HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Կով կթելուց մինչև սենսորային հեռախոս. Ներքին Շորժայի կանանց ձեռքից ամեն ինչ գալիս է (վիդեո)

Եթե «դեպուտատ» այցելի Ներքին Շորժա գյուղ, հայտնվի սուրճի սեղանի շուրջ հավաքված այդ կանանց տանը, ինչպես «Հետքի» լրագրողները, ապա տիկին Մարիետան նրան ասելու բան ունի. «Գյուղացու տանջանքն շատ ա, բայց չեն գնահատե, մանավանդ էդ քաղաքացիք: Կաթի գինն ա հիջուն ցած, 100 դրամն ինչ ա, քաղաքում կես լիտր ջրու գին էլ չի, էտի կտան, սթից-փթից կխաբեն, որ նեղի ենք, մենք էլ սուս-փուս կմնանք, ինչ էնենք»: Տիկին Մարիետան ու նրա սեղանակից ընկերուհիները Վարդենիսից Ներքին Շորժա են եկել սարում անասունները պահելու համար: Ամեն օր մեկի ամուսինը անասուններին սար է տանում: Երեկոյան կանայք կթում են անասուններին,  հավաքում կաթը, պանիր, կարագ սարքում և ափսոսում են, որ չեն կարողանում նորմալ գնով իրացնել: Ասում են, որ գյուղում հնարավոր չէ վաճառել, ապրանքը պետք է տանել Երևան, «Էրեվան էլ ով ա գնացողը»: Ստիպված էժան վաճառում են կաթնամթերք արտադրող ընկերություններին:

Այստեղ ավարտվում է տիկին Մարիետայի դժգոհությունը տեսախցիկի առաջ: Ոչինչ, որ կաթը ջրից էժան է. նա առանց ժպտալու չի խոսում, ծիծաղելով պատմում է, որ բոլորին «կաշխատցու, որ քրջոտ-մրջոտ ման չգան»:  Սուրճի ժամին սեղանին նաև օղու շիշ է դրված՝ գրեթե դատարկ: Բայց տիկին Մարիետայի առույգությունը, ինչպես տեղեկացրին ընկերուհիները, այլ պատճառ ունի. «Իրա մարդը որ հանքում ա աշխատում, լավ փող ա առնում, ըտենց մեծ-մեծ կխոսա» (ծիծաղում են-Մ.Մ.):

Մարիետան չորս երեխա ունի, յոթ թոռ: Տղաներից մեկն ամուսնացած է, մյուսը նոր է բանակից եկել: Ամուսինը հանքափոր է:  Ասում է` մանկապարտեզ գնացող թոռնիկն էլ է իրենց հետ դաշտում աշխատում, թե չէ «իմա՞լ կապրեն»: «Մկա գյուղացին շատ ա կտանջվի, թե կնիկը, թե մարդը, թե էրեխեք: Բանակից էկած, ամուսնացած տղերքս ընտեղ խոտ ա կքաղեն, բա անասունները ձմեռը ի՞նչ ուտեն,- ասում է տիկին Մարիետան ու արագ-արագ թվում իրենց ծրագրերը,- էն մեկին հեսա պիտի ամուսնացում, էն մեկելին տուն շինեմ…»:

Չարչարանքով պահված անասունները Նոր տարուն հեշտությամբ մորթվում են, որովհետև գյուղացիները ինչպես սովոր են «ընտիր» տանջվելուն, այնպես էլ «ընտիր  պատիվ ա կուտան»: «Նոր տարուն մի խատ կով մորթենք սաղիս չխերքա, 50-60 կիլոյանոց խոզ ա կմորթենք, որ լավ Նոր տարի էնենք»,- ասում է Մարիետան:

Կանայք ասում են, որ գյուղում իրենց համար հող մշակելուց ու անասուն պահելուց բացի այլ աշխատանք չկա, իսկ, Մարիետան էլ օրինակ է բերում իր տալի հարսին, որ երիտասարդ է, 30 տարեկան, բայց հող է մշակում, անասուն պահում: Հետո էլ ավելացնում է, որ ամեն դեպքում իրենք «ակուրատնի են». «Կքսվենք էլ, կֆենենք էլ, բա ի՞նչ, հետո ի՞նչ, որ գյուղում ա կապրենք»:

Ն.Շորժայի կանանց մի ուրիշ խմբի հանդիպեցինք գյուղի փողոցում: Նրանք իրար հեռախոսով ինչ-որ բան էին ցույց տալիս: Հեռախոսները սենսորային էին: Հետաքրքիր էր ու անսպասելի, որ կով կթող ու հող մշակող ձեռքերն այդքան սովոր են սենսորային էկրաններին: Նրանք առանց խոսելու հաստատեցին Մարիետայի ասածը. «Հետո ի՞նչ, որ գյուղում ա կապրենք»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter