HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Խեղվող ճակատագիր եւ 2 ինքնասպանություն. ոստիկանական նախաքննության «հմայքը»

Այս տարվա հունիսի 26-ի վաղ առավոտյան Էրեբունի համայնքում գտնվող իրենց կիսակառույց տան 3-րդ հարկում հայտնաբերվեցին հայր եւ որդի՝ 62 տարեկան Պետրոս Գալուստովի եւ 30-ամյա Արտաշես Գալուստյանի դիակները՝ մետաղյա ճոպանով կախված:

Պետրոս Գալուստովի գոտկատեղից երկտող էին գտել՝ հասցեագրված վերջինիս դստերն ու կնոջը. «Ասիկ, Գայանե, մենք Արտաշի հետ հեռանում ենք, մեզ կներեք։ Աստված ձեզ պահապան»։

Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ՝ «Ինքնասպանության հասցնելու» հոդվածով, բայց մինչ օրս, ինչպես «Հետքին» տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից, որեւէ մեղադրյալ կամ կասկածյալ չկա: Նախաքննությունն առայժմ շարունակվում է:

Արտաշես Գալուստյանը «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ից կատարված խոշոր չափի գողության գործով մեղադրյալներից մեկն էր, եւ «ինքնասպանությունից» ընդամենը 5 օր առաջ էր ստորագրությամբ ազատ արձակվել: Նույն գործով երրորդ մեղադրյալի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը, հաշվի առնելով որոշ իրողություններ, չի բացառում, որ ինքնասպանության դրդապատճառը եղել են ոստիկանական ճնշումները: «Մյուս կողմից՝ կարող է եւ տուժող կողմն («Մանանա Գրեյն» ՍՊԸ) է ազդել՝ իր գումարները իբր գտնելու պատրվակով: Դա էլ չեմ բացառում»,- ասում է փաստաբան Սիմոնյանը:

Գողությունն ու գողոնի առեղծվածը

«Մանանա Գրեյն» ՍՊԸ-ն առավել հայտնի է իբրեւ Արմաշի ալյուր արտադրող ձեռնարկություն, բացի այդ՝ ընկերության գործունեության ոլորտում ներառված են Եղվարդի համակցված կերերի գործարանը, Արարատի քարերի ու սալիկների արտադրությունը։

2011թ. նոյեմբերի 21-ին ընկերության փոխտնօրեն Արմեն Մանուկյանն իր վարած «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան կայանել է Երեւանի Գետառի 4 հասցեում գտնվող «Սեմ» ռեստորանային համալիրի պատի մոտ եւ մտել «Տիգրան Մեծ» տպարան: Այդ ընթացքում, ըստ քրեական գործի նյութերի, նրան հետեւել են երկու երիտասարդներ՝ Էդգար Կարաքեշիշյանը եւ Արտաշես Գալուստյանը: Եվ ահա, ժամը 14:00-ի սահմաններում Գալուստյանը հսկել է տեղանքը, իսկ Կարաքեշիշյանը քարով կոտրել ավտոմեքենայի հետեւի աջ դռան ապակին ու մեքենայի սրահից հափշտակել 56 միլիոն 400 հազար դրամ, ինչպես նաեւ՝ մեկ ճամպրուկ՝ 2 կնիքով ու պաշտոնական փաստաթղթերով:

Գողությունը ֆիքսել են տարածքում տեղադրված տեսախցիկները: Էդգարն ու Արտաշեսը, նախաքննության տվյալներով, հաջորդ օրը մեկնել են ՌԴ, բայց կես տարի անց՝ 2012թ. մայիսին, վերադարձել են Հայաստան, եւ իրավապահները երկուսին էլ կալանավորել են:

26 տարեկան Էդգար Կարաքեշիշյանն ընդհանրապես ցուցմուք չի տվել, իսկ Արտաշես Գալուստյանը, ընդունելով մեղքը, կատարվածը մանրամասնություններով պատմել է: Նա նշել է, որ գողացված գումարի չափի մասին տեղյակ չէ, բայց գիտի, որ 4 միլիոն դրամ իրենց հետ տարել են Ռուսաստան, 6 միլիոն էլ տվել են ոմն Կարենի, որպեսզի անհրաժեշտության դեպքում ուղարկի իրենց: Իսկ դեռ Երեւանում Էդգարն իրեն փոխանցել է 450 հազար դրամ՝ անձնական կարիքների համար, 900 հազար էլ տվել է մոր վիրահատության համար:

Փաստորեն, Արտաշեսի ցուցմունքներով 11 միլիոն 350 հազարի ճակատագիրը բացահայտվել է: Թե ինչ է եղել գողոնի մյուս մասը, ոստիկանության Էրեբունու քննչական բաժինն այդպես էլ չի պարզել: Բայց այստեղ ուշագրավ հանգամանք կա. տարածքում առկա տեսախցիկների առգրավված տեսագրությունը պատկերում է դեպքի օրը մինչեւ 15:00-ն տեղի ունեցած իրադարձությունները: Տեսագրության այն հատվածները, որոնք նկարահանել են դրանից հետո կատարվածը, քրեական գործին կցված չեն:

«Այսինքն՝ իրենք ֆիքսել են գողացողներին, իսկ դրանից հետո տեսագրվածը միտումնավոր չեն կցում գործին, որովհետեւ կերեւա, թե տուժողը կոնկրետ ինչ գործողություն է կատարել տեղում: Եվ ես չեմ բացառում, որ գումար է թաքցվել, կամ գողացել են ավելի քիչ, քան հայտարարում են»,- ասում է փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը: Ըստ նրա՝ տարօրինակ է նաեւ «Մանանա Գրեյն»-ի փոխտնօրեն, տուժող Արմեն Մանուկյանի պահվածքը: Վերջինս, իր իսկ ցուցմունքի համաձայն, գողության մասին տեղեկացել է 15:30-ի սահմաններում: Բայց, չգիտես ինչու, ոստիկաններին դիմելու փոխարեն զանգել է գործընկերոջը, որն էլ դրանից կես ժամ անց գումարի հափշտակության մասին հայտնել է իրավապահներին: Թե ինչ է կատարվել այդ կես կամ 1 ժամվա ընթացքում, ով է հաղորդում տվող գործընկերը, մինչ օրս անհայտ է. գործում որեւէ տվյալ չկա:

«Նախաքննական մարմինը, ըստ երեւույթին, միայն հիմնվել է տուժող կողմի հայտարարության վրա, իսկ տուժողը կարող էր ասել՝ մեքենայից գողացել են 250 միլիոն դրամ: Ասածները պետք է ապացուցվեր, իսկ գործով նույնիսկ չի կատարվել համապատասխան փորձաքննություն, թե Մանուկյանի եւ ընկերության գանձապահի կողմից նկարագրված պոլիէթիլենային մեկ տոպրակում արդյոք հնարավո՞ր է 56 մլն 400 հազար դրամ տեղավորել, թե՞ ոչ»,- նկատում է փաստաբան Սիմոնյանը:

Գալուստյանի ցուցմունքներն ու երրորդ մեղադրյալի հայտնությունը

Արտաշես Գալուստյանն ի սկզբանե տվել է խոստովանական ցուցմունքներ՝ փոխարենը խնդրելով իր նկատմամբ դրսեւորել մեղմ վերաբերմունք: Ցուցմունքներից ոչ մեկում գողության հետ կապ ունեցող 3-րդ անձի մասին նա բառ անգամ չի նշել, նույնիսկ շեշտել է՝ «կատարվածի մասին բացի ինձանից եւ Էդգարից ուրիշ ոչ ոք չի իմացել»:

Սակայն այս տարվա հունիսի 19-ին կալանավոր Արտաշես Գալուստյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հանկարծ դիմում է գրել՝ պաշտպանից հրաժարվելու մասին: Դիմումն անհայտ ճանապարհով ոստիկանության Էրեբունու բաժնի գրասենյակ է մուտքագրվել հաջորդ օրը՝ հունիսի 20-ին: Իսկ մինչ այդ՝ հունիսի 20-ի առավոտյան, գործը քննող քննիչը՝ Մուշեղ Ալեքսանյանը, այցելել է «Նուբարաշեն» եւ արդեն անպաշտպան Գալուստյանին հարցաքննել, որի ընթացքում վերջինս «հիշել է», որ գողությանն օժանդակել է Աշոտ Առուշանյանը՝ Էդգարի ընկերը:

26-ամյա Աշոտ Առուշանյանը դպրոցն ավարտել է ոսկե մեդալով, գերազանցությամբ սովորել ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի բակալավրիատում, այնուհետեւ՝ ԵՊՀ-ի եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի մագիստրատուրայում` ստանալով համապատասխանաբար տնտեսագիտության ու գործարար կառավարման մագիստրի կոչումներ:

Որպես ռիսկերի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ՝ նա աշխատանքի է անցել HSBC բանկում եւ միաժամանակ ուսանել ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայում: Էդգար Կարաքեշիշյանի եւ Արտաշես Գալուստյանի հետ ունեցած կապի մասին Աշոտը պատմել է, որ պատանեկության տարիներին Էդգարի հետ հաճախել է բռնցքամարտի, բայց վերջին տարիներին նրան հանդիպել է հազվադեպ: Իսկ Արտաշեսին տեսել է մի քանի անգամ ու հետը ծանոթացել Էդգարի միջոցով:

Արտաշես Գալուստյանը Էդգար Կարաքեշիշյանը

Աշոտի հայրը՝ Լավրենտի Առուշանյանը, ասում է, որ որդուն «այս գործի հետ կապել են» առաջին հերթին իր ունեւոր լինելու հանգամանքի բերումով՝ հույս ունենալով, որ ինքը գողացված գումարը կվճարի, միայն թե որդուն չազատազրկեն:

«Չե՞ն մտածում, որ անմեղ մարդու հետ չի կարելի այդպես վարվել: Կալանավայրն անմեղ զոհին էլ կարող է հանցագործ դարձնել: Իմ տղան ոչ այդ գումարի կարիքն ուներ, ոչ էլ նման բան կաներ: Ինչո՞ւ են նրա ճակատագիրը, ապագան փչացնում»,- ասում է Լավրենտի Առուշանյանը:

Աշոտին ձերբակալել են հունիսի 20-ին, հենց այն օրը, երբ Արտաշեսը կալանավայրում ցուցմունք տալիս նրա անունը հիշատակել է: Հունիսի 20-ը, ըստ երեւույթին, իրադարձությունների ընթացքը շեղել է նաեւ այլ առումով: Արտաշեսի եւ նրա հոր ինքնասպանությունից հետո մի շարք լրատվամիջոցներ (այդ թվում հեռուստաընկերություններ), հաղորդելով կատարվածի մասին, միաժամանակ տեղակացնում էին, որ Արտաշես Գալուստյանն ազատ արձակվելուց առաջ քրեակատարողական հիմնարկում փորձել է ինքնասպան լինել (երակները կտրելու միջոցով), ինչը կանխվել է խցակիցների շնորհիվ:

Ավելի ուշ փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի հարցմանն ի պատասխան՝ ՔԿՀ-ից հայտնել են, որ նման դեպք չի արձանագրվել: Մինչդեռ ժամանակին Արտաշեսի գործած ինքնասպանության փորձի մասին տեղեկատվությունը որեւէ մեկը չէր հերքել: Ավելին, «Հայկական ժամանակը» նույնիսկ նշել էր, որ Գալուստյանը կալանավայրում փորձել է ինքնասպան լինել ազատ արձակվելու նախորդ գիշերը: Դա հունիսի 20-ն էր, այն օրը, երբ քննիչը «Նուբարաշենում» Արտաշեսին հարցաքննել է:

Վարկածը, որ ինքնասպանությունը կարող է ոստիկանական ճնշումների հետեւանք լինել, առաջին հայացքից անտրամաբանական է թվում, քանի որ առկախ է մնում այն հարցը, թե այդ դեպքում հայրը՝ Պատրոս Գալուստովն ինչո՞ւ է ինքնասպան եղել: Սակայն հենց դեպքի օրը Գալուստովի հորեղբոր կինը «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողին ասել է. « …Ես ենթադրում եմ, որ տղան ա գնացել կախվել, հետո հայրն էկել տեսել ա ու չի դիմացել»:

Վերոնշյալ վարկածն առավել իրատեսական կդառնա, եթե հաշվի առնենք փաստաբան Թադեւոս Ալեքսանյանի պատմածները: Առաջին օրերին նա ստանձնել է Աշոտի պաշտպանի դերը եւ մասնակցել նրա եւ Արտաշեսի առերես հարցաքննությանը:

Այնուհետեւ, վերապատմելով իր տեսածն ու տպավորությունները, փաստաբան Ալեքսանյանը Լավրենտի Առուշանյանին ասել է, որ Արտաշեսն ուղղակի «տռուպ» էր, ծեծված, ջարդված, ոչ ադեկվատ վիճակում, ոչինչ չարտահայտող հայացքով եւ այնքան զզված ամեն ինչից, որ պատրաստ էր ամեն ինչ գրել, միայն թե րոպե առաջ սենյակից դուրս գար: Լավրենտի Առուշանյանը փաստաբանի հետ ունեցած այս խոսակցություններից մեկը գաղտնի ձայնագրել է, որում վերոգրյալից բացի՝ Ալեքսայանն անգամ նշում է, թե հնարավոր է՝ Արտաշեսին նստեցրել էին շամպայնի շշի վրա:

Թադեւոս Ալեքսանյանը ժամանակին դատավոր է եղել: «Հետքի» հետ զրույցում նա չժխտեց, որ Աշոտի հորը նման բաներ ասել է, բայց վստահեցրեց, որ պարզապես դիմել է «փոքրիկ ստի» օգնությանը:

«Ես դա ասել եմ, որովհետեւ մարդը դիմացս նստած ասում էր՝ կմտնեմ ԿՊԶ եւ տղայիս կսպանեմ, եթե ինքն է: Ուզես-չուզես պետք է մի քիչ էլ սուտ խոսես, որ հանգստացնես- ասում է Թադեւոս Ալեքսանյանը,- մարդը չի ուզում ընդունել, որ իր տղան ինչ-որ բան արել է կամ չի արել. պետք է միայն խոսես այնպիսի բաներ, որ նրա դուրը գա: Դրանից ելնելով ես փորձել, երեւի մի փոքր էլ սահմանն անցել եմ եւ ասել՝ գիտես ինչ, քո տղան անմեղ է, նա չի արել, ոնց որ տղուդ գլխին ինչ-որ բան ա սարքվում… Իմ ենթադրությունն ինքն ուզում է դնել գործի հիմքում, այդպես ճիշտ չէ»:

Թադեւոս Ալեքսանյանը

Լավրենտի Առուշանյանը որդուն սպանելու վերաբերյալ փաստաբանի ասածը ծիծաղելի է համարում եւ ընդգծում, որ Աշոտի անմեղությանը ընդհանրապես չի կասկածել:

«Քանի որ ոչ թե քննիչը, այլ ես էի Թադեւոս Ալեքսանյանին վարձել, որդիս սկզբում նրան հավատացել ու լսել է, իսկ Ալեքսանյանը սկսել է համոզել, թե քննիչի ուզածով ցուցմունք տուր: Արտաշեսի հետ առերեսման ժամանակ այդ փաստաբանը 30-40 րոպեով ամենապատասխանատու պահին անհետացել է: Քննիչն է Արտաշեսին թելադրել, թե ինչ պետք է ասի, Արտաշեսը նույնիսկ հայտարարել է, որ Աշոտի ասածներն են ճիշտ, մի քանի անգամ որդուցս ներողություն է խնդրել, բայց այս ամենը չի արձանագրվել: Փաստաբան Ալեքսանյանի հանցավոր համաձայնությամբ նախաքննական մարմինն ինչ ուզել, արել է, եւ տղայիս գլխին սարքել են»,- ասում է Աշոտի հայրը: Նրա բողոքի հիման վրա Թադեւոս Ալեքսանյանի նկատմամբ Փաստաբանների պալատում վարույթ է սկսվել:

«Նման բան չի եղել, ես ասել եմ՝ եթե այդ մեղադրանքի 1 տոկոսն էլ իրականություն լինի, ես ոչ թե կհրաժարվեմ փաստաբանական լիցենզիայից, այլ կխնդրեմ, որ իմ վրա քրեական գործ հարուցեն,- ասում է փաստաբան Ալեքսանյանը: - Առերեսման ժամանակ ես ընդամենը 10-15 րոպեով եմ բացակայել, այն էլ առերես հարցաքննությունը, ըստ էության, ավարտվել էր: Մնում էր տեխնիկական պահը: Քննիչին ասացի՝ ես մի պահ դուրս գամ եւ գնացի զուգարան»:

Մեղադրանքի արժանահավատությունը

Աշոտ Առուշանյանը պատմել է, որ բերման ենթարկվելուց հետո իրեն տարել են ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Գարիկ Գաբրիելյանի աշխատասենյակ, որտեղ վերջինս մի քանի աշխատակիցների հետ սկսել է համոզել, թե «քննիչի մոտ կընդունես ինչ-որ պետք ա, քեզ բաց կթողնենք, մեկ շաբաթից թեկնածուական թեզիդ օրն ա, կգնաս, կպաշտպանես»:

Սակայն Աշոտն առաջին ցուցմունքում կտրականապես հերքել է գողության հետ իր առնչությունը: Ժամեր անց վերջինիս շահերը պաշտպանելու համար գործում ներգրավվել է փաստաբան Թադեւոս Ալեքսանյանը:

«Էրեբունու ոստիկանապետը, քննիչը եւ նախկին պաշտպանս ինձ համոզում եւ հորդորում էին, որ ասեմ, թե Էդգար Կարաքեշիշյանին տեղեկություններ եմ տվել «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի մասին,- հետագայում տված իր ցուցմունքներից մեկում մանրամասնել է Աշոտը,- միլպետն ու քննիչն ասում էին, որ իրենց ընկերներից ինձ համար իբր թե բարեխոսել են, եւ որ ես ազատ կարձակվեմ, եթե ընդունեմ քիչ հետո տեղի ունենալիք առերեսման ընթացքում ասվելիքը»:

Աշոտը, ինչպես ինքն է ասել, տեղի տալով միլպետի եւ պաշտպանի հորդորներին, ի վերջո, համաձայնվել է կրկնել նրանց ցուցումներից համեմատաբար մեղմ տարբերակը: Նա ցուցմունք է տվել, որ մի օր բանկի մոտ Էդգարի հետ կանգնած է եղել, այդ պահին Արմեն Մանուկյանը գումարը թափանցիկ տոպրակի մեջ լցրած մտել է բանկ, Էդգարը հարցրել է, թե ով է այդ մարդը, ինքն էլ ասել է՝ «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի փոխտնօրենը: Հապշտապ կազմակերպվել է Աշոտի եւ Արտաշեսի առերեսումը, բայց դրանից անմիջապես հետո ազատ է արձակվել Արտաշեսը:

Հունիսի 21-ին Էրեբունի վարչական շրջանի դատախազ Հովհաննես Սուքիասյանը գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանին զեկուցագիր է ներկայացրել Արտաշես Գալուստյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը ստորագրությամբ փոխարինելու մասին: Կայծակնային արագությամբ այս զեկուցագրին հասցրել է հավանություն տալ Երեւան քաղաքի դատախազ Հրաչյա Բադալյանը, այնուհետեւ՝ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը, իսկ հետո գործը հսկող դատախազ Տիտան Ուզոյանը որոշել է Արտաշեսին ազատ արձակել՝ քաղաքից չբացակայելու պայմանով:

Ընդ որում՝ իբրեւ հիմնավորում զեկուցագրում նշվել է, թե Գալուստյանը գործի համար կարեւոր նշանակություն ունեցող իր ցուցմունքներն առերես պնդել է ինչպես Էդգար Կարաքեշիշյանի, այնպես էլ Աշոտ Առուշանյանի հետ հարցաքննության ժամանակ: Այնինչ, Աշոտի եւ Արտաշեսի առերեսումն ավարտվել է աշխատանքային ժամի ավարտից հետո եւ ենթադրաբար զեկուցագիրը կազմվել է մինչ այդ: Իսկ Էդգարն ու Արտաշեսն առերես ընդհանրապես չեն հարցաքննվել:

«Ակնհայտ է դառնում, որ նախաքննական մարմնի եւ Արտաշես Գալուստյանի միջեւ տեղի է ունեցել «գործարք». Արտաշես Գալուստյանը Աշոտ Առուշանյանի դեմ տվել է ցուցմունքներ, որի փոխարեն կալանքից ազատ է արձակվել»,- ասում է Աշոտի ներկայիս պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:

Հիմնվելով Արտաշեսի ցուցմունքի վրա՝ քննիչ Մուշեղ Ալեքսանյանը գործում Աշոտին ներգրավել է իբրեւ մեղադրյալ եւ որոշման մեջ ձեւակերպել, որ Աշոտ Առուշանյանը 2011թ. հունիսին քննությամբ չպարզված օրը Կարապի լճի տարածքում գտնվող սրճարաններից մեկում հանդիպել Էդգարին եւ Արտաշեսին ու նրանց տվել HSBC բանկից հանված տպագիր մի փաստաթուղթ: Այն տվյալներ է պարունակել «Մանանա Գրեյն» ընկերության փոխտնօրենի Երեւան գալու օրերի հաճախականության եւ նրա կողմից բանկին փոխանցվող գումարի չափի մասին:

«Խնդիրն այն է, որ Աշոտ Առուշանյանը 2011թ. հունիսի 6-ից 28-ը Հայաստանում չի եղել. գտնվել է Մեծ Բրիտանիայում, հետեւաբար չէր կարող որեւէ մեկին հանդիպել եւ տեղեկություններ տալ: Իսկ ամսվա մյուս օրերին՝ մինչեւ հունիսի 6-ը եւ 28-ից հետո, համաձայն բջջային օպերատորների տվյալների՝ չի եղել որեւէ դեպք, որ կայաններից մեկն այդ 3 անձանց հեսախոսահամարները միաժամանակ սպասարկեր,-ասում է փաստաբան Սիմոնյանը,- այսինքն՝ հենց նախաքննության ձեռք բերած փաստերով Աշոտ Առուշանյանի մեղադրանքի հիմքում դրված միակ ապացույցը՝ Արտաշես Գալուստյանի ցուցմունքը, հերքվում է»:

Պաշտպանը նաեւ նշում է, որ նախաքննական մարմինն այդպես էլ համապատասխան փորձաքննությամբ որեւէ ապացույց ձեռք չի բերել այն մասին, որ Աշոտը բանկի համակարգչից գաղտնի հանել է տվյալներ:

Լիպարիտ Սիմոնյանը քննիչ Մուշեղ Ալեքսանյանին միջնորդել է Առուշանյանին առաջադրված մեղադրանքը վերացնել եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել: Նա շարադրել է մի շարք հիմնավորումներ, որոնք փաստում են մեղադրանքի անհիմն լինելը: Քննիչը միջնորդությունը մերժել է, իսկ նախաքննությունն արդեն ավարտվել է: Փաստաբանը քննիչի որոշումը բողոքարկել է դատախազին: Եթե վերջինս էլ մերժի, առաջիկա օրերին գործը կուղարկվի դատարան:

Առաջադրված մեղադրանքով Աշոտ Առուշանյանին սպառնում է 4-ից 8 տարվա ազատազրկում:

Մեկնաբանություններ (6)

ԿԱԽՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ
--Հանցագործություն կատարած Արտաշես Գալուստյանին ինչ իրավական հիմքով են բաց թողել? Ով է բաց թողնողը? -- --Հունիսի 21-ին Էրեբունի վարչական շրջանի դատախազ Հովհաննես Սուքիասյանը գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանին զեկուցագիր է ներկայացրել Արտաշես Գալուստյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը ստորագրությամբ փոխարինելու մասին: Կայծակնային արագությամբ այս զեկուցագրին հասցրել է հավանություն տալ Երեւան քաղաքի դատախազ Հրաչյա Բադալյանը, այնուհետեւ՝ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը, իսկ հետո գործը հսկող դատախազ Տիտան Ուզոյանը որոշել է Արտաշեսին ազատ արձակել՝ քաղաքից չբացակայելու պայմանով:--- Որից հետո հայր ու տղա իրենց կամքով իրար հետեւից կախվեցին??? Հալա մի քիչ մտածեք թե սա ինչ է նշանակում!!!ԱՆՀԱՎԱՏԱԼԻ Է ԺՈՂՈՎՈՒՐԴ!!! ՍԱ ԽՄԲԱԿԱՅԻՆ ՄԱՐԴԱՈՐՍ Եւ ՄԱՐԴԱԿԵՐՈՒԹՅՈՒՆ Է:
liana
inchqan zzveli erkir unenq, vortex mardn iren erbeq pashtpanvats chi zgum...dra hamar vor paron serj@ lurj demqov barepoxumnerica xosum, mardu menak cicaxn e galis...lriv tatron...poxeq vor havatanq
ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ քաղաքացի
Հարգելի հայրենակիցներ, երեկ տոնեցինք մեր ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 21ամյակը:Աշոտի ծնողները 21 տարի առաջ իրենց քվեն տվել էին, որ ունենան սոցիալական, իրավական պետություն: Այսօր այդ նույն պետության մեջ մնացել են անպաշտպան: Մեր ոստիկանապետը ասելիք չունի? Քաղաքացուն առանց ծանուցագիր ուղարկելու, գալիս աշխատանքի վայրից դուրս գալիս բիրտ ձևով շղթայում են: Հանցագործություն կատարած Արտաշես Գալուստյանին ինչ իրավական հիմքով են բաց թողել? Ով է բաց թողնողը?
Karen
Был бы человек, статьа найдетс
Էդիկ Բաղդասարյան
Եթե նախագահ Սերժ Սարգսյանը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ուզում են դատաիրավական համակարգում բարեփոխումներ անել, այսինքն եթե մի կաթիլ ցանկություն ունեն այդ բարեփոխումները տեղից շարժելու, ապա պետք է սկսեն կոնկրետ գործերով: Այս պատմության մեջ ներգրավված իրավապհները պետք է անմիջապես հեռացվեն համակարգից եւ նրանց նկատմամբ քրեական գործեր պետք է հարուցվեն: Քննիչներ, դատախազներ, քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներ, դատավորներ եւ փաստաբան: Նրանք բոլորը պետք է պատժվեն: Բարեփոխումները գործով են ցույց տալիս, ոչ թե պարբերաբար հեքիաթներ պատմելով:
Anahit
Nman ban miayn HH-um e patahum.Heto el xosum en artagaghti masin.Ba inch piti anen Ashoti nmannery? Es anardar, korumpacvac erkrum nranq aneliq chunen. Piti mtacen erkiry lqelu masin. Amen inchic zrrum e,vor es tgayi glxin saequm en,qavutyan noxaza. Anyndhat xosum en giteliqahenq hasarakutyan masin,bayc amen inch anum en ,vor xelaci u taghandavor eritasardnery paxchen erkric. Ashoti nman xelaci,taghandavor eritasardnery sranc dzer chen talis, amen inch anum en nranc chnshelu, husahatecnelu hamar. Sranc petq en lkti, sandzardzak, anbaroyakan,angraget eritasardner,voronq hetagayum piti darnan es erkri terery.Ayjmyan hay ishxanavorneri mec masy henc ed kategoriayin en patkanum. Isk datairavakan hamakargn el henc nranc e spasarkum. Es shat em cankanum,vor Ashoty chynkchvi,pind mna,dimana, es pordzutyunic shutapuyt durs ga. Cnoghnerin el hamberutyun em cankanum, togh Astvac dzer het lini.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter