HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարզի հիմնախնդիրները մարզային թերթի էջերում ներկայացվում են միայն բարձրաստիճան չինովնիկների բերանով (վիդեո)

Պետբյուջեից սուբսիդավորվող «Լոռու մարզ», «Երկունք», «Լուսարձակ», «Թումանյանական աշխարհ» թերթերն ու «Մաշտոց» ամսագիրը խուսափում են   հրատարակել Լոռու մարզի այն հիմնախնդիրները, որոնք ուղղակիորեն առնչվում են իրենց ֆինանսավորող պաշտոնյաների հետ: Այդ   լրատվամիջոցները Լոռու մարզում դարձել են խմբագիրների  հանապազօրյա  հացը վաստակելու միջոց:

«Լոռու մարզ» թերթը գտնվում է Լոռու մարզպետարանի վերահսկողության ոլորտում: Թերթի բաժնետոմսերի 40%-ը պատկանում է խմբագիր Մանվել Միկոյանին: «Փաստաթղթային ձևակերպումներով բաժնետոմսերի 60%-ը  պատկանում  է Լոռու մարզպետին, բայց ոչ կոնկրետ մի մարզպետի, ով էլ կլինի մարզպետ, նա էլ կլինի այդ բաժնեմասի  բաժնետերը:  Այդպես է գրված, որպեսզի մարզի ղեկավարը նաև բաժնետոմսերի  վերաբաշխման  որոշում կայացնելու իրավունք ունենա»,- պարզաբանեց  «Լոռու մարզ» թերթի  գլխավոր խմբագիր Մանվել Միկոյանը: Այդուհանդերձ, պրն Միկոյանը մեզ խորհուրդ տվեց, թերթի 60%-ի բաժնետեր ներկայացնել  ուղղակի Լոռու մարզպետարանին: Թերթի բաժնետոմսերի վերջին վերաբաշխումը տեղի է ունեցել 2011թ.-ին` Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հրահանգով: «Լոռու մարզ» թերթն ստեղծվել է  1931 թվականից Վանաձորում հրատարակված «Սոցարշավ», ապա «Կայծ»  վերանվանված թերթերի  հենքի վրա: Այն 1996թ.-ի  սեպտեմբերից  դարձել  է մարզային թերթ եւ որպես այդպիսին պետբյուջեից սկսել է սուբսիդավորվել 1998թ.-ից: Սկզբում սուբսիդան կազմել է 1 մլն դրամ, 2012թ.-ից հատկացված գումարը  կիսով նվազեցվել է: Ըստ Մանվել Միկոյանի,  թերթը տարեկան 200-300 հազար դրամ ֆինանսավորում է ստանում նաեւ Լոռու մարզպետարանից  և  նույնքան էլ Վանաձորի քաղաքապետարանից: «Լոռու մարզ»-ը տպագրվում է 1000 օրինակ տպաքանակով և  հրատարակվում  է շաբաթական 2  անգամ: Թերթի տարեկան ծախսերը կազմում են 9 մլն դրամ:

«Թերթի պարբերականությունը 1999թ.-ից մինչև 2012թ.-ը չի խախտվել»,- ասում է  խմբագիրը: «Լոռու մարզը» մարզի գովազդային բիզնեսի առաջատարն է:  Մարզպետարանի հանրակրթական  բոլոր  դպրոցների ուսուցիչների և տնօրենների ընտրության մրցույթների անցկացման մասին հայտարարություններն ու գովազդները տպագրվում են միայն  այստեղ: Գովազդային մուտքերն անցած տարի կազմել են 5 մլն դրամ,  այս տարվա անցած ամիսների կտրվածքով արդեն 3,5-4 մլն դրամի է հասել: «Մարդիկ կան, ովքեր կարող են ուրիշ թեթերի ավելի էժան հայտարարություններ տալ, բայց մեզ են տալիս՝ մեր թերթին օգնելու համար»,- ասում  է խմբագիրը:  Նման օգնությունները նույնպես առանց մարզպետի հրահանգի չեն լինում:     

«Լոռու մարզ»-ն  ակնհայտորեն մարզի լրատվական դաշտում մենաշնորհային դիրք է գրավում. տարիներ շարունակ թերթի բաժանորդներ են մարզի 113 համայնքները, դպրոցներն ու մանկապարտեզները: Մանվել Միկոյանն էլ բաժանորդներին  թերթն  անգամ ապառիկ է մատակարարում: «Համայնքները 2 մ լն դրամից ավելի բաժանորդագրության գումար են պարտք թերթին»,- ասաց խմբագիրը և հավելեց, որ 2004թ.-ից է սկսվել պարտադիր բաժանորդագրության սկզբունքը: Ըստ խմբագրի՝ մարզի 40-45 համայնքներ չեն վճարում թերթի բաժանորդագրության վճարները, բայց չեն էլ հրաժարվում իրենց պարտքերից: Պարտադրված բաժանորդագրությունն  արդյոք դժգոհություններ չի՞ առաջացնում բաժանորդների մոտ մեր հարցին, Մ. Միկոյանը պատասխանեց. «Մեզ դժգոհություններ չեն հասել, ուղղակի մեր թերթի  քանակը չնվազեցնելու համար ենք դա անում, մենք շուկան չենք ուզում կորցնել, հարմարվում ենք իրենց հետ»:

Հարմարվելու  ընթացակարգն էլ,  պարզվում է,  բավականին անհաճո գործընթաց է թերթի խմբագրի համար: «Ասենք մարդ կա ասում է՝ լավ, 50 հազար դրամ պարտք եմ, մի 10 հազարը հիմա կփոխանցեմ, մի 10 հազարը` 2 ամիս հետո: Մոտս պարտքացուցակ կա, որտեղ նշում եմ»,- ասում է խմբագիրը: Ասենք նաև, որ 60%-ի բաժնետեր Լոռու հերթական մարզպետ Արթուր Նալբանդյանը նույնպես օրենսդրական դաշտ չի տեղափոխել մարզպետարանի հետ թերթի իր սեփականատիրական  հարաբերությունները: Մարզպետը   նախկին իներցիայով  շարունակում է   Լոռու մարզպետարանի շենքում թերթի զբաղեցրած  տարածքի համար վարձավճարներ չգանձել: Մարզպետարանի  ֆինանսական միջոցներից շարունակում է վճարել   թերթի լույսի, ջրի, քաղաքային հեռախոսի  և ինտերնետայի կապի վարձավճարները: «Բնականաբար,  կոմունալ  ոչ մի վճար մենք չենք տալիս»,- փաստում  է  թերթի 40 տոկոսի բաժնետեր խմբագիրը: Դրան ի պատասխան թերթը մարզպետարանին պարկեշտորեն ծառայելու եզրագծից չի անցնում, իսկ խմբագիր Մանվել Միկոյանը  երազում է նաև  թերթին ավտոմեքենա տրամադրելու մասին:  Այսպիսի աննախադեպ ուշադրությունից հետո  ի՞նչ է  մատուցում «Լոռու մարզ» թերթը  իր  բաժանորդներին: Ընդամենը պաշտոնական տեղեկատվություն, գովազդներ և հայտարարություններ:

«Լոռու մարզ» թերթի հիմնական նպատակն ամբողջ մարզի կարևոր  իրադարձություններն ու  պրոբլեմները լուսաբանելն է»,- ասում է Մանվել Միկոյանը: Այդ դեպքում ինչո՞ւ են մարզի հիմնախնդիրները թերթի էջերում ներկայացվում  միայն     բարձրաստիճան չինովնիկների և մասնավորապես Լոռու մարզպետի  բերանով, մեր հարցին խմբագիրը պատասխանեց. «Ուրեմն դուք նայել եք թերթի  վերջին տարվա հրատարակումները»: Ինչպե՞ս է պատկերացնում Մանվել Միկոյանն իր խմբագրած «Լոռու մարզ» թերթի ապագան, նա պատասխանեց. «Մեր թերթի  հրատարակման գործում  կան մեխանիզմներ, որոնք արդարացնում են իրենց, դրանք կմնան»:

Լոռու մարզում 1997թ.-ի հունվարից հրատարակվող «Երկունք» թերթը ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի պարբերականն է: Թերթը 2004թ.-ից 400 հազար դրամ  սուբսիդա է ստանում պետբյուջեից: «Երկունքը» տարեկան 200 հազար դրամով ֆինանսավորվում է նաև Հայաստանի գրողների միությունից: «Երկունքի» խմբագիրը նույնպես Մանվել Միկոյանն է: Վերջինիս բնութագրմամբ «Երկունքը» զուտ գրական թերթ է և իր տեսակի մեջ եզակի  է հանրապետությունում: Տպագրվում է ամիսը 1 անգամ, 500 օրինակ տպաքանակով: Թերթն ընթերցողներին առաքվում է անվճար: «Սկզբում թերթը ներկայացրինք վաճառքի, բայց գնորդներ չեղան»,- ասում է խմբագիրը:  Վերջինիս         կարևոր  պատճառը թերթի  էջերում չարենցյան «Թե ուզում ես երգդ լսեն, ժամանակիդ շունչը դարձիր» ոգու պակասն է: Ինչպես «Լոռու մարզ», այնպես էլ «Երկունք» թերթերում բացակայում են սուր և դիպուկ խմբագրականները: «Երկունք»-ն, այդուհանդերձ, բարեխղճորեն ադրադառնում է մարզկենտրոնի  գրական աշխարհի մարդկանց հոբելյանական և մշակութային միջոցառումներին:  Թերթում զետեղվում են քնքուշ ու լիրիկական բանաստեղծություններ, իսկ   դատարկվող գյուղերի, ինչպես նաև լոռեցի մարդու ցավերի ու հոգսերի մասին   «Երկունք»-ում մուսաները լռում են:

Պետբյուջեից սուբսիդավորվող Լոռու մյուս պարբերականը Վանաձորում հրատարակվող «Մաշտոց»  ամսագիրն է, որին այս տարի հատկացվել է 650 հազար դրամ: Ամսագրի հիմնադիր և խմբագիր Գագիկ  Աթաբեկյանն ասում է, որ ամսագրի հրատարակման նպատակը աղետի գոտու կրթադաստիարակչական հիմնարկությունների վերականգնման գործին նպաստելն է: Ամսագիրն իր առաքելությունն իրականացնելու համար աշխատակազմ չունի: Ըստ Գագիկ Աթաբեկյանի՝ 2011-2012թթ.-ին ամսագիրը տպագրվել է 1000-1200 տպաքանակով: Այն հրատարակվում է աջակցություններով: «Էդ աջակցությունը գիտե՞ք ոնց ա,  ենթադրենք մի հիմնարկի տեր 50 հազար դրամ է տալիս, հրատարակվելուց հետո նրան ամսագրի 50 օրինակ եմ տալիս կամ՝ աշխատողներին կբաժանի, կամ էլ՝ ընթերցողներին»: Գագիկ Աթաբեկյանը նաև ասաց, որ իր ամսագրում մարզի մշակութային հիմնախնդիրներին, մշակութային արժեքների պահպանմանն ու  կոռուպցիային չի անդրադառնում: «Ես ընդհանրապես հակված չեմ այլոց գործը քննարկելուն կամ թերություներն ու  խնդիրները վեր հանելուն: Դրա համար ուրիշ լրատվամիջոցներ կան»,- ասաց նա: Ըստ խմբագրի՝ «Մաշտոց» ամսագիրը  մշակութային ասպարեզի տարեգրություն է:

Հոդվածը տպագրվել է Գորիսի մամուլի ակումբի կողմից իրականացվող «Աջակցություն ոչ պետական մամուլին» ծրագրի շրջանակներում

Մեկնաբանություններ (5)

Ս. Ղ.
Չմոռանանք, որ Երկունք գրական թերթը Հայաստանի թիվ մեկ գրական թերթն է, և ի տարբերություն Սարուխանի, Միկոյանը մտածում է իր հետևիղ եկող սերնդի մասին ու կան արդեն շատ տաղանադավոր անուններ, իսկ Սարուխանի օրոք չկային, բայց որ Միկոյանը շատ կոմպլեկսավորված է ու միջոցառումներում հնաոճ, դա փաստ է:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հետաքրքիր հոդված է:Բայց ինչ տխուր է իրավիճակը ու ինչ քիչ են սուբսիդիաները: Սա նշանակում է 2 բան. ա)մարզային մեդիայում կա ներդրման պոտենցիալ,բ)մարզերում այսօր կա մեծ դեմոկրատական դեֆիցիտ. այսինքն՝ մարզային իշխանություններին ԷՖԵԿՏԻՎ հսկող հասարակական մեխանիզմներ չկան: Համարյա նույնն է Սյունիքի մարզում,միայն մեկ տարբերությամբ. «Սյունյաց Երկիր» թերթը բավականին խիզախ,հետազոտող-քննադատող,պրոֆեսիոնալ հոդվածներ է տպում: Իսկ ընդանուր առմամբ,Հայաստանում (ներ)մարզային քաղաքական համակարգը ՍԽԱԼ է.չկա մարզային քաղաքական դեմոկրատիա (trias politica). այսինքն՝ ՉԿԱ ԸՆՏՐՈՎԻ մարզային օրենսդիր օրգան,որը կհսկի մարզի գործադիր և դատական-իրավապահ մարմիններին: Մարզային անկախ ՀԿ-ները և անկախ մեդիան սա միայն մասամբ (տեղեկատվությամբ) կարող է անել:
Տիգրան
Լավն էր
Լոռեցի
Հավանեցի
Karine Hakobyan
Շնորհակալություն հոդվածի համար: Ինչպես միշտ շատ լավ եք գրում Լարիսա Փարեմուզյան: Մարզերը իրոք շատ անմխիթար վիճակում են...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter