HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Կառավարության ապօրինություններն ու քաղաքապետի սին խոստումները

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը «Facebook» սոցիալական ցանցիիր էջում անդրադարձել է մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնում Նարեկ Սարգսյանի վերանշանակմանը:

Կարապետյանը հավաստիացրել է, որ գլխավոր ճարտարապետը հավատարիմ կմնա քաղաքապետարանի թիմի որդեգրած քաղաքականությանը. «Այն է` կանաչ գոտիների հաշվին ոչ մի շինթույլտվություն չի տրվելու, Երեւանի քաղաքաշինական եւ ճարտարապետական փիլիսոփայությանը հակասող որեւէ նախագիծ կյանքի չի կոչվելու»:

Սա, թերեւս, ճռճռան բառերի կույտ է, եւ ասվածի վկայությունը Երեւանի կենտրոնում` Նալբանդյան 106/1 հասցեում կատարվողն է: Ավելի քան 100 երեխա ժամանակին հաճախում էր նշյալ հասցեում գտնվող թիվ 1 մանկապարտեզ: Հիմա «ԱՎԱԳ ՇԻՆ» ՍՊԸ-ն քանդել է մանկապարտեզը, երեխաների խաղահրապարակը, ավերել բակային կանաչապատ տարածքը, հատել մի քանի ծառ: Մյուս հաստաբուն ծառերի համար, ինչպես բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն է նկատել, ՍՊԸ-ն ստեղծել է նպաստավոր պայմաններ, որ իրենք իրենց չորանան:

Տարածքի բնակիչները տեւական ժամանակ է` բողոքում են, դիմումներ հղում բարձրաստիճան պաշտոնյաներին, կազմակերպում զանազան ակցիաներ: Հենց դրանցից մեկի ժամանակ էլ բնապահպանության նախարարը հայտարարել էր, որ տարածքի ծառերը կտրելու թույլտվություն առհասարակ չկա: Իսկ ակցիային ներկա քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանն էլ նշել էր, թե առկա է միայն նախկին մանկապարտեզի շենքը քանդելու թույլտվություն, շինության համար օրենքով նախատեսված փաստաթղթային հիմքերը բացակայում են: Քաղաքապետարանն էլ բնակիչներին դեռ մարտին գրավոր տեղեկացրել է, որ մշակված եւ համաձայնեցված չեն անգամ կառուցապատման նախագծային փաստաթղթերը: Պատգամավոր Ստեփան Սաֆարյանն էլ «կատարված ապօրինությունների առթիվ» ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անունից հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազին եւ ՀՔԾ-ի պետին:

2010 թ. մայիսին Կառավարությունը 316-Ա որոշմամբ ոստիկանության ենթակայության տակ գտնվող «Երեխայի զարգացման կենտրոն» ՊՈԱԿ-ին ամրացված անշարժ գույքը` երկհարկանի մանկապարտեզը, ուղղակի վաճառքով (866 մլն 200 հազար դրամ) օտարել է «ԱՎԱԳ ՇԻՆ» ՍՊԸ-ին:

«Ոստիկանությունն էլ, վաճառելով մանկապարտեզը, «ԱՎԱԳ ՇԻՆ»-ին իրավունք է տվել դրա փոխարեն կառուցել բազմաբնակարան շենք: Նման իրավունք ոստիկանությունը չուներ. դա կարող էր անել միայն քաղաքապետարանը` Կառավարության առանձին որոշմամբ»,- պարզաբանում է «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը:

Նա մանրամասնում է, որ արդեն հունիսին այն ժամանակվա քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը Կառավարությանը ներկայացրել է մի նախագիծ, որով քաղաքապետարանի անունից առաջարկել է նշյալ տարածքը ճանաչել բացառիկ գերակա հանրային շահ, իսկ ձեռք բերող համարել «ԱՎԱԳ ՇԻՆ» ՍՊԸ-ին` տարածքի նոր սեփականատիրոջը:

Քննարկման ժամանակ ֆինանսների նախարարությունը, սակայն, առարկել է` պատճառաբանելով, որ իբրեւ անհրաժեշտ ֆինանսական միջոցների երաշխիք` ՍՊԸ-ն ներկայացրել է դրանից 10 օր առաջ «Արցախբանկի» հետ կնքած «համագործակցության համաձայնագիր», ինչը բավարար ապացույց չէ, որ «ԱՎԱԳ ՇԻՆ»-ը կկարողանա պատշաճորեն կատարել ստանձնած պարտավորությունները:

«ԱՎԱԳ ՇԻՆ»-ի հիմնադիրների անունները ոչինչ չեն ասում` Ռուզաննա Մարդանյան եւ Վարդ Գասպարյան: Թե ովքեր են նրանք, որտեղից նրանց ֆինանսական հսկայական միջոցներ, անհայտ է: Այնուամենայնիվ, Վարդ Գասպարյանը ոչ թե ՍՊԸ-ի, այլ անձամբ իր անունից 12 օր անց ֆինանսների նախարարություն է ուղարկել մի գրություն, որով նախարարության կասկածները` առկա ֆինանսական միջոցների մասով, փարատվել են:

Ֆինանսների նախարարությունը, հղում անելով բանկային գաղտնիքին, հրաժարվել է «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ին ընկերության ներկայացրած ֆինանսական երաշխիքների մասին տեղեկություններ հայտնել: Իսկ քաղաքապետարանն էլ խորհուրդ է տվել դրանք պահանջել ՍՊԸ-ից:

Ավելի քան 6 ամիս է` ՀԿ-ն վարչական դատարանում օրենքի ուժով փորձում է քաղաքապետարանից ստանալ այդ` գաղտնիք չհամարվող փաստաթղթերը: Սակայն մինչ օրս քաղաքապետարանը դեռ առարկություններ չի ներկայացրել, եւ դատավարությունը ձգձգվում է:

2010 թ. սեպտեմբերին Կառավարությունը հիշյալ մանկապարտեզն ընդգրկող` Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով ու Սայաթ-Նովայի պողոտայով պարփակված տարածքը 1258-Ն որոշմամբ ճանաչել է բացառիկ գերակա հանրային շահ, ու նույն որոշմամբ այն ձեռք է բերել «ԱՎԱԳ ՇԻՆ» ՍՊԸ-ն:

Մինչդեռ, 2005 թ. ընդունված «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ «Պետական կամ համայնքային սեփականություն համարվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերը հասարակական կամ պետական կարիքների համար կարող են օտարվել միայն բացառիկ դեպքերում` օրենքով»: Ու քանի որ նման օրենք չի ընդունվել, Կառավարության հիշյալ որոշումն ապօրինի է:

«Հետաքրքիրը գիտե՞ք որն է: Որ Գագիկ Բեգլարյանը շատ ավելի քիչ մակերեսի առաջարկություն է ներկայացրել: Բայց այդ գործընթացներում օտարվող տարածքի չափերը մի քանի անգամ աճել են` հասնելով 9000 քմ-ի»,- ասում է Սեդրակ Բաղդասարյանը:

«Դա նշանակում է, որ իրացման գոտին, որ քառակուսու մեջ է` 4 կողմից բնակելի 5 հարկանիներով շրջապատված, ընդամենը 1,5 մետր է հեռու յուրաքանչյուր շենքից»,- ասում է տարածքի բնակիչ Ռիտա Կարապետյանը:

«ԱՎԱԳ ՇԻՆ»-ն արդեն փակցրել է կառուցվելիք «բազմաֆունկցիոնալ, ստորգետնյա ավտոկայանատեղիով՚ բազմահարկ շենքի մակետը: Ռիտա Կարապետյանը նկատում է, որ տարածքի շենքերի բնակարաններից շատերը միայն մեկ կողմից պատուհան ունեն, ու եթե մակետում պատկերված հսկա շինությունը վեր խոյանա, իրենք կզրկվեն ոչ միայն արեւի լույսից, այլեւ օդի շարժից:

Մեկ այլ բնակիչ էլ` Կարինե Ավետիսյանը, մատնանշելով մի քանի մուտքի կանաչած ու բորբոսնած պատերը, որոշ դեպքերում «մինչեւ 2-րդ հարկ հասած խոնավությունն ու նամշահոտը, բակ մտնող դալաններից մեկի մոտ առկա իջվածքն ու փոս ընկած լյուկերը»` ասում է, որ տարածքն առատ է ստորգետնյա ջրերով, եւ հենց դրանց շնորհիվ էր, որ ժամանակին բակի ծառերը ջրելու կարիք չեն ունեցել: «Ավելին` մեծերը պատմում են, որ առաջ այստեղ ջրհորներ են եղել: Այսինքն` նման պայմաններում այդպիսի շենք կառուցելը, առանց կողքի շենքերի հիմքերն ամրացնելու, նշանակում է վտանգել բոլոր բնակիչների անվտանգությունը»,- ասում է նա:

Իսկ նույն տարածքի բնակիչ Լեւոն Չուգասզյանը ցույց է տալիս քանդված մանկապարտեզի տեղում ՍՊԸ-ի փորած երկու հսկայական փոսերը եւ շեշտում, որ քարի շերտ ընդհանրապես չկա: Սեյսմակայունության խնդրից զատ, ըստ նրա, վաղը, եթե հանկարծ երկրաշարժ լինի, «քառակուսու մեջ գտնվող բոլոր շենքերի բնակիչները հայտնվելու են թակարդի մեջ, որովհետեւ 4 փողոցների բոլոր մուտքերը դեպի ներս են ուղղված. փախուստի ճանապարհ չկա»:

«Սա երկրաշարժային գոտի է, եւ մեր կյանքը վտանգում են: Իրենց ոչ ոք իրավունք չի տվել իմ երեխայի կենսական տարածությունը խլել»,- ասում է Չուգասզյանը:

Բնակիչները նույնիսկ չեն հավատում, որ բազմահարկ 1 շենք է կառուցվելու: Նախ` փորել են երկու փոս, օտարված տարածքի համար առանձնացված է 2 հասցե` Նալբանդյան 106 եւ 108, հետո` իրականում կատարվածի «գերակա շահը» ինչ-որ անձանց բիզնես պրոյեկտն է, իսկ տնտեսապես, բնականաբար, ավելի շահավետ կլինի կառուցել 2 շենք:

Բնակիչների ընդվզման հիման վրա վարչապետ Տիգրան Սարգսյանի մայիսի 18-ի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ` խնդիրները բազմակողմանի ուսումնասիրելու նպատակով: Սակայն այս որոշումն էլ, փաստորեն, ձեւական բնույթ է կրում, քանզի դրանից հետո «ԱՎԱԳ ՇԻՆ»-ի ներկայացուցիչներն այցելել են տարածքում գտնվող քանդակագործ Ղուկաս Չուբարյանի տուն եւ պատվիրել հարակից այգուց, որ դարձել է քանդակագործի արհեստանոցը, քանդակները տեղափոխել: Պատճառաբանությունը նույնն է` իրացման գոտի է, քանդելու ենք:

Ովքե՞ր են «ԱՎԱԳ ՇԻՆ»-ի հովանավորները եւ «գերակա շահի» իրական շահառուները: Մամուլը ժամանակին նշել էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի անունը: Բայց վերջինս կտրականապես հերքել է այդ տեղեկությունը:

Գագիկ Բեգլարյանը, ըստ բնակիչների, այս պատմության կնքահայրն էր ի սկզբանե: Բացի դրանից` քանդված մանկապարտեզի երեխաների մի մասն «այժմ հաճախում է Մետաքսում գտնվող Բեգլարյանի մանկապարտեզ»: Իսկ քանի որ մանկապարտեզը ոստիկանության հաշվեկշռում էր, բնակիչները ենթադրում են, որ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը նույնպես նշյալ «գերակա շահից» անմասն մնալ չէր կարող:

Մեկնաբանություններ (3)

telayan.arutyun
Միգուցե այս տողերի մեջ է ճշմարտությւնը` ՀԱՅԵՐԸ` ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ Թուրքիայում ապրում են թուրքեր, որոնք գիտեն, Որ իրենք ծագումով հայ են: Բայց դա իրենց չի խանգարում, Որ թուրքերի հետ հաշտ ապրեն: Հայաստանում էլ ապրում են հայեր, Որոնք չգիտեն, Որ էությամբ թուրք` Հային չսիրող հայ են իրենք: Բայց դա էլ իրենց չի խանգարում, Որ սողե-սող հասնեն բարձր պաշտոնի Ու այնտեղից գրպանը մտնեն ամեն մի հայի Ու նրանց այնքան տանեն-բերեն, Մինչև նրանք մի լավ ըմբռնեն, Որ իրենք չեն տերը այս երկրի, Որ օրենքը գրված` իրենց համար չի, Որ կաշառք տալը ամոթ բան չի, Որ կաշառքով ամեն դուռ կբացվի: Ու ով այս բոլորը լավ ըմբռնի, Կարող է Ազգային ժողովում հավերժ նստի: Ոչինչ, որ դրանից Սևանը ճահիճ կդառնա Ու հայ մարդն էլ, էլ սիգա չի որսա: Ոչինչ, որ Թեղուտի անտառն էլ չի լինի Ու հայ մարդն էլ հատապտուղ չի հավաքի: Ոչինչ, որ երկրաշարժ լինի, Երևանի կեսն էլ չի լինի: Ոչինչ, որ ուսանողը Հայաստանի, Սովորելուց բացի, դասախոսին էլ պիտի կերակրի: Ոչինչ, որ դպրոցը հայրենի, ծույլ աշակերտին Ավարտական կվաճառի կարգին: Ոչինչ, որ զինակոչիկը մեր, զինվոր չի դառնա, Քանի որ փողով, Երևանի կենտրոնում կմնա: Ոչինչ, որպեսզի հվանդը լավանա, Հիվանդանոցում ում հանդիպի, փող պիտի տա: Ոչինչ, որ մեղավորը ազատ պիտի պտտի, Իսկ անմեղը ճաղերի ետևում արդարություն երազի: Ոչինչ, որ հայրենի ընտրություններին, Ընտրաթերթիկը ծնկի պիտի գա բիրտ ուժին: Ոչինչ, որ հայը նորից պանդուխտ կդառնա, Ոչինչ, որ հայ ազգը նորից կթուլանա, Ոչինչ, որՀայաստանը նորից կփոքրանա: Հ.Գ. Հայեր`անկախ Հայաստանի, ուշքի եկեք, Ձեր միջի թուրքին դուրս մղեք. Քանի դեռ նա մեզ չի կործանել, Մեր երկրի վերջին պատառիկն էլ չի ավերել: Հայեր` անկախ Հայաստանի, Եկեք սիրենք մեկ- մեկի…
telajan.arutyun
Միգուցե այս տողերի մեջ է իրականությունը`
Պետրոս
Եթե ԱԺ նախագահն է ընդամենը ծառ կտրող, սրանցից միայն ազատվելը կփրկի: Դրա համար պետք է որ բոլորը միանան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter