HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

«Ձերբակալեցին ընտանիքիս երեք տղամարդկանց. քաղաքապետի սարքած եղեռնը». Մարիամ Արթենյան

«Իմ ընտանիքի դեմ  այս սադրանքը կազմակերպվեց Վեդիի քաղաքապետ Վարուժան Բարսեղյանի ու նրա եղբոր՝ Վճռաբեկ դատարանի անդամ Արտակ Բարսեղյանի կողմից, իրագործվեց ոստիկանության` Արարատի մարզային վարչության նախկին պետ Մարգար Մելքոնյանի և Վեդու  կիսագրագետ ոստիկանապետ Սևան Քոչարյանի ձեռքով ու ավարտին հասցվեց ՀՔԾ  ավագ քննիչ Արիս Երեմյանի կողմից». Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակիչ Մարիամ Արթենյան

Վեդի քաղաքի սկզբանմասում գտնվող գազալցակայանում 2011թ. հունվարի 21-ին Ռազմիկ Արթենյանի, նրա որդիներ Սամվել, Սրապիոն Արթենյանների և ոստիկանների միջև տեղի է ունեցել միջադեպ, որի հիման վրա Արթենյանների դեմ հարուցվել է քրեական գործ:

Գործը քննվել է Արարատի և Վայոց ձորի մարզի առաջին ատյանի դատարանում(նախագահող դատավոր՝ Գագիկ Սարգսյան). դատարանի վճռով` ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ՊՊՎ (Պետական պահպանության վարչություն) նախկին պետ Ռազմիկ Արթենյանը և նրա որդին` նույն վարչության Վայքի բաժնի նախկին հերթապահ տեսուչ Սամվել Արթենյանը, ազատազրկվել են ՀՀ Քր. Օր. 316 հոդվածի 2-րդ մասով` իշխանության ներկայացուցչի առողջության համար վտանգավոր բռնության գործադրում մեղադրական եզրակացությամբ`   դատապարտվելով 5 տարի ազատազրկման, իսկ Ռազմիկ Արթենյանի կրտսեր որդին` Սրապիոն Արթենյանը, 316 հոդվածի 1-ին մասով` դատապարտվելով 4 տարի ազատազրկման: 

Ռազմիկ և Սամվել Արթենյանների նկատմամբ կիրառվել է համաներում, որի արդյունքում 2012թ. մարտի 28-ին նրանք ազատ են արձակվել, իսկ Սրապիոն Արթենյանը դեռ մեկուսարանում է:

Արդեն ազատության մեջ գտնվող Ռազմիկ Արթենյանն ասում է, որ իրենց դատական գործը հիմնված է եղել կեղծ փաստաթղթերի և ցուցմունքների վրա, և որ «սարքված հանցագործությունը» Վեդիի քաղաքապետ Վարուժան Բարսեղյանի և նրա եղբոր՝ Վճռաբեկ դատարանի անդամ Արտակ Բարսեղյանի հաշվեհարդարն էր իր ընտանիքի հանդեպ:

Մինչև հիմնավորելը, թե ինչու էր դատական գործը «սարքված», մանրամասնում է իր ընտանիքի և քաղաքապետի միջև եղած կոնֆլիկտը:  Ասում է, որ  Բարսեղյան եղբայրները դեռ 2007թ.-ից ոտնձգություններ ունեին իրենց՝ Վեդի քաղաքի Արարատյան 61 հասցեում գտնվող տարածքի նկատմամբ, ուզում էին նախ գնել, իրենք չվաճառեցին, ապա «որոշեցին բռնախլել». արդյունքում, նրանց խոսքով, 2011թ. հունվարի 21-ին գազալցակայանում ոստիկաններ Ռոման Սիսակյանը, Ռուբիկ Սաղաթելյանն ու Ատոմ Ասատրյանը հեռահար նպատակով և իրենց ոստիկանապետի՝ Սևան Քոչարյանի հրամանով արհեստական կռիվ են հրահրել գազալցակայանում գտնվող Սրապիոն Արթենյանի և հետո դեպքի վայր ժամանած Ռազմիկ ու Սամվել Արթենյանների միջև:

«Մենք և քաղաքապետի եղբայրը՝ Վճռաբեկ դատարանի անդամ Արտակ Բարսեղյանը Արարատյան 61 հասցեում գտնող երկհարկանի շենքի համասեփականատերեր ենք: Առաջին հարկը մեր խանութն է, երկրորդ հարկը՝ իրենցը,- ասում է խանութի սեփականատեր Մարիամ Արթենյանը՝ Ռազմիկ Արթենյանի կինը,-  մեր տարածքի մոտ 50քմ-ը քաղաքապետը ապօրինի թույլտվությամբ և առանց սեփականատիրոջ իմացության (ումից որ մենք գնել ենք) վաճառել էր մի երրորդ անձի: Տարածքի նախկին սեփականտերը դատի տվեց քաղաքապետին, իր տարածքը վերադարձրեց ու վաճառեց մեզ: Դրանից հետո Բարսեղյան եղբայրները ուզում են գնել մեզնից այդ տարածքը, չհամաձայնեցինք, փորձեցին բռնախլել, ամեն ինչ անել, որ մենք ասենք՝ էդ տարածքը ձեզ լինի»:

Վեդի քաղաքի Արարտյան 61 հասցեում գտնվող շենքը.
առաջին հարկում Արթենյանների «Ասուպ» խանութն է

Ըստ Մարիամ Արթենյանի, կոնֆլիկտը խորացավ  այն ժամանակ, երբ Արտակ Բարսեղյանը առաջարկեց առաջին հարկում՝ նրանց պատկանող խանութում շինարարություն սկսել՝ երկրորդ հարկի ամրությունը ապահովելու և հարսանյաց սրահ կառուցելու համար: Արթենյանները դարձյալ չեն համաձայնել: «Էս ամեն ինչը բերեց, հանգեցրեց նրան, որ մեր գլխին գործ սարքեցին: Պարզապես աննախադեպ բան է, երբ երկու ոստիկաններ են ազատազրկվում ոստիկաններ ծեծելու համար»,- ասում է Ռ. Արթենյանը:

Գործը «սարքված է», բայց «փնթի» ձևով՝ ասում են Արթենյանները, որովհետև, իրենց խոսքով, ունեն փաստեր, որ ապացուցում են ոստիկանապետ Սևան Քոչարյանի «ապօրինությունները և գործն ի սկզբանե սարքված լինելու հանգամանքը»:

Դատարանի որոշման մեջ նշված է, որ Վեդու ոստիկանությունը 2011թ. հունվարի 21-ին՝  ժամը 23:50-ի սահմաններում, ահազանգ է ստացել, որ քաղաքի սկզբնամասում գտնվող գազալցակայանի մոտակայքում վիճաբանություն է սկսվել Սրապիոն Արթենյանի և Ավշար գյուղի բնակիչ Էդգար Զուքոյանի միջև, ինչի ընթացքում տղաները փոխադարձաբար միմյանց հարվածելով ծեծի են ենթարկել: Մարիամ և Ռազմիկ Արթենյանները, «Հետքի» հետ զրույցում նշում են, որ իրենց տղան` մեկուսարանում գտնվող Սրապիոն Արթենյանը, այդպիսի տղայի նույնիսկ չի ճանաչում, իրենք էլ չեն տեսել դատական ողջ գործընթացի ընթացքում, և հնարավոր չէ, որ ոստիկանությունը նման ահազանգ ստացած լինի: Սրապիոն Արթենյանը գազալցակայանում է եղել հորեղբորորդու՝ Սարգիս Արթենյանի հետ, ով նստած է եղել Ռազմիկ Արթենյանին պատկանող «Վալկսվագեն Տուառեգ» մակնիշի մեքենայի ղեկին, իսկ Ռազմիկ Արթենյանի տղան՝ Սրապիոնը, եղել է հորեղբորը պատկանող «Պաջեռո» մակնիշի մեքենայի ղեկին:

Ոստիկաններ Ռուբիկ Սաղաթելյանը, Ռոման Սիսակյանն ու Ատոմ Ասատրյանը, Արթենյանների խոսքով, եկել էին բենզալցակայան իրենց պետի` Սևան Քոչարյանի հրամանով, որպեսզի արհեստական կռիվ հրահրեն: Գազալցակայանում, Ռազմիկ Արթենյանի խոսքով, ոստիկանները ծեծել են Սրապիոնին, ապա զանգել են իրեն ու կանչել դեպքի վայր` ասելով, թե «տղայիդ հետ կապված պրոբլեմներ կան»: «Նրանց նպատակը ինձ այնտեղ հասցնելն էր, որ այդ կեղտոտ գործի մեջ ներքաշեն»,- ասում է Ռազմիկ Արթենյանը: Ասում է ՝ հասնելով գազալցակայան` տեսել է, որ որդի ծեծված է, ապա ապտակել է ոստիկաններից մեկին, ինչը հետո դարձրին «առողջությունը քայքայող վնասվածք»: Իրական պատմությունը, նրա խոսքով, այն է, որ ինքը գազալցակայանում օպերլիազորներին առաջարկել է գնալ բաժին, այնտեղ հարցերը պարզել, ավագ որդու` Սամվել Արթենյանի հետ գնացել է ոստիկանություն: Այդ ընթացքում օպերլիազորները գնացել են հիվանդանոց` «գործը սարքելու համար»:

«Արթենյանների կողմից ծեծված» ոստիկանները Վեդու հիվանդանոցում նախ ստացել են ալկոհոլի ազդեցությունը ստուգող բժշկական փորձաքննության ակտեր՝ ստորագրված բժիշկ Ա. Գալստյանի կողմից: Այդ փաստաթղթերում նշված է, որ երեք ոստիկաններն էլ գտնվում են «սթափ» վիճակում, մինչդեռ Արթենյանների գործով դատական վճռում նշված է, որ տուժող Ատոմ Ասատրյանը դեպքից հետո հիվանդանոց է տեղափոխվել  անգիտակից վիճակում: «Էդ բժշկուհին ամբողջ հիվանդանոցում միակ ազնիվ մարդն էր, ում վրա Սևան Քոչարյանը չկարողացավ ճնշում գործադրել, միայն տղամարդ բժիշկների վրա իրենց ուժը պատեց, էդ ակտերը հետո իհարկե գործին չկցվեցին, որովհետև Խաժակ Գրիգորյանը՝ հիվանադանոցի գլխավոր բժիշկը մոտ երկու ժամ հետո համապատասխան կեղծ փաստաթղթերը միլպետի հրամանով արդեն պատրաստել էր, հետո էլ դատարանում կեղծ ցուցմունք տվեց»,- ասում է Ռազմիկ Արթենյանը: Բժիշկ Ա. Գալստյանը դատարանում չի ընդգրկվել որպես վկա:

Դեպքի հաջորդ օրը, ոստիկանության կողմից կապարակնքվել են Մարիամ Արթենյանին և նրա տեգրոջը՝ Գառնիկ Արթենյանին պատկանող խանութները: Արթենյանների խոսքով՝ ոչ խանութները փակելիս և ոչ էլ 15 օր հետո բացելիս ոստիկանության կողմից որևէ արձանագրություն չի կազմվել: Ոստիկանապետ Սևան Քոչարյանը Արթենյանների գործով տված իր ցուցմունքում նշում է. «Ես անձամբ  որևէ աշխատակցի չեմ հանձնարարել  նշված խանութները կապարակնքել», սակայն Արթենյաններն ունեն լուսանկարներ, որոնցում երևում են խանութների կապարակնքված դռները՝ ոստիկանության ստորագրությամբ և կնիքով: ՀՔԾ ավագ քննիչ Արիս Երեմյանը, այս փաստերը, Ռազմիկ Արթենյանի խոսքով, անտեսել է.  «Որովհետև նա էլ էր կատարում Բարսեղյանների հրամանը, իսկ նրանք հրամայել էին ոչ միայն ինձ ու  ավագ տղայիս՝ Սամվելին, համակարգից ազատել, այլ դատել, այն էլ այնպիսի ցուցմունքներ գրել տալ, որ ոչ թե 316 հոդվածի 1-ին, այլ 2-րդ մասով դատվենք»:

Մարիամ Արթենայնին պատկանող խանութի կապարակնքված դուռը`
ոստիկանության կնիքով և ստորագրությամբ

 Արթենյաններն ասում են, որ միլպետ Սևան Քոչարյանը «գործը դզելու» համար տուժողներ Ատոմ Աստրյանին, Ռոման Սիսակյանին և Ռուբիկ Սաղաթելյանին հրամայել էր, որ ամեն օր նրանցից մեկը քննիչ Արիս Երեմյանին «պադավատ կանգնի»: Արթենյանները գաղտնի նկարահանել են քննիչ Արիս Երեմյանին տուժող Ատոմ Ասատրյանին պատկանող մեքենան նստելիս: «Մի քննիչ, որ տուժող կոչեցյալների մեքենայով պտտվի, ամբողջ օրը իրենց հետ լինի, ինչ անկողմնակալ քննության մասին է խոսքը»,- ասում է Ռազմիկ Արթենյանը: 

Ռազմիկ Արթենյանը պատմում է, որ ավագ որդու՝ Սամվել Արթենյանի, և եղբորորդու՝ Կարեն Արթենյանի հետ դեպքից հետո բաժնում ապօրինի պահվել է մինչև առավոտ` ժամը 11-ը: Կարեն Արթենյանը հունվարի 21-ի գիշերը գազալցակայանում չի եղել և դեպքի հետ որևէ առնչություն չունի:  Ռազմիկ Արթենյանը պատմում է, որ իրեն պահել են միլպետ Սևան Քոչարյանի սենյակում, իսկ Սամվելին ու Կարենին՝ մեկ այլ սենյակում: Առավոտյան բաժին է եկել  ոստիկանության մարզային վարչության պետ Մարգար Մելքոնյանը, նրանց խոսքով խցից հանել է Սամվելին, հայհոյել է և ծեծել, դրանից հետո էլ ասել. «Տես, թե հորդ ինչ օրն եմ գցելու»:

«Հետքը» զրուցել է դեպքի օրը բաժնում գտնված շարքային ոստիկաններից մեկի՝ Արսեն Բարսեղյանի հետ, ով ականատես է եղել Մարգար Մելքոնյանի՝ Սամվելին ծեծելուն և հայհոյելուն: Նա դատարանում չի ընդգրկվել որպես վկա: Սակայն ցուցմունք է տվել դեպքի առթիվ և ասում է` գրել է, «ինչ-որ եղել է»:

Թեև Սևան Քոչարյանն իր ցուցմունքում նշում է, որ Մարգար Մելքոնյանը Ս. Արթենայնին «ծեծի չի ենթարկել, միայն գոռգոռացել է նրա վրա, միանշանակ պահանջել է նրան դատի տալ ոստիկանության պատիվը խայտառակելու և համակարգի աշխատակցի վրա ձեռք բարձրացնելու համար», սակայն Արսեն Բարսեղյանը պատմում է, թե ինչպես է Մարգար Մելքոնյանը նույն համակարգի աշխատակցի, դարձյալ ոստիկան Սամվել Արթենյանին ծեծում

Ասում է, որ միլպետ Սևան Քոչարյանը բոլորին ստիպում էր կեղծ ցուցմունք տալ Ռազմիկ Արթենյանի դեմ, բայց ինքը չէր կարող իր «15 տարվա պետին դավաճանել»: Իր խոսքով` ոստիկանությունում է եղել այն ժամանակ, երբ Ռազմիկ, Սամվել, Կարեն Արթենյանները եկել են բաժին, մնացել է մինչև հաջորդ օրը, երբ ձեռնաշղթաներով Ռազմիկ և Սամվել Արթենյաններին տարել են, իսկ Կարենին ազատ են արձակել:

 Արթենյանները  Արարատի և Վայոց ձորի մարզի առաջին ատյանի դատավճիռը բողոքարկել են վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում, սակայն բողոքները մերժվել են:

Առաջին լուսանկարում` Ռազմիկ Արթենյանի որդին է` Սրապիոն Արթենյանը, ով այժմ գտնվում է ազատազրկման մեջ: Լուսանկարը, ըստ Արթենյանների, արվել է դեպքից անմիջապես հետո: 

Մեկնաբանություններ (8)

meme
Անհեռատես մարդիկ,գոնե այնքան տարրական մտածելակերպ ունենայիք, որ հենց դուք չդառնայիք ձեր բեմադրած թատրոնի գլխավոր հերոսները:
Karen
joxovurd mihat ekeq vedi u harcreq Qocharyaneri u Artenyaneri main teseq um en shat sirum u hargum, kam um erexeqin en shat @ndunum vorpes hamest xelaci u graget mard
Մոնիկա
Ալիկ Սարգսյանը Արթենյանյանների գործով կրկնակի անգամ ապացուցեց իր տգիտությունը:Ընդամենը երկրորդ օրը համակարգից ազատելով հայր և որդի Արթենյաններին և վերևում նշված Թալեաթները հանդիսանում են նրա վասալները,չէ կներեք այս բոլորը և այդ թվում Ալիկ Սարգսյանը վճռաբեկ դատարանի անդամ Արտակ Բարսեղյանի վասալներն են:
armen
Menak annormal mardy u banic antexyak miamit mardy kga hayastan. ha hayastani anuny dreq tyurimacutyun, qani vor ytex erkir chka, Parq Tirojy vor im erexen et anmarkayin erkrum chi aprum.
Ատոմ
Պարզից էլ պարզ է, որ 100 տոկոսանոց սարքած գործ է, բայց Ռազմիկ Արթենյանը ինքն էլ 20 տարի է նույն ձեռագրով գործեր է սարքում: Կեցցեք տղերք, իրար արժեք.....
arman
Ռազմիկ Արթենյանը 30 տարի անբասիր վարքով արժանապատիվ ծառայել է իր երկրին և այդ պատճառով է նման իրավիճակում հայտնվել ու երբեք էլ չի փոխել իր մարդկային դեմքն ու նկարագիրը:
Էդուարդ
Հայ Թալեաթներ` Վճռաբեկ դատարանի անդամ` Արտակ Բարսեղյան,Վեդիի քաղաքակեր` Վարւժան Բարսեղյան,Կիսագրագետ ոստիկանապետ` Սևան Քոչարյան,Շիզոֆրենիկ` Մարգար Մելքոնյան,Արարատի և Վայոց ձորի դատարանի նախագահ` Գագիկ Սարգսյան,ՀՔԾ ավագ քննիչ` Արիս Երեմյան:Եթե Օսմանյան թուրքիայում ընդամենը մեկ Թալեաթ կար,քանի այդպիսի Թալեաթներ ժողովրդավարական այս երկրում կան:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Կլանային,տոհմա-ցեղային,ճորտատիրական ճահիճում խրված Հայաստանի «ոստիկանները»: Սրա՞նք պիտի օրենք ու քաղաքացի պաշտպանեն: ՆՈՒՅՆԻՍԿ Կապանի նոտարուհին է սրանց մոտ հրեշտակ երևում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter