HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

«Հետքի» զրուցակիցը ոստիկանապետի հրամանով ազատվել է աշխատանքից

ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչությանը կից ՊՊՎ (պարեկապահակային վարչություն) պահպանության բաժանմունքի շարքային ոստիկան Արսեն Բարսեղյանը, ով «Հետքի» հետ զրույցում 27.07.12թ. հրապարակված «Ձերբակալեցին ընտանիքիս երեք տղամարդկանց. քաղաքապետի սարքած եղեռնը» հոդվածում, որպես ականատես պատմել էր ոստիկանության Վեդու բաժնում տեղի ունեցած միջադեպի մասին, այսօր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ազատվել է աշխատանքից` իր խոսքով, «առանց ղեկավարությանը զգուշացնելու լրատվամիջոցներին տեղեկություն տրամադրելու» հիմքով:

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի սկզբնմասում գտնվող գազալցակայանում 2011թ. հունվարի 21-ին ոստիկանության Արարատի բաժնի ՊՊՎ պահպանության բաժանմունքի նախկին պետ Ռազմիկ Արթենյանի, նրա որդիներ Սամվել, Սրապիոն Արթենյանների և ոստիկանների միջև տեղի էր ունեցել միջադեպ, որի հիման վրա Արթենյանների դեմ հարուցվել էր քրեական գործ:

ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով ազատազրկման դատապարտված նախկին ոստիկաններ Ռազմիկ և Սամվել Արթենյանները դեպքի օրը բերման էին ենթարկվել Վեդու ոստիկանության բաժին, որտեղ հերթապահ շարքային ոստիկան Արսեն Բարսեղյանը տեսել էր, թե ինչպես է Արարատի ոստիկանության վարչության նախկին պետ Մարգար Մելքոնյանը ծեծում և հայհոյում Սամվել Արթենյանին:

Արսեն Բարսեղյանը «Հետքի» հետ զրույցում պատմել էր նաև, թե ինչպես էր ոստիկանության Արարատի մարզային վարչության Վեդու բաժնի ներկայիս պետ Սևան Քոչարյանը բոլորին ստիպում կեղծ ցուցմունք տալ Արթենյանների դեմ:

Արարատի մարզային վարչության ՊՊՎ պահպանության բաժանմունքի ներկայիս պետ Արմեն Առաքելյանը հրաժարվեց պատճառաբանել, թե  ինչու է Արսեն Բարսեղյանին այսօր տրվել աշխատանքից ազատման հրաման` ասելով, թե ինքն իրավասու չէ այդ տեղեկությունը տրամադրել:

Արսեն Բարսեղյանն ասում է, որ թեև այսօր է հրամանը ստացել, բայց իր պետը` Արմեն Առաքելյանը, հոդվածի հրապարակումից անմիջապես հետո է սպառնացել իրեն աշխատանքից ազատել. «Կանչեց, ասեց` էղել-էղել էր, էս ինչ ես արել, առանց իմանալու էս ինչ ես գրել, բա գործից հանելու ենք: Ես էլ ասի, որ խոսալու համար հանում են, թող հանեն, բա ի՞նչ անեմ, գնամ, բոլորի նման սուտ խոսե՞մ»:

Հիշեցնենք, որ Վեդու ոստիկանապետ Սևան Քոչարյանը Արթենյանների գործով տված իր ցուցմունքում գրել էր, որ Մարգար Մելքոնյանը Ս. Արթենյանին «ծեծի չի ենթարկել, միայն գոռգոռացել է նրա վրա, միանշանակ պահանջել է նրան դատի տալ ոստիկանության պատիվը խայտառակելու և համակարգի աշխատակցի վրա ձեռք բարձրացնելու համար», իսկ Արսեն Բարսեղյանը մեզ հետ զրույցում պատմել էր, թե ինչպես է Մարգար Մելքոնյանը նույն համակարգի աշխատակցի, դարձյալ ոստիկան Սամվել Արթենյանին ծեծում:

Ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչությունից որևէ պարզաբանում չստացանք, թե ինչու է Արսեն Բարսեղյանը աշխատանքից ազատվել: Տեղի ունեցածի մասին տեղեկանալուց հետո վարչության աշխատակից Արմեն Մալխասյանն ասաց, որ «եթե ինչ-որ բան ունենան ասելու», իրենք կզանգեն: Ավելի ուշ զանգահարեցինք, նա տեղում չէր, իսկ բջջային հեռախոսազանգերին չէր պատասխանում:

Մեկնաբանություններ (9)

flora
hajer miazek, irar kerek kchtazek
Hay
Diktatura, erbevice chtesnvec u chlsvec . Vorochetev Michakneri erkir e mnacel
Arman
Ոստիկանության աշխատակիցները չեն սիրում ոստիկանության պետին, ուր մնաց հասարակությունը սիրի: ՀՀ ոստիկանապետի համար ոստիկանին աշխատանքից ազատելը սովորական ճանճ սատկացնել է նշանակում,այն ինչ ընտանիքներ սպանել է, երեխաներ սոված թողնել է, ու հիմա գրվածները կարդալուց հետո պետք է խորհի իր արած քայլերի մասին և փորձի փոխվել գնալ ճիշտ ուղով. դա գրում ենք մի շարք ոստիկանների անունից, որոնք կատաղաց են նման ղեկավարի վարքագծից, բռնած ուղուց, ու կաշառք են պահանջում աշխատանքը վերականգնելու համար չգիտակցելով թե որտեղից այդքան փող, մի շարք ոստիկանների անունից,որոնք չեն վախենում եթե փոխվի ՀՀ ոստիկանապետը անպայման թերթերով կհրապարակենք այլ բաներ
Ոստիկաններից
Հեռացիր ՀՀ ոստիկանապետ կոչին ցանկանում ենք, որ մինան բոլոր ոստիկանները ովքեր աշխատում են, որովհետև կհայտնվեմ այն վիճակում, ինչպես որ մենք ենք հայտնվել գնում ես աշխատանքի ասում են էլ չես աշխատում և այն մարդիկ ովքեր չեն աշխատում, անօրինական ազատել են աշխատանքից, կամ ստիպել են դիմումներ գրեն ինքնակամ միացեք մի վախեցեք, Աստծու անունը տվողը իրավունք չունի ընտանիքներ ոչնչացնել, երեխաներ սոված թողնել...
Արուս
GORDZ SARQOGH VOSTIKANUTYUN, xndrum enq hraparalel grvazner@, herazir HH VOSTIKANAPET ASTZU ANUN@ MI TUR CHARAKAM
Arman
Սիրելի Հովնան փոխվել նկատի չունեմ պաշտոնից հանել, այլ խելքի գալ, վախեցող չկա հարգելիս, իմ ուժը հենց կանգնած եզի վրա է պատում
SERJ
Кто не с нами, тот против нас
Սմբո
Հեռուստաեթերից հնչեցրած սին,և օճառափրփուրի պղպջակներ հիշեցնող բառերդ պայթում են ընդամենը քեզանից 5սմ հեռավորության վրա, աղտոտում թանկարժեք պիջակդ , փողկապդ և սեղանին դրված քեզ պատկանող «Աստվածաշունչը»:
Mnaz
Շատ դիպուկ էր Սմբո ջան և իսկական տեղին մեկնաբանությունտ. Աստծու անունը տվողը իրավունք չունի անհիմն ու անհարկի ազատելու աշխատանքից,ես գիտեմ բազմաթիվ ոստիկանների, որոնց անօրինական ազատել են աշխատանքից, որոնք ունեն վարկեր վերցրած և չեն աշխատում:Ով ինչ անում է իրեն է անում.ժողովրդական խոսքն է ասում: Շատ բացասական բաներ կարելի է գրել, ուղղակի ՀՀ Նախագահիս հարգելով չեմ ցանկանում նման բան անել, քանի որ շատ օրինական, պարկեշտ, և ամենակարևորը հետևողական մարդ է ու վստահ եմ, որ տեղյակ չէ նման անօրինական քայլերից......

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter