10:46, 15 օգոստոսի, 2012Վերջերս «Հետք» էլեկտրոնային կայքի «Եկեղեցին մատնո՞ւմ է Հայաստանի քաղաքացիներին» խորագրով հրապարակած նյութը մեծապես անհանգստացրեց և վրդովեցրեց մեզ: Հայ Առաքելական Եկեղեցու հասցեին ուղղված մատնության անհիմն մեղադրանքն անընդունելի և վիրավորական է, հատկապես սփյուռքի մեջ ծառայող հայ հոգևորականների համար, ովքեր իրենց ծառայության ընթացքում ամեն օր առնչվում են Հայաստանից արտագաղթած քաղաքացիների հետ: Բացի այն, որ փորձ է արվում պիտակավորել և անվանարկել Հայ Առաքելական Եկեղեցու հեղինակությունը, նման անհեթեթ և անհիմն մեղադրանքներով անվստահություն է սերմանվում նաև սփյուռքում Հայաստանի քաղաքացիների և եկեղեցականների միջհարաբերություններում:
Հաշվի առնելով, որ հանիրավի զրպարտություն է հարուցվում մեր Մայր Եկեղեցու հանդեպ՝ ստիպված ենք որոշ անձերի լուսաբանել և ներկայացնել, թե իրականում ինչ աշխատանք է կատարում եկեղեցին և հատկապես եկեղեցականը սփյուռքում հաստատված, փաստաթղթային խնդիրներ ունեցող Հայաստանի քաղաքացիների համար:
Շատերը, հավանաբար, չեն պատկերացնում, թե ինչպիսի վիճակում են երբեմն հայտնվում Հայաստանից արտագաղթած շատ հայորդիներ, ովքեր, օտարության մեջ հանդիպելով դժվարությունների, հաճախ եկեղեցում և եկեղեցականի միջոցով են գտնում իրենց մխիթարությունը և գոտեպնդվում: Սա վկայում է դարերի խորքից եկող և շարունակվող վստահության ու հարգանքի մասին, որը Հայ Եկեղեցին ձեռք է բերել մեր ժողովրդի կյանքում՝ իր նվիրյալ և արդյունավոր ծառայության շնորհիվ:
Հայաստանից արտագաղթած շատ հայորդիներ, չունենալով հստակ պատկերացում՝ դրսում իրենց սպասվող կյանքի մասին, անպատրաստ լքում են Հայրենիքը՝ երբեմն սխալմամբ կարծելով, որ իրենց դյուրին և փափուկ կյանք է սպասվում: Բայց արի ու տես, նրանց հույսերը միշտ չէ, որ արդարանում են: Սոցիալական ծառայությունները նախկինի պես գաղթականներին գրկաբաց չեն ընդունում և դյուրությամբ ժամանակավոր կացարան չեն տրամադրում: Կարելին գործադրվում է, որպեսզի գաղթականը հոգեբանորեն ընկճվի, նյարդերը տեղի տան և ի վերջո վերադառնա իր երկիր: Պետք է նշել, որ շատերին չի հաջողվում հաղթահարել հոգեբանական այս պատնեշը:
Փաստաթուղթ չունեցող Հայաստանի քաղաքացիները հաճախ են դիմում եկեղեցուն, և հոգևորականը ոչ թե մատնում է նրանց, այլ ընդհակառակը՝ օգտակար է լինում: Խնդրանքները տարբեր են լինում. ֆինանսական օգնություն, աշխատանքի տեղավորում, ժամանակավոր կացարանի տրամադրում և այլն:
Եկեղեցին փորձում է հնարավորինս աջակցել և օգնել նրանց: Շատերը, չունենալով կեցության կարգավիճակ, բնականաբար, զրկված են նաև աշխատանքի իրավունքից: Գաղտնիք չէ, որ Հայաստանի քաղաքացիներից շատերը հաճախ կատարում են տնտեսուհու, ծերերի ու երեխաների խնամակալության աշխատանք: Իսկ նման աշխատանքներ առաջարկում են սփյուռքում երկար ժամանակ հաստատված և համեմատաբար կայացած հայ ընտանիքները, որոնք հաճախ հենց եկեղեցականի միջնորդությամբ են ծանոթանում և աշխատանքի վերցնում Հայաստանի քաղաքացիներին, որով հոգևորականը կապող օղակ է հանդիսանում նրանց միջև:
Շատ անգամներ նրանց աշխատանք է տրամադրվում հենց եկեղեցում: Շնորհալի և տաղանդավոր Հայաստանի քաղաքացիներն ընդգրկվում են եկեղեցու ծիսական և մշակութային կյանքից ներս՝ բերելով իրենց կարևոր մասնակցությունը եկեղեցական և համայնքային տարբեր միջոցառումներին:
Եկեղեցու միջոցով Հայաստանի քաղաքացիները հաղորդակից են լինում հայ մշակութային, եկեղեցական և համայնքային կյանքին՝ զերծ մնալով օտար և վնասակար երևույթներից: Նրանց երեխաները այցելում են կիրակնօրյա դպրոցներ, երիտասարդները՝ Աստվածաշնչի ուսուցումների՝ չզրկվելով հայեցի և քրիստոնեական դաստիարակությունից:
Համայնքի մեջ եկեղեցականը շփվում և հաղորդակցվում է տարբեր շրջանակների մարդկանց հետ, հաճախ իր ջերմ և անմիջական վերաբերմունքով մտերմացնում նրանց՝ առիթ հանդիսանալով նոր ընկերային հարաբերությունների և երբեմն էլ երիտասարդ ընտանիքների կազմավորման:
Սակայն ամենակարևորը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սպասավորները Աստծո խոսքն են մատակարարում Հայաստանից արտագաղթած և դժվարությունների մեջ հայտնված հայորդիներին: Եկեղեցականի հորդորներով և աջակցությամբ նրանցից շատերը լցվում են համբերությամբ և լավատեսությամբ՝ չընկրկելով դժվարությունների առջև:
Ի ուրախություն մեզ և ի պատիվ Հայաստանի քաղաքացիների՝ պետք է նշել, որ նրանք հիմնականում հաճախում են եկեղեցի, հաղորդակցվում և խորհրդակցում են հոգևորականի հետ: Հետևաբար, ջերմ և օգտակար այս հարաբերությունների համատեքստում, երբ եկեղեցին և հոգևորականը իրենց կարելիության սահմաններում ձգտում են օգնել դժվարությունների մեջ հայտնված գաղթական հայորդիներին, բացարձակապես անընդունելի և անհասկանալի է «Հետք» էլեկտրոնային կայքում Հայաստանի որոշ անանուն քաղաքացիների անունից հրապարակված նյութը:
Փորձենք լայնախոհ լինել և անհիմն մեղադրանքներով ու զրպարտություններով չսևացնենք Հայ Առաքելական Եկեղեցու հեղինակությունը և չփչացնենք սփյուռքում եկեղեցականի և Հայաստանի քաղաքացիների հարաբերությունները: Չհիմնվենք ենթադրությունների և սխալ մեկնաբանությունների վրա, այլ լինելով իրատես, արձանագրենք իրականությունը և արդարորեն խոստովանենք, որ Եկեղեցին սփյուռքի մեջ օգնում և շատ կարևոր աշխատանք է կատարում Հայաստանի քաղաքացիների համար:
Տ. ՊԱՐԹև աբեղա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հոգևոր Հովիվ Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ Մայր Եկեղեցու
Մեկնաբանված
Կարդացված
18.05.2013
դիտվել է 4223 անգամ
Ոստիկանների ժպիտը հունից հանեց զոհված զինծառայողների ծնողներին
21.05.2013
դիտվել է 2692 անգամ
Կորցրել է գինու գործարանը եւ դեռ կես միլիոն դոլար էլ պետք է վճարի
22.05.2013
դիտվել է 2513 անգամ
3 միլիոնից` 7 միլիարդ. Սուրիկ Խաչատրյանի միանգամից հարստանալը «հանելուկ» է
21.05.2013
դիտվել է 2188 անգամ
Բագրատյանը՝ կառավարությանը. «Նստեք համակարգչի առաջ, google map-ով տեսեք
խաղողի այգիների տարածքը»
22.05.2013
դիտվել է 1881 անգամ
Վահան Հովհաննիսյանը` նախարարներին. «Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ
միայն ԱԺ-ում չեք լինի, այլեւ կարտագաղթեք»
17.05.2013
դիտվել է 1752 անգամ
«Նաիրիտի» պայթյունից 4 տարի անց. ինչու է գործարանի ղեկավարությունը
խոչընդոտել փորձաքննությանը, և ինչպես են կոծկվել փաստերը