HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Քննիչի ձեռագիրը. ի՞նչ ընթացք կստանա նորածնի սպանության գործը

«Հետքի» լրագրողը ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում` ավագ քննիչ Ռուբեն Վարդանյանի վարույթում գտնվող գործի շրջանակններում, հարցաքննվում է` որպես «կարեւոր» վկա: Քրեական գործը հարուցվել է նորածնի սպանության դեպքի առթիվ «Հետքի» հոդվածի հիման վրա:

«Գյուղապետը աշակերտուհուն բռնաբարել է, բայց շարունակում է մնալ ազատության մեջ» հրապարակմամբ այս տարվա փետրվարին «Հետքը» տեղեկացրեց 14-ամյա Կարինեի (անունը փոխված է) նկատմամբ Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար Ազատ Ղուկասյանի կատարածի մասին: Ի վերջո, 1962թ. ծնված գյուղապետը կալանավորվեց, եւ անչափահասին սեռական հարաբերության հարկադրելու մեղադրանքով գործը մտավ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարան:

Կարինեն միակ տուժողն է, որովհետեւ նախաքննական մարմինը Ազատ Ղուկասյանի սեռական ոտնձգությունների այլ զոհ այդպես էլ չգտավ՝ չնայած հոդվածում «Հետքը» միաժամանակ նշել էր, որ գյուղապետի անունը կապվում է նաեւ նմանատիպ այլ միջադեպերի հետ:

«Բացահայտվել է Հարթաշենի գյուղապետի անառակաբարո գործողությունների մեկ այլ զոհ» հրապարակմամբ արդեն անցյալ ամիս «Հետքը» ներկայացրեց Աննա Մկրտչյանի հետ կատարվածը: 21-ամյա աղջիկը պատմում է, թե ինչպես է Ազատ Ղուկասյանը շանտաժի ենթարկելով իրեն պարտադրել սեռական հարաբերության եւ ինչպես է 1 տարի առաջ գյուղապետի պահանջով հանցավոր սեռահակումների արդյունքում ծնված երեխային սեփական ձեռքերով սպանել:

Այս հրապարակման հիման վրա հարուցվեց նոր քրեական գործ, բայց խնդիրն այն է, որ դրանից դեռ 1 շաբաթ առաջ Աննան սեփական նախաձեռնությամբ գյուղապետ Ղուկասյանի գործով Սյունիքի դատարանում ցուցմունք էր տվել ու մանրամասնություններով պատմել կատարվածը: Այսինքն՝ «Հետքի» գրածը հայտնի էր թե դատավոր Նապոլեոն Օհանյանին եւ թե մեղադրող-դատախազ Հայկ Պետրոսյանին: Բայց երկուսն էլ գերադասել էին լռել:

Դատավոր Օհանյանը, հաշվի առնելով վկայի՝ Աննայի ցուցմունքների բովանդակությունը, կարող էր միջնորդություն ներկայացնել իրավապահներին: Բայց փաստաբան Հայկ Ալումյանի կարծիքով՝ դա կկրեր ավելի շատ ձեւական բնույթ, «քանի որ վկայի հայտարարությունները հնչել են դատախազի ներկայությամբ, որն իրավասու եւ տվյալ դեպքում նաեւ պարտավոր էր քրեական գործ հարուցել»: Սակայն, ըստ փաստաբանի, նման իրավիճակներում շատ դժվար է դատախազին նույնիսկ անփութության մեջ մեղադրել, որովհետեւ վերջինս միշտ էլ կարող է ասել՝ ընթացք չեմ տվել, որովհետեւ սպասում էի հարմար պահի:

Այնուամենայնիվ, Հայկ Պետրոսյանի լռությունը անհետեւանք չի մնացել: «Եթե դատախազությունն ամեն ինչ դրական գնահատեր, կարծում եմ՝ գործում երկրորդ մեղադրյալին ներգրավվելու անհրաժեշտություն չէր լինի»,- ասում է գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը եւ հիշեցնում, որ գլխավոր դատախազի ցուցումով գյուղապետ Ղուկասյանի գործով մեղադրանքը պաշտպանելու է նաեւ Վայոց Ձորի մարզի դատախազը, որն էլ «այսուհետ կիրականացնի այդ գործի դատավարական ղեկավարումը»:

Նոր քրեական գործով զբաղվում է ավագ քննիչ Ռուբեն Վարդանյանը: Նա լծվել է գործով կարեւոր վկայի («կարեւոր վկան» ոստիկանության ձեւակերպումն է – հեղ.)՝ «Հետքի» լրագրողի հարցաքննությանը: Լուսինե Հակոբյանը, որ իրավական աջակցություն է ցուցաբերում «Հետաքննող լրագրողներ» կազմակերպությանը, որպես փաստաբան «Հետքի» լրագրողի հարցաքննությանը մասնակցել է: Հակոբյանն ասում է, որ քննիչին առավելապես հուզում է հետեւյալ հարցը՝ լրագրողը Աննա Մկրտչյանի հետ զրույցը ձայնագրե՞լ է:

Ելնելով Աննային «չգտնելու» նախաքննական մարմնի գործելաոճից, այնուհետեւ դատավոր-դատախազի լռությունից՝ «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանը կարծում է, որ քննիչ Վարդանյանը պարզապես փորձում է իրեն ապահովագրել, եւ քննությունն այնպես տանել, որ հետո հանկարծ չպարզի՝ լրագրողները տիրապետում են այնպիսի ինֆորմացիայի, որը դեռեւս չեն հրապարակել:

«Ինձ համար սկզբից էլ անհասկանալի էր, թե ինչու են լրագրողին հրավիրել հարցաքննության, քանի որ Աննան ամեն ինչ պատմել է նաեւ դատարանում: Բայց երբ իմացա, թե քննիչն ով է, ինչպես է տարբեր գործերով կեղծ ապացույցներ ձեռք բերել՝ մարդկանց ենթարկելով բռնությունների, հասկացա, որ նա հատուկ «առաքելությամբ» է այս գործը ստանձնել»,- ասում է Էդիկ Բաղդասարյանը:

Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդանյանը հենց այն քննիչն է, ով Սաշա Դավթյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկեց դատարան: Նա մեղադրվում էր մեծ դստերը խոշտանգելու, իսկ փոքրին՝ նաեւ բռնաբարելու մեջ: Երկու տարի առաջ «Հետքն» այս պատմությանը մանրամասն անդրադարձել է՝ ներկայացնելով գործով անցնողների, նույնիսկ Սաշա Դավթյանի համագյուղացիների պատմածները, թե ինչպես է նախաքննական մարմինն անմարդկային վերաբերմունք՝ ֆիզիկական եւ հոգեկան ճնշումներ բանեցնելով ցուցմունքներ կորզել:

Հետագայում Սաշա Դավթյանը դատապարտվեց դստերը խոշտանգելու համար: Խոշտանգում, որը տուժողն ինքը բնութագրել էր իբրեւ հայրական ապտակ: Իսկ անչափահաս դստերը բռնաբարելու մասով Սաշա Դավթյանն արդարացվեց: Ոստիկանությունն այդպես էլ չգտավ իրական բռնաբարողին՝ ոմն Տիգրանին, ում եղբայրը, ըստ ցուցմունքների, բարձրաստիճան ոստիկան էր:

Ոչինչ չփոխվեց նաեւ Ռուբեն Վարդանյանի պարագայում: Նա հաջողությամբ շարունակում է իր կարիերան՝ քննություն իրականացնելով նույնիսկ հասարակական հնչեղություն ստացած այնպիսի գործերով, ինչպիսիք են «Հարսնաքարի» գործը, եւ տվյալ դեպքում նաեւ՝ վերոնշյալ նորածնի սպանության գործը:

Սաշա Դավթյանի գործով քննիչ Ռ. Վարդանյանի գործունեության հետ կապված գոնե ծառայողական քննություն անցկացվե՞լ է: Մի քանի օր է՝ ոստիկանության լրատվության վարչությունից այս հարցի պատասխանը չենք կարողանում ստանալ: Չեն մերժում, ուղղակի ձգձգելով ոչինչ չեն ասում:

Ժամանակին Ս. Դավթյանի փաստաբան Խանում Մկրտչյանը բարձրաձայնել է քննիչ Վարդանյանի կողմից նաեւ իր նկատմամբ կիրառված ճնշումների մասին: Հիմա էլ՝ նորածնի սպանության գործով, փաստաբան Տիգրան Եգորյանն է հայտարարել, որ քննիչ Վարդանյանն իր նկատմամբ կիրառել է բռնություն: Եգորյանը եւս «Հետքին» տրամադրում է իրավական աջակցություն, եւ դեպքի օրը՝ հոկտեմբերի 8-ին, փորձել է ներկա լինել «Հետքի» լրագրողի հարցաքննությանը:

«Սակայն քննիչ Ռուբեն Վարդանյանը հայտարարեց, որ Քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածով վկային թույլատրվում է ունենալ ընդամենը 1 փաստաբան,- ասում է փաստաբան Լուսինե Հակոբյանը,- բայց սա Քր. դատ. օրենսգրքի կամայական մեկնաբանություն է, որովհետեւ օրենսգրքում ընդհանրապես ձեւակերպումները եզակի թվով են, ինչն ամենեւին չի նշանակում, որ վկան կարող է ունենալ 1 փաստաբան կամ տուժողը՝ 1 ներկայացուցիչ»:

Փաստաբաններ Հակոբյանը եւ Եգորյանը բողոք են հղել ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետին, Փաստաբանների պալատի նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանին, նախագահի վերահսկողական ծառայության պետին, գլխավոր դատախազին եւ ոստիկանապետին: Նրանք պահանջում են, որ քննիչ Վարդանյանի նկատմամբ հարուցվի քրեական գործ, իսկ նորածնի սպանության գործի վարույթը փոխանցվի այլ անձի:

Իր հերթին ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության ղեկավարությունը դիմել է Փաստաբանների պալատի նախագահին եւ խնդրել քննարկման առարկա դարձնել փաստաբաններ Եգորյանի եւ Հակոբյանի գործողությունները, լուծել նրանց կարգապահական պատասխանատվության հարցը:

Մեկնաբանություններ (1)

david
Ամբողջ հոդվածը հայ կոչվող երևույթի դիմանկարներից է;Ահա հայը;Այլ կերպ չի լինում;Անբարոյականության մուտանտներ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter