HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Հավլաբարցի նկարչուհու որոշումը` լավ կրթություն, առաջիկայում` ԱՄՆ-ում (վիդեո)

- Ռոզի~տա, Ռոզի~տա:

- Այո, Էլվինա:

- Մի թռչնակ այսօր առավոտյան ինձ լուր բերեց, որ նոր նատյուրմորտ ունես, ճի՞շտ էր ասում:

Ռոզիտան անակնկալի եկավ, հետո ժպիտով շրջանցեց հարևանուհու «գուշակությունը»: Էլվինան ինչպես հանկարծակի հայտնվել էր, այնպես էլ արագ հեռացավ ու մտավ Հավլաբարի հին, ցածրիկ տներից մեկը: Ռոզիտայի հետ շարունակեցինք քայլել փողոցով: Այստեղ 20-ամյա հայ նկարչուհու աշխատանքները սպասված են նաև մինչև նկարվելը: Հարևանուհի Էլվինան թեկուզ կատակով, բայց դա հուշեց ու գնաց:

Ռոզիտա Ալիխանովան Թբիլիսիի Արվեստի և հումանիտար գիտությունների համալսարանի երրորդ կուրսի ուսանող է: Այս տարի փոխադրվել է չորրորդ կուրս, բայց հավանաբար չի հասցնի ավարտել:  Նա կուրսից ընտրված այն երեք ուսանողներից մեկն է, որ այս ուսումնական տարում պետք է կրթությունը շարունակեն ԱՄՆ-ում: Ընտրված մյուս երկու ուսանողները վրացիներ են: Երիտասարդ նկարչուհին նաև Վրաստանի հայ նկարիչների միության անդամ է:

Ռոզիտայի տատիկը՝ Վիոլետա Ալիխանովան, գիտի, թե ինչպես է թոռնուհին հաջողության հասել: «Նա գիշեր-ցերեկ նկարում է»,- ասում է տիկին Վիոլետան:  

Ռոզիտան կուզեր նաև աշխատել, բայց ասում է, որ այդ դեպքում ժամանակ չի մնա նկարելու համար: Ասում է` երբեմն այնպես է լինում, որ գիշերը չի քնում նկարն ավարտելու համար: Ուսման տարեկան վարձը մոտ 2000 դոլար է. մայրը` Ֆլորան, ասում է, որ աղջկա աշխատելու կարիքը երբեմն զգացվում է, բայց եթե խանգարում է նկարելուն, ապա չարժի:

Ավարտված հերթական նկարի առաջին քննադատները ընտանիքի անդամներն են: Տիկին Վիոլետայի երկու որդիների ընտանիքներն ապրում են նույն բակի կողք կողքի տներում: Նրանք մի քանի վայրկյանով թողեցին բոլոր գործերը, բակի լվացքի պարանին կախեցին Ռոզիտայի` բրդյա կտորի վրա արված աշխատանքները` կազմակերպելով փոքրիկ «ցուցահանդես»:

Բնական բրդե կտորի վրա նկարելը Ռոզիտան սովորել է համալսարանում: «Սա կոչվում է քեչա»,- տիկին Վիոլետան հիշում է բրդե կտորի հին հայերեն անվանումը: Իսկ յուղաներկով նկարելը Ռոզիտան ինքնուրույն է սովորել:

«Այս մեկը շատ եմ սիրում,- ասում է Ֆլորան` վերցնելով Ռոզիտայի բնանկարներից մեկը,- ամեն դեպքում նա համալսարանում գեղանկարչությունը որպես առանձին առարկա չի անցել: Այն, ինչ ինքը հիմա անում է համալսարանում, հանձնարարություններ են, որ կապված չեն գեղանկարչության հետ: Գեղանկարչությունն այն է, ինչ նա ինքնուրույն զգում է և կարող է ինքնուրույն էլ նկարել: Ինստիտուտի այն ուսանողները, ովքեր գեղանկարչություն չեն սովորում, յուղաներկի հետ աշխատել սովորաբար չգիտեն: Երևի թե Ռոզիտայի դեպքում սա ի վերուստ տրված բան է»:

Ռոզիտայի` հայաստանյան եկեղեցիներից մեկի գեղանկարը նկատելով` մտածեցի, թե եղել է Հայաստանում, բայց սխալվում էի:

«Չեմ եղել, լուսանկարում եմ տեսել, հետո նկարեցի յուղաներկով»,- ասաց նա: Ռոզիտայի տատիկը` Վիոլետան, հայերեն թե հասկանում էր, թե խոսում, մայը` Ֆլորան, հասկանում էր, բայց խոսում էր ռուսերեն: Իսկ Ռոզիտան հայերեն չի խոսում և դժվարությամբ էլ հասկանում է: Երբ հայերեն էի խոսում, լարված էր լսում, կարծես սպասում էր, որ հիմա կհանդիպի անծանոթ բառի:  

Ռոզիտայի հետ հասանք «Հայարտուն» կրթամշակութային կենտրոն, որտեղ վերջերս տեղի է ունեցել նրա աշխատանքների առաջին ցուցահանդեսը: Այնտեղ հանդիպեցինք վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին: Սրբազանը Ռոզիտային հայերեն հարցրեց.  « Նկարո՞ւմ ես»: Ռոզիտան հայերենով պատասխանեց «Այո»:

ԱՄՆ-ում կրթություն ստանալու դեպքում Ռոզիտան կկտրվի Հավլաբարի հայկական միջավայրից, և հայերենը գուցե բոլորովին խորթանա նրա համար, մայրն ու տատիկը նույնպես մտահոգվում են, բայց մխիթարվում են նրանով, որ աղջիկը որպես արվեստագետ կկայանա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter