HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Շիրակյան մամուլ. արդին եւ ավանդականը` կողք-կողքի

Որոշ փորձագետների կարծիքով` տպագիր մամուլն այլեւս աճի տեղ չունի եւ օնլայն տարբերակն անխուսափելի փոփոխություն է տպագիր մեդիայի համար, «Asparez.am» կայքի հիմնադիր Լեւոն Բարսեղյանն իր «Գյումրի Ասպարեզ» օրաթերթով լրատվական դաշտում հակառակ տեսակետն ապացուցելու հայտ է ներկայացնում:

Տարիներ շարունակ միջոցներ որոնելով եւ չգտնելով` 2011թ. սկզբին «Ասպարեզ» ակումբի հիմնադիրներով 24 մլն դրամի ներդրում կատարեցին տպագրական մեքենան գնելու համար` շատ լավ պատկերացնելով, որ չի կարելի օրաթերթը Երեւանում տպել, բերել տարածել ու դա անել ամեն օր: Սեփական տպարան ունենալն արդեն իսկ առավելություն է, նշում է Լեւոն Բարսեղյանը: Եվս 22,5 մլն դրամ դրամաշնորհի տրամադրումը Բաց հասարակության հիմնադրամի կողմից լուծեց թերթի բովանդակության զարգացման, լրագրողների դասընթացների եւ որոշ տեխնիկական միջոցների` համակարգիչների ձեռք բերման խնդիրը:

500 տպաքանակ եւ 2 մամուլ ծավալով հրատարակվող «Գյումրի Ասպարեզ» օրաթերթն իր առջեւ խնդիր է դրել լուսաբանել հասարակական-քաղաքական կյանքը, մշակույթը եւ սպորտը: Թերթի ծավալի կեսը նվիրված է Գյումրի քաղաքին եւ մարզին, մեկ քառորդը` Հայաստանի եւ նույն համամասնությամբ աշխարհի անցուդարձն է ներկայացնում: Թերթի վերջին էջերը տրամադրված են խաչբառերին, ինտելեկտուալ խաղերին, օրվա հորոսկոպին, հեռուստատեսային ծրագրերին եւ գովազդին: Անվճար տեղադրում են կինո Հոկտեմբերում ցուցադրվող ֆիլմերի ցանկը, հետագայում կտեղադրեն դրամատիկական թատրոնի եւ տիկնիկային թատրոնի խաղացանկերը: Առայժմ թերթի մակերեսի միայն 10-12%-ն է զբաղեցնում գովազդը:

«Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի 2011թ. նոյեմբերի 17-ի համարից`սկսած առաջին անգամ Հայաստանի տպագիր մամուլի պատմության մեջ, որոշվեց կիրառել QR Code, որը հնարավորություն է ընձեռում խելացի հեռախոսներով (smartphone) թերթի վրայից որսալով հոդվածներին կից պատկերը, ինտերնետից ստանալ այդ եւ հարակից նյութերը (տեքստեր, տեսագրություններ եւ այլն) ու, բնականաբար, գրել մեկնաբանություններ:

«Շրջապատ» շաբաթաթերթ

Ընթերցողի համար թերթի գլխավոր էջը խայծ է: Սխալ ձեւավորումն ու նյութի ընտրությունը կարող են տապալել տվյալ համարի վաճառքը: Գյումրիում 2004թ.-ից հրատարակվող «Շրջապատ» շաբաթաթերթն այդ առումով փորձի պակաս չունի: Ընդդիմադիր կուսակցության ներկայացուցչի կամ գյումրեցիների կողմից չընդունված որեւէ մեկի լուսանկարն «ապահովել» է թերթի մեծ վերադարձելիություն:

Շաբաթաթերթի իրացումը մեծ տոկոս կազմեց, երբ թերթի առաջին էջն սկսեցին զարդարել արտասահմանյան աստղերի լուսանկարներով: Արդեն 8 տարի է տպում են համաքաղաքացիների կյանքի իրական պատմություններ «Լայն փակված աչքերով» խորագրի ներքո: Խմբագրություն այցելած անծանոթ մի աղջիկ ձեռագիր պատմություն էր բերել, որ վերաբերում էր իր մայրիկին: Տպեցին, իհարկե, անունները փոխած: Այդ ժամանակ դեռ չէին մտածում, որ շարք կստացվի: Եղավ արձագանք, հետո իհարկե զանգեր եւ սեփական կյանքի սիրո ուրախ կամ տխուր պատմությունները տպագրելու առաջարկներ:

«Շրջապատ» շաբաթաթերթում տպագրվել են նաեւ Խորհրդային շրջանի ներքին գործերի վերջին նախարար Լեւոն Գալստյանի` «Լյովապետի», քաղաքացիական հայացքների համար մոտավորապես մի 10 անգամ դատապարտված Վաշինգտոն Քիշմիշյանի հուշերը եւ այլն: «Տպել ենք օրիգինալ երազների շարք, որոնք իրականացել են ու մարդիկ տպավորված են եղել դրանից: Շիրակի մարզում կատարված առեղծվածային երեւույթների մասին ենք տպել: Մի տհաճ շրջան էլ ենք ունեցել, երբ սերիալների կարճ բովանդակություն էինք տպում, սակայն հենց դրա շնորհիվ  թերթը վերադարձելիություն չուներ, անգամ մենք երբեմն-երբեմն ստիպված էինք լինում մեր արխիվի համար ընթերցողներից խնդրել համարը»,-պատմում է շաբաթաթերթի տնօրեն Եպրաքսյա Մեխակյանը:

«Շրջապատի» հիմնական խորագրերին վերջին տարիներին ավելացել է եւս մեկը: Ամեն շաբաթ Եպրաքսյան այցելում է Գյումրիի ծննդատուն եւ լուսանկարում այդ շաբաթ ծնված նորածիններին, որոնց լուսանկարներն այնուհետեւ տեղ են գտնում թերթի էջերում:

2011թ. դեկտեմբերին «Շրջապատ» շաբաթաթերթը գյումրեցի ընթերցողներին ամանօրյա անակնկալ մատուցեց: Երկար ընդմիջումից հետո թերթը տպվեց գունավոր` վերադարձնելով ծննդյան օրվանից իրեն բնորոշ գույներն ու դրան ավելացնելով եւս մեկը: «Առանձնանալու խնդիր միշտ է եղել, հենց ստեղծման օրվանից,- ասում է «Շրջապատ» շաբաթաթերթի տնօրենը,- 2004թ. մայիսի 19-ին առաջին համարն է լույս տեսել, առաջին ու վերջին էջերը եղել են երկգույն`կարմիր ու սեւ, հիմա մենք ավելացրել ենք նաեւ 3-րդ գույնը»:

«Շրջապատի» հիմնադիրները նախքան գործունություն ծավալելը, ուսումնասիրել էին արտասահմանյան եւ ռուսական փորձը: Թերթի շուկան հուշել էր` արագ ճանաչվելու ու հաստատվելու համար նախ՝ գույն, հետո՝ գրավիչ նյութեր: «Մենք բրենդային խնդիր ենք լուծում,- հավելում է Եպրաքսյա Մեխակյանը,- մարդկանց աչքը սովորել էր երկգույն «Շրջապատին»: Երկար ժամանակ անգույն էինք ու պոտենցիալ հաճախորդ կորցրեցինք: Մենք ինքնաֆինասավորմամբ ենք գոյատեւում, որեւէ աջակցություն, հովանավորություն չկա: Դրա համար էլ մշտական փնտրտուքների մեջ ենք»: Թերթն իր գոյության տարիներին ընդամենը երկու անգամ է օգտվել դրամաշնորհային ծրագրերից:

«Հինգշաբթի» շաբաթաթերթ

«Հինգշաբթի» ինֆորմացիոն-ժամանցային թերթն ավելի վաղ է հիմնադրվել` 1997թ.-ին: Հիմնադիր-տնօրեն Արմեն Մարտիրոսյանի ներկայացմամբ Գյումրին չուներ թերթի այն տեսակը, որն այժմ իրենից ներկայացնում է «Հինգշաբթին», այսինքն՝ թերթ, որտեղ մարդիկ կգտնեին առք ու վաճառքի հայտարարություններ, կլինի հեռուստահաղորդումների ծրագիր, խաչբառեր:

«Այն ժամանակ հայտարարություններն անվճար էին եւ ընդամենը 3 տարի է, որ դրանք դարձրել ենք վճարովի,- ասում է Արմեն Մարտիրոսյանը»: Բացի «Հինգշաբթի» ինֆորմացիոն-գովազդային շաբաթաթերթից «Հինգշաբթի» ՍՊԸ-ն հրատարակում է նաեւ «Հինգշաբթի-ժամանց» շաբաթաթերթը 2002 թ-ից: «Տարբերություն կա երկու թերթերի մեջ,- հավաստիացնում է գլխավոր խմբագիր Տիգրան Ավետիսյանը,- վերնագիրն էլ է հուշում, որ դրանցից մեկը միայն ժամանցային բնույթի է, իսկ «Հինգշաբթին», որ լույս է տեսնում 5 մամուլ ծավալով, մենք առաջին 3 էջը  հատկացրել ենք տեղական լուրերի լուսաբանմանը եւ միայն 7 էջն են զբաղեցնում հայտարարությունները»:

Թերթերն ունեն նաեւ էջեր, որտեղ նյութերը տպվում են ռուսերեն լեզվով՝ Գյումրիի ռուսալեզու, ռուսախոս ընթերցողների համար: Միջինը 4500 տպաքանակով լույս տեսնող «Հինգշաբթի» շաբաթաթերթը մեծ պահանջարկ է վայելում Գյումրիում եւ վերադարձի տոկոսը շատ փոքր է: Նախկինում, եթե թերթը վաճառվում էր 100 դրամով, ապա Գյումրիի տպագրատան տեղափոխման հետեւանքով, երբ հարկ եղավ տպագրության համար հասնել Երեւան, ստիպված եղան 50 դրամով ավելացնել թերթերի գինը: Վերջին երեք տարին «Հինգշաբթի» ՍՊԸ-ն վարձակալել է թերթ տպագրելու մեքենա եւ տպագրությունն իրականացնում է տեղում: «Բնականաբար, տպագրության հետ կապված բոլոր խնդիրները նույնպես մենք ենք լուծում, բայց գոնե հանգիստ ենք եւ Երեւան գնալու հարցը մեջտեղից դուրս է եկել,- ասում է թերթի տնօրենը»:

«Շրջապատ» շաբաթաթերթի նման «Հինգշաբթին» եւս տարածվում է անհատ լրագրավաճառների միջոցով: Թերթը կարելի է տեսնել սննդի կետերում, լոտո վաճառողների մոտ եւ այլն: Դրամաշնորհային որեւէ ծրագրի ոչ մասնակցել են, ոչ օգտվել: Շիրակի Մրցունակության կենտրոնը 2008թ.-ին թերթին պարգեւատրել է պատվոգրով, որպես մարզի գործարարների լավագույն ինֆորմացիոն աջակից: 

Շիրակի մարզի սուբսիդավորվող թերթերը

«Կումայրի» երկշաբաթաթերթ

1921թ.-ից 20-25 հազար տպաքանակով հրատարակվող «Բանվոր» օրաթերթը 1991թ.-ին վերանվանվեց «Կումայրի»: 1992թ.-ից օրաթերթը դարձավ շաբաթաթերթ, իսկ արդեն 2009թ.-ից սկսած «Կումայրին» լույս է տեսնում երկու շաբաթը մեկ պարբերականությամբ: 2010թ.-ից 1500 տպաքանակով տպագրվող «Կումայրին» անդրադառնում է քաղաքի եւ մարզի սոցիալական, քաղաքական, մշակութային, սպորտային կյանքին: Հեռուստատեսային ծրագրեր չեն տպում հասկանալի պատճառներով (երկշաբաթաթերթ է), գովազդատուներ եւս չունեն: Ամեն տարի պետությունից 500 հազար դրամ աջակցություն են ստանում:

Թերթի գլխավոր խմբագիր եւ տնօրեն Անահիտ Նորիկյանի պնդմամբ, եթե չլինի այդ դրամական օգնությունը, դժվար թե 4 հոգուց բաղկացած խմբագրակազմն ու թերթն ընդհանրապես հնարավոր լինի պահել: Թերթը վաճառվում է 100 դրամով: Մարզի Արթիկ եւ Ախուրյան համայնքներ թերթն հասնում է Հայփոստի միջոցով: Ունեն մոտ 100-ի հասնող բաժանորդներ: «Մեր հավատարիմ ընթերցողներն են հիմնականում»,-նկատում է Անահիտ Նորիկյանը: Վերջին տարիներին արտաքին ձեւավորման եւ բովանդակային առումով «Կումայրին» որոշակի փոփոխությունների ենթարկվել է, սակայն պահպանել է սեւ-սպիտակ տպագրության սկզբունքը: «Թեպետ դա այնքան էլ սկզբունք չէ, որքան որ ֆինանսի խնդիր է, նկատի ունեմ գունավոր տպագրությունը, որը մեզ թույլ տալ չենք կարող»,- ասում է Անահիտ Նորիկյանը:

«Եղեգան փող» ամսաթերթ

Հայաստանի Գրողների միության Շիրակի մարզի մասնաճյուղի պաշտոնաթերթն է: Հիմնադրվել է 1991թ.-ին: Այդ տարին տպագրվել է ընդամենը 16 էջից բաղկացած մեկ օրինակ: Ամսաթերթի տպագրությունն արդեն «Եղեգան» վերտառությամբ վերսկսվել է 7 տարի անց: 1998թ.-ին կարողացել են տպել ընդամենը 3 համար: Կրկին 7-ամյա լռություն եւ միայն 2005թ.-ին «Եղեգան փողը» կրկին սկսել են լույս ընծայել, այս անգամ 2 մամուլ ծավալով, 6 համար տարվա ընթացքում`ընդամենը 500 տպաքանակով:

«Եղեգան փող» ամսաթերթի գլխավոր խմբագիրն ու պատասխանատուն Ռոզա Հովհաննիսյանն է: Գրողների միության Շիրակի մարզային մասնաճյուղի պատասխանատու Անդրանիկ Կարապետյանն ասում է, որ թերթում հիմնականում տեղ են գտնում ժամանակակից ստեղծագործողների ստեղծագործությունները, կատարվում են թարգմանություններ իսպանացի, իտալացի, ֆրանսիացի, անգլիացի, ռուս գրողների գործերից: Ամսաթերթն արդեն 5 տարի է պետությունից դրամական աջակցություն է ստանում, տարեկան 500 հազար դրամի չափով: «Ամսաթերթը չի վաճառվում, հիմնականում նվիրում ենք, դպրոցներ ենք ուղարկում,- ասում է Անդրանիկ Կարապետյանը,-պետական աջակցության շնորհիվ ենք գոյատեւում»:

«Շիրակ» երկշաբաթաթերթ

«Շիրակ» օրաթերթն սկսել է տպագրվել 1930թ.-ին: Ախուրյանի նախկին շրջանային թերթը երկրի անկախացման մի քանի տարիներին դադարեցրեց իր գոյությունը, այնուհետեւ նախկին աշխատակցի, ներկայիս խմբագիր եւ տնօրեն Սամվել Մարգարյանի ջանքերով 1998թ.-ին վերագրանցվեց Արդարատության նախարարությունում եւ հիմա լույս է տեսնում երկու շաբաթը մեկ պարբերականությամբ: «Մարզային գրական, կրթական, մշակութային, հասարակական անկախ երկշաբաթաթերթ է,- ներկայացնում է Սամվել Մարգարյանը,- անդրադառնում ենք նաեւ պաշտոնական այցերին, գյուղաշխարհ ենք տալիս, պատոնական լրատվություն»:

Միջինը 1000 օրինակով տպագրվող երկշաբաթաթերթի գինը պայմանագրային է: Վերջին 4-5 տարին 500 հազար դրամի չափով դրամական աջակցություն են ստանում պետությունից: Տարածման եւ իրացման նպատակով համագործակցում են համայնքների ղեկավարների հետ: Մի ժամանակ Գորկի 62 հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկի մեկ սենյակն էր զբաղեցնում «Շիրակի» երկու հոգուց կազմված խմբագրակազմը: 2 տարի առաջ շենքն օտարվել էր եւ Սամվել Մարգարյանը ստիպված է եղել խմբագրությունը տեղափոխել Երազգավորս գյուղում գտնվող իր տուն: «Ես գրում եմ անգամ ծնկիս վրա, մեքենայի մեջ»,- ասում է Սամվել Մարգարյանը: Ինչպես եւ «Կումայրին», «Շիրակ»-ը եւս տպագրվում է «Հինգշաբթի» ՍՊԸ-ի վարձակալած տպագրատանը:

Դե, իսկ Արթիկ քաղաքում եւ հարեւան համայնքներում տարածվող «Տուֆաշխարհ» երկշաբաթաթերթի խմբագիր Անահիտ Նահապետյանի հետ հնարավոր չեղավ հանդիպել: Քաղաքային հեռախոսին օրեր շարունակ որեւէ մեկը չէր պատասխանում, իսկ տիկնոջ բջջային հեռախոսն անհասանելիության սահմաններում էր: Մնում է միայն զարմանալ, թե ինչպես են ընթերցողներն իրենց հոգսերն հասու դարձնում հանրությանն այս թերթի միջոցով:

Հոդվածը տպագրվել է Գորիսի մամուլի ակումբի կողմից իրականացվող «Աջակցություն ոչ պետական մամուլին» ծրագրի շրջանակներում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter