HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռիում ցորենի ու անասնակերի խիստ պակաս կա

Այսօր Լոռու մարզպետարանում «Հետքը» հանդիպեց մարզի Մեծ Պարնի, Լեջան և Գոգարան գյուղերի գյուղապետերին ու տեղեկություններ խնդրեց նրանց ղեկավարած համայնքների ցորենի և անասնակերի բերքահավաքի մասին:

Մեծ Պարնիի գյուղապետ Հրայր Յաղուբյանը հայտնեց, որ գյուղը 2100 բնակչություն ունի, գյուղի  վարչական տարածքը   կազմում են 7000 հա, որից 1600 հա վարելահողեր են, մոտ 5 000 հա-ը արոտավայրեր, 200 հա-ը՝  խոտհարքներ: «Որպես անասնակեր  օգտագործում ենք հիմնականում ցանովի խոտաբույսերը:  Այս տարին կարելի է ասել բացառիկ կատաստրոֆիկ տարիներից է` անասնակերի հարցով: Խոտ բացարձակապես չունենք»,- ասաց Հրայր Յաղուբյանը: Մեծ Պարնի գյուղը 1200 գլուխ խոշոր եղջրավոր անասուն և 200 գլուխ ոչխար ունի: Հրայր Յաղուբյանը հուսով էր, որ գյուղը  խոշոր եղջրավորների անկում չի ունենա, քանի որ գյուղից նախկին տարիների նման անասնակերի արտահանում չի եղել: «Բացի այդ՝ մեր անասունների կերի պաշարը կլրացվի ծղոտով, և ճակնդեղի դաշտեր ունենք` ճակնդեղով: Տակից դուրս կգանք»,- ասաց նա:  

Մեծ Պարնիում ավարտվել է խոտհավաքը: Հացահատիկի բերքահավաքը դեռ չի սկսվել: Գյուղացիների գյուղտեխնիկայի ապահովվածության մասին մեր հարցին Հրայր Յաղուբյանը պատասխանեց. «Դարն ապրած տեխնիկա ունենք, 6 կոմբայն ունենք, տրակտորներ կան, շարքացաններ ունենք»: Յաղուբյանը վստահություն հայտնեց, որ գյուղացիները իրենց դաշտերի մոտ մոլորված չեն կանգի գյուղմեխանիզացիա չլինելու պատճառով: «Էսա որ բերքահավաքը սկսվեց, մի 15 կոմբայն մեր դաշտերում լինելու է»,- պարծեցավ  գյուղապետը:  

Հեկտարից  սպասվող հացահատիկի քանակի մասին մեր հարցին նա պատասխանեց. «Օ~, դա զոռ հարց ա: Նոր բերած էլիտար սերմացուներից  լավ ակնկալիքներ չունենք, տեսնենք, էլի, ոնց կլինի: Խոտը ամեն տարվա 30 տոկոսի չափով ենք ստացել: Հացահատիկը երևի նախորդ տարվա ստացածի 50 տոկոսի չափով  կլինի»:

Ստեփանավանի շրջանի Լեջանի գյուղապետ Սասուն Մարգարյանն ասաց, որ  Լեջանը ղեկավարում է 10 տարի: «Դաշտավարությունից մենք ընդհանրապես ցուցանիշներ չունենք, քանի որ յուրաքանչյուր տարի մեր դաշտերը կարկտահարվում են: Գյուղացիներին ոչ մի փոխհատուցում չի տրվում»,- դժգոհեց  գյուղապետը: Լեջանցիները զբաղվում են անասնապահությամբ: Այն էլ այս տարի, գյուղապետի տեղեկացմամբ, կանգնել են փակուղու առաջ:  «Փակուղին այն է, որ անասնապահությունը ևս մեզ համար դառնում է վնասաբեր ճյուղ, և դրանով զբաղվելը Լեջանում դառնում է անիմաստ, քանի որ մի կողմից իջնում են կաթի իրացման գները, մյուս կողմից կաթ արտադրելու բոլոր պարագաները թանկացվում են: Եթե ՀՀ կառավարությունում, կամ չգիտեմ որտեղ, մտածում են, որ գյուղացիները հիմար են, սխալվում են»,- բացատրեց Սասուն Մարգարյանը և հավելեց, որ ստեղծված պայմաններում գյուղացիները կհրաժարվեն անասնապահությունից և կաթն ու անասնապահական մյուս մթերքներ կներկրեն դրսից:

Լեջանը 1400 գլուխ  խոշոր եղջրավոր անասուն ունի: «Մենք խոտհարք ընդհանրապես չունենք: Մեր խոտի հիմնական մասը հավաքում ենք  մեր վարելահողերից, քանի որ դաշտավարությամբ չենք զբաղվում»,- հայտնեց  Սասուն Մարգարյանը: Վերջինս մեզ հետ խոսելու պահին տեղյակ չէր 1 հակ խոտի շուկայական արժեքին: Գյուղապետերից ասացին, որ 1 հակի գինը շուկայում ներկայում 1500-2000 դրամ է: Այս պայմաններում Սասուն  Մարգարյանը Լեջանի անասնապահության մասին ոչ միայն վատատես էր. «Փաստը վկայում է այն, որ այսօրվա դրությամբ արդեն լեջանցիները կովեր են մորթում, 180.000- 220.000 դրամով  մեր գյուղացիները կով են վաճառում, երբ կովի արժեքը 450.000-500.000-ից ոչ պակաս  չի եղել»:

«ՀՀ կառավարությանը կտեղեկացնեի, որ Լեջանի գյուղացին լիտրը 100 դրամով կաթ է արտադրում, այսինքն՝ մեզանից մթերող կազմակերպությունները կաթը գնում են լիտրը 100 դրամով: Միայն մեզ մոտ չի վատ, բոլոր գյուղերում է այդպես: Եթե կառավարությունը կհիմնավորի, որ հնարավոր է 100 դրամով կաթ արտադրել, ու անասնապահությունը աշխատի շահույթով, ես գոհ կմնամ նրանից»,- ասաց Լեջանի գյուղապետը: Գյուղում այս տարի 60 հա ցորենի ցանքս է կատարվել: «Եթե հա-ից 0,5 տ ցորեն էլ ստանանք, գոհ կլինենք»,- ասաց գյուղապետ Մարգարյանը: 

Գոգարանի  գյուղապետ Արթուր Գալոյանն էլ ասաց, որ գյուղը 650 հա վարելահողեր և 75 հա  խոտհարքեր ունի, 1400 բնակիչ:  Գյուղապետարանում գրանցված է 600 գլուխ  խոշոր եղջերավոր անասուն: «Գոգարանում անասնակերի վիճակը շատ վատ ա:  Ամեն տարի հա-ից 100 հակից ավելի ենք հնձել, այս տարի հնձել ենք 25-40 հակ»,- ասաց գյուղապետը: Թե ստեղծված իրավիճակում  գոգավանցիներին ինչպես է աջակցելու, համայնքապետը նշեց. «Ժողովրդի հույսը սարերի վրա է: Ճիշտն ասած՝ մեր գյուղում խոշորի անկում անպայման կլինի: Եթե մարզպետարանը գյուղացիների օգնելու հնարավորություն ունենա, կդիմեմ մարզպետարանին, ՀՀ կառավարությունն էլ ինչ անի, դա համատարած է: Օգնությունն այն կլինի, որ անասունը գյուղացիները պետք է մորթեն, գոնե շուկայական գնով էդ միսը ժողովրդից առնեն և հարևան պետությունների վրա վաճառեն: Այսինքն՝ գոնե սպասվող մորթի մսի իրացման խնդրում գյուղացիներին աջակցեն»:

Լոռու մարզպետարանի  գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղբաժնի պետ Վազգեն Օհանյանն էլ «Հետքին» հայտնեց, որ մարզի 105 գյուղական համայնքերում էլ, նախորդ տարիների հետ համեմատած,  համատարած անչափ վատ է անասնակերի խնդիրը, հատկապես խոտի վիճակը, որովհետև անցած տարվա աշնանը երկար ժամանակ անձրևներ չեկան, և այս տարվա մարտ ապրիլին բարձր ջերմաստիճան գրանցվեց:

Վազգեն Օհանյանն ասաց, որ հացահատիկային մշակաբույսերից բերք սպասվում է միայն Ստեփանավանի շրջանի Կուրթան, Վարդաբլուր, Գյուլագարակ, Յաղդան, Կողես գյուղերում: Խոտը Ստեփանավանում նույն վիճակում է: Պրն Օհանյանը նաև հայտնեց, որ Լոռու մարզի 45.000 հա վարելահողերից այս տարի մշակվել է հազիվ 50 տոկոսը` 25.000 հա-ը:  «Մարզում  երևի կունենանք նախորդ տարիների արտադրած բերքի մոտ 30 տոկոսը` ոչ ավելի»,- հայտնեց մարզպետարանի գյուղբաժնի պետը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter