HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Դատարանի կեղծ վճռի պատմությունը «ջրվեց»

Փաստաբան Կարինե Ավանեսյանը կալանավորված է: Մեղադրական եզրակացության համաձայն՝ նա «խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, անձնական կարիքները հոգալու համար, նվիրատվություն ստանալով՝ Աշոտ Խաչատրյանին է ձևականորեն վաճառել Ժանետ Արծրունյանին պատկանող Երևանի Ն. Զարյան 58 հասցեի անշարժ գույքը և խարդախությամբ տիրացել գումարին՝ 60 միլիոն դրամին»:

Մեղադրանքի երկրորդ դրվագը վերաբերում է Գուրգեն Հակոբյանին, ում դատապարտված որդու շահերը պաշտպանելու համար փաստաբան Կարինե Ավանեսյանը «Գուրգեն Հակոբյանից խաբեության և վստահությունը չարաշահելու միջոցով վերցրել և խարդախությամբ տիրացել է 43 հազար ԱՄՆ դոլարին»:

Այս պատմությանը «Հետքն» անցյալ տարի անդրադարձել է՝ միաժամանակ ներկայացնելով Սուսաննա Համբարձումյանի հետ կատարվածը: Հենց այս կնոջ հաղորդման հիման վրա էր ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել քրեական գործ, իսկ նախաքննության ընթացքում պարզվել, որ փաստաբան Ավանեսյանի գործունեությունից տուժել են այլ անձինք եւս: Սակայն քննիչ Անդրանիկ Վարդանյանը փաստաբանի բազմադրվագ գործունեության մեծ մասում հանցակազմ չի նկատել, եւ գործը դատարան է ուղարկվել վերոնշյալ երկու տուժողով:

Քննիչի որոշմամբ Սուսաննա Համբարձումյանի հաղորդման մասով եւս Կարիեն Ավանեսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

««Հետքի» հոդվածից 10 օր հետո Կարինե Ավանեսյանին ձերբակալեցին, եւ ես մտածեցի, որ վերջապես քննիչը սկսեց աշխատել: Հետո նույն պատմությունն էր, նույն կողմնակալությունը, ես քննիչ Վարդանյանին բազմաթիվ բացարկներ էի ներկայացնում, ու միշտ մերժում էին,- պատմում է Սուսաննա Համբարձումյանը:- Քաղցկեղով հիվանդ եմ, վիճակս ծանրացավ, նորից գնացի Մոսկվա բուժման: Այնտեղից զանգում էի քննիչին, հարցնում եմ՝ ճի՞շտ է, որ գործը կարճել եք, սկզբում ասում էր՝ ոչ, ոչ, բայց հետո՝ արդեն այս տարվա փետրվարին, ասում է՝ հա, Ձեր գործը կարճվել է: Հարցնում եմ՝ ի՞նչ հիմքով, ասում է՝ որովհետեւ Ձեզ մոտ ոչ թե կեղծ դատավճռի բնօրինակն է, այլ պատճեն»:

Հիշեցնենք՝ Սուսաննա Համբարձումյանը 2006թ. դիմել է փաստաբան Կարինե Ավանեսյանի օգնությանը՝ իր մահացած ամուսու՝ Վրաստանում ունեցած տան նկատմամբ դստեր ժառանգության իրավունքը ճանաչելու խնդրանքով: Փաստաբան Ավանեսյանը խոստացել է, որ խնդիրն անպայման կլուծի եւ իբրեւ վարձատրություն Սուսաննայից ստացել 1000 ԱՄՆ դոլար՝ պայմանով, որ հետագայում, երբ ժառանգության հարցը կլուծվի, կստանա նաեւ տան արժեքի 10 տոկոսը:

Տարիներ շարունակ «սայլը տեղից չի շարժվել», իսկ արդեն 2009թ. փաստաբան Ավանեսյանը պնդել է, որ գործը գլուխ բերելու համար նախ անհրաժաշտ է Երեւանում դատարանով ճանաչել երեխայի ժառանգության իրավունքը: Նույն թվականին նա Սուսաննա Համբարձումյանին է տրամադրել երեխայի ժառանգության իրավունքի ճանաչումը հաստատող վճիռը: Սակայն ավելի ուշ պարզվել է, որ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի հիշյալ վճիռը կեղծ է, եւ դատավոր Սիմիզար Հովսեփյանը նման գործ առհասարակ չի լսել:

Նախաքննության ընթացքում փաստաբան Ավանեսյանի տան եւ գրասենյակի համակարգիչները ենթարկվել են փորձաքննության, սակայն դատարանի կեղծ վճռի վերաբերյալ տեղեկատվություն պարունակող ֆայլեր չեն հայտնաբերվել: Ինքը՝ Կարինե Ավանեսյանը, «Հետքի» հետ զրույցում պնդում էր, որ նշյալ վճռի հետ կապ չունի եւ որեւէ մեկին նման բան չի տվել: Մինչդեռ քննիչ Վարդանյանը հիմնավորված է համարել, որ դատարանի կեղծ վճիռը Սուսաննա Համբարձումյանին է փոխանցել հենց փաստաբան Ավանեսյանը:

Բայց սա, ըստ քննիչի որոշման, քրեորեն հետապնդելի արարք չէ, որովհետեւ «Սուսաննա Համբարձումյանը տվյալ վճիռը չէր կարող օգտագործել իրեն կամ որեւէ այլ անձի իրավունք վերապահելու կամ պատասխանատվությունից ազատելու համար, քանի որ դատարանի վճռով նշված գործողությունները կատարելու համար անհրաժեշտ է վճռի բնօրինակը, այլ ոչ թե լուսապատճեն»:

«Քննիչ Անդրանիկ Վարդանյանը հիմնավորված է համարել, որ փաստաբան Ավանեսյանը մի քանի անգամ մեկնել է Վրաստան, եւ իմ տված 1000 դոլարի մեծ մասը ծախսել է դստերս ժառանգության գործի վրա: Բայց նա չէր կարող Վրաստանում սկսել որեւէ գործ՝ չունենալով երեխայիս իրավունքի մասին վկայող փաստաթուղթ: Իսկ Վրաստանի դատարանը պատճենը չէր վերցնի, ուրեմն կեղծ դատավճռի բնօրինակը օգտագործվել է Վրաստանում»,- ասում է Սուսաննա Համբարձումյանը եւ նշում, որ քննիչին միջնորդել է համապատասխան հարցումներ կատարել եւ պահանջել Վրաստանում գտնվող գործի նյութերը:

«Բայց քննիչն ասում է՝ չէ, իմաստ չունի: Ասում եմ՝ ո՞նց չունի, շատ հնարավոր է, որ այլ անձինք էլ են մասնակցել կեղծ դատավճռի ստեղծմանը, ստուգեք, կարող է՝ շատ բան պարզեք,- դժգոհում է Սուսաննա Համբարձումյանը:- Ոչ մի բան չեն անում, քրեական մեղադրանքները հանել են եւ դատարան են ուղարկել միայն այն գործերը, որ Կարինե Ավանեսյանը, եթե տուժողների հետ լեզու գտնի կամ խոստանա գումարները վերադարձնել, գործը կդարձնեն քաղաքացիաիրավական բնույթի եւ Ավանեսյանին կազատեն»:

Իր հաղորդման հիման վրա փաստաբան Կարինե Ավանեսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին քննիչի որոշումը Սուսաննա Համբարձումյանը բողոքարկել է: Պատասխանը դեռեւս չկա: Մյուս կողմից նա դատարանին միջնորդել է Ավանեսյանի գործով իրեն ճանաչել կողմ՝ տուժող կամ վկա: Միջնորդության պատասխանը եւս դեռեւս հայտնի չէ. դատավարությունը շարունակվելու է սեպտեմբերի 6-ին:

«Ես հուսով եմ, որ բողոքս կբավարարվի, եւ փաստաբանի արարքները ճիշտ գնահատական կստանան: Չէ՞ որ, ամեն ինչից բացի, նա մեզ գույքային վնաս էլ է հասցրել. Վրաստանում ժառանգության իրավունքի ճանաչման ժամկետները՝ 5 տարին, խաբելով անցկացրել է: Էլ չեմ ասում, որ մյուս տուժողների գործերը նույնպես անհիմն կարճվել են »,- նշում է Սուսաննա Համբարձումյանը:

Դատարանում քննվող գործով փաստաբան Ավանեսյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար: Նրան սպառնում է 4-ից 8 տարվա ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Մեկնաբանություններ (1)

Nara
Եթե կա լուսապատճենը, կա նաև բնօրինակը, այսինքն այսպես թե այնպես այդ փաստաթուղթը ձևակերպվել է դատավորի կողմից, թե Կարինե Ավանեսյանի ձեռքի գործն է, այն իրականում կա և եղել է։ Եվ հարցը նրանում է, որ հնարավոր է այդ փաստաթուղթը կեղծվել է Կարինեի և նրա նմանների միջոցով: Մեր իրականությունում նման բաները նորություն չեն, ձուկը գլխից է հոտած, Կարինե Ավանեսյանը նման փաստաթուղթ կեղծելու համար ունի իր աղբյուրները և իր հոնորարները միայնակ չի մսխում՝ մեկի պոչը մյուսի տակն է։ Դրա համար էլ գործը կարճվում է: Երբ մարդիկ փորձում են հարստանալ այլոց դժբախտության վրա, դա էլ փաստաբանական պրակտիկայի համար նորություն չէ: Նրանք սովոր են և հասարակ տուժողները իրենց համար լոկ ֆինանսների աղբյուր են: Ինչպես կարելի է քրեորեն չհետապնդել մի մարդուª ում պատճառով մարդիկ զրկվել են իրենց ունեցվածքից, թե մեր օրենքը պատժում է այն գողերին ում ձեռքին փաստացի բռնել է գողոնը։ Չէ որ Կարինե Ավանեսյանի պատճառով, ավելի ճիշտ նրա անգործությունից, տուժողը զրկվել է իր հանգուցյալ ամուսնու ժառանգությունից, իր զավակի վաղվա օրվա մի կտոր հացից, իր ունեցվածքից։ Կարինե Ավանեսյանը պետք է պատժվի, այլապես ուր է մեր օրենքը թե օրենքը միայն նրա պաշտպանների ձեռքի խաղալիքն է։ Եթե մեր երկրի ներսում նման ծախու օրենսդրություն կա, ապա էլ ինչի ենք զարմանում Հունգարիայի ծախու պաշտոնյաների վրա, միայն մեկ տարբերությամբ՝ թվերն են այլ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter