HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Քննիչի խոստովանությունը. «Ես մեր աշխատանքը 2 եմ գնահատում»

Մանկավարժ Նադեժդա Պարոնյանն այցելել է «Հետքի» խմբագրություն՝ իր հետ բերելով ոստիկանության Նոր Նորքի բաժնում կատարած գաղտնի ձայնագրառումը: Նա ոստիկանություն է գնացել իր բողոքի հետքերով, եւ միացրած ձայնագրիչով մտել գործը քննող Գագիկ Ավագյանի աշխատասենյակ:

«Գնացել եմ զեկուցման մեր վարչություն: Ինձ (իմ վերադասը, իմ պետը) բանավոր ցուցում է տվել՝ կգնաս եւ շուտափույթ կհարուցես քրեական գործ, եթե նույնիսկ քննությամբ չպարզվի, կարող ես նորից կարճել, բայց հարուցիր (քրեական գործ)»,- լսվում է քննիչ Ավագյանի ձայնը:

Նադեժդա Պարոնյանի հետ կատարվածը եզակի դեպք չէ. նմանատիպ պատմությունները բազմաթիվ են՝ այլ գործող անձանց մասնակցությամբ: Պատմության, աշխարհագրության եւ իրավունքի ուսուցչուհին տնից զրկվելու վտանգի տակ է:

Գեղանուշ Եղյանը դիմել է Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ պատմել, որ Նադեժդա Պարոնյանին հենց այնպես՝ առանց տոկոսի, գրավադրված բնակարանի դիմաց պարտքով գումար է տվել՝ սկզբում 10 միլիոն դրամ, հետո 1650 դոլար: Սակայն վերջինս տարբեր պատճառաբանություններով պարտքը չի վերադարձրել, բայց փոխարենն ինքը Պարոնյանին վստահել ու հավելյալ գումար է տվել՝ այս անգամ 13 հազար դոլար: Դատավոր Վլադիմիր Ասլանյանն այս պատմությանը հավատացել է, եւ Նադեժդա Պարոնյանի բացակայությամբ վճռել՝ վերջինիցս բռնագանձել 41 հազար 550 դոլարին համարժեք դրամ՝ գումարած Կենտրոնական բանկի սահմանած դրույքաչափով հաշվարկված տոկոսները:

Մինչդեռ Պարոնյանը հավատացնում է, որ իրականում Գեղանուշ Եղյանից տոկոսով գումար է վերցրել՝ մոտ 15 հազար դոլար՝ 1 տարի անց 26 հազար 900 դոլար վերադարձնելու պայմանով:

«Ես մայր գումարից մի բան էլ ավելի՝ 17 հազար 400 դոլար վերադարձրել եմ: Ժամկետը լրացել է, մնացածը չեմ կարողացել, բայց չեմ էլ հրաժարվել: Խնդրում էի վերադարձնել տանս սեփականության վկայականը, որ գոնե գրավով բանկից գումար վերցնեմ, այդ տոկոսները վճարեմ, իսկ ինքը (Գեղանուշ Եղյան) դիմեց դատարան ու դատը փախցրեց»,- ասում է Նադեժդա Պարոնյանը:

Նա վստահեցնում է, որ վճիռը կայացվել է կեղծ փաստաթղթերի հիման վրա, քանի որ 41 հազար 550 դոլարի պարտքի մասին վկայող փաստաթղթի տակ դրված ստորագրությունները (իր, ամուսնու եւ դստեր) կեղծ են: Բայց փորձաքննությունը հիմնավորել է հակառակը:

«Փորձագետին կաշառել են, ամուսինս այդ ընթացքում հանրապետությունում չէր. ինչպե՞ս կարող են ստորագրություններն իրական լինել: Ես Գագիկ Ավագյանին խնդրել եմ գործի նյութերը, այդ թվում՝ այդ փաստաթուղթը տրամադրել, որ հանձնենք կրկնակի փորձաքննության: Բայց քննիչը ոչ մի թուղթ չտվեց»,- ասում է Պարոնյանը:

Այն բանից հետո, երբ Գեղանուշ Եղյանը դիմել է դատարան, Նադեժդա Պարոնյանը վաշխառության առնչությամբ ոստիկանությունում հաղորդում է տվել՝ միաժամանակ իրավապահներին տրամադրելով Եղյանի ձեռագրով կատարված հաշվարկները՝ վճարվելիք տոկոսների վերաբերյալ: «Նշանակեցին փորձաքննություն եւ հաստատվեց, որ դա իր (Գեղանուշ Եղյանի) ձեռանգիրն է»,- ասում է Պարոնյանը:

Վաշխառության մասին ներկայացրած հաղորդումից մոտ 4 ամիս անց մանկավարժ Պարոնյանը քննիչի աշխատասենյակում իմանում է, որ, ի վերջո, վերադասի՝ ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնի պետ Մ. Վարդանյանի հանձնարարականով պետք է հարուցվի քրեական գործ: 51-ամյա կինն արտասվում է, իսկ քննիչն անմիջապես հավելում. «Շուտ եք հուզվում... Պետք չի (լացել), մերժած ա, հասկանո՞ւմ եք: Իսկ... Մեկ էլ ես զեկուցել եմ մեր դատախազություն, դատախազությունն արդեն գրավոր ցուցում է տվել՝ մերժել քրեական գործի հարուցումը»: Այնուհետեւ քննիչն անդրադառնում է քննչական գործողություններին եւ կատարված աշխատանքը գնահատում «2», քանի որ «սխալ աշխատանք ստացվեց»: Իսկ րոպեներ անց արդեն քննչական բաժնի պետ Վարդանյանը հորդորում է. «Թող 5 օր անցնի, դիմեք դատարան՝ նյութերի մերժման որոշման դեմ: Թող որոշումը վերացնեն, ուղարկեն ստեղ, մենք հարուցենք (քրեական գործ): Ես դրան կողմ եմ»:

Պարոնյանի փաստաբան Վարդան Զուռնաչյանը նշում է, որ ոչ միայն գործի նյութերից է երեւում, այլեւ վերոնշյալ ձայնագրությունն է փաստում՝ «քրեական գործ հարուցելու հիմքերը բավարար են, եւ քննիչն ինքը այդ մասով ունի ներքին համոզմունք»: Սակայն Նոր Նորքի քննչականում չեն հանդգնել գործը հսկող դատախազ Նարեկ Թոփուզյանի ցուցումին հակառակվել, այնինչ «քննիչը պետք է դատախազի ցուցումը բողոքարկեր՝ ելնելով հենց իր ներքին համոզմունքից»:

Փաստաբան Զուռնաչյանը դատարանի միջոցով գործի նյութերն արդեն ստացել է եւ պատրաստվում է փաստաթղթերի հետ կապված համապատասխան փորձաքննություններ անցկացնելու միջնորդություն ներկայացնել: Միաժամանակ նա դատական կարգով բողոքարկում է քննիչ Գագիկ Ավագյանի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter