HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Զեյթունի մանկապարտեզը. «Հայարտուն»

Մանկապարտեզում լուսանկարչական ապարատը գրավել էր փոքրիկներից մեկի ուշադրությունը: Սև ու խոշոր աչքերը զննում էին անսովոր սարքը, ֆոտոխցիկը նրա մտքում երևի դարձել էր օրվա խաղալիքը. հետաքրքրությունից աչքերն ավելի էին մեծացել: «Էս մեր Զեյթունն է,- ասաց դաստիարակչուհին` Նարինե Ղուշչյանը, շոյեց աղջկա գլուխն ու նստեցրեց գիրկը,- որ էսպես մեծ, սիրուն աչքեր ունի, ասում ենք Զեյթուն»: Աղջկա անունն Էլեն է. մանկապարտեզն ավարտելուց հետո էլ գուցե նրան Զեյթուն ասեն, եթե, իհարկե, նա սովորի հայկական դպրոցում: Թբիլիսիի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի կրթության հարցերով պատասխանատու Մարի Առաքելովան ասում է, որ իրենց սաները ավարտելուց հետո երբեմն նախընտրում են ոչ թե հայկական, այլ ռուսական և վրացական դպրոցները:

Մեկ տարի է, ինչ գործում է «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի նախակրթարանը: Վիրահայերին փոքրուց ազգային կրթությունը հասանելի դարձնելու՝ կենտրոնի նպատակը չի փոխվել, բայց մեկ տարվա պատմության ընթացքում նախակրթարանում սովորել են ոչ միայն հայ երեխաներ:

Կենտրոնի կրթության հարցերով պատասխանատու Մարի Առաքելովան ասում է, որ նախակրթարանում իրենք ունեցել են նաև ռուս և վրացի սաներ: «Քանի որ «Հայարտունը» շատ ապահով, հանգիստ միջավայր է, ամենակարևորը` դասընթացները մեզ մոտ անվճար են և բավական բարձր մակարդակով են անցկացվում, համապատասխանաբար պահանջարկն էլ շատ մեծ է, և ծնողները նախընտրում են իրենց երեխաներին բերել այստեղ»,- ասում է Մարի Առաքելովան:

Ծնողներն իրենց երեխաներին երբեմն նաև մինչ ավարտելը հանում են նախակրթարանից, որովհետև, ինչպես նշում է Մ.Առաքելովան, զգում են, որ հայկական կրթության հիմքերը խորն են դրվում մանկապարտեզում: «Նրանք տեսնում են, որ այստեղ իրենց երեխան ազգագրական պար է սովորում, ազգագրական երգ, ամեն ինչը ազգայինի, հայերենի հետ է կապված, երեխային հանում են, որովհետև նպատակ ունեն, օրինակ, ռուսական դպրոց տալու: Դրա համար բերում են ասենք 1,5 տարի, երբ տեսնում են, որ երեխան ամբողջովին հայերեն է սովորում, հանում են»,-  ասում է Մարի Առաքելովան: Միակ պատճառը, որ մինչև հիմա երեխային նախակրթարանից հանել են, նրա խոսքով, դա է եղել:

Մինչ այժմ նախակրթարանի շրջանավարտներից  9-ը գնացել են հայկական դպրոց, իսկ 3-ը՝ ռուսական: Վերջիններիս ծնողներից երկուսը եղել են ռուս, մեկինը՝ վրացի:

Այս տարի նախակրթարան ընդունվել է 40 երեխա: Մարի Առաքելովայի խոսքով՝ սովորող երեխաներից 10-ը դպրոցական տարիքի են, բայց դժվար է ասել՝ նրանք կգնան հայկական, ռուսական, թե վրացական դպրոց:

Նախակրթարանից փոքրիկները դուրս են գալիս հայերենի իմացությամբ: Նրանցից մի քանիսը թեկուզ հնչյունների ռուսական շեշտադրությամբ, բայց խոսում են հայերեն: Ռուսական կամ վրացական դպրոց հաճախելու դեպքում գուցե բոլորովին մոռանան այն, ինչ սովորել են մանկապարտեզում, այդ թվում` անգիր սովորած հայերեն բանաստեղծությունները:

«Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի  կազմում, բացի նախակրթարանից, գործում են նաև երկու կիրակնօրյա դպրոցները: Մեկը` մինչև 18 տարեկանների, մյուսը`18-ից բարձր տարիք ունեցողների համար` առանց տարիքային սահմանափակման: Եթե հայ երեխաներից որևէ մեկը որոշի ռուսական դպրոց հաճախել, կարող է համադրել ռուսական կրթությունը կիրակնօրյա դպրոցի ուսուցման հետ: 18-ից բարձր տարիք ունեցողների համար նախատեսված «Սուրբ Եղիա» կիրակնօրյա դպրոցը նույնիսկ 75 տարեկան «աշակերտ» է ունեցել:

«Հայարտուն»-ի կազմում նախկինում գործել է նաև Հայկական վիրտուալ համալսարանի մասնաճյուղը: Ինչպես նշեց Մարի Առաքելովան, ՀԲԸՄ(Հայկական բարեգործական ընդհանուր միություն)-ի կողմից հովանավորվող հայկական վիրտուալ համալսարանը նախատեսվում է վերաբացել Հ. Թումանյանի թիֆլիսյան տուն-թանգարանում վերանորոգումից հետո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter