HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Հանրակացարան. բազմազավակ ընտանիքը` նեղվածքի մեջ, կողքին` ազատ սենյակներ

Աշոտ Ղուլյանն ու Մարիետա Հայրապետյանն իրենց հինգ երեխաների հետ չորս տարի առաջ տեղափոխվել են Հրազդանի ՋԷԿ-ի հանրակացարան (Միկրոշրջան թաղ., 71 շենք): Մեկ սենյակում տեղավորված բազմանդամ ընտանիքի անդամների թիվն այս ընթացքում ավելացել է, երբ ծնվել է վեցերորդ երեխան` այսօր արդեն երկու տարեկան Սոնան: Իսկ մի քանի շաբաթից ևս մեկով կավելանա. Մարիետան հղի է, սպասում է յոթերորդ զավակին:

Սենյակի կահույքը երկու մահճակալներն են, որ զբաղեցրել են գրեթե ամբողջ տարածքը, փոքր սեղանն ու հեռուստացույցը. շարժվելու տեղ չկա, իրերը դրված են, ուր պատահի: «Մեր հարևանը մենակ է ապրում, խնդրել եմ, մեր իրերի մի մասը դրել է իրենց սենյակում»,- ասում է Մարիետան և ավելացնում է, որ շուտով ավելի է դժվարանալու, որովհետև «նեղ տանը» ստիպված են նաև իրենց նորածնին պահել:

Հանրակացարանի երկրորդ հարկը գրեթե բնակիչ չունի: Աշոտի ընտանիքի պայմանները տեսնելուց հետո ցանկություն առաջացավ ծեծել հանրակացարանի մյուս դռները և տեսնել` ազատ սենյակ կա, թե ոչ: Դռները բացող չկար:

Ամուսիններն ասում են, որ հանրակացարանում հավելյալ սենյակ ստանալու համար դիմել են «ում ասես», բայց արձագանք չի եղել: «Նույնիսկ նախագահին նամակ գրեցի: Պատասխանեցին, թե պետք է դիմեմ մարզպետարան (չնայած իրենց դիմել էի արդեն): Էնտեղից էլ մեզ ուղարկեցին քաղաքապետարան: Խոստացան, որ մի բան կանեն, մինչև հիմա ոչ մի բան էլ չեն արել», - ասում է Մարիետան: Մինչ այժմ քաղաքապետարանի օգնությունն այն է եղել, որ ընտանիքի վեց երեխաներից չորսը` 12-ամյա զույգ քույրերը՝ Նարինեն ու Կարինեն, 13-ամյա Մելինեն և 16-ամյա Միքայելը տեղափոխել են Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոց («Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն»):

Մարիետա Հայրապետյան

Ծնողները կարոտում երեխաներին, բայց այլընտրանք չկա. «կարևորը նրանք այնտեղ լավ պայմաններում են ապրում»: «Դե, չորս անգամ սնունդ են տալիս, քնելու տեղը կա, մենք քիչ-քիչ ենք գնում էրեխեքին տեսնելու, ճանապարհի փող չի լինում, բայց էնդեղ լավ ա»,- պատմում է Մարիետան:

Մյուս երկու երեխաները՝ 2 տարեկան Սոնան և 14 տարեկան Սերինեն ապրում են ծնողների հետ: Սերինեն սովորում է Հրազդանի 5-րդ միջնակարգ դպրոցում. նրա ամենօրյա պարտականությունների մեջ  է մտնում եկեղեցուց ընտանիքի համար ճաշ բերելը: «Մեր հովիվը գիտեր, որ մենք սոցիալապես անապահով ենք, էդպես դասավորեցին, ամեն օր ճաշ են ուղարկում մեզ, շատ շնորհակալ ենք իրենց»,- ասում է Մարիետան:

Ընտանիքում աշխատում է միայն Աշոտը, ասում է՝ գործ լինում է երեք-չորս օրը մեկ, երբ ինչ-որ տեղ շինարարություն անելու կարիք է լինում. այդ օրերին էլ վաստակում է  3-4000 դրամ. նա երկրորդ կարգի հաշմանդամ է (հիվանդ է էպիլեպսիայով): Եկամտի մյուս աղբյուրը երեխաների նպաստն է` 61000 դրամ: Առանց նեղվածքի ապրելու միակ տարբերակը ընտանիքի համար նույն հանրակացարանում ևս մեկ սենյակ ունենալն է:

Աշոտ Ղուլյան

Ասում են, որ երբ դիմել են քաղաքապետարան` «Բնակֆոնդի շահագործման և կոմունալ տնտեսության» բաժին, իրենց խոստացել են, որ կգան հանրակացարան, կտեսնեն, «եթե ազատ սենյակ կա, կտրամադրեն»: «Բայց մինչև հիմա ոչ ոք չի եկել,- ասում է Աշոտը,- էս շենքում լիքը ազատ սենյակ կա, որ ոչ ոք չի ապրում»:

Հրազդանի քաղաքապետարանի «Բնակֆոնդի շահագործման և կոմունալ տնտեսության» բաժնի պետ Շոթա Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հանրակացարանը ՋԷԿ-ի սեփականությունն է, հետևաբար ընտանիքին հավելյալ սենյակ տրամադրելու թույլտվություն պետք է տա ՋԷԿ-ի ղեկավարությունը: «Նաև գիտեմ, որ հանրակացարանում ազատ սենյակ չկա»,- ասաց Շ. Խաչատրյանը:

Շոթա Խաչատրյանին ասացինք, որ երկրորդ հարկի սենյակները հիմնականում ազատ են, պատասխանեց , որ դրանք ՋԷԿ-ի նախկին աշխատակիցներինն են, ովքեր փակել են դռները, գնացել: Այն հարցին` արդյոք հնարավոր չէ ազատել  չգործածվող սենյակներից մեկը և տրամադրել  Աշոտի ընտանիքին այն նույն պատճառաբանությամբ, որ դրանք սեփականաշնորհված չեն, Շ.Խաչատրյանը պատասխանեց.

«Թող հանդիպեն ինձ, քննարկենք այդ հարցը: Էդ շենքը ՋԷԿ-ինն է, իրենց թույլտվությամբ մենք ապրողների  հաշվառում ենք անում, վերանորոգման կամ այլ հարցերով երբեմն քաղաքապետը գումարային օգնություն է տրամադրում, սոցիալական հարցերով օգնում, բայց սենյակները տրամադրվում են հանրակացարանի ղեկավարության հետ համաձայնությամբ: Թող գան, եթե հնարավոր տարբերակ ունեն, թող ասեն ազատ սենյակի համարը, առաջարկենք ջէկ-ի հանրակացարանի հարցերով պատասխանատուին, գուցե համաձայնության գանք, հնարավոր տարբերակ լինի»:

Ընտանիքին հավելյանլ սենյակ տրամադրելու դեպքում Շ. Խաչատրյանը խոստացավ նաև «հնարավորության դեպքում»  ՋԷԿ-ի ղեկավարության օգնությամբ բարեկարգել այն բնակելի դարձնելու համար: 

 

 

Մեկնաբանություններ (2)

Nar
es uxaki zarmanumem te irenq voncen et paymannerum krkin angam erexa berum che vor erexaner@ mexqen..........chishta erexan astco pargeve bayc hamenayn deps nayev baci unenaluc petq e karoxanal gone chnchin harcerov chxechanal
liana
mer erkri nman demografik xndir unecox erkri ishxanutyun@ nman yntaniqin ev hatkapes yntaniqi mor@ petq e miayn pargevatrer u apahover AMEN INCHOV, voch te toxnein nman anmardkayin paymannerum goyatevelu...bayc de da mer erkrum nman ishxanutyan paragayaum fantaziayi volortic e

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter