HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Վանաձորցի դասախոսի և ուսանողի «սիրո պատմությունը»

Վանաձորի մանկավարժական ինստիտուտի մշակութաբանության բաժնի այս տարվա շրջանավարտ, 21-ամյա Մարինե Վարդումյանը  դատախազությունում հաղորդում է տվել նույն բուհի արվեստի ամբիոնի դասախոս Արամ Համբարյանի դեմ, որ վերջինս, օգտվելով իր դիրքից, քննությունը չնշանակելու և ինստիտուտից դուրս թողնելու սպառնալիքով  իր կամքին հակառակ սեռական բնույթի գործողություններ է կատարել  իր նկատմամբ, այն էլ`ոչ մեկ անգամ: 32-ամյա դասախոսը, սակայն. «սուտ և անհեթեթ» է համարում ուսանողուհու հայտարարությունը: «Ինչ էլ հայտնել է, ինչ էլ կհայտնի այդ ուսանողը, միայն ստերի և զրպարտանքների խոսքեր են նրանից հնչել: Ոչ մի սեռական բռնություն, ոչ մի գործողություն, ինչի՞ մասին է խոսքը»,-հերքում է Արամ Համբարյանը:

Վերջինս նախ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ հաղորդման մեջ աղջիկը դեպքը ներկայացրել է 1 տարվա վաղեմությամբ` նշելով 2011 թվականը: Մինչդեռ, ըստ դասախոսի, այն տեղի է ունեցել այս տարվա հուլիսի  31-ին, երբ աղջիկն այլևս ուսանող չէր:

Դասախոսի ասելով` ինքը մոտ մեկ տարի ուսանողուհու հետ «մաքուր, անձնական կապ» է ունեցել`ամուսնության նպատակով: Նրա խոսքով` իրենց մեջ հաճախ էին գժտություններ, տարաձայնություններ լինում, բայց ինքը զգացմունք ուներ ուսանողուհու հանդեպ և համոզված էր, որ հենց նրան է ընտրելու որպես կին: Մարինե Վարդումյանին 2 տարի արվեստի պատմություն է դասավանդել, և, որպես առաջադեմ ուսանողուհու, «լավ» կամ «գերազանց» է նշանակել:

Վստահեցնում է, որ մինչ դեպքի օրը որևէ ինտիմ կապ չի ունեցել ուսանողուհու հետ: Ինչ վերաբերում է աղջկա հայտարարությանը, թե դասախոսն իր նկատմամբ 2 անգամ է նման տիպի գործողություն կատարել, վերջինս պատասխանում է. «Բա մի անգամ բռնաբարեցի, երկրորդ անգամ հետս էլի եկավ բռնաբարվելո՞ւ: Դա տրամաբանակա՞ն  է: Ո՞նց կարելի է մարդուն պարբերաբար տանել բռնաբարել»:

Դասախոսի պատմելով` դեպքի օրը, նախկին ուսանողուհուն վերցնելով Վանաձորի Մյասնիկյան փողոցում գտնվող խաղալիքների ու գրենական պիտույքների խանութից, այնուհետև նրա հետ գնացել է «Լոռի» հանգստյան տուն: Հարցին`փախցրե՞լ է ուսանողուհուն, պատասխանում է. «Փախցնել չի կարող կոչվի: Մենք ռոմանտիկ օր ենք անցկացրել, ինչ կապ ունի տանն ենք անցկացրել, թե հանգստյան տանը: Իր կամքով է եկել, գրել է գրություն»: Մատնանշում է հանգամանքներ, որոնք ապացուցում  են, որ աղջիկն իր կամքով է դասախոսի հետ գնացել հանգստյան տուն. «Ինքը այդտեղից խոսել է իր հարազատի հետ, մենք այդտեղ նստել ենք թեթև սեղանի շուրջ, գնացել-եկել է հյուրանոցի աշխատողը, մենք եկել ենք գրկախառնված, առավոտյան գրկախառնված գնացել նեք ճաշարան. Մի՞թե այսքանը ապացույց չի, այսքանը փաստ չի:  Ո՞վ կարող է այսքանից հետո իր լեզուն պտտի, դա կոչի բռնաբարություն»:

Ամուսնացե՞լ եք հարցին`պատասխանում  է. «Կարելի է էդպես էլ ասել: Ես նրան տարել եմ տուն: Դա տեղի է ունեցել այս թվականի հուլիսի 31-ին և օգոստոսի 1-ին: Կատարվել է արարողակարգ, ինչպես որ տրադիցիոն ձևն է պահանջում: Տեղի է ունեցել իր և իմ բարեկամների ներկայությամբ: Պարզապես բացահայտվեցին իրենից խայտառակ պատմություններ: Եվ տեսնելով այդ ամեն ինչը`այլևս ներում-բեկում չեմ գտնում: Նրան ուղարկել եմ հորեղբոր հետ»,-պատմում է Ա. Համբարյանը:

Հանգստյան տնից  Արամն աղջկան իր հայրական տուն է տարել: Բայց, ինչպես ինքն է պատմում, հաջորդ առավոտյան աղջկա «Օդնոկլասնիկի»` հուլիսի 13-ի գիշերային նամակագրությունից իր համար բացահայտել է իրողությունը: Եվ հիմնավորվել են նախկինում ունեցած կասկածները: «Ինտիմ և խայտառակ հայհոյանքներ, իրեն դիմում են հայհոյանքներով, պարզապես տղամարդը տղամարդուն ամաչում է պատմել այդ մասին,-վիրտուալ նամակագրության բովանդակությունն է փոխանցում դասախոսը,- Հարազատներին անգամ չէինք կարողանում էդ թուղթը կարդանք: Պարզապես մի խայտառակություն, պարզապես պետք է նա ամաչեր, պետք է գետինը մտներ, գլուխն առներ փախչեր ընդհանրապես էս երկրից, մի բան էլ ինքն է դուրս եկել իմ դեմ զրպարտանքներով, ստերով: Մի բան էր մնացել`իմ վարկանիշի հետ խաղար: Իմանալով որտեղ եմ աշխատում, որպես հասարակական աշխատող, իմանալով խոցելի տեղս, խաղում է անվանս հետ»,-վրդովվում է դասախոսը:

Մարինեի վիրտուալ զրուցակցին Արամ Համբարյանն իրականում ճանաչում է: Բայց նրա գոյությունը աղջկա կյանքում չի դիտել անձնական կապվածություն: «Գիտեմ, որ նրա կնոջ հետ ընկերուհիներ են, մտերիմներ են: Այդ մասին հարցրել եմ նրան նախքան այս ամեն ինչը, նույն պատասխանն էլ ստացել եմ»,-ասում է:

Հարցին`Մարինեն նույն խանութո՞ւմ է աշխատում, որտեղից Արամը տարել է նրան դեպքի օրը, պատասխանում է. «Հարց է ինձ համար`Մարինեն աշխատո՞ւմ է, որովհետև մինչ այդ գիտեի, որ աշխատում է, բայց հետո պարզվեց, որ ինքը աշխատող չէ այդտեղ»:

Մարինեի մայրը`տիկին Կարինեն էլ, որպես աղջկա աշխատանքի վայր, այդ խանութը մատնանշեց: Բայց խանութի տերը`նույն բուհի դասախոս Արմեն Հարությունյանը, ասաց, որ Մարինեն իր աշխատողը չէ, պարզապես կնոջ ընկերուհին և օգնում է նրան խանութի գործերում:

Փորձեցինք զրուցել նաև Մարինե Վարդումյանի հետ, բայց նա պահանջեց այլևս չանհանգստացնել իրեն այս թեմայով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter