HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Մենաշնորհը Հյուսիսային պողոտա 6-ում. բնակիչները սպասում են ՏՄՊՊՀ-ի գնահատականին

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) դիմել է «Երևաննախագիծ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Երևան ջուր» ընկերություններին, որպեսզի նրանք տեղեկատվություն ներկայացնեն Հյուսիսային պողոտա 4 և 6 բազմաբնակարան շենքերի տաք եւ սառը ջրի մատակարարման, ջեռուցման, սառնամատակարարման ծառայությունները, առանց միջնորդ կազմակերպության, իրականացնելու հնարավորության մասին: ՏՄՊՊՀ-ն այժմ ուսումնասիրում է ստացված տեղեկությունները:

Հյուսիսային պողոտա 6 շենքի համատիրության նախագահ Գագիկ Սաֆարյանը դեռ փետրվարի 22-ին ՏՄՊՊՀ-ին ուղարկել էր դիմում, որի հիման վրա հակամենաշնորհային մարմինը հարուցել է վարչական վարույթ:

«Հետքն» արդեն անդրադարձել է Հյուսիսային պողոտա 6 շենքի բնակիչների խնդրին: Բնակիչների տեղեկացմամբ՝ շենքում իրենք 1 խորանարդ մետր տաք ջրի համար վճարում են 3100 դրամ: Մինչդեռ պողոտայի հարևան շենքում 1 խորանարդ մետր ջուրն արժե 1500 դրամ, ամռանն այդ շենքում ջուրը տաքացվում է արևային համակարգով, և վճարը դառնում է 600 դրամ: Ընդ որում, Հյուսիսային պողոտա 6 շենքում տաք ջուրը 25-40 աստիճան է, ինչը համարվում է սառը ջուր. տաք ջրի ջերմաստիճանը պետք է լինի 50-ից ոչ պակաս: Արդյունքում շենքի բնակիչները 25-40 աստիճան տաքության ջրին սառը ջուր չեն խառնում, և ծախսերը մեծանում են:

Բնակիչների խոսքով՝ իրենց շենքի կաթսայատան մատակարարած ջեռուցումը ևս կրկնակի թանկ է Հյուսիսային պողոտայի մյուս շենքերի ջեռուցումից: Հարևան շենքերում կաթսայատունը պատկանում է համատիրությանը՝ բնակիչներին, և ծառայությունների գները որոշվում են՝ ըստ կաթսայատան ծախսերի և աշխատողների աշխատավարձի: Իսկ Հյուսիսային պողոտա 6-ի կաթսայատունը պատկանում է «Նորդ Այլենդ» ՓԲԸ-ին, որը կաթսայատունը վարձակալությամբ հանձնվել է «Նորդ Ավենյու» ՍՊԸ-ին: ՍՊԸ-ն էլ որոշում է տաք և սառը ջրամատակարարման, ջեռուցման և սառնամատակարարման ծառայությունների գները:

Գագիկ Սաֆարյանը դիմումի մեջ հղում է արել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասին. «Սույն օրենքի իմաստով տնտեսվարող սուբյեկտն ապրանքային շուկայում համարվում է մենաշնորհ դիրք ունեցող, եթե որպես իրացնող կամ ձեռք բերող չունի մրցակից»։

Օրենքից բխում է, որ «Նորդ Ավենյու» ՍՊԸ-ն մենաշնորհային դիրք ունի, քանի որ միակ կազմակերպությունն է, որ Հյուսիսային պողոտայի թիվ 4 և 6 շենքերին մատակարարում է տաք ջուր, մատուցում ջեռուցման, սառեցման ծառայություններ, շենքի համապատասխան ենթակառույցները (ջրագծերը, ջեռուցման և սառեցման համակարգերը) միացված են ՍՊԸ-ին, այլ կազմակերպությունների կողմից համապատասխան կոմունալ ծառայությունների մատուցումը հնարավոր չէ։

Համաձայն համատիրության նախագահի գրության՝ «Նորդ Ավենյուն» չարաշահել է իր մենաշնորհային դիրքը, ինչը դրսևորվել է գների բարձրացմամբ։ 2008 թ.-ից հետո ՍՊԸ-ն պարբերաբար բարձրացրել է սակագները՝ չնայած Հայաստանում էներգակիրների և ջրի սակագները չեն բարձրացել (առկա չէ Հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովի համապատասխան վարչական ակտ)։

«Գտնում ենք, որ սակագների բարձրացումները չհիմնավորված են, քանի որ նախ, Կոմունալ կազմակերպությունը չի տրամադրել համապատասխան հիմնավորող փաստաթղթեր, խախտել է պայմանագրի համապատասխան նորմերը և այն, որ բարձրացումը պայմանավորված չէ էներգակիրների և ջրի սակագների թանկացմամբ կամ համաչափ չէ»,- նշվում է համատիրության նախագահի դիմումի մեջ:

Ըստ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի՝ գնի չհիմնավորված բարձրացում է «տնտեսվարող սուբյեկտի կողմից որոշակի ժամանակահատվածում ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների գնի' տնտեսական պայմանների (գործոնների) առկայությամբ չպայմանավորված բարձրացումը»:

Ըստ ՍՊԸ-ի և բնակիչների միջև 2005 թ. կնքված «Կոմունալ ծառայությունների մատուցման» պայմանագրի՝ մատուցվող ծառայությունների սակագների բարձրացման հիմք կարող է լինել ջրի և էներգակիրների սակագների բարձրացումը: Համատիրության նախագահի դիմումի մեջ նշվում է, որ բնակիչները «Նորդ Ավենյուից» բազմիցս են պահանջել սակագների բարձրացումը հիմնավորող փաստաթուղթ, սակայն մինչև օրս չեն ստացել:

«Ելնելով վերոգրյալից՝ Հանձնաժողովից խնդրում ենք հարուցել վարչական վարույթ՝ «Նորդ Ավենյու» ՍՊԸ-ի գործողություններին գնահատական տալու նպատակով»,- ՏՄՊՊՀ-ին գրել է Գագիկ Սաֆարյանը:

ՏՄՊՊՀ-ն վարույթի շրջանակներում դիմել է նաև «Նորդ Ավենյուին», որ վերջինը տեղեկատվություն ներկայացնի վերոնշյալ ծառայությունների սակագների բարձրացման հիմնավոր լինելու մասին:

Իսկ մինչ այդ Հյուսիսային պողոտա 6-ի բնակիչները շարունակում են կոմունալ ծառայությունների դիմաց վճարել բարձր սակագներ: «Հետքի» հետ զրույցում Գագիկ Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ ՏՄՊՊՀ-ն ձգձգում է վարույթը. ՏՄՊՊՀ-ի ներկայացուցիչները կարող էին բնակիչների դիմումն ուսումնասիրելու համար գնալ և տեղում զննություն կատարել, տեղում «տեսնել՝ մոնոպոլիա կա՞, թե՞ չէ», բայց դա չեն արել:

Այս գործն արդեն դատարանում է: Հայցվոր կողմը՝ «Հյուսիսային պողոտա 6» համատիրությունը, դատարանից պահանջում է անվավեր ճանաչել շենքի բակի և բակում կառուցված կաթսայատան նկատմամբ «Նորդ Այլենդի» սեփականության իրավունքի պետական գրանցումը և բակն ու կաթսայատունը՝ իր բոլոր սարքավորումներով, ճանաչել շենքի սեփականատերերի սեփականություն: Իսկ «Նորդ Այլենդի» և «Նորդ Ավենյուի» ներկայացուցիչ, փաստաբան Գևորգ Մինասյանը համոզված է, որ այս պահանջն անհիմն է ու անհեթեթ և ուրիշի ունեցվածքի նկատմամբ ոտնձգության դասական օրինակ է:

«…Հյուսիսային պողոտա 6 շենքը և տնտեսական հանգույցի շենքը ի սկզբանե հանդիսացել են իրարից անջատ քաղաքաշինական օբյեկտներ, այսինքն տնտեսական հանգույցի շենքը նախագծվել ու կառուցվել է որպես ինքնուրույն քաղաքաշինական օբյեկտ և ի սկզբանե Հյուսիսային պողոտա 6 շենքի անբաժանելի մասը չի կազմել և ներկայումս էլ այդպիսին չի հանդիսանում»,- գրել է Գևորգ Մինասյանը դատարանին ուղղված միջնորդության մեջ՝ հավելելով, որ ՀՀ-ն ճանաչել ու գրանցել է բակի և բակում կառուցված տնտեսական հանգույցի նկատմամբ «Նորդ Այլենդի» սեփականության իրավունքը:

Հյուսիսային պողոտա 6 հասցեում գտնվող 8 հարկանի շենքը 2005թ. կառուցել է «Նորդ Այլենդ» ՓԲԸ-ն, որի տնօրենը Գալինա Եդիգարյանն է: Իսկ «Նորդ Ավենյու» ՍՊԸ-ի տնօրեն Մարտին Եդիգարյանը Գալինա Եդիգարյանի ամուսնու եղբայրն է:

Համաձայն ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի գրության՝ փետրվարի 7-ի դրությամբ «Նորդ Ավենյու» ՍՊԸ-ի բաժնեմասերի 70%-ը պատկանում է Բահամներում գրանցված «Մեզվյու» ՍՊԸ-ին: «Նորդ Ավենյու» ՍՊԸ-ում բաժնեմասեր ունեն նաև Գալինա և Մարինե Եդիգարյանները, Շահբազ Հարությունովը:

Մեկնաբանություններ (1)

Հրաչ
զարմանալի բան է, մարդիկ տուն են գնել և շինարարը ասում է տան ենթակառուցվածքը իրենն է: Միյան Հայստանում այսպիսի ավազակ շինարարներ կարողես գտնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter