HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուսական գահի բանագնացները Երեւանում-1

Միանգամայն կանխատեսելի էր, որ կրկնակի նախընտրական 2012-ի ընթացքում, եւ մասնավորապես` ամռան սկզբից ևեթ Արեւմուտքի բարձրաստիճան պաշտոնյանների` տարածաշրջան ու Հայաստան կատարած այցերը անպատասխան չեն մնա Ռուսաստանի, այն էլ` հակաարեւմտյան կոշտ տրամադրություններով հայտնի պուտինյան իսթեբիշմենթի կողմից:

 Հարավային Կովկասում իր ավանդական գերակա դիրքերը չկորցնելու համար անզիջում պայքար մղող Ռուսաստանը չէր կարող նկատած չլինել վերջին շրջանում արեւմտյան «քաղաքական դեսանտների»` իր ռազմավարական դաշնակից պետություն բերած ուղերձներն ու այդ այցերի հետապնդած նպատակը. Հայաստանի ու Արեւմուտքի հարաբերությունների էլ ավելի ամրապնդումն ու խորացումը, ինչպես նաեւ դիրքորշումների հստակեցումն ու համաձայնեցումը աշխարհաքաղաքական հրատապ զարգացումների եւ խնդիրների կապակցությամբ:

 Իսկ առջեւում Հայաստանի նախագահական ընտրություններն են, որոնց ելքից է նաեւ կախված լինելու, թե վերջնահաշվում ինչպիսի հաշվեկշիռ կձեւավորեն աշխարհի ուժային կենտրոնների հանդեպ ՀՀ նորընծա նախագահի որդեգրած արտաքին քաղաքական ուղղությունները եւ դեպի ուր ուղղված կլինի Հայաստանի միջինացված ուժագիծը` դեպի Եվրոպա՞, թե՞ դեպի Ռուսաստան: Հետեւաբար, բոլորի համար նաեւ հարմար պահ է հասունացել սակարկություններ բացելու ՀՀ ապագա նախագահացուների, առաջին հերթին գործող նախագահի հետ` «սատարում կողմնորոշման դիմաց» բանաձեւի շրջանակներում:

 Հայաստանի սիրտը շահելու մրցակցությունն ուժային կենտրոնների միջեւ ակնհայտ է, փոխադարձ խանդը` նույնպես:  

ՌԴ նախագահի ներկայացուցիչ Կոսաչեւի այցը, կամ` հումանիտար ոլորտն իբրեւ ռուսական գրոհի թիրախներից մեկը

Հուլիսի 4-ից նոր թափով վերսկսվեցին Հյուսիսից տարատեսակ բարձրաստիճ այրերի ու պատվիրակությունների այցելությունները Հայաստան: Այդ օրը Հայաստան այցելեց ԱՊՀ մասնակից պետությունների հետ կապերի գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, «Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալության ղեկավար Կոնստանտին Կոսաչեւը` հանդիպումների շարք ունենալով ՀՀ նախագահի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

 ՀՀ նախագահականի տարածած մամլո հաղորդագրությունից ակնհայտ է, որ  Կոսաչեւի հետ հանդիպման ժամանակ Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ «Հայաստանը հետաքրքրված է Ռուսաստանի հետ ռազմավարական բնույթ կրող դաշնակցային հարաբերությունների խորացմամբ եւ այդ ուղղությամբ ակտիվ քայլեր է իրականացնում»: Սարգսյանը նաե հիշեցրել ու վերահաստատել  է, որ «երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը հանգամանորեն քննարկվել են բարձր մակարդակի փոխայցելությունների, այդ թվում՝ անցյալ տարվա աշնանը ՌԴ իր պետական այցի ժամանակ» (http://www.president.am/hy/press-release/item/2012/07/04/news-2218/): Հենց այդ այցի շրջանակներում` 2011թ. հոկտեմբերի   24-ին էր Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ ստորագրվել հումանիտար ոլորտում համագործակցության մասին երկկողմ համաձայնագիրը, որի վրա հանդիպումների ընթացքում շեշտադրում էին կատարելու թե Կ. Կոսաչեւը, թե նրան հաջորդած բանագնացները:

 Այս առումով Սերժ Սարգսյան-Կոնստատին Կոսաչեւ հանդիպման հաղորդագրության մեջ ասվում է, «Հանդիպման ժամանակ երկուստեք կարեւորվել է հատկապես հումանիտար ոլորտում փոխգործակցությունը: ԱՊՀ մասնակից պետությունների հետ կապերի գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, «Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալության ղեկավար Կոնստանտին Կոսաչեւի համոզմամբ, երկկողմ կապերի ամրապնդման գործում մեծ դեր ունեն ոչ միայն քաղաքականությունն ու տնտեսությունը, այլ նաեւ մշակութային, կրթական եւ հումանիտար ոլորտի հետ կապված բոլոր հարցերում սերտ գործակցությունը: Նա նշել է, որ ի պաշտոնե զբաղվում է հենց այդ ոլորտով եւ պատրաստ է հետեւողական աշխատանքով առավելագույն ջանքեր ներդնել՝ նպաստելու համար հայ-ռուսական հարաբերությունների առավել խորացմանը»:

 Երկու զրուցակիցների ձեռքբերած պայմանավորվածության ռեզյումեն կարելի է համարել այն, որ Սերժ Սարգսյանի առաջարկով «երկկողմ ձեւաչափով ու նաեւ միջազգային կազմակերպությունների, ԱՊՀ եւ ՀԱՊԿ շրջանակներում հաջողությամբ զարգացող երկու ժողովուրդների դարերի պատմություն ունեցող բարեկամական հարաբերությունները» «անհրաժեշտ է ամրապնդել փոխշահավետ ու հեռանկարային ոլորտներում նոր նախաձեռնություններով, համատեղ ջանքերով աշխատել հարստացնել ձեռքբերումներն ու փոխանցել սերունդներին»: Իսկ Կոսաչեւի գնահատմամբ «փոխադարձ հարգանքի ու այդ բարեկամության վրա հիմնված հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը վկայում են այն մասին, որ դրանք անընդհատ ռեժիմով զարգանալու մեծ ներուժ ու հեռանկար ունեն» (http://www.president.am/hy/press-release/item/2012/07/04/news-2218/):

 «Հումանիտար» արտաքին քաղաքականությունը եւ ռուսալեզու կրթական հաստատությունների երկրորդ սերիան

Այցի շրջանակներում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչի հանդիպումների շրջանակը` ՀՀ նախագահ,  ՀՀ վարչապետ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, արտաքին գործերի, կրթության եւ գիտության, էկոնոմիկայի, մշակույթի նախարարներ, հասարակական կազմակերպությունների եւ միությունների ներկայացուցիչներ, ինքնին վկայում է, որ  ռուսաստանցի բանագնացի քննարկելիք հարցերի սպեկտրը իսկապես բազամազան է եղել` տնտեսականից, կրթականից, քաղաքացիական սեկտորից մինչեւ ընդհուպ արտաքին քաղաքական: 

 Մասնավորապես, ՀՀ արտգործնախարարի հետ հանդիպման ընթացքում վերջինս կարեւորում եւ հիշատակում է տարբեր ձեւաչափերով արտաքին քաղաքական շփումները. «երկու երկրների միջեւ ԱՊՀ շրջանակներում ընթացող համագործակցությունը», ինչպես նաեւ` «դաշնակցային հարաբերություններին բնորոշ ակտիվ եւ կանոնավոր բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, վերելք ապրող տնտեսական, միջխորհրդարանական, ապակենտրոնացված համագործակցության, ամուր իրավապայմանագրային դաշտի առկայության պայմաններում զարգացող փոխգործակցությաունն ու այդ հիմքի վրա հարաբերությունների առավել ամրապնդումը»:  Սակայն Ռուսաստանի կողմից այլեւս գերկարեւորվող հումանիտար ոլորտից իրազեկ Էդվարդ Նալբանդյանը, հաղորդագրության համաձայն, հյուրի համար հատուկ «ընդգծում է, որ հումանիտար ոլորտում կապերի զարգացումը եւ ամրապնդումը հատուկ կարեւորություն ունեն»: Ըստ այդմ, զրուցակիցները քննարկում են «երկկողմ կրթական, մշակութային եւ գիտական կապերը խորացնելու, էլ ավելի ընդլայնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը», ինչպես  նաեւ` երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ, որոնց մասին հավելյալ տեղակտվություն չի տրվում (http://www.mfa.am/hy/press-releases/item/2012/07/04/rosso/):

 Հումանիտար ոլորտում իրականացվող ու իրականացվելիք ծրագրերի մասին առավել առարկայական պատկերացում է տալիս Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի-Կոնստանտին Կոսաչեւ հանդիպման  ընթացքում քննարկված հարցերի շրջանակը: Զրուցակիցները մասնավորապես քննարկել են «կրթության եւ գիտության ոլորտում երկու երկրների միջեւ առկա համագործակցության ամրապնդման եւ ընդլայնման, ինչպես նաեւ նախանշված ծրագրերի զարգացման հեռանկարները: Զրուցակիցները հիմնականում քննարկել են Հայաստանում ռուսաց լեզվի եւ Ռուսաստանի Դաշնությունում հայոց լեզվի պահպանման եւ զարգացման, Հայ-Ռուսական /Սլավոնական/ համալսարանին` ազգային գիտահետազոտական կենտրոնի կարգավիճակ շնորհելու, Հայաստանում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ հիմնելու, ռուսական գիմնազիայի, ինչպես նաեւ համատեղ կրթական ծրագրերի իրականացման, ուսուցիչների որակավորման բարձրացման հարցեր: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ այս տարի Երեւանում նախատեսվող ԱՊՀ անդամ երկրների ռուսաց լեզվի ուսուցիչների 2-րդ համագումարի նախապատրաստաման եւ անցկացման հարցեր» (http://www.edu.am/index.php?id=-5438&topMenu=2&menu1=-1&menu2=2&arch=0)

 Հանդիպման ավարտին Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի միջեւ հասարակական կապերի զարգացման գործում մեծ ներդրում ունենալու համար Կոնստանտին Կոսաչեւը նախարար Արմեն Աշոտյանին է հանձնել «Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալության պատվո շքանշան վերջինիս հայասատնյան կենտրոնի ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովի ու ՀՀ-ում ՌԴ դեսպանի ներկայությամբ:

Նկատելի է, որ խոսքը ոչ միայն հայ-ռուսական համագործակցությունն ընդլայնող նոր ծրագրերի, այլ նաեւ «նախանշված», այսինքն` նախկինում համաձայնեցրած ծրագրերի մասին է, ինչից խոսել էր նաեւ նախագահ Սերժ Սարգսյանն Կոսաչեւի հետ իր հանդիպման ընթացքում որպես «դաշնակցային հարաբերությունների խորացման եւ այդ ուղղությամբ իրականացվող  ակտիվ քայլեր» (http://www.president.am/hy/press-release/item/2012/07/04/news-2218/), ու որոնցից մեկը, փաստորեն, ռուսալեզու կրթական հաստատությունների բացումն է: Իսկ այդ գործընթացի ոչ բոլոր մանրամասներն ու ասպեկտներն են քննարկվել Հայաստանում: Մինչդեռ դրա վերլուծությունը թույլ է տալիս հասկանալ Հայաստանում Ռուսաստանի հետապնդած նպատակներից մեկը, ինչպես նաեւ` մեկ տարի առաջ տեղի ունեցածի որոշ նրբերանգներ, որոնք նոր են պարզ դառնում.... 

(Շարունակելի)

 Ստյոպա Սաֆարյան,

Վերլուծաբան

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հայաստանը ԲՈԼՈՐ ընտրությունները կատարելիս ՊԻՏԻ իրեն տա հետևյալ կարևոր հարցը.« Իսկ ո՞րն է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ շահը»: Հայաստանը ՊԻՏԻ նախապայման դնի Ռուսաստանի և Արևմուտքի առաջ.«Ով կճանաչի ԼՂՀ-ն,մենք նոր կխոսենք իր հետ»: ՊԻՏԻ 500% պահանջես,որ 100% ստանաս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter