HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Իրավապահների «շնորհիվ» գիտաշխատողին վտարում են

Ազգային պատկերասրահի քանդակի բաժնի ավագ գիտաշխատող Անահիտ Մարգարյանը, վաճառելով Երեւանում իր եւ սկեսրոջ բնակարանները, որոշել է քաղաքի ծայրամասում փոքր-ինչ ընդարձակ տուն գնել: Նա դիմել է տարբեր գործակալությունների, եւ Ավան վարչական շրջանում գտնվող գործակալություններից մեկի աշխատակիցը՝ Սաշա Գյուզալյանը, առաջարկել է գնել Ավանի Չարենց թաղամասի 18 շենքի 45 բնակարանը:

Շուտով պարզվել է, որ բնակարան վաճառողը՝ Գուրգեն Թադեւոսյանը, Անահիտ Մարգարյանի վաղեմի ծանոթի որդին է, եւ վստահության կամ ինչ-որ բանում կասկածելու խնդիր չի եղել: Նա բնակարանի համար պահանջել է 80 հազար ԱՄՆ դոլար, իսկ նույն օրը՝ երեկոյան, զանգահարել է Մարգարյանին եւ ասել, որ պատրաստ է տունը վաճառել նաեւ 65 հազարով:

2008թ. հուլիսի 11-ին Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանը կնքել է նախավճարի պայմանագիր, ըստ որի՝ Անահիտ Մարգարյանը վճարել է 15 մլն 250 հազար դրամ (50 հազար դոլար), իսկ մյուս մասը պետք է վճարի սեպտեմբերի 10-ին՝ բնակարանի առքուվաճառքի պայմանագրի վավերացման պահին:

Գուրգեն Թադեւոսյանը նախավճարի պայմանագիրը կնքելիս ներկայացրել է բնակարանի սեփականության իրավունքի վկայականի պատճենը՝ նշելով, որ բնօրինակն իր գործընկերոջ մոտ է, որը գտնվում է արտերկրում եւ շուտով կվերադառնա:

«Ասում էր՝ տարադրամի փոխանակման կետ ունեմ, երկու հատ ավիակասա, ընկերոջիցս բիզնեսս զարգացնելու համար պարտքով գումար եմ վերցրել, բայց հիմա ընդամենը 8000 դոլար եմ մնացել պարտք: Հեսա արտերկրից կգա, էդ էլ կտամ ու կպրծնեմ»,- հիշում է Անահիտ Մարգարյանը:

Գուրգեն Թադեւոսյանը տան բանալիները տվել է Անահիտ Մարգարյանին, եւ վերջինս կապիտալ վերանորոգումից հետո հիվանդ մոր եւ սկեսրոջ հետ տեղափոխվել է ապրելու նոր բնակարանում: Որոշ ժամանակ անց Գուրգենը տան գինը եւս 3000 դոլարով իջեցրել է (դարձնելով 62 հազար դոլար, որից 50 հազարն արդեն ստացել էր), Անահիտ Մարգարյանին խնդրել եւ նրանից ստացել է մնացած ողջ գումարը՝ 12 հազար դոլարը՝ վստահեցնելով, որ գնում է արտերկրից վերադարձած ընկերոջ պարտքը մարելու եւ բնակարանի սեփականության վկայականը վերցնելու: Սակայն օրերն անցել են, իսկ նա, այսօր-վաղն ասելով, անընդհատ հետաձգել է առքուվաճառքի հիմնական պայմանագրի կնքումը:

Շուտով պարզվել է, որ 2007թ. նույն նոտարի՝ Նունե Սարգսյանի վավերացմամբ Գուրգեն Թադեւոսյանը նույն տան վերաբերյալ կնքել է անշարժ գույքի հիփոթեքի պայմանագիր, եւ բնակարանը 38 հազար ԱՄՆ դոլարի դիմաց գրավադրել Յուրիկ Դավթյանի մոտ: Իսկ վերջինիս մոտ առկա ձեռագիր ստացականի համաձայն՝ երբ պայմանագրի ժամկետը լրացել է (2008թ. մարտ), Գուրգենը ոչ թե պարտքն է վերադարձրել, այլ խնդրել է եւս 16 հազար դոլար՝ պարտավորվելով ընդհանուր գումարը՝ 54 հազար դոլարը, մարել 6 ամիս աց՝ 2008թ. սեպտեմբերին:

«Հետագայում, երբ դիմել էի իրավապահներին, գլխավոր դատախազությունում Մարսել Մաթեւոսյանն ինձ ասաց, որ իրականում վաշխառություն է եղել. նշված 16 հազար դոլարը մայր գումարի՝ 38 հազարի տոկոսներն են: Բայց վաշխառության մասով ոչ մի բան չարեցին»,- առաջ ընկնելով՝ պատմում է Անահիտ Մարգարյանը:

«Նման բան գոյություն չունի. ես գումարն առանց տոկոսի եմ տվել, ի՞նչ տոկոսի մասին է խոսքը: Առաջին անգամ եմ լսում նման բան, էն էլ՝ ձեզանից,- «Հետքի» հետ զրույցում ասաց Յուրիկ Դավթյանը:- Գուրգենը չենջ ուներ, դոլար-դրամ հարաբերակցությունն իրա մոտ միշտ նորմալ էր, եւ գումարս իր մոտ էի փոխում: Մի անգամ ասաց՝ մի քանի օրով գումար է պետք, լավ գործ կա, կարող եմ տունս գրավ դնել, ես էլ, առանց ոչ մի բանի, տվել եմ, որովհետեւ մոտս զապաս գումար կար»:

Երբ Անահիտ Մարգարյանն իմացել է տան գրավադրված լինելու մասին, պայմանավորվել են հանդիպել նաեւ պարտատուի հետ եւ որոշել, թե ինչ է լինելու հետո: «Որ գնացինք, Գուրգեն Թադեւոսյանն ու Յուրիկ Դավթյանն արդեն եկել էին, շատ ջերմ զրուցում էին՝ հա-հա, հի-հի-ով»,- հիշում է Անահիտ Մարգարյանը եւ նշում, որ իր համոզմամբ՝ այս պատմությունը նախօրոք ծրագրած են եղել վերջին երկուսը եւ անշարժ գույքի գործակալ Սաշա Գյոզալյանը:

«Դիմեցի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Հանդիպեցի դատարանի նախագահ Սամվել Ուզունյանին, լսեց, փաստաթղթերը նայեց եւ կանչեց դատավոր Մարտին Կարապետյանին ու ասաց՝ Դուք կվարեք գործը, տիկնոջը դասական ձեւով խաբել են, խմբակային խաբեություն է,- պատմում է Անահիտ Մարգարյանը:- Յուրիկ Դավթյանը չհամաձայնվեց դատավորի՝ կոմպրոմիսի գնալու առաջարկին, միջնորդեց, որ գործում ներգրավվի որպես 3-րդ կողմ. արդեն ուրիշ խաղ էր գնում: Ստիպված դիմեցի ոստիկանություն, իսկ դատավարությունը մինչեւ քննության ավարտը կասեցվեց»:

Մինչ իրավապահները զբաղվել են գործով, Անահիտ Մարգարյանը պատահաբար իմացել է, որ նույն դատարանում Սամվել Ուզունյանը լսել է Յուրիկ Դավթյանի գործը եւ բավարարել վերջինիս հայցը՝ վճռելով Գուրգեն Թադեւոսյանից բռնագանձել 54 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ եւ բռնագանձումը տարածել Ավան համայնքի Չարենց թաղամասի 18 շ. 45 բնակարանի վրա:

«Բայց այդ ժամանակ քննությունը դեռ չէր ավարտվել, եւ Սամվել Ուզունյանն այդ մասին շատ լավ գիտեր: Գնացի, որ նրա հետ հանդիպեմ, բայց այս անգամ չհամաձայնվեց նույնիսկ հեռախոսով լսել ինձ: Անգամ վճռի պատճենը հրաժարվեցին տրամադրել՝ պատճառաբանելով, որ ես դատավարության կողմ չեմ»,- ասում է Անահիտ Մարգարյանը:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը 2009թ. ապրիլին մերժվել է:

«Հետո ինձ ընդունեց գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը: Կանչեց գործը հսկող դատախազին՝ Հ. Հովսեփյանին, եւ ասաց՝ եզրեր գտեք ու քրեական գործ հարուցեք: Ինձ էլ ասաց՝ Ձեզ ակնհայտորեն խաբել են, անպատճառ տունը Ձերը կլինի, հանգիստ եղեք»,- պատմում է Անահիտ Մարգարյանը: Նա նշում է, որ գլխավոր դատախազությունում իրեն խորհուրդ են տվել դիմել լավ փաստաբանի եւ առաջարկել օգտվել փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանի ծառայություններից:

«Ես վճարեցի նրան, բայց երկու տարվա մեջ այդ մարդը ոչ մի բան չարեց, ոչ մի որոշում չբողոքարկեց, իսկ ինձ խաբում էր, թե ամեն ինչ անում է, եւ ամեն ինչ լավ է լինելու»,- ասում է Անահիտ Մարգարյանը (Սերգեյ Հովհաննիսյանի կետ կապ հաստատել «Հետքին» չհաջողվեց, իսկ Փաստաբանների պալատի պաշտոնական կայքէջում վերջինիս տվյալները չկան):

Գլխավոր դատախազի որոշմամբ քրեական գործ հարուցելը մերժելու որոշումը վերացվել է, եւ 2009-ի սեպտեմբերին հարուցվել քրեական գործ՝ «Խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու» մեղադրանքով:

«Սկզբից էլի շատ լավ տրամադրություն էր, ինձ ասում էին՝ տիկին Անահիտ, սա խմբակային խարդախություն է, շուտով ամեն ինչ կլուծվի, մեղավորները կպատժվեն, գումարը կվերադարձնեն, կամ էլ տունը կգրանցվի Ձեր անունով: Բայց էս անգամ էլ գործը հարուցեցին մեղմ հոդվածով, Գուրգենին ոչ մի րոպեով չազատազրկեցին, ինձ էլ ասում էին՝ դե, ինչ անենք, էդ տղան (Գուրգենը) իր անունով ոչ մի բան չունի»,- հիշում է Անահիտ Մարգարյանը:

Գուրգեն Թադեւոսյանն իրեն մեղավոր է ճանաչել, կատարվածի համար զղջացել եւ խնդրել իր նկատմամբ կիրառել համաներում: Ոստիկանության Նոր նորքի բաժնի ավագ քննիչ Գարիկ Մանուկյանն այդպես էլ վարվել է:

Քրեական գործի վարույթը կարճելու որոշման մեջ վերջինս նշել է, որ Գուրգեն Թադեւոսյանը նախապես տեղյակ է պահել բնակարանի գրավադրված լինելու մասին: Մինչդեռ նույնիսկ անշարժ գույքի գործակալ Սաշա Գյոզալյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ Գուրգեն Թադեւոսյանն այդ մասին ոչինչ չի ասել եւ գումարը «համոզելով ու խաբելով» է վերցրել Անահիտ Մարգարյանից:

«Երբ լրացավ նոտարական նախավճարի պայմանագրի ժամկետը, ես Անահիտ Մարգարյանի հետ գնացի կադաստր: Դրանից հետո նոր իմացանք, արխիվից ճշտեցինք, որ տունը գրավադրված է»,- ասում է Սաշա Գյոզալյանը եւ շեշտում, որ ոստիկանությունում ինքը եւս այս մասին պատմել է:

Ուրեմն ինչո՞ւ է քննիչ Մանուկյանը իրականությունից շեղվել՝ Գյոզալյանի եւ Մարգարյանի ասածներին ի հակառակ՝ նշելով, թե գնորդը նախապես իմացել էր, որ բնակարանը գրավադրված է: Անահիտ Մարգարյանն ամեն ինչ պայմանավորում է «Յուրիկ Դավթյանի փողերով». «Այդ մարդը որտեղ որ հայտնվում էր՝ դատարան թե ոստիկանություն, ամեն ինչ շուռ էր գալիս, բոլորը մեղմանում էին Գուրգենի նկատմամբ: Դրա համար էլ եմ ասում՝ սա նախօրոք կազմած սցենար էր»:

«Ես ո՞նց կարող եմ Գուրգենին պաշտպանել: Հակառակը, ինձ մոտ չէր էլ երեւում, ես դրան՝ էդ Գուրգեն կոչեցյալին, չէի էլ տեսնում, ո՞նց կարող է նման բան լինել»,- արձագանքում է Յուրիկ Դավթյանը: Անշարժ գույքի գործակալ Գյոզալյանը եւս հերքում է խաբեությանը կամ խարդախությանը իր մասնակցությունը՝ հատուկ շեշտելով, որ իրականում հենց իր հորդորով է նախավճարի պայմանագիրը ստացել նոտարական վավերացում:

Վերսկսելով կասեցված դատավարությունը՝ Մարտին Կարապետյանը մերժել է Անահիտ Մարգարյանի՝ անշարժ գույքի նկատմամբ կնքված գործարքը վավեր ճանաչելու հայցը: Իսկ Գուրգեն Թադեւոսյանը ճանաչվել է սնանկ: Սնանկության գործով կառավարիչն արդեն դիմել է դատարան՝ պահանջելով գրավի առարկա բնակարանն Անահիտ Մարգարյանի «ապօրինի տիրապետումից» ազատել: Նման խնդրանքով կառավարչին դիմել է պարտատեր Յուրիկ Դավթյանը:

Հ.Գ. Գուրգեն Թադեւոսյանի հետ զրուցել չհաջողվեց: Նրան գտնելու հարցում մեզ չկարողացավ օգնել նաեւ հորեղբայրը՝ Գագիկ Թադեւոսյանը. «Վիճել եմ հետը, ամիսներով չեմ տեսել ու ոչ մի կոնտակտ չունեմ»:

Լուսանկարում՝ դատավոր Սամվել Ուզունյանը

Մեկնաբանություններ (5)

Դիանա
Հարգելի Անահիտ, մի պահ անգամ մի կասկածեք, որ Ձեր խաբված լինելը պայմանավորված է նաև Յուրի Դավթյան-դատարան կապով: Նման եզրահանգման համար հիմք է հանդիսանում Դատալեքս համակարգում արտացոլված` Յուրի Դավթյանն ընդդեմ` Գուրգեն Թադևոսյանի հայցերով գործերի խայտառակ վիճակը: 2008թ.-ին Ձեր կողմից դատարան հայցադիմում ներկայացնելուց հետո դատարանի նախագահը «Ձեր գլխի տակ փափուկ բարձ է դրել», իսկ դատավոր Մարտին /Մարտիրոս/ Կարապետյանը, դասեր չքաղելով Արդարադատության խորհրդի 2009թ. հունվարի 22-ի թիվ ԱԽ-2-Ո-12 որոշումից, Ձեր գործով երրորդ անձ Յուրիկ Դավթյանի կողմից ներկայացված հակընդդեմ հայց է վարույթ ընդունել: Ահա այդ ժամանակ պետք է Դուք կամ Ձեր փաստաբանը զգայիք, որ երկակի խաղի մեջ եք և գործում եք դատարանի և Յու.Դավթյանի դեմ: Դրանից հետո Ձեր գործի վարույթի կասեցումը` նպատակ է հետապնդել ժամանակ շահել մինչ հօգուտ Յու.Դավթյանի վճիռ կայացնելը, այդ հիմքով Ձեր հայցը մերժելու համար, ինչը և տեղի ունեցավ: Սակայն զարմանալիորեն Դուք Ձեր գործով վճիռը չեք բողոքարկել: Իսկ Յուրիկ Դավթյանը 2009թ.-ի հունիսից 4 անգամ հայցեր է ներկայացրել նմանատիպ պահանջներով, որոնք զարմանալիորեն վարույթ են ընդունվել և դրանցից մեկով վերջապես իրենց համար ցանկալի վճիռ են կայացրել: Մնացած 3 գործերի հետագա ընթացքի վերաբերյալ Դատալեքս տեղեկատվական համակարգում որևէ տվյալ լրացված չէ/խայտառակություն է/: Դատալեքս համակարգը Ձեր գործերով ևս մեկ զարմանալի փաստ է արձանագրել առ այն, որ 2012թ.-ին Դուք դիմել եք դատարան և դատավոր Ն.Մարգարյանը 20.02.2012թ. որոշմամբ հայցադիմումը վարույթ չի ընդունվել այն պատճառաբանությամբ, որ դատավորը մերժել է պետական տուրքի վճարումը հետաձգելու միջնորդությունը: Սակայն 3 ամիս անց նույն դատարանի դատավոր Ամալյանը Ձեր միջնորդությունը բավարարել և հայցադիմումը վարույթ է ընդունել: Ստացվում է, որ այդ դատարանում «բախտի հարց է», թե որ դատավորի մոտ կլինի հայցադիմումը: Կամ էլ այդ դատարանում օրենքը ժամանակ առ ժամանակ է գործում` պայմանավորված դատավորի ով լինելով: Նման կամայականությունների վառ օրինակ է նաև վերջերս «Անելիք» բանկի գործով դատավոր Ն.Մարգարյանի կողմից վարած դատավարությունը, որը լուսաբանվել է «Հետք»-ում http://hetq.am/arm/articles/17802/aneliq-banki-aneliqy-kisat-mnac-.html
David
Մողադրել միայն դատավորներին, դատախազներին, քննիչներին ու փաստաբաններին, նշանակում է ոչինչ էլ չանել;Ի վերջո նշվածները հայ չե*ն, այս ազգից չե*ն;Ինչպես է լինում, որ ցանկացած հայ աթոռ ձեռք բերելուց հետո վերածվում է ՀՀԱԱՅԻ; Մեղավորը իրադրաիմաստով պայմանավորվող գենետիկան է;Այդտեղ է պետք փնտրել մեղավորին;Այդտեղ է բոլոր հարցերի պատասխանը;
Վասիլ
Արդարադատության նախարարությունում դրական առումով ոչինչ էլ չի փոխվել՝ Հարությունյանից մինչև Թովմասյան, Գաբոյանից մինչև Փանոսյան և Մխեյան։ Հարց՝ հատուկ ընդունված ծրագրերով, պետական մակարդակով է ոլորտը քայքայվել, որ հիմա էլ ծրագիր են ընդունում, որ բարեփոխումներ իրականացնեն։ Ինչ բարեփոխումների մասին է խոսքը, երբ դատավորներն ու նոտարները գործողություններ են իրականացնում իրենց գործունեությունը վերահսկող վերադաս մարմինների հովանավորությամբ՝ օրենքների խախտումներով։ Հազիվ են իրենց ՙՙզսպում՚՚ վերևներում, որպեսզի նշյալ դատավորներին և նոտարներին չներկայացնեն պետական բարձր պարգևների, իսկ նրանց գործողություններից բողոքողներին՝ դարձնեն հանցագործ։ Ազգային խայտառակություն։
Լևոն Թոքմաջյան
Աման Աստված, հանկարծ մեր փոխոստիկանապետը «Հայլուր» նայելու տեղը էս հոդվածը չկարդա՞ գնա կախվի: ՀՀ ոստիկանությանը երկու ամիս թախանձեցի հասարակ ձևական 3 տողանոց արձանագրություն կազմել բացահայտ հրաժարվեց, այդ հերթական զոհ անպաշտպան կնոջ համար ինչի՞ պիտի հետաքնություն անի երբ թալանող բանդայի պարագլուխները ՀՀ արդարադատությունն է: Էդ Թադևոսյան, Դավթյան, Գյոզալյան-մոզայլյան հասարակ սլաքավարներ են, գլախավոր սև ռիելտրը ՀՀ իշխանություն կոչվածն է: Երբ ՀՀ դատական իշխանությունը Մկրտումյանի գլխավորությամբ (ԵԱՆԴ1914 գործով) գոյություն չունեցող պայմանագիրը վավերացնելով վաճառեց իմ անշարժ գույքը ես՝, միամիտի նման, սահմանադրության և օրենքների երաշխավոր ՀՀ նախագահին նամակ գրեցի որտեղ մոտ 20 դատավորի հանցագործ էի կոչել: Նախագահի վերահսկողության ծառայության աշխատակիցը մասնավոր զրույցում զարմանք կտրեց թե խայտառակություն է բայց իրենք անկարող են քանի որ Մկրտումյանի պաշտոնը շատ բարձր է: Ժողվու'րդ, զգույշ եղե'ք, անգամ Ձեր անմեղ փռշտոցը ՀՀ դատական իշխանության կողմից որպես պարտավորություն է դիտվում որով դուք ձեր ունեցած-չունեցածը տուժում եք հոգուտ իրենց:
Էլլա
Սունդուկյանի, Պարոնյանի ժամանակներն են վերադարձել՝ զարգացման հասարակարգի նորագույն անվանումով՝ ժողովրդավարական, դեմոկրատական, անկախ կեղծ պիտակներով։ Նորօրյա իշխանավոր-հարուստները ՙՙօսկի պատեր՚՚ -ի փոխարեն ադամանդե պատեր են շինում արդեն, բայց էլի իրենց բավարարված չեն զգում։ Հիվանդությունը խորն է, բուժումն անհնարին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter