HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

86-ամյա սփյուռքահայի պատմությունը. ինչու Յովհաննէս Մանուկեանը որոշեց հաստատվել Հայաստանում

86-ամյա սփյուռքահայ Յովհաննէս Մանուկեանը 8 տարի է, ապրում է Հայաստանում: Նա 2004թ. ապրիլի 24-ին հողամաս է գնել Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղին հարակից տարածքում, և այդ ժամանակից ի վեր միայնակ ապրում է Հայաստանում՝ ընտանիքի հետ անցկացնելով միայն ձմեռը: Նրա կինը, 4 որդիները և 11 թոռները ԱՄՆ-ում են ապրում:

«Բոլորը դժգոհ են, որ ես աստեղ եկած եմ: Բոլորն ալ կբողոքեն՝ ո՞ւր կերթաս, ի՞նչ կընես, ամբողջ ընտանիքը թողած ես, կբավե երթալ, 8 տարի է, կկարոտնանք: Թոռնիկները կմեծնան, մեծ հայրեն գաղափար չունին: Գիտեն, որ մեծ հայրը Հայաստան է»,- ասում է Յովհաննէս Մանուկեանը:

Նրա հոր և մոր բոլոր քույրերն ու եղբայրները զոհվել են Ցեղասպանության ժամանակ, իսկ մայրն ու հայրը սկզբնավորել են Մանուկեան ընտանիքը, որի առաջին երեխան ինքն է: Յովհաննէս Մանուկեանի մանկությունն անցել է Լիբանանում: «Մեծցած եմ աղքատ վիճակի մեջ: Դպրոցները ինձի օգնած են, դրամով չեմ դպրոց գացած, որովհետև դրամ չունեինք: Կարդացած եմ ազգային դպրոցներու մեջ»,- ասում է նա:

Յովհաննէս Մանուկեանը սովորել է Լիբանանի Ազգային Աբգարեան վարժարանում, այնուհետև Մխիթարեան վարժարանում, հետո կաթողիկե համայնքի դպրոցում: Հետո հոր հետ բանվոր է աշխատել երկաթգծում:

«Ես ըսի՝ անպայման ուսում պետք է առնեմ: Ուսում չառնեմ՝ վերջավորությունս բանվոր է: Բանվոր՝ այս ընտանիքին ինչպե՞ս պիտի օգտակար ըլլամ: Կարելի չէ: Ուրեմն, պետք է դիմեմ: Ձրի ո՞ւր կրնամ: Հայոց ճեմարանը կա (Համազգայինի Նշան Փալանճեան ճեմարանը - հեղ.)՝ Աղբալյանի, Շանթի ստեղծած ճեմարանը: Ճեմարան գացի, տնօրենին հասկցուցի՝ ինչ վիճակի մեջ եմ, անմիջապես ինձի դպրոցը առին, կարդացի և ճեմարանը ավարտեցի»,- պատմում է Յովհաննէս Մանուկեանը:

Նշան Փալանճեան ճամարանն ավարտելուց հետո նա շարունակել է ուսումը և ստացել ինժեներ-չափագրողի մասնագիտություն: Յովհաննէս Մանուկեանը պատրաստել է ողջ Իրաքի աղակալած դաշտերի ոռոգման համակարգի քարտեզները, եղել Իրաքում և Իրանում գործող արտասահմանյան ընկերությունների ամենաբարձր պաշտոն ունեցող ինժեները: 1960-ին վերադարձել է Բեյրութ, քանի որ Լիբանանի կառավարությունն իրեն էր փնտրում՝ որպես լավ մասնագետի, և դարձել է ամբողջ Լիբանանի ճանապարհաշինության պատասխանատու ինժեները: 1975թ., երբ սկսվել է Լիբանանի քաղաքացիական պատերազմը, Մանուկեանների ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ ու հաստատվել այնտեղ:

Ընտանիքի անդամները մտադրություն չունեն Հայաստանում ապրելու: «Ամենն ալ բացառիկ տեղ ունին Ամերիկայի հասարակության մեջ»,- ասում է Յովհանէս Մանուկեանը: Ավագ որդին՝ Ռոստոմը, ինժեներ-էլեկտրիկ է, մեծահասակներին թոշակի անցնելուց հետո տրվող տների պատասխանատուն է ամբողջ ԱՄՆ-ում: Երկրորդ որդին՝ Րաֆֆին, Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամ է, մի քանի անգամ ընտրվել է Գլենդեյլի քաղաքապետ: Նրա՝ քաղաքապետ լինելու օրոք են Կապանն ու Գլենդեյլը դարձել քույր քաղաքներ: Ռազմիկը քաղաքացիական ինժեներ է, ԱՄՆ Վալիի շրջանի ջրի խողովակաշարերի պատասխանատուն: Իսկ Նիկոլը փաստաբան է, Փաստաբանների համաշխարհային միության անդամ:

«Ոչ մեկը չի հասկանում, թե ես ինչի համար եկած եմ այստեղ, ինչ ընելու համար եկած եմ, ինչու այս ծերությունս այստեղ կանցնեմ, երբ կրնամ թագավորի պես դուրսը կյանք վարել»,- ասում է Յովհաննէս Մանուկեանը: Նա բացատրում է, որ Համազգայինի Նշան Փալանճեան ճեմարանի իր ուսուցիչները ուզում էին վերադառնալ Հայաստան, բայց խորհրդային կարգերի ժամանակ չէին կարող, քանի որ «քաղաքական մարդիկ էին»: Նրանք իրենց աշակերտներին են պատգամել վերադառնալ Հայաստան:

«Եկած եմ ես այստեղ՝ իրենց խոսքը կատարելու համար: Ադ մարդիկը, երբ մեզի ուսում կուտային, ըսին՝ տղաքս, մենք ձեզի ուսում կուտանք, բայց դուք օր մը եթե մարդ դառնաք, հարուստ դառնաք, դրամ ունենաք, այդ ուսումը կվերադարձրեք հայրենիքին: Ես 70 տարեկան, անմիջապես ադիկա գլխուս զարկավ: Ես ոչինչեն ելած եմ: Աս ազգը ինձի կարդացուցած է, ազգի շնորհիվ է, որ մարդ դարձած եմ: Ես խղճի խայթ կունենամ, եթե պարտականությունս չկատարած ըլլամ այդ մարդոց»,- ասում է Յովհաննէս Մանուկեանը:

Նա Գրիբոյեդովում գնած իր հողատարածքը կտակել է Համազգային մշակութային միությանը, որը վայելում է ՀՅԴ հովանավորությունը: Յովհաննէս Մանուկեանն ասում է, որ դաշնակցական է ծնվել և դաշնակցական էլ կմեռնի, բայց միաժամանակ հավելում է, որ իրեն հետաքրքիր չէ, թե «Հայաստանը ինչ կուսակցության կպատկանե», քանի որ Հայաստանը պետք է կուսակցություններից վեր լինի:

Խորհրդային Միության ժամանակ Յովհաննէս Մանուկեանի գնած 109 հա հողամասում եղել է Հայաստանի ամենամեծ խոզաբուծարաններից մեկը: Ամեն ամիս այս խոզաբուծարանից 30 հազար գլուխ խոզի միս է ուղարկվել Ռուսաստան: Այժմ հողատարածքի գոմերից միայն 5-ն է կանգուն, 3-4-ը՝ քանդված ու կողոպտված է: Յովհաննէս Մանուկեանի՝ տարածքը գնելուց հետո էլ գոմերից մեկը քանդել ու կառուցատարրերը գողացել են:

Յովհաննէս Մանուկեանի հողամասում. կանգուն և քարուքանդ գոմերը

«Առաջին անգամ, երբ առի 2004թ., դեռ հայտնի չէր՝ Արցախում պատերազմ կար, ինչ պիտի ըլլա: Նպատակը՝ այստեղ առնել, ցորեն ցանել, մեր ազատամարտիկներուն օգնության հասնելու համար: Ցորենի առաջին հունձքը ունեցանք 33 տոնն: 33 տոննը, դժբախտաբար, չհասավ Արցախ. արդեն աստեղեն անոնք, որոնք կաշխատին, գողցան: Ով գողցավ՝ չիմացանք»,- պատմում է Յովհաննէս Մանուկեանը:

Հետո՝ 6 տարի շարունակ, նա առվույտ է ցանել հողամասում և վաճառել գյուղացիներին: Այժմ նա գոմերը և հողը վարձակալությամբ տվել է գյուղացիներին: Գրիբոյեդովի և մոտակա գյուղերի գյուղացիներն ամեն ինչ աճեցնում են նրա հողում: Գյուղացիների սեփական հողերը շատ ավելի փոքր են, և դրանցից շահույթ ստանալ չեն կարող: Իսկ Յովհաննէս Մանուկեանի հողը ոռոգվում է, գյուղացիները 2-ից 20 հա-անոց հողատարածքներ են վարձում ու հողագործությամբ զբաղվում: Հողերը վարձակալած գյուղացիները այս տարի, ցավոք, բերք չեն ստացել: Ուստի, Յովհաննէս Մանուկեանը ծրագրում է ինքն էլ այս տարի արտում առվույտ ցանել:

«Դժբախտաբար, գյուղացին չօգտվիր, ծանր հարկեր կան վրան, ծանր տուգանքներ կուգան: Հայաստանի ժողովուրդը իրավունք ունի կերակրվելու, ապրելու, ընտանիք մը պետք է ապրի: Խեղճ գյուղացին անոթի է: Բան մը չի մնար գյուղացիին: Անոթի ժողովուրդը ամեն ինչ կընե, երկիրն ալ կձգե կերթա, տունն ալ կձգե կերթա: Երկիրը անոթի ձգել չէ կարելի: Ամենեն առաջ՝ գյուղացին: Գյուղացիին իր տունը տվեք, արտը տվեք, որպեսզի ապրի, ոչ թե ըսեք՝ ասքան տուրք պիտի վճարեք, հարկ պիտի վճարեք: Մարդը ուտելու հաց չունի, որ քեզի հարկ վճարե: Տունը-տեղը կծախե, կերթա»,- ասում է Յովհաննէս Մանուկեանը:

Երկու-երեք տարի առաջ գյուղացիների ձեռքով նրան հասել է մի զրպարտագիր, որն ուղղված է իրեն և վարչապետին: Զրպարտագրում անհիմն մեղադրանքներ են հնչում Յովհաննէս Մանուկեանի հասցեին, կասկածի տակ դրվում նրա մտադրությունները, վերջում վարչապետին կոչ է արվում Հայաստանում հաստատված սփյուռքահայի գոմերը և դաշտը 5 տարով տրամադրել գյուղացիներին, իսկ չտրամադրելու դեպքում զրպարտագրի հեղինակը սպառնում է դիմել երկրի նախագահին՝ «հողաբաժինը ընդհանրապես առգրավելու պահանջով»: Զրպարտագրում նշվում է, թե այն ստորագրել է հարակից գյուղերի 123 բնակիչ, սակայն դրանում չկա ոչ որևէ անուն, ոչ ստորագրություն, ոչ կնիք, ոչ ամսաթիվ: Զրպարտագիրը ստանալուց անցել են տարիներ, բայց Յովհաննէս Մանուկեանը այլևս ոչ մի լուր չի ստացել ոչ զրպարտագրից, ոչ վարչապետից, ուստի ենթադրում է, որ զրպարտագիրը գրել է մեկ հոգի: Սփյուռքահայը այս և ծագող այլ հարցերը դատական կարգով լուծել չի ցանկանում, քանի որ դրա համար չէ, որ Հայաստան է եկել:

Այժմ Յովհաննէս Մանուկեանն աշխատում է «Իմ կյանքը» ինքնակենսագրական գրքի վրա: «Իմ կյանքը շատ խառնիճաղանջ, շատ բարդ կյանք եղած է: Կյանքս մեկ հատորով չի լրանար: Վաղը կյանքս, աս բոլորը պիտի գրեմ: Հայաստանը պիտի նկարագրեմ ինչպես որ է, որպեսզի մեր գալիք սերունդը առողջ վիճակի մեջ ըլլա: Թե ոչ՝ այսպես դեպի անկում կերթանք»,- ասում է նա:

Յովհաննէս Մանուկեանը նաև բանաստեղծություններ է գրում Ալագեազ գրական կեղծանունով: Բանաստեղծությունների 4 գիրք ունի:

Մեկնաբանություններ (10)

Armen T
This man is inspiring and an example of how anyone who claims to be Armenian should act towards Armenia. It's too bad however that more well to do Armenians aren't like him and stick to their self serving life style's in the diaspora while pretending to pay their dues to Armenia by participating in useless diaspora community events...
լոռեցի
օրհնվի քո ողջ գերդաստանը, պարոն մանուկըան, քո հոգու կորովն ու քո հայրենասիրությունը բարձր են ամեն բամբասանքից ու չարակամությունից; քեզ նման անհատներն են հույս ներշնչում, որ դեռ ամեն ինչ կորած չէ; ձեզ երկար և առողջ օրեր;
Գոհար Արշակյան
Երկար արև ունենաք...ապրեք, տա Աստված, որ այս հողը նույնքան հարազատ լինի Ձեր թոռներից գոնե մեկի համար... Դուք հրաշալի ուսուցիչներ եք ունեցել...
andy
the man is 80 years old or sometning, it is good,but look at what he says, hate mail, corruption, migration, and so on what about younger people who want to move there, afther all Armenia is not a graveyard to go there when you are over 70. as for the guy from Australia who wrote he wants to do the same, I hope you are over 70, otherwisw they will take you to the cleaners.
Zohrab
Know what you want Andy and do things right no one ever did bad to me yet and I don't expect and I'm not 70. Bad things happen everywhere not just in Armenia you are short sighted wherever you are look in your newspapers wherever you are u see similar daily good luck in your life and wish. Others good luck
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ինչ հոյակապ ու ոգևորություն ներշնչող կենսագրություն: Այո,ամենամեծ հայրենասիրությունը դա ԼԻՆԵԼՆ է:Ես բացարձակ չեմ հավատում,որ Հայը կարող է ԻՐԱՊԵՍ լինել երջանիկ օտար հողի վրա: Ցավալին ուղղակի այն է,որ այսօր Հայաստանում ՉԿԱ ՊԵՏԱԿԱՆ մակարդակով ներգաղթի ծրագիր. մեծ սխալ: Հայաստանի օլիգարխային իշխանություններին ձեռք է տալիս ՔԻՉ ու ԱՂՔԱՏ Հայ Հայաստանում: Համ դրսից տրանսֆերտներ են ստանում,համ էլ բացակաները «ընտրում » են իրենց. բարիկենդանի քառակուսի: ՀԳ. Ում անունով է գնել հողը պրն.Մանուկեանը, ի՞ ր:
Մլեհ
Ողջունելի է: Սակայն, ես կը նախընտրէի որ բարեմիտ Պրն. Մանուկեանի թոռներէն ոեւէ մէկը վերջնականապէս հաստատուէր Հայաստան, ծառայէր Հայոց Բանակին մէջ եւ այնուհետև ձեռնամուխ ըլլար քար-քարի դնելու գործին հայրենի՛ եզերքին վրայ: Հայրենիքը պահեստային գերեզմանոց չէ:
Նայիրի
սքանչելի ու յուսալից, աւաղ որ Հայաստանի ու Արցախի մէջ գիւղացիներու ու տեղացիներու նման երեւոյթը կը կրկնուի: Վարձքդ Կատար Պրն. Մանուկեան:
Լուսին
Ապրիս:
Zohrab
Well done hovanes I live in Australia I have been thinking of following your steps to come home when I retire read your article with great interest

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter