HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

ՀԴՄ կեղծ կտրոններ. ինչո՞ւ չեն գտնում հետախուզվողին

2010թ. նոյեմբերին ՊԵԿ-ի քննչականում հարուցվեց քրեական գործ՝ խոշոր խմբաքանակի կեղծ հսկիչ-դրամարկղային (ՀԴՄ) կտրոններով բոնուսային գումարներ ստանալու եւ դրանով պետությանը առանձնապես խոշոր չափերով վնաս հասցնելու փաստով:

Նշված ժամանակաշրջանում ՀԴՄ կտրոններով վիճակախաղում շահելուց բացի, հնարավորություն կար նաեւ որպես բոնուս հետ ստանալ կատարված գործարքի 1 տոկոսը: Ասենք, քաղաքացին ներկայացնում էր 1 միլիոն դրամի գործարքով ՀԴՄ կտրոններ, եւ պետությունը դրա 1 տոկոսը՝ 10 հազար դրամը, վերադարձնում էր: Եվ ահա, վերոնշյալ գործի շրջանակներում նախաքննական մարմինը պարզել է, որ կազմակերպված կայուն հանցավոր խումբը ավելի քան 5 միլիարդ 900 միլիոն դրամի կեղծ ՀԴՄ կտրոններով պետությունից ստացել է 59 միլիոն 30 հազար դրամ:

Կայուն հանցավոր խմբի գործն արդեն դատարանում է, բայց ամբաստանյալը մեկն է՝ կարմիր դիպլոմով Երեւանի ճարտարագիտական համալսարանն ավարտած, 21-ամյա Իշխան Գեւորգյանը: Նրան սկզբում մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով խարդախությանը հանցակցելու համար: « Իշխան Գեւորգյանը օժանդակել է Սամվել Թազիյանին մի շարք քաղաքացիների անձնագրերի պատճեներ եւ ակնհայտ կեղծ ՀԴՄ կտրոններ օգտագործելու միջոցով խաբեության եղանակով հափշտակել խոշոր չափերով՝ 1 միլիոն 856 հազար 200 դրամ գումար»,- գրել է քննիչ Էդիկ Հակոբյանը:

Ավելի ուշ, սակայն, Իշխանին առաջադրված մեղադրանքը խստացվել է, քանի որ գործը քննողները «պարզել են», որ նա հանցակցել է ոչ թե խոշոր, այլ առանձնապես խոշոր չափերով խարդախությանը, եւ որ կատարվածի դիմաց Սամվել Թազիյանը Իշխանին 7 միլիոն դրամ է վճարել: Բացի այդ, ըստ նախաքննական մարմնի, Իշխանը «ՀԴՄ կեղծ կտրոններ պարունակող խմբաքանակների դիմաց բոլուսային գումարներ հափշտակելու եւ վճարվելու համար 2010թ. մայիս-նոյեմբեր ամիսներին «Հայփոստ» ՓԲԸ-ի Երեւանի թիվ 0004 եւ 0026 բաժանմունքների աշխատակիցներ Անուշ Մկրտչյանին եւ Ամալյա Գեւորգյանին տվել է համապատասխանաբար 1 միլիոն եւ 300 հազար դրամ առեւտրային կաշառք»:

«Այդ մարդիկ եկան դատարան, իբր 1 միլիոն կաշառք ստացողն ասաց՝ բացարձակ սուտ է, ի՞նչ կաշառք- պատմում է Իշխանի հայրը՝ Սամվել Գեւորգյանը,- տղաս այդ ամիսների ընթացքում 1 տոկոս բոնուսով ընդհանուրը 700 հազար դրամ է աշխատել: Երբ բոնուսները ստացել է, ասենք՝ 52 կամ 54 հազար դրամ, պոչը՝ 2 կամ 4 հազարը, թողել է պոչտայում, որովհետեւ 6 ամիս նույն բաժանմունքներում կտրոններ է հանձնել, հերթ է կանգնել: Հիմա այդ պոչերը դարձրել են կաշառք ու թիվը հասցրել 1,3 միլիոն»:

Հոր ներկայացմամբ՝ Իշխանը ենթարկվել է վիրահատության, ինչի արդյունքում վերջինիս զորակոչը բանակ 6 ամսով հետաձգվել է: Այդ ընթացքում նա ընկերներից, ծանոթներից ու բարեկամներից հավաքել է տարբեր գնումներից գոյացած ՀԴՄ կտրոններ եւ հանձնելով «Հայփոստի» բաժանմունքներում՝ ստացել համապատասխան բոնուսներ:

«Կտրոնները հանձնելիս հենց պոչտայում նա ծանոթացել է նույն գործով զբաղվող, բայց հիմնականում խոշոր խմբաքանակով կտրոններ հանձնող Սամվել Թազիյանի հետ: Հետո որդիս սկսել է մինչեւ 80 տոկոս արժեքով Սամվելից կտրոնները գնել,- մանրամասնում է Իշխանի հայրը,- ասենք՝ 10 միլիոն դրամի կտրոնների բոնուսը՝ 1 տոկոսը, կազմում է 100 հազար, որդիս այդ խմբաքանակը նրանից 80 հազարով գնել է, ինքը հերթ կանգնել, հանձնել դրանք եւ արդյունքում 20 հազար դրամ աշխատել: Սա է ամբողջը»:

Ինչ վերաբերում է անձնագրերի պատճեներին, Սամվել Գեւորգյանի խոսքերով՝ Իշխանը սկզբում անձամբ իր անձնագրի պատճենով է բոնուսները ստացել: Հետո փոստային բաժանմունքի աշխատակիցներն ասել են, թե «լավ կլինի՝ աչք չծակես եւ միշտ քո անունով կտրոններ չհանձնես»:

«Որդիս էլ սկսել է սկզբում իր նեղ շրջապատի՝ ընկերների, մեր բարեկամների անձնագրերի պատճեներով բոնուսները ստանալ: Հետո 1000 դրամով տարբեր մարդկանցից անձնագրի պատճեներ է գնել, ձեռքի հետ էլ Սամվել Թազիյանին վերավաճառել է 3-4 հազար դրամով,- պատմում է Իշխանի հայրը,- բայց այդտեղ քրեորեն պատժելի արարք չկա: Բոլորը եկել են դատարան ու ցուցմունք տվել՝ Իշխանը ոչ մեկին չի խաբել եւ բոլորին ասել է, որ պատճեներով ՀԴՄ կտրոններ է հանձնում: Չէ՞ որ նա սկզբում միայն իր անձնագրի պատճենով է հանձնել, թող պոչտայի աշխատողները չասեին, ինքն էլ սրանից-նրանից պատճեներ չգներ»:

Իշխան Գեւորգյանի փաստաբանը հանրային պաշտպան Մարինե Թովմասյանն է: Նա հենց առաջին հանդիպման ժամանակ Իշխանին լուսանկարել է, որտեղ երեւում է տղայի վնասված շրթունքը:

«Մինչեւ ոստիկանության Քննչական գլխավոր վարչություն հանձնելը, գործով ՊԵԿ-ն էր զբաղվում: Առաջին օրը ՊԵԿ-ում էդ ազրայելների՝ մասկաներով սրան-նրան բռնողների վարորդը տղայիս այնպես է հարվածել, որ ուշագնաց է եղել,- ասում է Սամվել Գեւորգյանը,- դե, եթե վարորդը կարող է իրեն նման բան թույլ տալ, պատկերացրեք, թե ինչ է կատարվում»:

Փոխանցելով Սամվել Թազիյանի խոսքերը՝ Իշխանը իրավապահներին ասել է, որ Թազիյանն էլ է ՀԴՄ կտրոնները գնում, իսկ թե կոնկրետ ումից, չգիտի: Հենց այս ցուցմունքի հիման վրա էլ «ձեւավորվել է» կայուն հանցավոր խումբը:

«Որ գործել է կայուն խումբ, որեւէ ապացույց որպես այդպիսին գործում չկա: Այսինքն՝ միայն ենթադրաբար է ասվում: Ես էլ դատարանում ուղղակի հայտարարեցի, որ եթե միայն ասելով ու ենթադրելով է, ես էլ ասում ու ենթադրում եմ, որ ոչ թե այս գործողություններն են կատարվել կազմակերպված կայուն հանցախմբի կողմից, այլ քննիչը գրել է, դատախազը հաստատել, դատավորն էլ դատավճիռ է կայացնում: Եղավ կազմակերպված կայուն խումբ»,- նշում է փաստաբան Թովմասյանը:

Սամվել Թազիյանը հետախուզման մեջ է: Վերջինիս կինը եւ հարազատ եղբայրը նույնպես երկիրը լքել են: Բայց այս ընթացքում իր շահերը պաշտպանելու համար Սամվելը Թազիյանը փաստաբանի անունով Մոսկվայից լիազորագիր է ուղարկել, որտեղ նշված է կոնկրետ հասցե:

«Էս ամենով հանդերձ՝ այդ մարդկաց իբր չեն կարողանում գտնել: Ես 100 անգամ դատախազ Լեռնիկ Հովհաննիսյանին ասել եմ՝ էդ տղան 20 օրվա ամուսնացած էր, կնոջ ծնողների հեռախոսները լսեք եւ անհնար է, որ միմյանց հետ չխոսեն,- ասում է Իշխանի հայրը,- վերջը պարզեցին, որ զանգեր կան, բայց ասում են՝ ստուգել ենք, ու զանգող համարը ինչ-որ ուզբեկի անունով է: Ձախ ձեռքի գործ. փոխանակ պարզեն, թե կոնկրետ որ կետից են զանգում ու գնան բռնեն, ստեղից ընդեղ համարի տիրոջ անունն են ճշտում»:

«Սամվել Թազիյանի հեռախոսահամարի վերծանումներով պարզվել է, որ նա հեռախոսակապ է ունեցել ոստիկանության օպերատիվ հետախուզության վարչության աշխատողների հետ: Բացի դրանից՝ ակտիվ հեռախոսային կապի մեջ է եղել նաեւ ՊԵԿ մի քանի աշխատակիցների հետ, որոնցից մեկը նույնիսկ բաժնի պետ է: Սակայն այս մասով քննություն չի տարվել եւ ոչինչ չի պարզվել»,- ասում է փաստաբան Մարինե Թովմասյանը: Նա Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհաուր իրավասության դատարանում անգամ կոնկրետ անուններով միջնոդել է վերոնշյալ անձանց հրավիրել դատարան եւ հարցաքննել: Բայց դատավոր Արմեն Վարդապետյանը միջնորդությունը մերժել է:

«Պարզ է չէ՞, թե ինչու: Որովհետեւ էս կեղծ ՀԴՄ-ների իրական պատմությունը կարող է բացահայտվել, հայտնի մարդկանց անուններ ու կապեր կարող են ջրի երես դուրս գալ: Իսկ դա նրանց պետք չէ,- ասում է Սամվել Գեւորգյանը: - Ինչ թիվ ուզում ու ոնց ուզում, գրում են, իմ գլխի տակ էլ անընդհատ փափուկ բարձ էին դնում, թե՝ տղեդ մեղավոր չի, մենք գիտենք, հեսա Թազիյանին կբերենք, իրան բաց կթողնենք: Ըտենց խաբելով էլ դատախազը գործը տարավ դատարան, հիմա էլ որդուս համար 8 տարվա ազատազրկում է պահանջում»:

Փաստաբան Թովմասյանն այսօր իր ճառով միջնորդելու է Իշխանին արդարացնել: Նա վստահ է, որ տղան խարդախություն հետ որեւէ կապ չունի:

«Տեսեք՝ ՀԴՄ կտրոնների գլանափաթեթը խիստ հաշվառման տակ է. դրանք համարակալված են, եւ տնտեսվարողներին միայն հարկայինն է բաժանում՝ կոնկրետ իմանալով, թե որ համարի գլանափաթեթն ում տրվեց: Այս դեպքում դրանք տրված են եղել նաեւ հայտնի ընկերությունների՝ «Վաս գրուպ», «Մեկ կահույքի սրահ», պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» եւ այլն,- մանրամասնում է փաստաբան Թովմասյանը,- նախաքննական մարմինը ՀԴՄ կտրոնները համեմատել է այդ ընկերությունների տվյալ օրվա շրջանառության հետ եւ պարզել, որ շրջանառությունն ավելի քիչ է եղել: Այս հիմքով էլ համարել են, որ կտրոնները կեղծ են: Իսկ գուցե իրական շրջանառությունն է թաքցվել: Գուցե ՀԴՄ կտրոնները տպվել են, բայց հարկային չեն ներկայացվել: Սրա հետ կապված էլ քննություն չեն տարել»:

Ըստ փաստաբանի՝ փոստային բաժանմունքի աշխատակիցները, նույնիսկ տնօրենի մակարդակով, իբրեւ վնասի փոխհատուցում, նախաքննության ընթացքում տարբեր չափի գումարներ են վճարել. «Գործում անդորրագրերն էլ կան: Մեկին ասել են՝ 1 միլիոն կվճարես, մյուսին՝ 500 հազար, երրորդին՝ ինչքան կարող ես... Եվ եթե փոստային բաժանմունքի աշխատակիցների գործողությունների հետեւանքով է վնասը պատճառվել, ու այդ մարդիկ դա ընդունում են, Իշխանին ինչո՞ւ եք դատում: Ավելին, գործով նույնիսկ տուժող չկա, սա աբսուրդ է, համապատասխան որոշում չի կայացվել»:

Իսկ Իշխանի հայրը վստահեցնում է, որ եթե վերծանեն Սամվել Թազիյանի եղբոր հեռախոսազանգերը, գործը բոլորովին այլ ընթացք կստանա. «Հավատացնում եմ՝ շատ հայտնի, զորեղ մարդկանց անուններ կհնչեն: Բայց ես ասում են, բանի տեղ չեն դնում: Որովհետեւ իրենք էլ գիտեն, թե ինչն ինչոց է: Ասում են՝ եղբայրը որպես թարգմանիչ է Սամվելի հետ Ռուսաստան փախել: Ոնց որ մանկապարտեզի երեխայի խաբեն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter