HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

«5 օր Ադրբեջանում»

Սեպտեմբերի 12-ին Մոսկվայում մեկնարկեց ԱՊՀ երկրների առաջին միջպետական hամաժողովը՝ «Բնակչության առողջությունը ԱՊՀ երկրների բարգավաճման հիմքն է»: Այն տևելու է մինչև սեպտեմբերի 15-ը: Միջոցառման նպատակն է բարելավել ԱՊՀ երկրների համագործակցությունը` մարդկանց կյանքի որակը և մակարդակը բարձրացնելու, առողջ ապրելակերպ քարոզելու համար:

Համաժողով անցակցվում է ​​Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի, ԱՊՀ գործադիր կոմիտեի, ինչպես նաև մի շարք այլ պետական մարմինների աջակցությամբ:

Համաժողովի ընթացքում քննարկվել են առողջ ապրելակերպին վերաբերող մի շարք հարցեր: Մոսկվայի «Մանեժ» անունը կրող կենտրոնական ցուցասրահում ԱՊՀ երկրների ներկայացուցիչները, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունը իրենց հատկացված տաղավարներում փորձել էին յուրովի ցուցադրել սպորտի և առողջապահության բնագավառում իրենց ունեցած ձեռքբերումներն ու նվաճումները: Տաղավարները դասավորված էին այբբենական կարգով. Հայաստանը հաջորդում էր Ադրբեջանին:

Տաղավարների առաքելությունն էր` նախընտրած տարբերակով ցույց տալ իրենց երկրում առողջության, սպորտի և առողջ ապրելակերպի մակարդակը, կիսվել փորձով: Գրեթե բոլոր երկրների տաղավարում կարելի էր տեսնել առողջապահությանը վերաբերող գրքեր, բուժիչ բույսեր, պաստառներ և նկարներ:

Ղարաբաղ, Շուշա, Նախիջևանի ինքնավար հանրապետություն, հին գորգեր պատկերող բրոշյուրներն ու բուկլետները գրավեցին ուշադրությունս ու տարան ինձ մեր հարևան երկրի տաղավարի մոտ: Անգլերեն-ռուսերեն լեզուներով գրված տեղանուններն ու պատկերները, որոնք կազմում են իմ երկրի պատմության մասը, տեղ էին գտնել այնտեղ: Հայկական տաղավարում ստենդի ողջ երկայնքով փակցված էին երկրի սպորտային կյանքը պատկերող նկարներ և դրանք այն ամենն էին, ինչ կար հայկական տաղավարում:

Սպորտի և երիտասարդության նախարարության մասսայական սպորտի բաժնի պետ Սուրեն Պրազյանը երկար պատմեց Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում իրականացված և իրականացվելիք միջոցառումների մասին, որոնք միտված են երկրում խթանելու առողջ ապրելակերպը (մասնավորապես` սեպտեմբերի 17-ին Ստեփանակերտում կայանալիք մարզական փառատոնը): Տաղավարում ներկա էին նաև Առողջապահության նախարարության ներկայացուցիչներ, որոնք ևս իրենց դրական գնահատականն էին տալիս անցնող տարվա ձեռքբերումներին:

Այս ամենը, իհարկե, հիանալի է, բայց ինչպե՞ս մեկնաբանել ադրբեջանական տաղավարի բուկլետներն ու բրոշյուրները… Թերևս ճիշտ կլիներ դա որակել «խաղի կանոնների հերթական խախտում», որի հետ համաձայնեցին նաև մեր նախարարության ներկայացուցիչները, բայց ինչպե՞ս բացատրել այդ տաղավարին մոտեցող բազմաթիվ մարդկանց, որ… Որ պատմությունը սեփական ցանկությամբ խմբագրել չի կարելի: Զգացմունքներս խառնվել էին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանները պաշտպանող զինվորների պատկերների հետ. տաղավարով մեկ շրջելով` որոշեցի մոտենալ Ադրբեջանի տաղավարին…

«Գժվե՞լ ես,- ասաց ընկերուհիս,- նրանք տեսան, թե ինչպես էիր դու երկար ու ջերմ խոսում հայկական տաղավարում»:

Վճռականությունս փոքր-ինչ տեղի տվեց, քայլերս դարձան ավելի զուսպ ու սկսեցինք «թափառել» ադրբեջանական տաղավարի հարևանությամբ, որտեղ նախարարության ներկայացուցիչների թիվը գնալով ավելացել էր: Խորը շունչ քաշելով` վերջապես մոտեցա տաղավարն իբր թե զննելու: Հանկարծ ներկայացուցիչներից մեկը, որը, ինչպես հետագա զրույցից պարզ դարձավ, Ադրբեջանի առողջապհության նախարարության կրթության և գիտության կադրերի բաժնի պետ Ռաուֆ Ագաևն էր, մեկնեց մի գիրք` «5 օր Ադրբեջանում»:

- Կարդա և կհասկանաս:

- Ի՞նչը:

- Ինչ որ ուզում ես իմանալ:

- Ուզում եմ իմանալ, թե երկրի առողջության և առողջ ապրելակերպին վերաբերող համաժողովին որքանո՞ վ են առնչվում գորգերի նկարները, Շուշին, Նախիջևանը…

- Մենք ուզում ենք ցույց տալ, որ այդ տարածքներում կան առողջապահական համալիրներ:

Հետո նա ոգևորությամ պատմեց, թե ինչ բարեկարգումներ են իրականացվում իրենց երկրում, թե ժողովրդի կենսամակարդակը ինչքան է բարելավվել, որ Բաքվում բոլորը քայլում են ժպիտը դեմքին: Դատելով իմ` ոչ սլավոնական արտաքինից և Հայաստանի տաղավարի ներկայացուցիչների հետ ունեցած բավականին ջերմ զրույցից, պատասխաններն ավելի քան կանխակալ էին:

- Ի՞նչ ազգից ես,- պատասխանը նախօրոք կռահելով հարցրեց նա:

- Հայ եմ,-ասացի:

Այսքանով մեր զրույցը սահմանափակվեց. Հայաստանի տաղավարի ներիակյացուցիչները ևս տեսան, թե ինչպես եմ ես բավականին քաղաքակիրթ զրուցում նրանց հետ: Այդ մտքից ինձ մի պահ վատ զգացի, բայց միևնույն ժամանակ հասկացա, որ այդ միամիտ քայլս նշանակում էր «Ես տեսա, որ դուք խաբում եք… Ու… Ես այն քչերից էի, որ տեսա…»:

Ես չէի կարող հայկական կողմին «զինել» պատասխան նյութերով և բուկլետներով, ես չէի կարող Ադրբեջանի տաղավարին հետաքրքրասեր դեմքերով մոտեցող և հարցեր տվող մասնակիցներին պատմել պատմությունն ու բացատրել, որ տեղեկատվական պատերազմի պայմաններում ամենևին էլ զարմանալի չէ, որ թեմային չառնչվող շատ բաներ կան: Այդ պահին միակ բանը, ինչ ես կարող էի անել, հնարավորինս շատ բուկլետներ վերցնելն ու այդտեղից տանելն էր… Պատերազմը շարունակվում է նաեւ խաղաղ պայմաններում:

Բնակչության առողջությունն առաջին հերթին նրա հոգեբանական կայունությունն ու հոգեկան առողջությունն է: Այն կարող է լինել բարգավաճման հիմք այն դեպքում, երբ բնակչությունն առողջ է իր մտածելակերպով, իր աշխարհընկալմամբ ու սեփական արժեքներով:

Հ.Գ. Հենց այն մի փոքր դրվագը, թե ինչպիսի լարվածություն կար հակառակորդ երկրի տաղավարին մոտենալիս, նրանց հետ զրուցելիս և հեռանալիս մեղավորություն զգալիս, ցույց է տալիս, որ համաժողովի մակարդկակով առնվազն երկրու երկրների բնակչության հոգեբանական առողջությունը խնդիրներ ունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter