Հինգշաբթի, 20 հունիսի

Երբ պատգամավորն ավելի շատ գործարար է, քան օրենսդիր

Գրիշա Բալասանյան


12:47, 15 օգոստոսի, 2012

Վայոց ձորի ամբողջ մարզն ընդգրկող թիվ 39 ընտրատարածքից մայիսի 6-ին պատգամավոր է ընտրվել ՀՀԿ անդամ Աշոտ Արսենյանը՝ «Ջերմուկ գրուպի» հիմնադիրը: Նա պատգամավոր է դեռևս 2003 թվականից: Այս տարիների ընթացքում Ա. Արսենյանը աչքի չի ընկել օրենսդրական նախաձեռնություններով կամ Ազգային ժողովի ամբիոնից հնչեցրած հայտարարություններով: Փոխարենն աչքի է ընկնում իր ունեցվածքով:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի տրամադրած գույքի և եկամուտների հայտարարագրի համաձայն՝ Աշոտ Արսենյանը 2011թ. 19 մլն դրամով վաճառել է «ԲՄՎ 750I» մակնիշի ավտոմեքենա, ինչպես նաև 540 մլն դրամի արժեթուղթ ու այլ ներդրում է ունեցել:

Աշոտ Արսենյանը ունեցել է նաև զգալի չափերով ստացված կամ վերադարձված փոխառություն: Հարկային տարվա սկզբին փոխառության չափը կազմել է 760 մլն 772 հազար 50 դրամ, իսկ տարեվերջին՝ 166 մլն 311 հազար 550 դրամ:

Ինչ վերաբերում է պատգամավորի եկամուտներին, ապա դրանք ևս տպավորիչ են. 822 մլն 733 հազար 100 դրամ, որից 722 մլն 462 հազար 500 դրամը գոյացել է փոխառությունից, 97 մլն 129 հազար դրամը՝ շահաբաժնից, իսկ 3 մլն 141 հազար 600 դրամը ԱԺ-ից ստացած աշխատավարձն է:

2011թ. պատգամավորը բարելավել է նաև իր ֆինանսական վիճակը: Նշված տարվա սկզբին ունեցել է 150 մլն դրամ, իսկ տարեվերջին գումարի չափը գրեթե կրկնապատկել է՝ հասցնելով 280 միլիոնի: Անփոփոխ են մնացել միայն պատգամավորի արտարժութային դրամական միջոցները՝ 100 հազար դոլար և 500 հազար եվրո:

Նշենք, որ պաշտոնը ստանձնելու օրվա՝ 2012թ. մայիսի 31-ի դրությամբ Աշոտ Արսենյանն ունի 2007թ. արտադրության « Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենա, 4 տարբեր բաժնետոմսեր՝ 50 հազար դոլարից մինչև 540 մլն դրամ արժողության: Աշոտ Արսենյանին է պատկանում նաև մեկ արտադրական նշանակության շինություն, 2 հողամաս, 2 բնակարան, ինչպես նաև անհատական բնակելի տուն:

Պակաս կարողության տեր չէ նաև պատգամավորի կինը՝ Գայանե Մկրտչյանը: Նա 2011-ին ունեցել է շահաբաժնից ստացած 65 մլն 924 հազար 352 դրամի եկամուտ: Իսկ դրամական եկամուտները մի քանի անգամ գերազանցում են Գայանե Մկրտչյանի եկամուտը: Նա անցյալ տարի իր հաշվին ունեցել է 500 մլն դրամ և 300 հազար դոլար:

2009թ. Աշոտ Արսենյանն ունեցել է 269 մլն 228 հազար 600 դրամի, ինչպես նաև 15 հազար 59 եվրոյի եկամուտ: Բացի դրանից՝ նշված տարում պատգամավորը ձեռք է բերել 2 ավտոմեքենա՝ «ԲՄՎ-750I» և «Տոյոտա Քեմրի», և վաճառել «Peugeot-407» մակնիշի ավտոմեքենա: 2010-ին պատգամավորի եկամուտները կազմել են 292 մլն 435 հազար 50 դրամ և 56 հազար 612 եվրո:


Գլխավոր էջ

Տպել    |  In English

Տես նաև՝



Մեկնաբանություններ (5)
1. Ընթերցող16:34 - 15 օգոստոսի, 2012
Եթե պատգամավորը զբաղվում բիզնեսով, ապա ասելու բան չկա: Եթե օրենսդիր մարդն զբաղվում է այլ գործերով, ապա այդ երկիրը կորած է: Փաստորեն մեր երկրում պատգամավոր են դառնում նրա համար, որ իրենց` պատգամավորների, համար նպաստավոր օրենքներ ստեղծեն: Ախր ընդիմություն չունենք է, էս երկրի հերն անիծում է այս արհեստական ընդիմությունը: Լևոնի ընդիմությունը եթե այսպես գնա, ապա կկանգնի պատմության դատարանի առջև: Իսկ եթե հետամուտ լինի, գուցե մի բան ստացվի:
2. Aram07:46 - 16 օգոստոսի, 2012
Has the thought of boycotting the products or businesses of these notorious characters been aired anywhere in Hayastan? If you can't reach them through their heart(?) you can definitely reach them through their pockets.Also, is it legal to advocate boycotting as a form of protest? Yes I realize if you boycott them you will temporarily heart some of their employees.
3. Նունե 14:32 - 16 օգոստոսի, 2012
Պատգամավոր է ընտրվել` ընտրողներին նախապես ասելով` ընտրեք- չընտրեք, մեկ ա, ես եմ ընտրվելու:
4. Գալուստ12:44 - 18 օգոստոսի, 2012
Չեմ կարծում որ նրա մտավոր ունակությունները կբավարարի ԱԺ-ում աշխատելու համար
5. GB10:26 - 19 օգոստոսի, 2012
Հայաստանում հարուստ մարդը կդառնա պատգամավոր իր քաղցր երազում:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Արխիվ

 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2013 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»