HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոմ «վառել» ինտերնետում եւ մկնիկի մեկ հարվածով ընտրել ուզածդ աղոթքը

Ինտերնետ օպերատորը կարող է անջատել Աստծո հետ կապը 

«Այ քեզ բան, ի՞նչ ասել է մկնիկով վերցնել մոմն ու վառել այն, ամեն ինչ կարելի է վիրտուալացնել, բայց ոչ հավատը»,- ասում է Սեւակը, ով համացանցում տեսել է վերջերս լայն տարածում գտած հայկական օնլայն եկեղեցի կայքը

Այցելելով կայք` մարդիկ կարող են իրենց նախընտրած եկեղեցում մոմ վառել, երազանք պահել, հետո մկնիկի մեկ հարվածով ընտրել սրտի ուզած աղոթքը: Սեւակն ասում է, որ ինքը կողմ է միայն, որ այդ կայքում ներկայացնում են որոշ եկեղեցիների արտաքին տեսքը, տարածքը, որտեղ դրանք գտնվում են, եւ դա հիանալի հնարավորություն է մարդկանց համար տեսնելու այն եկեղեցին, ուր չեն այցելել:

Սրբոց Նահատակաց եկեղեցու քահանա Տեր Նիկողոս Հովհաննիսյանը առաջին անգամ այս կայքի գոյության մասին մեզանից լսեց: Առաջին բանը, որ քահանան ասաց, այն էր, որ ինքը զարմանում է մարդկային երեւակայության եւ միեւնույն ժամանակ` եկեղեցուց ու հավատքից այդքան հեռու լինելու վրա: Նրա խոսքերով`ոչ մի վիրտուալ եւ անգամ իրական տարածք չի կարող մարդուն այնքան հանգստացնել ու մաքրել նրա հոգին, որքան եկեղեցին:

«Հիշեք Ձեզ եկեղեցուց դուրս գալիս եւ ինքներդ կզգաք տարբերությունը»,- ասում է քահանան ու կեսկատակ-կեսլուրջ ավելացնում, որ եկեղեցի այցելողների թիվը չի պակասի կայքի պատճառով, քանի որ հավատացյալ մարդու ոտքերն ակամայից նրան տանում են դեպի Աստծո տուն:

17-ամյա Աստղիկը օնլայն եկեղեցու գոյությունը դրական է համարում` մեկնաբանելով, որ երբեմն երեկոյան ուշ ժամերի, երբ, ասենք, եկեղեցին փակ է կամ էլ տնից միայնակ դուրս գալ չես կարող, օգնության է հասնում համացանցը: Նա հիշում է, որ սկզբնական շրջանում կայքում մոմ վառելու հնարավորություն կար միայն Սուրբ Աստվածածին եկեղեցում ու հավելում`«Փառք Աստծո, այսօր արդեն բոլոր եկեղեցիներում էլ մոմ «վառել» լինում է»:

Աստղիկի նման մտածողները քիչ չեն: Պատահականության սկզբունքով ընտրված Ֆեյսբուքի 20 օգտատերերին ուղարկեցի կայքի հասցեն եւ նրանցից 15-ից շնորհակալական խոսքեր ստացա:

Օնլայն եկեղեցին ոգեւորել է նաեւ որոշ բլոգերների: Նրանցից մեկն իր գրառման մեջ ասում է. «Այժմ եկեղեցի գնալու համար անհրաժեշտ չէ հագնվել, հարդարել մազերը եւ երկար ճանապարհ անցնել: Այսուհետ կարող եք եկեղեցի գնալ նաեւ օնլայն տարբերակով»:

Փաստորեն, երբ հանկարծ քո օպերատորն անջատում է ինտերնետը, Աստծո հետ կապն էլ է ընդհատվում: Իսկ ես հիմա հանգիստ խղճով կայցելեմ այդ կայք եւ մոմ վառելով երազանք կպահեմ, որ «ինֆինիտի» ունենամ, քանի որ, իմ կարծիքով, այդ բոլոր երազանքները հասնում են կայքի տիրոջը, այլ ոչ թե Աստծուն:

Արաքս Մամուլյան
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանություններ (1)

Քրիստինե
Գրտեք , լինում են պահեր , երբ մարդ այնքան բարդ հոգեկան իրավիճակում է գտնվում , որ անգամ այդ վերտուալ մոմ վառելով , հոգու ցավը մի փոքր թեթևանում է։ Կան շատ մարդիկ , ովքեր ապրում են օտար երկրներում, որտեղ չկան հայկական եկեղեցիներ , ուր կարող են գնալ, մոմ վառել և աղոթել ։ Եվ հավատացեք , երբեմն հենց այդ մոմերն և աղոտքներն են սփոփում մարդկանց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter