոն գործողության ընթացքում սպանվել է հենց այստեղ: Իլհամ Ալիեւը Մուբարիզ Իբրահիմովին հետմահու «Ադրբեջանի ազգային հերոսի» կոչում է շնորհել: Կոչումը շնորհվել է «Ադրբեջանի անկախության ու տարածքային ամբողջականության պաշտպանության ժամանակ դրսեւորած բացառիկ քաջության համար»: Իսկ հայ զինվոր Արտակ Ղաբուզյանն էլ նրան ոչնչացրել է Ղարաբաղի անկախության ու տարածքային ամբողջականության պաշտպանության ժամանակ: Արտակ Ղաբուզյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Արիության», իսկ ԼՂՀ նախագահի հրամանագրով' «Մարտական ծառայության» մեդալներով: Իսկ Հայաստանի կառավարությունը սոցիալապես անապահով Արտակ Ղաբուզյանի 5 անձից բաղկացած ընտանիքին հատկացրել է 3-սենյականոց բնակարան:

Այստեղի ճանապարհներն էլ են փոխվել, դարձել են զինվորական ճանապարհներ, զինվորական մեքենաներ են միայն անցնում: Այս ճանապարհները տրորում են միայն զինվորական կոշիկները: Մի մասն էլ նոր կառուցված ճանապարհներ են՝ թշնամու գնդակների համար անհասանելի հատվածներով: Ամենուր պաշտպանական կառույցներ են, փշալարեր, թաքստոցներ, զրահատեխնիկայի համար անանցանելի խորխորատներ...

Թիկունքում' հեռվում, երեւում են ձգվող լեռներն ու անտառները, իսկ դիմացը հարթավայրն է՝ շոգ ու փոշոտ հուլիսյան դեղնած հարթավայրը:

Եվ զինվորների մասին բազում պատմություններ, որոնց մեծ մասը մնում է այստեղ՝ այս ճանապարհներին, խրամատներում, հավերժական փոշու քուլաներում: Այստեղից քիչ հեռու Արաբոյի տղերքն են ծուղակի մեջ ընկել, այստեղ բերող ճանապարհին է ականի վրա պայթել «26-ի Յուրան», հարյուրավոր զոհեր են եղել «Բոզի կալգոտկայում» եւ դրա շրջակայքում:

Սրբի անկյուն

Դիրքում մի տեղ «Սրբի անկյունն է»: Տղաներից ամեն մեկը մի «սուրբ» բան է դրել այս անկյունում: Գումարտակի շտաբի պետը՝ Արթուր Մկրտչյանը, վեց տարի այստեղ է ծառայում: Չարենցավանցի է, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ուսումնարանն ավարտելուց հետո նշանակվել է այստեղ ու մնացել: Նա էլ իր զինվորների նման քիչ է խոսում: «Սրբի անկյունի» գլաքարերից մեկի վրա փորագրված է. «3-ի Ռազվեդկա Աստված ձեզ պահի պաhպանի»: Սովորաբար, գործողությունից առաջ տղերքն այստեղ մի քանի վայրկյան կանգնում են լուռ, հետո՝ շարժվում: Տղաներից մեկն ասում է, որ դիրքն ընդունելիս իրենք էլ են գնում «Սրբի անկյուն»:

Երիտասարդ նորակոչիկ Արմանը ՀՀ Ոսկեվազ գյուղից է, նայում է ադրբեջանական դիրքերին, որոնք տեղակայված են Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում գտնվող Մատաղիսի զորամասի իր դիրքից 30 մետր հեռավորության վրա Կապիտան Արթուր Մկրտչյանը արդեն 5 տարի Մատաղիսի դիրքերից մեկի հրամանատարն է, հանգստանում է բլինդաժում: ԼՂՀ:

Արմանը Ոսկեվազ գյուղից է: Արդեն մեկ տարի է՝ ծառայում է: 14 օր նա դիրքում է մնում, իսկ հետո 14 օր՝ զորանոցում: Նա նոր էր վերադարձել արձակուրդից: Արմանը բարձրահասակ է եւ հենակետում գլուխը տեղ-տեղ ստիպված իջեցնում է: Քչախոս է, դիրքի տղաները իսկապես քչախոս են, նրանք հարցերիս պատասխանելիս էլ անընդհատ դիտակետից դուրս էին նայում: «Էստեղ դժվար չի՞»,- հարցնում եմ Արմանին: «Դժվարություններին հարմարվել ենք», -պատասխանում է: Հարցնում եմ' ինչպե՞ս ես դիմանում: Նույն պատասխանը. «Դե, արդեն հարմարվել ենք»: Ես զգացի, որ հարցերովս խանգարում եմ, նա հայացքը դիտակետից չէր ուզում կտրել:

Դիրք ուղեկցում է հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Ալիկ Սարգսյանը: «Վիլիսը» սլանում է դաշտով՝ իր հետեւից թողնելով փոշու թանձր ամպ: Զիվորականներն արագ են վարում, դժվար է գտնել մի զինվորականի, որ դանդաղ վարի մեքենան: Հրամանատարի տեղակալն ասում է, որ տեղ-տեղ թշնամու համար հասանելի ենք, այդ պատճառով է արագ վարում, բայց ես գիտեմ, որ իրենց մոտ սովորություն է, պարզապես ավելորդ ժամանակ չեն ուզում ծախսել ճանապարհներին: «Սրանք ապագայի համար կենսական տարածքներ են»,- նայելով տափաստանի կողմը՝ ասում է հրամանատարի տեղակալը: Այնքան էլ հասկանալի չէր՝ նա նկատի ուներ ճանապարհից աջ ու ձախ ընկած տարածքնե՞րը, թե՞ հեռուն ձգվող տափաստանը: Հրամանատարի տեղակալը պարբերաբար զգուշացնում էր' այստեղ չնկարել, այս հատվածում չի կարելի նկարահանումներ կատարել:

«Հինգերորդ բրիգադն այստեղ է ձեւավորվել, կռիվների ընթացքում»,- ասում է Ալիկ Սարգսյանը: Մինչեւ դիրքեր հասնելը հրամանատարի տեղակալը հասցնում է ներկայացնել ղարաբաղյան շարժումը՝ սկզբնավորումից մինչեւ մերօրյա պատմությունը:

Պատմում է, թե ինչպես է ուսանողական շարժմանը մասնակցել, այնուհետեւ այստեղ գտնվող խորհրդային բանակի զինվորները նրան բռնել են եւ հանձնել ադրբեջանական ՕՄՕՆ-ին: Նա մեկուկես տարի (1990-92 թթ.) անցկացրել է գերության մեջ, հետո փոխանակել են ադրբեջանցի գերիների հետ: «Սա իմ հողն է եւ պաշտպանում եմ, ուրիշ բանաձեւ չկա»,- ասում է Ա.Սարգսյանը: Ավելացնում է, որ ինքը Ինտերպոլով հետախուզվում է, բայց չգիտի՝ ինչի համար: «Այստեղից ուրիշ տեղ չեմ կարող գնալ»,- ասում է հրամանատարի տեղակալը:

Ալիկ Սարգսյանը չի ընդունում կուuակցական խաղերը, միշտ դեմ է եղել դրանց: Ասում է՝ 1992-ին դա շատ վատ է ազդել: «Երեւանի ասֆալտներում չեն հասկանում, թե մի փոքր վեճը ինչի է բերում այստեղ: Շահումյանը, Մարտակերտը ընկան հենց այդ խաղերի պատճառով, ոչ թե թշնամու ուժեղ լինելու»,- համոզված է Ա. Սարգսյանը:

Ուշ գիշեր է, բարձրանում ենք «Եղնիկների» դիրքերից մեկը' Տիգրանին տեսնելու: Նա պառկած էր բլինդաժում, հանգստի երկու ժամերն են, քնում է, որ երկու ժամ հետո նորից հերթապահության կանգնի: Տղերքից մեկը փորձում է նրան արթնացնել, բայց իզուր, նա շրջվեց մյուս կողմի վրա: Իսկ դիրքերում թանձր մութ էր, մի քանի բառ փոխանակելուց հետո հրաժեշտ եմ տալիս զինվորներին ու մտքումս շշնջում' Աստված պահպանի ձեզ, տղերք:

Ֆոտոպատմությունը` այստեղ

Լուսանկարները` Սառա Անջարգոլյանի 

 

Մեկնաբանություններ (20)

Մասիս Սողոմոնյան
Հարգելի Էդիկ Բաղդասարյան ,ուզում եմ իմ խորին շնորհակալությունն հայտնել Ձեզ: Որ այցելում էք զորամասեր,նա մանավանդ առաջին դիրքեր: և հանրությունն էք ներկայացնում,թե ինչ Տղաներեն կանգնած Հա՛յ ազգի թիկունքին: Տղաներ՜,որոնց համար չկան վատ եղանակ(ցուրտ,բուք,փոթի,հեղեղ): Վախը կոտրվելի,այդ զգացմունքին փոխարինելով՜, ջերմ ընկերական շրջապատ և մայրական կանչ: Տղաներ ,ովքեր կարողանում են գնահատել իրենց ժամանակը: Իսկ ձեր այցելությունները ավելի է թասիբի գցում: Ավելի ուժեղ և անառիկ են դառնում,գիտակցելով ,որ մենակ չեն ,և իրենց առողջ և անփորձանք վերադարձին ոչ միայն իր ծնողներն և իր հարազատներն են սպասում,այլ ողջ Հայ Ազգը: Եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն ասել Ձեզ և Ձեր ողջ անձնակազմին: Աստված օրհնի Մեր Քաջ Զինծառայողներին
Դռագոն Իշխանամետիչ
Գոնե գրեին Մեխակի Սոպկա: Էս 40 պոստնա, ստեղ զոհվելա հրամանատար Մեխակը: Եթե չեմ սխալվում, հինգերորդ բրիգադի, Մասիսի բատալյոնի հրամանատարը: Իրեն նվիրված հուշաքար կա բարձրունքի վրա, եթե դեռ մնացել է: Նոստալգիա առաջացնող հոդված է: Արդարության համար աոելացնեմ, որ 36 պոստը ավելի մոտիկա ու ավելի վտանգավոր ու դժվար տեղա: Էնտեղ ոչ մի ժուռնալիստ չի էլ բարձրանա:
Hayko
Jox jan, yesel Es posti koxi postnem pahel, iroq, madaxisi poster@ pahoxner@ heros txeq en
Տիգրան
Հրաշալի էր: Խնդրում եմ հաճախ պատմեք մեր տղերքի առօրիայից:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հոդվածի ամենավերևի նկարը լավն է. նույնիսկ ինձ մի քիչ հուզեց: Այս նկարը մտովի համեմատեցի Եղեռնի որոշ ֆոտոների հետ,որում սոված,վախեցած աչքերով, քրքրված շորերով Հայ երեխաներ էին խմբով կանգնած: Այս նկարում խմբով Հայոց բանակի զինվորներ են կանգնած այդ երեխաների փոխարեն: Մեծ խորհուրդ կա սրա մեջ:
Hay_Axchik (NeNe)
Աստված պահպանի ձեզ, HAY տղերք !!!!!!!!!!!!!!!! Astvac im,,,, misht mtacel em vor ISKAKAN TXAMARD-y henc Hay txamnardu mej e..... Inchqan lavn en mer txanery.... inchqan shat em sirum CEZZZZZZZZZZ. Shat shat.... ete txa cka,, uremn VOCHINCH el chka..... Tox Astvac CEZ PIND CERQOV PAHI BOLOR VTANGNERIC!!!!!!
Vardan
halala mer txeqin.... es asum em mer txeq@ shat tasibov en...
ՋԵՄ
Իմ Արշն էլ ա ստեղ ծառայել Ու ես երկու տարի գիշեները անուշ քուն էի մտնում գիտեի որ Սահմանը ՊԱՀՈՒՄ ես ԱՊՐԵՍ
Hay
dzez ujh u korov. aprek
Հայրենասեր
Եզակի լուսավոր ու դրական լիցքեր հաղորդեղ տողեր` այսօրվա նենգ ու ստրեսով լի տեղեկատվության հորձանուտում... Նման հոդվածներ շատ հրատարակեք, խնդրում եմ.... գուցե Ազգիս հայաստանյան հատվածը փոքր ինչ փոխի իր հայացքները առաջնահերթությունների առումով...
GALUST
APREK....KUZEI ESORVA VAMPIRNER@ KARDAIN GUCE HASKANAIN VOR MER JOXOVURD@ ARJANI E LAV APRELU
Armen
Ապրես Էդիկ, 2004-ից չէի տեսել ինձ հարազատ տեղերը: Շատ կուզեի մի օր գար, որ տղուս տանեի էտ դիրքերը որպես թանգարան
Նաիրուհի
Շնորհակալ եմ և´ նյութի հեղինակին, և´ այն տղաներին, ովքեր հիմա սահմանին են կանգնած։ Հոդվածագրին հատուկ շնորհակալություն, որ էս զզվելի ինֆորմացիոն հոսքի մեջ մի քիչ մարդկայնություն, բարություն, սեր ու հավատ է մտցնում։
Արմեն
Էդիկ ջան, շնորհակալ եմ էս շարքն սկսելու համար: Սա իսկական գործ է` ստեղծել հայ զինվորի էն կերպարը, որն անհրաժեշտ է հասարակությանը` սեփական ուժերին, սեփական զավակներին, սեփական բանակինու սեփական ապագային հավտալու և վստահելու համար: ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԵՐՈՍԻ կերպար եք ստեղծում, մի բան, որ էդպես էլ ոչ կարողացավ, ոչ էլ ցանկացավ անել պետական տեղեկատվական քաղաքականությունը:
Ahar
Hoyakap ... ay es a journalism@. Bedk e layn daradzum unenan es reportajner@!
razmik
herustaeter@ axpanoc darcrac serialneri hexinaknerin xorhurd ktam kardal ays hrachali hodvac@ yev hetyevutyun anel
Madlen
Snorhakalutyun hodvaci hamar henc ayzm tghas Mataghisi dirkerum e.Astvac orhni dzez ev hayreniki pashtpannerin.
Karen
Մեծ շնորհակալություն, կարդացի մի շնչով:
Ani
Inch lav e, vor der kan nman hayordiner. Uremn, der kareli e hangist qnel. Shnorhakalutyun nranc, shnorhakalutyn hodvaci hexinakin.
arsen
сын моей сестры сейчас там разговаривая с ним спрашиваю как там ситуация заочно зная что была перестрелка всегда отвечает / кер джан амен инч хаханда/ ес ира джанин мернем тхекен мецатар таров аствац иренц паапан

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter