HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Տարին 11 ամիս` առանց տղամարդու. արտագնա աշխատանքի «վարձատրությունը» (վիդեո)

11 ամիս՝ առանց ամուսինների. այսպես են Մեղրաձոր գյուղի կանանց մեծ մասն անցկացնում իրենց տարիները: Մեկ ամիս միայն՝ դեկտեմբերին, նրանք Նոր տարու հետ դիմավորում են նաև իրենց տղամարդկանց, հետո դարձյալ ճանապարհում նրանց արտագնա աշխատանքի:

Արտագնա աշխատանքի նպատակով 2012թ. հունվարի 1-ի դրությամբ գյուղից արտագաղթի է դիմել 210 տղամարդ: Մեղրաձորի  գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Ռիմա Մանուկյանը նշեց, որ այդ թիվն այսօր մոտենում է 300-ի: Անցած տարի նույն ժամանակահատվածում` հունվար ամսին, գյուղից բացակայել է 137 տղամարդ: Արտագնա աշխատանքի մեկնող տղամարդկանց թիվը կտրուկ աճում է, արդյունքում գյուղում մեզ հանդիպած կանայք համոզված ասում են՝ «չկա մի ընտանիք, ով Ռուսաստանում մարդ չունենա», և որպես ապացույց իրենց ասածի՝ խորհուրդ տալիս հյուր գնալ ցանկացած տուն:

Արդեն յոթերորդ տարին է, ինչ մեղրաձորցի Կարինե Սիմոնյանի ամուսինը մեկնում է արտագնա աշխատանքի Ռուսաստան: Ամուսնու՝ Մոսկվա մեկնելու պատմությունը սկսվում է այնտեղից, երբ «ընտանիքի համար գումարը սկսեց չբավականացնել»: «էստեղ աշխատում էր, բայց քիչ էր վաստակում,- պատմում է Կարինեն,- չէինք կարողանում ծայրը ծայրին հասցնել, էրեխեքը մեծ էին, պահանջը շատ էր, հնարավոր չէր, հիվանդներ ունեինք»: Արտագնա աշխատանքի մեկնելուց առաջ Կարինեի ամուսինը Մեղրաձորի երկաթգծում հերթապահ է աշխատել 50 հազար դրամ աշխատավարձով: Ասում է, որ այլ աշխատանքի անցնելու կամ ավելի բարձր վարձատրվելու հեռանկար չկար. օրինակ` Մեղրաձորի ոսկու հանքում, նրա խոսքով, աշխատանքի տեղավորվելը հեշտ չէ, իսկ եթե նույնիսկ ստացվում է, ապա «վտանգավոր է հանքի ներսում աշխատելը»: «Ռուսաստանում աշխատելը վտանգավոր չէ՞» հարցին Կարինեն պատասխանում է. «Ոչ մի բանն էլ հեշտ չէ, Ռուսաստանում աշխատելն էլ է վտանգավոր, բայց գիտես որ դրսի աշխատանք է, էլի հեշտ չէ, բայց, ինչ արած, պիտի ստիպված աշխատի»: Նրա երկու աղջիկներն ամուսնացած են, իսկ տղան ուսանող է: Հիմա ընտանիքի սոցիալական վիճակը բարվոք է, բայց Կարինեն ասում է, որ ամուսինը վերադառնալու և Հայաստանում որևէ գործ սկսելու նպատակ դեռ չունի:

Մեղրաձորցի Նելլի Վիրաբյանի ոչ միայն ամուսինն է մեկնել արտագնա աշխատանքի, այլև 24-ամյա որդին: «Հերը գնաց, տղին էլ հետը կանչեց, տարավ»,- կարճ պատմում է 76-ամյա Լիական Գևորգյանը՝ Նելլիի սկեսուրը: «Թող էստեղ գործ տան, մարդս ու տղես չգնան դուրս: Համ էլ տղես հարսիս կողքին կմնար, ջահել էին»,- մտահոգվում է Նելլին, թեև նույնը կարելի է ասել իր մասին. ինքն էլ երիտասարդ է: Նրա տղան մասնագիտությամբ ատամնատեխնիկ է, բայց Ռուսաստանում շինարարություն է անում: Ամուսինը «կաֆել է խփում չոքեչոք», բայց հիվանդ է, սրտի անոթների խցանում ունի (տրոմբ), դժվարությամբ է շիարարության վրա աշխատում: Առաջիկայում բուժվելու նպատակով պետք է գա Հայաստան:

Սերիկ Սուքիասյանի երեք որդիները և ամուսինը ևս  Ռուսաստանում են: Թե ինչ են անում էնտեղ գումար վաստակելու համար, պատասխանում է՝ «ամեն ինչ»: «Ռեմոնտ են անում, շինարարություն են անում: Ընդեղ էլ էս տարի նորմալ չեն վարձատրում»,- ասում է նա: Իսկ եթե վարձատրում են, տղամարդիկ ամսական վաստակում են մոտ 800-1000 դոլար:

Վարդուհի Գևորգյանը՝ Սերիկի հարսներից մեկը, ամուսնուն արտագնա աշխատանքի ճանապարհելու արդեն 12 տարվա փորձ ունի: Նրան հանդիպեցինք Մեղրաձորում, բայց այժմ ապրում է Հրազդանում: «Որ հիմա խոսեմ, վատ բաներ կխոսեմ, ավելի լավ է չասեմ,- ասում է Վարդուհին, բայց խոսում է,- կոնկրետ իմ ընտանիքը չի քայքայվում, բայց արտագնա աշխատանքի պատճառով ամուսիններն օտարանում են իրարից, սառում են, հիասթափվում են, եթե մարդիկ իրար կողքի ապրում են, չեն կարողանում իրար հասկանալ մի հարկի տակ, հեռվից ինչքա՞ն կարող են հասկանալ: Դառնում են ինքնուրույն, ամեն մեկը սկսում է իր կյանքով ապրել, իրար արդեն չեն հանդուրժում, դա էլ տանում է ընտանիքի քայքայման»: Վարդուհին չի աշխատում, ասում է՝ շատ դժվար է գործ գտնելը:

Արտագնա աշխատանքի մեկնած տղամարդկանց կանանցից ոչ մեկն աշխատանք չունի` Կարինեն և նրա երկու տալերը, Նելլին և նրա հարսը, Սերիկն ու նրա 3 հարսները… Ասում են` աշխատանք չկա: Սերիկն, ի պատասխան այն հարցին, թե երեք հարսներից որևէ մեկն աշխատում է, ծիծաղում է, հետո ասում, որ նրանք գործ չեն գտնի, որովհետև հիմա «բարետես ու երիտասարդ կանանց են աշխատանքի վերցնում»: Կանանցից յուրաքանչյուրը չաշխատելու իր պատճառն ունի. «երեխաներին ո՞վ նայի», «գործ գտնելը հիմա ծանոթով է», «դե…չի թողնում» և այլն: Արդյունքում ընտանիքի ֆինանսական հոգսերը հոգալու ծանրաբեռնվածությունը մնում է միայն տղամարդկանց վրա, որոնց աշխատավարձը Հայաստանում «ցածր է, չի հերիքում», իսկ դրսում այնքան է, որ էլ չեն ուզում վերադառնալ Հայաստան: Մեզ հանդիպած կանանց ամուսիններից ոչ մեկն առաջիկայում վերադառնալու և այստեղ աշխատելու ծրագիր չունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter