HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Դատարանները սկսել են գործի դնել հավասարակշռության նժարը

2012 թ. հունվար ամսից սկսած՝ լրատվամիջոցների եւ լրագրողների դեմ վիրավորանքի, զրպարտության ու գործարար համբավի պաշտպանության հիմքերով ներկայացվող դատական հայցերի հոսքը սկսեց նվազել: Այս գործընթացի վրա, մեր կարծիքով, էականորեն ազդեց դատարանների մոտեցումը՝ Սահմանադրական դատարանի (ՍԴ) 2011թ. նոյեմբերի 15-ին կայացրած ՍԴՈ-997 որոշումից հետո դատական ակտերի բովանդակությունն էապես փոխվեց: Դատարանները սկսեցին հավասարակշռության նժարը գործի դնել, եւ մի քանի հայցեր, որոնցով դիմողները հանրային անձինք էին, սպասված արդյունքը չունեցան՝ նրանց պահանջած գումարային մեծ փոխհատուցումները մերժվեցին: Նախորդ տարվանից ընթացքի մեջ գտնվող դատական գործերից մի քանիսով արդեն վերջնական դատական ակտեր են կայացվել, եւ դրանցում նկատելի է, որ դատարանները հակված են պրակտիկան զարգացնելու եվրոպական նախադեպերով:

Դատական ակտերի վերլուծությունը ցույց է տալիս, որ դատարանները վերանայել են իրենց մոտեցումը, եւ անձին վիրավորանքից ու զրպարտությունից պաշտպանելու միակ միջոցը այլեւս գումարային մեծ փոխհատուցումներ տրամադրելը չի համարվում: Վճիռ կայացնելիս կիրառվում են նաեւ ոչ նյութական փոխհատուցման ձեւերը՝ հերքում տվյալ լրատվամիջոցում, ներողության տեքստի հրապարակում: Կարծես հիմնավորվում է այն մոտեցումը, որ դատարան դիմած անձի խնդիրը ոչ թե գումար վաստակելը պետք է լինի, այն էլ` օրենքով նախատեսվածի առավելագույն չափով, այլ՝ անձի արժանապատվությունն ու բարի համբավը ոտնահարումից պաշտպանելը: Ավելին, գումարային մեծ չափերով պատիվն ու արժանապատվությունը վերականգնելն արդեն ռիսկային է դառում հայցվորների համար, ինչպես տեղի ունեցավ փաստաբան Արթուր Գրիգորյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի ներկայացված հայցի դեպքում:

Հիշեցնենք, որ փաստաբանը յուրաքանչյուր վիրավորական մեկնաբանության համար թերթից 2 մլն դրամ փոխհատուցում էր պահանջում, որոնց հանրագումարը կազմել էր 18 մլն դրամ: Սակայն նա հաշվի չէր առել, որ պարտության դեպքում պահանջված գումարի համամասնությամբ պետական տուրք պետք է վճարեր, որը միայն ընդհանուր իրավասության դատարանում կազմում էր 360 հազար դրամ: Փաստաբանը վերադաս դատական ատյաններում բողոքարկեց դատարանի այդ մոտեցումը՝ ասելով, որ իր համար անընդունելի է պետտուրքի պահանջված չափը եւ հրաժարվում է վճարելուց, քանի որ իր դատական գործը գույքային պահանջ չէ, ինքը իրավունքի խնդիր է վիճարկում, որի համար 4000 դրամ պետտուրք պետք է վճարի: Վերաքննիչ դատարանը մերժեց նրան, իսկ Վճռաբեկ դատարանը, (ՎԴ) բողոքը վերադարձնելով, փաստորեն հաստատեց, որ համակարծիք է վերաքննիչ դատարանի տեսակետին: Դատարանների այս մոտեցումը ողջունեցին իրավունքի տեսաբանները, ովքեր հիշյալ գործի վերաբերյալ կարծիք հայտնեցին, որ հակառակ դեպքում դատարանը կնպաստեր լրատվամիջոցների սնանկացմանը՝ հնարավորություն տալով չնչին գումար վճարելով գումարային փոխհատուցման մեծ պահանջներ ներկայացնել: Դատարանների նման մոտեցման դեպքում չափազանց ռիսկային է դառնում գումարային պահանջ ներկայացնելը, եւ այն կհարկադրի յուրաքանչյուր դիմողի չափավորություն պահպանել, քանի որ պարտվելու դեպքում ե՛ւ պահանջված գումարի համամասնությամբ պետտուրք պետք է վճարի, ե՛ւ պատասխանողի դատական ծախսերը փոխհատուցի:

Դատարանի այս մոտեցման ազդեցությունն անմիջապես նկատվեց ընթացիկ դատական գործերի վրա. oրինակ` Լեռնապատի համայնքապետ Վանո Եղիազարյանը Վանաձորի դատարան մի քանի հայց էր ներկայացրել վիրավորանքի ու զրպարտության հիմքերով եւ մինչեւ ՍԴ-ի հայտնի որոշումը լուրջ հաջողություններ էր ունեցել: Սակայն դրանցից մեկով՝ «Վանո Եղիազարյանն ընդդեմ «Հետք»-ի լրագրող Ադրինե Թորոսյանի»՝ պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին, հայցի քննությունն ավարտվեց նրա պարտությամբ: Դատաքննության ընթացքում, թերեւս կանխազգալով իր պարտությունը, նա հրաժարվեց հայցապահանջով ներկայացված 1 մլն դրամից եւ այն փոխարինեց 1 լումայով: Դատարանը մերժեց հայցապահանջը եւ Վանո Եղիազարյանին պարտավորեցրեց փոխհատուցել լրագրող Ադրինե Թորոսյանի դատական ծախսերը՝ 150 հազար դրամ փաստաբանի համար:

Ակնհայտ է, որ վերջին ամիսներին ներկայացված հայցերով գումարային պահանջները հիմնականում նվազել են, հայցվորները ձեռնպահ են մնում օրենքով նախատեսված առավելագույնը պահանջելուց, քանի որ ե՛ւ ՍԴ որոշումը, ե՛ւ ՎԴ-ի նախադեպային որոշումը ստորադաս դատարաններին ուղղորդում են նման դեպքերում քննության առնել լրատվամիջոցի ֆինանսական հնարավորությունները եւ այլն: Վերջին ամիսների զարգացումները ցույց են տալիս, որ գումարային փոխհատուցման մեծ պահանջներ ներկայացրած անձինք հետո հրաժարվում են գումարից կամ այն փոխարինում են խորհրդանշական թվով:

«Զինվոր» հ/կ-ի խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանն ընդդեմ «Հրապարակ» թերթի ներկայացրած հայցով պահանջում էր հերքել իր մասին հրապարակած զրպարտող տեղեկությունները եւ փոխհատուցում վճարել 2 մլն դրամ: Սակայն հրաժարվեց գումարային պահանջից՝ բավարարվելով միայն զրպարտող տեղեկությունները հերքելու պահանջով:

Ուրախալի է նաեւ այն հանգամանքը, որ դատարաններն արդեն հայցերը բավարարելիս նվազեցրել են փոխհատուցման միլիոնների շեմը՝ այն հասցնելով նվազագույնի: Փոխհատուցման ենթակա հիմնական պահանջը, որը հայցվորները պնդում են, դատական ծախսերի փոխհատուցումն է: Դատական ծախսերը, որոնք ներառում են նաեւ փաստաբանի ծառայության վճարը, դարձյալ հիմնականում բավարարվել են՝ ողջամտության սահմաններում: Հիշեցնենք, որ նախորդ տարիներին փաստաբանական ծառայության վճարը նույնպես հատում էր միլիոնի սահմանագիծը:

1.Մարգարիտա Մարտիրոսյան ընդդեմ Հռիփսիմե Կարապետյանի և երրորդ անձ «168 ժամ» թերթի գործով հայցվորը խնդրել է պարտավորեցնել պատասխանողին` հերքելու հոդվածում պարունակող իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկություններն ամբողջությամբ` հերքումը տպագրելով նույն շաբաթաթերթում, ինչպես նաև Հռիփսիմե Կարապետյանից բռնագանձել 500 հազար դրամ՝ որպես փաստաբանական ծախսերի փոխհատուցում: Համաձայն վճռի՝ «168 ժամ» թերթը պարտավոր է հերքել հոդվածում պարունակող հայցվորի պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները, Հռիփսիմե Կարապետյանը պետք է 100 հազար դրամ վճարի հայցվորին՝ փաստաբանական ծառայությունների համար:
2.Մարտի 19-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մասնակի բավարարեց մարզպետ Նվեր Պողոսյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ» թերթի և Աննա Թորոսյանի` պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելու և զրպարտության փոխհատուցման գումար բռնագանձելու պահանջների մասին՝ պարտավորեցնելով «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ին` հերքելու «Ժողովուրդ» օրաթերթի 2011 թ. հոկտեմբերի 7-ի թիվ 171 համարում հրապարակված «Մարզպետը կաշառք է վերցրել» հոդվածում զրպարտություն համարվող, Նվեր Պողոսյանի պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները և հերքումը տպագրել նույն «Ժողովուրդ» օրաթերթում, ինչպես նաև թերթից հօգուտ Նվեր Պողոսյանի բռնագանձել 200.000 դրամ, որից 100.000 դրամը` որպես փոխհատուցման գումար, 100.000 դրամը` որպես փաստաբանի վարձատրության գումար։ Մարզպետը «Ժողովուրդ»-ից պահանջում էր 2,5 մլն դրամ:

Առայժմ բավարարված գումարային չափերով գոհացուցիչ չէ «Գլենդել Հիլզ»-ն ընդդեմ «ժամանակ» օրաթերթի գործի ընթացքը, որով «Գլենդել Հիլզ»-ը «Ժամանակ» օրաթերթից պահանջում էր բռնագանձել 2 մլն դրամ զրպարտության համար, ինչպես նաև 500 հազար դրամ՝ դատական ծախսերի համար, հերքել 2010 թ. օգոստոսի 26-ին հրապարակած «1000 դոլար լռության դիմաց» հոդվածը: Դատարանի վճռով «Ժամանակ» օրաթերթից հօգուտ հայցվորի պետք է բռնագանձվի 200 հազար դրամ՝ զրպարտության համար, 300 հազար դրամ՝ փաստաբանական ծառայությունների համար: Թերթը նաև պետք է հերքի 2010 թ. օգոստոսի 26-ին հրապարակած «1000 դոլար լռության դիմաց» հոդվածում հայցվորի գործարար համբավն արատավորող (զրպարտող) տեղեկությունները:

Սա նշանակում է, որ դատարանները վերանայել են իրենց մոտեցումը հայցերի քննությանը, սակայն լիովին չեն ձերբազատվել դրամական փոխհատուցումը զրպարտությունը չեզոքացնելու պայման դիտարկելուց: Նաեւ՝ միշտ չէ, որ պատճառաբանում են, թե ինչու հենց դրամական փոխհատուցումը կարող է լինել անձին վիրավորանքից ու զրպարտությունից պաշտպանելու միջոցը: Մինչդեռ, Եվրոպական դատարանի նախադեպերի եւ դրանց մեկնաբանությունների մեջ մշտապես շեշտվում է, որ արատավորող արտահայտությունների (գործողությունների) արդյունքում պատճառված վնասի դիմաց որպես առաջնահերթություն անհրաժեշտ է կիրառել ոչ նյութական փոխհատուցման ձևերը։ Նյութական փոխհատուցումը պետք է սահմանափակվի զրպարտության ենթարկված անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին հասցված անմիջական վնասը հատուցելով և նշանակվի միայն այն դեպքերում, երբ ոչ նյութական հատուցումը բավարար չէ պատճառված վնասը փոխհատուցելու համար:

Դատական պրակտիկան այս ընթացքում եւս մեկ դրական միտում է զարգացրել՝ դատական վեճերից երեքը հանգուցալուծվել են կողմերի միջեւ հաշտության համաձայնությամբ:

1.BlogNews.am-ի գլխավոր խմբագիր Արամ Անտինյանը հայտնում է, որ «Սաս-գրուպ» ՍՊԸ-ի և BlogNews.am կայքի միջև տարաձայնություններն այլևս հարթված են: Համացանցում բլոգերներից մեկը մի նյութ էր հրապարակել, որում «Սաս-գրուպ» ՍՊԸ-ին մեղադրում էր վաճառվող ապրանքների ժամկետները կեղծելու և փաստացի ժամկետանց ապրանք վաճառելու մեջ: Բլոգերը նաև պնդել էր, որ ժամկետանց ապրանք օգտագործելու հետևանքով թունավորվել է: BlogNews.am-ը հրապարակել էր վերջինիս հոդվածը, որի արդյունքում «Սաս-գրուպ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը կապվել էր BlogNews-ի խմբագրության հետ և խնդրել նյութը կայքից հանել: Քանի որ բլոգերն ի հայտ չէր եկել, կայքի գլխավոր խմբագիր Ա.Անտինյանը նյութը հեռացրել էր՝ փորձելով կանխել նրա հետագա տարածումը: Մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներ, հղում անելով BlogNews.am կայքին, վերահրապարակում են այն, ինչի արդյունքում «Սաս-գրուպ»-ը դիմում է դատարան՝ BlogNews.am-ի գլխավոր խմբագրից պահանջելով 2.000.000 դրամ փոխհատուցում: «Սաս-գրուպ» ընկերությունը BlogNews.am կայքի հետ հաշտվելու որոշում է կայացրել: «Սաս-գրուպ» ընկերության և BlogNews-ի շահերը ներկայացնող «Defense» իրավաբանական ընկերության ձեռք բերած պայմանավորվածությունների արդյունքում, ինչպես հայտնում է BlogNews.am-ը, «Սաս-գրուպ» ՍՊԸ-ն հետ է վերցնում իր հայցադիմումը՝ հաստատելով, որ այլևս չունի ոչ մի առարկություն BlogNews.am-ի դեմ: Միաժամանակ BlogNews.am-ը հաստատում է, որ չունի ոչ մի պահանջ «Սաս-գրուպ» ՍՊԸ-ից:
2.«Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնն» ընդդեմ «Առավոտ» օրաթերթի կողմերի միջեւ հաշտության համաձայնություն կնքվեց: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող քաղաքացիական գործն ըստ հայցի Հայաստանի «Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնն» ընդդեմ «Առավոտ» օրաթերթի հանգուցալուծվել է: Պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության մասին քաղաքացիական գործով հայցվորն ու պատասխանողը կնքեցին հաշտության համաձայնություն, որը հաստատվել է դատավոր Է. Ավետիսյանի կողմից: Ըստ այդմ՝ պատասխանողն ընդունել է, որ 01.12.2010 թ. հրապարակված «Իսկ ո՞ւր մնաց Հիպոկրատի երդումը» վերնագրով հոդվածի մեջ ներկայացվել է չճշտված տեղեկատվություն։ Արդյունքում հոդվածը արատավորել է Հայաստանի «Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն» ՍՊԸ-ի գործարար համբավը, աշխատակազմի եւ տնօրեն Սմբատ Ջամալյանի պատիվն ու արժանապատվությունը։ Պատասխանողը մինչեւ հաշտության համաձայնությունը հաստատվելը «Առավոտ» օրաթերթում տպագրել է հերքում և Հայաստանի «Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն» ՍՊԸ-ի պատասխանը։ Իր հերթին հայցվորը, միաժամանակ, պարտավորվել է հաշտության համաձայնագիրը հաստատվելուց հետո նույն պահանջով և հիմքով, ինչպես նաև «Իսկ ո՞ւր մնաց Հիպոկրատի երդումը» վերնագրով հոդվածի հիմքով որևէ այլ պահանջով դատարան հայց չներկայացնել ընդդեմ պատասխանողի։
3.«Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությունն ընդդեմ «Հ1»-ի գործով 2012թ. մայիսի 15-ին ստորագրել է հաշտության համաձայնություն: «Հ1»-ը հեռարձակել է հերքումը, այն հրապարակել է նաև իր պաշտոնական կայքում: Ըստ հաշտության համաձայնության պայմանների՝ Հանրային հեռուստաընկերությունը հերքումը հեռարձակել է 2012թ. հունիսի 5-ին՝ երեքշաբթի օրը՝ 17:00-ին և 22:00-ին հեռարձակվող լրատվական ծրագրի առաջին 20 րոպեների ընթացքում:


2012թ. առաջին կիսամյակը նշանակալից էր նրանով, որ Վճռաբեկ դատարանը վերջապես վիրավորանքի ու զրպարտության գործերից մեկով որոշում կայացրեց՝ քննելով Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի՝ զրպարտությունը հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին գործով պատասխանողի ներկայացրած վճռաբեկ բողոքը: Մասնագետների կարծիքով՝ այս որոշումով, թեկուզեւ ուշացած, բայց ՎԴ-ն կարգավորեց մի շարք հարցեր, որոնք բաց էին մնացել ՍԴ-ի որոշման մեջ: Դրանցից մեկը վերաբերում է այն հարցին, թե լրատվամիջոցի համար ով կարող է լինել տեղեկատվության աղբյուր. ըստ Վճռաբեկի՝ «տեղեկատվության աղբյուրն» այն իրավաբանական եւ ֆիզիկական անձն է, որը ինֆորմացիայի փոխանցումը կամ տարածումը կատարել է կոնկրետ միջոցներով, եւ նշում է ավանումները՝ «տեղեկատվության աղբյուր են հանդիսանում հեղինակները և լրատվական գործակալությունները»։ Նախադեպը այս մասով գնահատվեց որոշակի առումով լրագրողական գործունեության սահմանափակում, քանի որ դրանով կնվազեցվի լրագրողների դերակատարությունը, կանտեսվի գերակա հանրային շահը:

Իրավակարգավորում ստացավ նաեւ այն հարցը, թե ով է պատասխանատվություն կրելու, երբ լրատվամիջոցը հրապարակել է, օրինակ, էլեկտրոնային միջոցներով քաղաքացիական ինչ-որ խմբից ստացված տեղեկատվությունը: ՎԴ-ն այս դեպքի համար ամրագրեց հետեւյալը՝ եթե նույնիսկ տեղեկատվության վերարտադրությունը բարեխղճորեն է կատարվել, դա չի նշանակում, որ լրատվամիջոցը կարող է ինքնըստինքյան ազատվել պատասխանատվությունից: Աղբյուրը, որից օգտվել է լրատվամիջոցը, ըստ այս որոշման, պետք է հանդիսանա հեղինակ`ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 6-րդ մասի իմաստով:

ՎԴ-ն իր որոշման մեջ անդրադարձավ նաեւ վիրավորանքի եւ զրպարտության գործերով հայցային վաղեմության ժամկետի հարցին, որի վերաբերյալ դատարանները տարբեր մոտեցում ունեին. նրանցից մեկը 3 տարվա վաղեմության ժամկետ էր կիրառում, մեկ այլ դատարան` 1 ամսվա, մեկ ուրիշը` 6 ամսվա վաղեմության ժամկետ: ՎԴ-ն նշեց, որ հայցային վաղեմության ժամկետի հաշվարկը սկսվում է այն պահից, երբ անձին հայտնի է դարձել վիրավորանքը կամ զրպարտությունը։ Հետևաբար, բոլոր այն դեպքերում, երբ անձը տեղեկանում է զրպարտության կամ վիրավորանքի մասին վեց ամիսը լրանալուց հետո, բաց է թողնում հայցային վաղեմության ժամկետը։ Սակայն, այս որոշումով հարցի իրավակարգավորումը, ըստ մասնագետների, դարձյալ անորոշ է. Վճռաբեկը լիովին չի հստակեցրել հարցը, թե երբ անձը դատարան է դիմել մեկամսյա ժամկետի խախտումով, բայց ոչ 6-ամսյա ժամկետը բաց թողնելով, դատարանը պետք է ընդունի՞ վարույթ ու քննի գործը, թե՞ ոչ:

Այս բացը թողնվեց դատական պրակտիկայի կարգավորմանը, եւ այն շատ չուշացավ. այդ ժամանակամիջոցում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր «Արման Ավետիսյանն ընդդեմ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի» հայցը, որում նման խնդիր կար: Արման Ավետիսյանը դատարան էր դիմել հրապարակման մասին իմանալուց հետո դիմելու մեկամսյա ժամկետը բաց թողնելով: Դատարանն այս գործով վճիռը կայացրեց ՎԴ-ի հիշյալ նախադեպից հետո եւ, կիրառելով ՎԴ-ի որոշման մեկնաբանությունը միայն հայցային վաղեմության ժամկետի խախտման հանգամանքը նկատի ունենալով, հայցը մերժեց ամբողջությամբ:

Հատված վճռից. «Օրենսգրքի 1087.1 հոդվածի 13-րդ մասի վերլուծությունից հետեւում է, որ նշված հոդվածով սահմանված կարգով իրավունքի պաշտպանության պահանջով դատարան հայց ներկայացնելու մեկամսյա ժամկետի հաշվարկը սկսվում է այն պահից երբ անձին հայտնի է դարձել վիրավորանքի կամ զրպարտության մասին, իսկ նույն հոդվածով սահմանված վեցամսյա ժամկետը՝ դա առավելագույն այն ժամկետն է, որի դեպքում կարող է հայց հարուցվել դատարան վիրավորանքի կամ զրպարտության պահից: Այսինքն՝ տվյալ դեպքում անհրաժեշտ են վերը նշված երկու ժամկետների միաժամանակյա առկայությունը՝ նախ վիրավորանքի կամ զրպարտության մասին հայցվորի իմանալու պահից չպետք է անցած լինի մեկ ամսից ավել ժամանակ, եւ վիրավորանքի կամ զրպարտության պահից չպետք է անցած լինի վեց ամսից ավել ժամանակ: Դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված հայցային վաղեմության ժամկետը լրացել է, քանի որ հայցը դատարան է ներկայացվել վիրավորանքի կամ զրպարտության մասին իմանալու պահից մեկ ամսից ավել ժամանակ անցնելուց հետո, իսկ վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամիս ժամկետը լրացած չլինելու հանգամանքը չի կարող արգելք հանդիսանալ հայցային վաղեմություն կիրառելու համար»:

Այս ժամանակահատվածում Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում քննվեց եւս մեկ հետաքրքիր գործ՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցին առնչվող առաջին գործը: «Դ. Իոաննիսյանի, Բ. Պողոսյանի, Հ. Սիմոնյանի՝ ընդդեմ «Մեկ Ազգ» կուսակցության`պատասխանող կազմակերպությունից հայցվորների պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորելու համար գումարի բռնագանձման, ինչպես նաև հրապարակային ներողություն խնդրելու պահանջի մասին»: Դատարանը հունիսի 28-ին կայացրած վճռով կիրառեց «հրապարակային հայտարարություն» հասկացության գնահատման նոր՝ «հասանելի է բոլորին» չափանիշը, որ մինչ այդ չէր կիրառել ոչ մի դատարան, այդ թվում նաև Վճռաբեկ դատարանը իր նախադեպային որոշման մեջ: Ըստ այդմ, սոցիալական ցանցում տեղադրված նյութը կամ տարածված խոսքը ցանկացած հանգամանքում համարվում է հրապարակային, քանի որ հասանելի է բոլորին: Նման դիրքորոշումը հաստատում է այն եզրահանգումը, ըստ որի սոցիալական ցանցերը, մասնավորապես՝ Ֆեյսբուքը, վաղուց դադարել են լինել փակ միջավայր, քանի որ այդ միջավայրում տեղաշարժվող խոսքը հասանելի է բոլորին, հետևաբար դա հանրային դաշտ է:

Ամփոփելով 2012թ. առաջին կիսամյակի ընթացքում լրատվամիջոցների եւ լրագրողների դեմ վիրավորանքի, զրպարտության ու գործարար համբավի պաշտպանության դատական գործերի քննության ընթացքը՝ կարող ենք հաստատել հետեւյալը.

1.դատական հայցեր ներկայացնողները, ի տարբերություն նախորդ տարիների, երբ հանրային անձինք էին, 2012-ին հիմնականում քաղաքացիներն են, որոնց հայցապահանջներով որոշ դեպքերում լրատվամիջոցները դատաքննությանն ընդգրկվում են իբրեւ երրորդ անձ:

2.Պաշտոնյաները ձեռնպահ են մնում դատական հայցեր հարուցելուց, քանի որ դատարանները հայցերը մերժելիս վճիռներում ամրագրեցին այն հանգամանքը, որ նրանք հանրային անձինք են եւ նվազ պաշտպանություն պետք է ակնկալեն:

3.Դատարաններն արդեն կայուն մոտեցում են ցուցաբերում եւ հետևողականորեն ու զգալի չափով նվազեցնում են գումարային պահանջները, այդ թվում՝ որպես դատական ծախսեր ներկայացվող գումարային պահանջները:

4.Հայցվորները չեն խուսափում դատական վեճը հաշտությամբ լուծելուց:

5.Միաժամանակ, լրատվամիջոցների դեմ կայացված վճիռներում դատարաններն ու մասնագիտական կազմակերպություններն արձանագրում են, որ լրագրողները միշտ չէ, որ բարեխղճորեն են իրականացնում իրենց մասնագիտական գործունեությունը:

Ստորեւ՝ զրպարտության եւ վիրավորանքի հայցերով ԶԼՄ-ների դեմ դատական գործերի վիճակագրությունը 2012 թ. ապրիլ-հուլիս ամիսներին

Վճռաբեկ դատարանում քննված եւ ավարտված դատավարություններ

 

 

Գործի անվանումը

Հայցային պահանջը

Կայացված վճիռը

1.

Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի

Զրպարտությունը հերքելու և փոխհատուցում վճարելու պ/մ

Մերժելով «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը՝ Վճռաբեկ դատարանը որոշել է ՍՊԸ-ից բռնագանձել 30 հազար ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոք բերելու համար բռնագանձվող պետական տուրք: Եվ քանի որ վճռաբեկ բողոքը մերժվեց, «Ժամանակը» Թաթուլ Մանասերյանին պետք է վճարի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ սահմանված 510 հազար դրամը: 

 2.

Արթուր Գրիգորյանն ընդդեմ  «Հրապարակ» օրաթերթ ՍՊԸ-ի

18 մլն դրամ` որպես վիրավորանքի և զրպարտության հետևանքով պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցման գումարի բռնագանձման պահանջի մասին

Վճռաբեկ դատարանը վերադարձրել է վճռաբեկ բողոքը

 

Վերաքննիչ դատարանում ավարտված գործեր

 

 

Գործի անվանումը

Հայցային պահանջը

Կայացված վճիռը

1.

Հայկ Բաբուխանյանը և «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ն ընդդեմ «Խմբագիր» ՍՊԸ-ի և Էդիկ Անդրեասյանի

Պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության պ/մ

Հայցը մերժվել է: Համաձայն որոշման՝ հայցվորներ Հայկ Բաբուխանյանից և «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ից հօգուտ պետական բյուջեի պետք է բռնագանձվի 393 հազար դրամ՝ որպես վերաքննիչ բողոք բերելու համար նախապես չվճարված գումար:

 

2.

«Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հրատարակիչ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի

Գործարար համբավն արատավորող տեղեկություննեըը հերքելու և պատճառված վնասը փոխհատուցելու պ/մ

Վերաքննիչ բողոքը մերժվել է ամբողջությամբ: «Ժամանակ» օրաթերթից հօգուտ հայցվորի պետք է բռնագանձվի 200 հազար դրամ՝ զրպարտության համար, 300 հազար դրամ՝ փաստաբանական ծառայությունների համար: Թերթը պետք է նաև հերքի 2010 թ. օգոստոսի 26-ին հրապարակած «1000 դոլար լռության դիմաց» հոդվածը:

3.

«Իջևանի ՃՇՇ» ՓԲԸ-ն ընդդեմ  «Իջևան ստուդիա» ՍՊԸ-ի և Նաիրա Խաչիկյանի

Ներողություն խնդրելուն և փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու պ/մ

Գործն ուղարկվել է նոր քննության

 

 

Վերաքննիչ դատարանում քննվող գործեր

 

 

Գործի անվանումը

Հայցային պահանջը

Ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը

1.

Նվեր Պողոսյանն ընդդեմ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ի և Աննա Թորոսյանի

Պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկատվությունը հերքելու, զրպարտության փոխհատուցման գումար բռնագանձելու պ/մ

«Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ն բողոքարկել է վճիռը, որով թերթին պարտավորեցվել էր հերքելու 2011 թ. հոկտեմբերի 7-ին հրապարակված «ՄԱՐԶՊԵՏԸ ԿԱՇԱՌՔ Է ՎԵՐՑՐԵԼ» հոդվածում զրպարտություն համարվող տեղեկությունները, ինչպես նաև վճարել 200 հազար ՀՀ դրամ:


Ընդհանուր իրավասության դատարանում ավարտված դատավարություններ 

 

 

 

Գործի անվանումը

Հայցային պահանջը

Կայացված վճիռը

 

1.

«Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն»-ն ընդդեմ «Առավոտ» օրաթերթի

Պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության պ/մ

Կնքվել է հաշտություն

 

 

2.

Բենիկ Հարությունյանն ընդդեմ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ի

Վիրավորանքի և զրպարտության հետևանքով պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման և հերքումը հրապարակելուն պարտավորեցնելու պ/մ

Կնքվել է հաշտություն

 

 

3.

Եհովայի վկաների քրիստոնեական կրոնական կազմակերպությունն ընդդեմ Հայաստանի հանրային հեռուստաընկերություն ՓԲԸ-ի

Պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունների հերքումը տարածելուն, պատասխանը հրապարակելուն և փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու պ/մ

Կնքվել է հաշտություն

 

4.

Վանո Եղիազարյանն ընդդեմ Բորիս Աշրաֆյանի, երրորդ անձ՝ «Առավոտ» օրաթաթերթ

Պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պ/մ

Հրաժարվել է հայցից

 

5.

Վանո Եղիազարյանն ընդդեմ Ադրինե Թորոսյանի, երրորդ անձ՝ «Հետք» շաբաթաթերթ

Պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պ/մ

Դատարանը վճռեց Վանո Եղիազարյանից հօգուտ Ադրինե Թորոսյանի բռնագանձել 150 հազար դրամ` որպես փաստաբանական ծախս: 

 

 

 

6.

Մարգարիտա Մարտիրոսյանն ընդդեմ «168 ժամ» շաբաթաթերթի և Հռիփսիմե Կարապետյանի

Պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու պ/մ

«168 ժամ» թերթը պարտավոր է հերքել հոդվածում պարունակվող՝ հայցվորի պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները, իսկ Հռիփսիմե Կարապետյանը պետք է 100 հազար դրամ վճարի հայցվորին՝ որպես փաստաբանական 

 

7.

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեան ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի   

Պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պ/մ

Հայցը մերժվել է

8.

Մարգարիտա Խաչատրյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթ ՍՊԸ-ի

Հոդվածի հերքումը տպագրելու և պատճառված վնասը փոխհատուցելու պ/մ

Հայցը մերժվել է

 

 

9.

Երևանի պետական համալսարան ՊՈԱԿ-ն, Արա Գաբուզյանն  ընդդեմ  «Բանաձև» ՍՊԸ-ի, /Սիրակ/   Եղիազարյանի 

Պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման` հրապարակայնորեն ներողություն խնդրելուն և հերքման պարտավորեցնելու պ/մ

Մասնակի բավարարվել է:

Հ1-ը, «Բանաձևը» և Սիրակ Եղիազարյանը պարտավոր են հրապարակային ներողություն խնդրել ԵՊՀ ամբիոնի վարիչից:

 

 

10.

«Կյանքի խոսք եկեղեցի» կրոնական կազմակերպությունը և Արթուր Սիմոնյանն ընդդեմ «Իրավունք Հետաքննություն» շաբաթաթերթի և «Արգումենտի նեդելի վ Առմենիի» շաբաթաթերթի        

Պատիվն ու արժանապատվությունը, բարի համբավը արատավորող տեղեկությունները հերքելուն և ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պ/մ

Հայցը մերժվեց:

 

11.

«ՍԱՍ գրուպ»-ն ընդդեմ Blognews.am-ի

2.000.000 դրամ` որպես պատվին եւ արժանապատվությանը հասցված վնասի փոխհատուցում:

Հայցը հետ է վերցրել, եկել են հաշտության

 

 

12.

«Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ավետիսյանն ընդդեմ «Ժուռնալիստների ասպարեզ ակումբ» ՀԿ-ի նախագահ Լեվոն Բարսեղյանի  

500.000 դրամ` որպես վիրավորանքի համար փոխհատուցում, 1.500.000 դրամ` որպես զրպարտության համար փոխհատուցում, եւ 200.000 դրամ որպես փաստաբանական ծառայության համար փոխհատուցում, ինչպես նաեւ` «ներողության տեքստ»-ի հրապարակում: 

Հայցը մերժվել է ամբողջությամբ:


Ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատավարություններ
 

 

 

Գործի անվանումը

Հայցային պահանջը

1.

Մուրադ Ասրյանն ընդդեմ news.am-ի

Պատվի արժանապատվության, գործարար համբավի պաշտշանության պահանջի մասին

2.

Յուրի Մնացականյանն ընդդեմ ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Խ.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ ՊՓԲԸ-ի և Վիգեն Շահինյանի, 3-րդ անձ` news.am

Հրապարակայնորեն ներողություն խնդրելու պ/մ

3.

Ֆարաոն Միրզոյանն ընդդեմ «Չորրորդ Ինքնշխանություն» օրաթերթի հիմնադիր և հրատարակիչ «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ-ի և Սերգեյ Գևորգի Գասպարյանի

Պատիվը, արժանապատվությունը արատավորող տեղեկություններ հերքելու և պատճառված վնասները հատուցելու պ/մ

4.

Անուշավան Նիկողոսյանն ընդդեմ Վիրտուալ Մեդիա ՍՊԸ-ի  

Զրպարտությունը հերքելու և փոխհատուցում վճարելու պ/մ

5.

Արթուր Սաքունցն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի, 3-րդ անձ՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության  

Հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու, պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պ/մ

6.

Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 11 դպրոց ՊՈԱԿ տնօրեն Ռուզաննա Ազիզյանն ընդդեմ «Յոթ օր» լրատվական ծառայության

Պատիվը, արժանապատվությունը արատավորող տեղեկություններ տարածելու փաստով հերքում ներկայացնելու և նույն լրատվամիջոցով ներողություն խնդրելու պ/մ

7.

Գուրգեն Աղաջանյանն ընդդեմ «Ժողովուրդ» թերթի խմբագրություն ՍՊԸ-ի, 3-րդ անձ Կարինե Կիրակոսյանի և Աշոտ Մարկոսյանի    

Զրպարտություն համարվող փաստացի տվյալները լրատվության նույն միջոցով հրապարակայնորեն հերքելու, զրպարտության համար փոխհատուցում վճարելու և վնասները հատուցելու պ/մ

8.

Տիգրան Քոչարյանն ընդդեմ «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի

Պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը /3.000.000 ՀՀ դրամ/ փոխհատուցելու պ/մ

9.

«Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն» ՍՊԸ-ն ընդդեմ «Մեդիա կոնսալթ» news.am

Պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության պ/մ

10.

Գուրգեն Խաչատրյանն ընդդեմ Լուսինե Աշուղյանի, երրորդ անձ՝ «ATV» հ/ը և «Հետք»

Պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պ/մ

11.

Թերեզա Շահվերդյանն ընդդեմ Ադրինե Թորոսյանի, երրորդ անձ՝ «Հետք» շաբաթաթերթ

Պատվին,արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պ/մ

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter