HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպառողները դատարան չեն ներկայանում, քանի որ իրենց շահերը պաշտպանող չունեն

Դեռեւս  2010 թ. ապրիլին  «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն Սյունիքի մարզի Խոտ գյուղի բնակիչ Միսակ Բախշյանի դեմ  «Հարավային» տարածքային մասնաճյուղի օգտին 106 հազար ՀՀ դրամ բռնագանձելու պահանջով դատական հայց է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Հոկտեմբերի 28-ին եւ նոյեմբերի 25-ին Սիսիանում կայացած դատական նիստերին պատասխանող կողմը չի մասնակցել: «Եթե դատական նիստը Գորիսում լիներ, կկարողանայի մասնակցել, բայց տարեց, վատառողջ մարդ եմ, չէի կարող Սիսիան հասնել, ստիպված այնտեղ բնակվող ազգականիս` Պետիկ Կիրակոսյանին խնդրեցի, որ մասնակցի նիստին»,- ասում է Միսակ Բախշյանը:

Դեկտեմբերի 12-ին Սիսիանի դատարանը` դատավոր Իգնատ Բեգլարյանի նախագահությամբ, հաշվի առնելով, որ Միսակ Բախշյանի դեմ 2007 թ. հուլիս ամսից մինչեւ 2008 թ. սեպտեմբեր ամիսը հաշվարկված 100868,75 ՀՀ դրամ պարտքի հաշվարկի վերաբերյալ հայցվոր կողմը համապատասխան հիմնավորող ապացույցներ չի ներկայացրել, հայցը բավարարել է մասնակի: Դատարանը որոշել է Միսակ Բախշյանից հօգուտ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի շահագործող «Հարավային» տարածքային մասնաճյուղի բռնագանձել 5151,28 ՀՀ դրամ ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների դիմաց առաջացած պարտքը:

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն վճիռը 2011 թ. հունվարի 10-ին բողոքարկել է վերաքննիչ քաղաքացիական դատարան, որը քննելուց հետո բեկանել եւ գործն ուղարկել է նույն դատարան` նոր քննության, «քանի որ վճիռը կայացվել է նյութական եւ դատավարական իրավունքի նորմերի խախտմամբ»:

 2011 թ. ապրիլից այս գործով դատական նոր գործընթաց է սկսվել: Թե ինչ ավարտ կունենա 75-ն անց Բախշյանների դեմ ներկայացված հայցի քննությունը, դժվար է ենթադրել, մանավանդ, որ դատական նիստերն արդեն քանի անգամ հետաձգվում են:

Սակայն խնդիրն այն է, որ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի` խմելու ջրի դիմաց չկատարված վճարումների պատճառով հարուցված դատական գործերն օրեցօր ավելանում են, եւ գրեթե առանց բացառության դատական գործընթացներում պատասխանող կողմը միշտ միայնակ է մնում, իսկ հայցվորի շահերը, բնականաբար, պաշտպանում են ընկերության այս կամ այն տեղամասի իրավագետ-գործակալ մասնագետները:

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ ՋՋՀՇ «Հարավային» տարածքային մասնաճյուղի Գորիսի տեղամասի իրավագետ-գործակալ Մերի Սահակյանը տեղեկացնում է, որ վերջին 1,5 տարվա ընթացքում իրենց տեղամասը 20 մլն 216 հազար դրամ գումարի բռնագանձման պահանջով դատական գործ է հարուցել 223 բաժանորդի դեմ, որից 81-ը բավարարվել է ամբողջությամբ, 106-ը` մասնակի, 26-ը մերժվել է, կան նաեւ կարճված գործեր:

Եվս 30 հայց կներկայացվի առաջիկայում: Ըստ Մերի Սահակյանի` բոլոր պատասխանողները դատարանում իրենք են պաշտպանում իրենց շահերը: Նրա խոսքով, իրենք եւս հետաքրքրված են, որ պատասխանողները փաստաբան ունենան:  Այդ դեպքում, ըստ նրա, գործը կքննվի ավելի շատ իրավական հարթության վրա, եւ դատական նիստերն անընդհատ չեն հետաձգվի` պատասխանող կողմի չներկայանալու պատճառով:

Վերջին հանգամանքը, իսկապես, պայմանավորված է նրանով, որ դատական գործընթացում գտնվող բաժանորդները ոչ թե հիմնավոր փաստարկներ չունեն իրենց իրավունքները պաշտպանելու համար, այլ նրանց շահերը պաշտպանող չկա, եւ հաճախ  գերադասում են պարտքը մարելու համար ժամանակացույց կազմել, քան «դատարանի դռներն ընկնել»:

Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ  Կառլեն Կոզմանովի խոսքով` խմելու ջրի պարտքի համար հարուցված դատական գործերից «տուժածները» հաճախ դիմում են պատասխան հայցադիմում գրելու, խորհրդատվություն ստանալու համար, սակայն իրենք այդպիսի իրավասություն չունեն, որպեսզի մշտապես նրանց շահերը ներկայացնեն դատարանում:

Պրն Կոզմանովը խնդրի լուծման համար կարեւորում է իրավապաշտպան կազմակերպությունների աջակցությունը: Նա նաեւ նշում է, որ խմելու ջրի պարտքի համար նյութական աջակցություն ստանալու նպատակով մարդիկ նաեւ մարզպետարան են դիմում:

Ի դեպ, հանրային ծառայություններից օգտվողների իրավունքների պաշտպանությունը` կոնկրետ դատական գործընթացում, Գորիսի տարածաշրջանում առայժմ ընդգրկում է միայն խմելու ջրի մատակարարման ոլորտը:

Այս առումով, «Հայռուսգազ» ՓԲԸ Սյունիքի ԳԳՄ-ի Գորիսի տեղամասի պետ Արտակ Փարսադանյանի կարծիքով` գազամատակարարման ոլորտում բաժանորդների հետ հարաբերություններն ավելի հստակ են: Ըստ նրա` դրա շնորհիվ է, որ տարածաշրջանի 7 հազար բաժանորդների  դեմ վերջին 14 տարվա ընթացքում  ընդամենը  8 դատական գործ է հարուցվել` ապօրինի գազօգտագործման հիմքով: ՙ

«Իհարկե, կան նաեւ չվճարողներ, որի պատճառով անջատվում է սպառողի գազամատակարարումը, ինչպես, օրինակ, արդեն 10 տարուց ավելի է, ինչ 23 հազար դրամ պարտքի պատճառով դադարեցված է Գորիս քաղաքի  բնակիչ Վրեժ  Քոլյանի  գազամատակարարումը»,- ասում է նա:

Դատական կարգով սպառողների պարտքերը վերականգնելուց խուսափում են նաեւ «Հայաստանի էլցանցեր» ՓԲԸ Տաթեւ մասնաճյուղի «Գորիս» էլցանցը: Ոչ պաշտոնական տվյալներով` 2005-07 թթ. 40 հոգու դեմ դատական գործ է եղել: Այժմ, ըստ մասնաճյուղի աշխատակից Արմեն Միրզոյանի, 600-ից ավելի զգուշացում է ներկայացվել բաժանորդներին` օգտագործված էլեկտրաէներգիայի համար վճարումներ կատարելու մասին:

«Չվճարումների համար հիմնականում անջատումներ չեն լինում, դատարանից էլ ենք խուսափում, փորձում ենք զգուշացումներով, ամենօրյա հիշեցումներով խնդիրը լուծել»,- ասում է Արմեն Միրզոյանը:

Այն, որ հանրային ծառայությունների ոլորտում մարդկանց իրավունքները հաճախ են խախտվում, մասնավորապես` մարզերում, կասկած չի հարուցում, բայց ակնհայտ է նաեւ, որ իրենց իրավունքների պաշտպանության համար դատարանի առաջ նրանք հայտնվում են հիմնականում իրենց անիրազեկության եւ անպաշտպանվածության պատճառով:                                           

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter