HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Հայկ Խամոյանը Վերին Բազմաբերդի առաջին սասունցին է, որ գնացել է այնտեղ, որտեղ առյուծ մարդիկ էին ապրում

82-ամյա Հայկ Խամոյանը ծոցագրպանում պահում է թերթիկը, որի վրա գրված են Արևմտյան Հայաստանի այն վայրերի անունները, որտեղից օրեր առաջ է վերադարձել: «Ես մի քիչ դժվար կհիշեմ, բայց գրած է: Կբացեմ, նայեմ, կարդամ: Հետո գյուղացիներ խնդրում են, կառնեն կարդան, կասեն՝ որտե՞ղ ես եղել: Շատ են հետաքրքրվում: Ես էսօր առավոտ էլ կարդացել եմ»,- ասում է Հայկ պապը: Նա ինքն է խնդրել որդուն գրել տեղանունները: «Բայց Աղթամար կղզի չես գրել, մոռացել ես: Ես նստել եմ նավ, գնացել Աղթամար, վանքում մոմ եմ վառել, բայց գրության մեջ չկա»,- որդուն ասում է Հայկը:

Հայկ Խամոյանը Ցեղասպանության ժամանակ Սասունի Աղբի գյուղից Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդ գաղթած սասունցիներից ու նրանց սերնդից առաջին մարդն է, որ գնացել ու տեսել է իր նախնիների հարազատ թաղը` Աղբիի Գյալառաշը: Աղբիի թաղերը իրարից կիլոմետրերով հեռու են, տարբեր ձորերի մեջ ու տարբեր լեռների վրա:

«Ես մտադրված ուզեցի իմ հորը և իմ քեռուն տանեի էնտեղ, որտեղ իրենց արմատներն են: Ու ինձ երջանկություն տվեց Աստված, ես ականատես եղա, որ իրենք գնացին, իրենց հայրական տունը գտան: Ես երազել էի, որ իրար հետ գնայինք Արևմտյան Հայաստան»,- ասում է Հայկի որդին` Ռադիկը Խամոյանը: Նա «Սասուն-Տարոն» հայրենակցական միության քարտուղարն է, երգել է «Ակունք», «Զվարթունք», «Մարաթուկ» խմբերում, եղել խմբավար ու պարի ուսուցիչ: Ռադիկը հիմա էլ երբեմն մասնակցում է համերգների:

(Ձախից) Հայկ Խամոյանը, Ռադիկ Խամոյանը և Համայակ Վարդանյանը`
Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցում

Հայկ Խամոյանի հայրը միակն է, որ կենդանի է մնացել ամբողջ գերդաստանից: Ցեղասպանության ժամանակ Խամոյանների գերդաստանից մոտ 40 հոգի զոհվել է, այդ թվում նաև Սասունի ինքնապաշտպանական մարտերում: Վերին Բազմաբերդ գյուղում էր ապրում նաև Շուշան անունով մի կին, ով ևս Աղբիից էր գաղթել Բազմաբերդ, ինչպես Հայկի հայրը: Շուշանն ինքն է ականատես եղել, թե կողոպուտի ժամանակ Աղբիի սարերում ինչպես են սպանվել Հայկի հարազատները, և պատմել է Հայկին: Հայկի հայրը մի քիչ հեռու է եղել և ողջ է մնացել: Նա Աղբիից միանգամից եկել է Բազմաբերդ, ամուսնացել այդ գյուղում ու մնացել:

«Իրենք ասում էին՝ եկել ենք էստեղ, որ մոտիկ է, պիտի գնանք Արևմտյան Հայաստան, բայց չէին պատկերացնում: Ուզում էին, որ անպայման գնային, իրանց սրտի ուզածն էր, բայց չստացվեց: Սովետական Միությունը կթողնե՞ր ճանապարհ, որ գնային»,- ասում է Հայկ պապը: Վերին Բազմաբերդում են հաստատվել ողջ մնացած հատուկենտ աղբեցիներ՝ 7-8 մարդ: Շուշանը ևս, ինչպես Հայկի հայրը, այլևս չկարողացավ գնալ Արևմտյան Հայաստան և մինչև կյանքի վերջ ապրեց Բազմաբերդում:

«Էդ տատիկին ես էլ եմ հիշում, ես տեսել եմ Շուշանին,- պատմում է Ռադիկը:- Նրանք եկան էստեղ մնացին, մահացան: Բոլորն էլ՝ կարոտով, էդ հեքիաթը պատմելով, թե մեր տունը, մեր էրգիրը, մեր ծառը, մեր թուփը, մեր աղբյուրը և այլն: Էդ հեքիաթը ես լսել եմ՝ հենց էդ տատիկների փեշերի մեջ նստած, անուշ հոտ, խնկահոտ եկող էդ տատիկներից լսել եմ էդ ամբողջ պատմությունը»:

Խորհրդային պետությունը Հայկի հորը՝ իբր որպես հակախորհրդային տարրի, 1942թ. Բազմաբերդից աքսորել է Չելյաբինսկ, որտեղ նա սպանվել կամ մահացել է: Նա Բազմաբերդում թողել է 8 երեխա, որոնց կինը մենակ է մեծացրել:

Ռադիկ Խամոյանը

«Գաղթ, ջարդ, ջարդից հետո նորից էլի ԿԳԲ, սովետական իշխանություն, նորից էլի քարուքանդ, 8 երեխա որբ մնացած: Տես՝ ինչ ճակատագիր է: Ու հիմա իր էդ փոքր երեխան մեծանում ու գնում է հոր ճանապարհով՝ դեպի Էրգիր»,- ասում է Ռադիկը:

Հայկի մայրը ևս ողջ գերդաստանից միակն էր, որ փրկվել է Ցեղասպանության ժամանակ, նա Բասենից էր: 1925թ.-ից Խամոյանների գերդաստանը նորից է սկսել աճել: 1996թ., երբ Հայկ պապի մայրը մահացել է, ունեցել է 156 թոռ ու ծոռ: Հայկ պապը արդեն չգիտի, թե հիմա իրենց գերդաստանում քանի թոռ ու ծոռ կա: «Բայց իմ քրոջ ամուսին դասատու է, նա հաշվարկում է, իրա մոտ գրած է, որ որի երեխային կամ ծոռ է լինում կամ թոռ»,- ասում է նա:

Ռադիկ Խամոյանը պատրաստվում է տպագրել իրենց գերդաստանի տոհմածառի ու պատմության մասին գիրք: Նրա ուսումնասիրության արդյունքով մոտ 1600-ականներից իր նախնիներն ապրել են Սասունում:

97 տարի անց Հայկ Խամոյանը գտավ Սասունում իր պապի կառուցած տունը

Երբ Արևմտյան Հայաստանում էին, Հայկ Խամոյանը, շատերին հարցուփորձ անելով, գտել է Աղբի գյուղի Գյալառաշ թաղամասն ու իր հոր տունը: Հայկ պապը Վերին Բազմաբերդին հարևան Մեծաձոր գյուղում ապրող եզդիներից քրդերեն է սովորել, և այդ լեզվին տիրապետելը իրեն շատ է օգնել Արևմտյան Հայաստանում:

Սասունի Աղբի գյուղի Գյալառաշ թաղամաս: Հայկ Խամոյանը` իր պապի
տնկած ընկուզենու մոտ, որի տակից հոսում էր աղբյուրը

Հայկը հորից է լսել, որ Արևմտյան Հայաստանի իրենց տան մոտ ընկույզի մեծ ծառ կար, ծառի մոտ՝ աղբյուր: Տունը Հայկի պապը` Խմոն է կառուցել, ծառն էլ է նա տնկել, սարից բխող ջրի համար բակում ավազան է կառուցել: Դրանից հետո էլի մարդիկ են գնացել Աղբի, տեսել ընկուզենին, ջուր խմել աղբյուրից ու Հայկին պատմել այդ մասին: Տան առջևի փոքր հողամասն ու ձորից հոսող առվակը ևս հուշում էին, որ սա իր հոր տունն է:

Հայկի հայրը 6 եղբայր է ունեցել, որոնք ապրել են իրար կողք կողքի կառուցված 4 տներում: Այժմ պահպանվել են միայն Հայկի հոր և կողքին՝ հորեղբոր տները: Նրա հոր տանը մի քանի քուրդ է եղել: Երբ Հայկը հարցրել է, թե սա ում տունն է, քրդերն ասել են, թե իբր չգիտեն: Երբ Հայկը ասել է, որ սա Խմոյի տունն է, քրդերից մեկն ասել է՝ այո:

Հայկ պապը իր հոր տան այգում խոսում է տանն ապրող քրդերից մեկի
հետ

Այս մեկ դարի ընթացքում քրդերը տունը չեն վերանորոգել, քուրդն ինքն է դա խոստովանել, միայն կողքին փոքր կցակառույց են ավելացրել ու քանդել թոնրատունը: Տան դռան վրա եղել են 100-ամյա վաղեմության փական ու գերան:

«Ես էդ քրդին ասեցի՝ սա իմ պապի սարքած գերանն է: Ասեց՝ այո: Էդ փականն էլ նույնությամբ կար, պատերն էլ նույնությամբ մնացել էին, ոչ մի բան փոփոխություն չկար»,- պատմում է Հայկ Խամոյանը:

Նա, առանց որևէ մեկին հարցնելու, բացել է դուռը ու մտել տուն, շրջել բոլոր սենյակներում: Քրդերը ոչինչ չեն արել դա կանխելու համար: «Ոնց որ սեփական տան մեջ ես իմ դուռ բացեի` առանց կասկածելու: Ոչ մի վայրկյան ես օտար չզգացի էդ հողի վրա, ես իսկական իմ պապական հողի վրա էի: Ոնց որ ծանոթ վայր էղներ, էդքան մտերիմ էր ինձ էդ տարածքը, որ ես գնացի»,- ասում է Հայկ պապը:

Բազմոցին` Հայկ Խամոյանը, Ռադիկ Խամոյանը և Համայակ
Վարդանյանը` Հայկի հայրական տանը

Տանը` շատ հին թախտի վրա, մի քուրդ է պառկած եղել: «Մենակ թախտն էր, մնացած ոչ մի բան չկար տան մեջ: Ես նայեցի, վռազ զգացի, էդ կին (Շուշանը - հեղ.) որ եկել էր, էնտեղից պատմել՝ ձեր տուն էսպես էր, ես պատկերացրի, որ մեր տուն իրականից էլ թախտ էր դրած, ճիշտ էդ կնոջ պատմածն է, էդ թախտը կարող է իմ պապի թախտ է էղել: Հետո քուրդն որ ելավ, հարցրի՝ ո՞ւմ տունն էր սա, ասեց՝ չգիտեմ: Ասեցի՝ սա Խամո տուն չէ՞: Ես իրան ասեցի՝ մի վախենա, ես չեմ եկել՝ քեզ էստեղից հանելու, ես եկել եմ ուղղակի նայելու իմ հոր տուն: Նոր ոնց որ մի քիչ ժպիտ երևաց երեսին, ասեց՝ այո, Խամոյի տունն է սա: Նա կարծում էր, որ գնացել էի, պիտի ասեմ՝ դուրս արի, սա իմ հոր տունն է»,- պատմում է Հայկ Խամոյանը:

Քրդերն աղբյուրը տեղափոխել էին մի քիչ այն կողմ, բայց աղբյուրի ակունքից ջուրը գալիս էր: Իսկ ընկուզենուց մնացել էր միայն քայքայված բույնը: Քրդերն ասել են, թե ծառը կտրել են 3 տարի առաջ իբր այն պատճառով, որ այն իր մեծությամբ փակում էր տնամերձ այգու և հարևան տան ճանապարհը: Բայց իրականում քրդերն այդ ծառը որպես շինափայտ էին վաճառել:

Հայկ Խամոյանի հոր տանն ապրող քրդերը հյուրասիրում են հայ
հյուրերին

Հետո քրդերը հյուրասիրել են հայերին և, ի պատիվ հյուրերի, երգչի հրավիրել: Հայկի հոր տանն ապրող քրդերից մեկն ուներ պետության տրամադրած կալաշնիկով, ռացիա, զինվորականի ուսապարկ: Քրդական շարժմանը վերահսկելու համար թուրքերը քուրդ տեղաբնակներին հավաքագրում են որպես պայմանագրային աշխատողներ, որոնք՝ որպես թուրքական պետության աչքեր, թուրքերին են հայտնում քրդերի գործողությունների մասին: Արևմտյան Հայաստան այցելող զբոսաշրջիկներին ևս պարտադիր կցվում են քաղաքացիական հագուստով, ռանչպարի կերպարով անվտանգության ծառայության աշխատողներ, որոնք իբր ուղեկցում են զբոսաշրջիկներին:

Այժմ Աղբիի ամեն մի թաղամասում 3-4 տուն է բնակեցված: Աղբիում հիմա ոչ մի խանութ, բուժկետ չկան: Քրդերից շատերը լեռնային Աղբիից իջել են հարթավայր: «Միայն էնտեղ առյուծ մարդիկ կապրեին: Ուրիշ մարդ հնարավոր չէր ապրեր, որովհետև էնքան լեռը պիտի բարձրանաս. 8 կմ դե բարձրացի-իջի, շալակով: Առաջ ճանապարհ չի եղել, բայց հիմի ճանապարհ սարքել են»,- պատմում է Հայկ պապը:

Հայկ պապը ցույց է տալիս իր հոր տնից բերած մասունքները

Նա Աղբիից Բազմաբերդ է բերել իր հոր տան քարերից, աղբյուրի ջրից: «Մեր աղբյուրի ակից էլ հող եմ հանել, բերել: Էս էլ իսկական մեր էն աղբյուրի միջից էդ քար վերցրի, որտեղ ջուր հոսել ա, անուշ հոտ էլ գալիս ա: Էս իսկական աղբյուրի ակի քարն է, ջուր է հոսացել սրա վրայով անընդհատ»,- ասում է նա: «Ես կողքից նայում էի՝ դու ոնց էիր քանդում-հանում»,- արձագանքում է Ռադիկը:

Հայկ պապը Շուշանի և Վերին Բազմաբերդ գաղթած մյուս սասունցիների գերեզմանների վրա շաղ է տվել Արևմտյան Հայաստանից բերած հողը:

Կաքավաձոր գաղթող մառնիկցին թողել է հարազատ երեխային` փոխարենը փրկելով եղբայրների երեխաներին

82-ամյա Հայկ պապը տարիքով ամենամեծն էր Արևմտյան Հայաստան գնացած 15 հոգանոց խմբում, բայց, առանց հոգնելու, բարձրացել է սարերը: Հայկ պապը միշտ էլ առույգ է, «բայց էնտեղ՝ ավելի»: «Էնտեղ ոչ մի բան չէի զգում, թե ես ծեր եմ: Ավելի ուրախ էի էնտեղ, ավելի ուժեղ էի, քան թե էստեղ: Սասնա սարեր բոլոր բարձրացել ենք: Ճանապարհներ էնքան սարսափելի էին, մեքենայից հանկարծ նայեիր, կվախենայիր՝ կարող է ընկնես ցած, բայց մենք բարձրացանք»,- ասում է նա:

Սասուն, Աղբի, Գյալառաշ: Հայկ Խամոյանի հոր տան առջև

Արևմտյան Հայաստանը տեսնելը նրա համար ուրախություն էր, բայց հիմա, երբ արդեն վերադարձել է Վերին Բազմաբերդ, վիշտ է զգում: «Միշտ էլ որ նստում եմ, կհիշեմ` որտեղ գնացինք: Չլրացավ, չվերջացավ կարոտը: Ինչպիսին մեր մեծեր որ պատմում էին, նույնությամբ Արևմտյան Հայաստան էդպես է` դրախտային վայր: Մեր սասունցիներ ընդհանրապես ապրել են լեռներում, սովոր էին, բայց ընդհանրապես Մուշում, հարթավայրում՝ դրախտավայր, ապրելու հնարավորություն էր ամեն ձևով, ամեն ինչ աճում է, ամեն ինչ կա»,- ասում է Հայկ Խամոյանը:

Նրա կնոջ եղբայրը` Համայակ Վարդանյանը, ով իրենց հետ էր Արևմտյան Հայաստանում, հավելում է. «Մեր հանրապետությունը մենակ Մուշը իր տարածքով կպահի էդ հողերով, բարեբեր, հարթ հողեր: Մուշն էլ, Էրզրումն էլ, Բիթլիսն էլ, Բասենն էլ, Սարիղամիշն էլ տարածքներ են, որ նայես, կհիանաս: Որպես սգավոր՝ գնում ենք, տեսնում, սգում, հետ ենք գալիս»:

Համայակ Վարդանյանը

Համայակ Վարդանյանն ապրում է Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղում: Նա ևս առաջին անգամ էր Արևմտյան Հայաստանում: Համայակը, հարցուփորձ անելով, Մուշի Վերին Մառնիկ գյուղում գտել է իր հոր տունը, բայց այն կիսաքանդ էր: Այժմ ողջ Մառնիկը քանդված է. գյուղում մոտ 10-12 տուն է բնակեցված: Իսկ Արևմտյան Հայաստանի այլ մասերում մեծածավալ ճանապարհաշինություն է ընթանում, թեև Մառնիկի մոտ գտնվող Մշո Առաքելոց վանք` ֆիդայական շարժման կենտրոններից մեկը, տանող ոչ մի ճանապարհ չի կառուցվում, նույնիսկ գրունտային ճանապարհ չկա, միայն ոտքով կարելի է հասնել այնտեղ:

Համայակի հայրը միակն է իր եղբայրներից ու քրոջից, որ ողջ է մնացել Ցեղասպանության ժամանակ և եկել Կաքավաձոր: Գաղթելու ճանապարհին նա կնոջ ձեռքից վերցրել է իրենց հարազատ տղային, բարուրով տարել-դրել ցորենի արտի մեջ, փոխարենը երկու եղբայրների երեխաներին բերել Կաքավաձոր, «որպեսզի ճյուղը չկտրվի»: Եղբոր ընտանիքի բոլոր անդամները զոհվել էին, և եթե եղբոր երեխաներին նա չբերեր իր հետ, այդ երեխաներն էլ կսպանվեին, ու եղբոր սերունդը չէր շարունակվի: Համայակի մայրը այդպես էլ չի կարողացել հաշտվել կատարվածի հետ:

«Եկել են վերջապես գյուղում բնակվելու: Ինչքան կարկուտ էր գալիս, հեղեղ էր էղնում, կարկուտը բերքը տանում էր, մերս լացում էր, ասում էր՝ էն երեխի պատճառով է, որ Աստված մեզ չի ներում, սենց ջարդում է: Իսկ իմ հերս ասում էր՝ չէ, Աստծուն պարզ է, թե ես ինչ եմ արել, ես իմ երեխուն գցել եմ, որպեսզի բերեմ իմ երկու եղբոր երեխաներին, որպեսզի դրանց արմատը չկտրվի»,- պատմում է Համայակը:

Եղբոր ընտանիքի արմատը չի կտրվել: Այդ ճյուղից է բժիշկ-ազատամարտիկ Վահե Բաղդասարյանը, ով զոհվեց արցախյան պատերազմում:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանություններ (16)

Աիրանուշ Թամոյան
Եսել շատ կուզեյի իմ պապի էրգիր Խաստուր գնալ ֆա գտնվում է Ալաշկերտում ու եսել զհայի իմ պապերի շունչը տոինը երանի Հայկ պապիկին երանի նրա աչքերին որ ըեսելե նորից Արևմտյան Հայաստանում
Ասյա Թ.
Հարգելի Սամսոն, ես գրում եմ իմ հեռախոսի համարը, խնդրում եմ զանգեք, Քնարիկի համարը ասեք...094286878;
Ասյա Թոմոյան
Պարոն Սամսոն, ես անհամբեր սպասում եմ համարին, Դուք գրեք որպես հերթական մեկնաբանություն;
Samson
knereq bayc aysex chem kara hamar grem
Ասյա Թոմոյան, Լոռու մարզ, գյուղ Աքորի
Վերին Բազմաբերդ գյուղի, նրա ավանդապաշտ բնակիչների ու նրանց սրտերում ապրող անանց ցավի ու կարոտի մասին լսել եմ իմ ուսանողական ընկերուհուց--Քնարիկ-Ազնիվ Հարությունյանից; Հիմա հիացած եմ Հայկ պապի, նրա որդու և այս պատմության բոլոր մասնակիցների արաչքով; Աստված նրանց պահապան; Բայց ես էլ շատ կարոտել եմ իմ Քնարիկ-Ազնիվին, քրոջ անունն էլ Մարիետա էր, նա գնացել էր Ամերիկա և այնտեղ աշխատում էր հայկական դպրոցում; Իրենց եղբոր անոնը Ժյուլվեռն էր;Թախանձագին խնդրում եմ բազմզբերդցիներից Հետքի միջոցով տեղեկություն տալ իմ ընկերուհու մասին.,որից ոչ մի լուր չունեմ ու չգիտեմ էլ-ինչպես կապվել; Նախապես շնորհակալ ու երախտապարտ եմ;
Hovhannes Minasian
Absolutely incredible! Thank you for posting this amazing article, my family is from Sasoun and this only pushes me with ambition to take the same trek this elderly man has taken. Ketseh Sasna ergir'e!
Միշա Գենջոյան
Կեցես Ռադիկ ,մեռ բոլորիս ցանկությունն է օրերից մի օր լինել մեռ պապերի հայրենիքում,իրականացնելով նրանց երազանքը
Samson
Ասյա Թոմոյան es karam Քնարիկ-Ազնիվi hamar@ tam.
Ասյա Թոմոյան
Հարգելի Սամսոն, մեծապես շնորհակալ եմ և սպասում եմ համարին;
NAROISH
Shnorhakalutyun Sonayin, sirun er, shat...
Լեվիկ
Իսկական ուխտագնացութիւն դէպի էրկիր...Կեցցէ՛ք Հայկ պապ, որդին Ռադիկ, Համաեակ եւ բոլորը որ գացին:
varduhi
shnorhakalutyun Sona,shat gexecik patmutyun er
Steve Gregorian (Huntington Beach CA.)
Beautiful story and it's a master piece. My grandmother (Vartanoush) was from Mush and she constantly talked about how gorgeous was her home town in Mush.
Elsa
What a beautiful story, a dream come true for Hayk, I wish I can trace my father's ancestral village Nevshehir and my mum's city Adana.....
Լիլիթ Առաքելյան
Երանի մի օր Հայկ պապիկը և բոլոր այն մարդիկ, ում սրտում կարոտ կա և հոգում կսկիծ, վերադառնան իրենց էրկիր, բացեն իրենց հայրական տան դուռը ոչ թե որպես ուխտավոր,այլ որպես տեր և ժառանգ:
Սոնա Ավագյան
Հարգելի ընթերցողներ, շնորհակալություն Հայկ Խամոյանի ճամփորդությամբ հետաքրքրվելու և հոդվածին ջերմ արձագանքելու համար: Ինձ համար անչափ հետաքրքիր ու հաճելի էր Հայկ Խամոյանի, Ռադիկ Խամոյանի և Համայակ Վարդանյանի հետ զրուցել այս ճամփորդության մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter