HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Կանայք պատրաստ էին միմյանց կոկորդ կրծել, եթե չլինեին դատական կարգադրիչները

Գյումրիի բնակչուհի Հ. Մուրադյանին Թուրքիայի Տրապիզոն քաղաքում սեռական թրաֆիքինգի ենթարկելու մեղադրանքով Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում ընթացող դատական առաջին նիստը հետաձգվել էր տուժողի բացակայության պատճառով: Հ. Մ-ի մայրը, ով գործով ներգրավված էր որպես վկա, հայտնել էր, թե աղջիկը Օրենբուրգում է, մեկնել է այս տարվա մարտի 15-ին` աշխատելու նպատակով եւ կվերադառնա միայն նոյեմբեր ամսին:

Հաջորդ դատական նիստերը եւս ընթացան Հ. Մ-ի բացակայությամբ, թեպետ գործով դատակոչված վկաներից երկուսը եւ ամբաստանյալների փաստաբանները պնդում էին, որ տուժողը Գյումրիում է, պարզապես չի ցանկանում ներկայանալ դատարան: Սեպտեմբերի 20-ի դատական նիստի ավարտին դատավոր Է. Մանուկյանը տուժող Հ. Մ.-ին բերման ենթարկելու որոշում կայացրեց: Հոկտեմբերի 18-ի դատական նիստին տուժողն արդեն ներկա էր: Պարզվեց, որ Հ. Մ.-ն երկու ամիս է՝ վերադարձել է, ոչ թե Օրենբուրգից, այլ Սամարայից եւ աշխատում է Գյումրիի սրճարաններից մեկում՝ որպես մատուցողուհի: Տուժողն իր դատարան ներկայանալուց խուսափելը պատճառաբանեց ամոթի եւ խայտառակ լինելու հանգամանքով:

Վերջինս վարժ եւ սահուն արագախոսությամբ սկսեց պատմել դեպքերը բավական մանրակրկիտությամբ: Թեպետ անցել էր մեկ տարի, սակայն Հ. Մ.-ն հստակ հիշում էր բոլոր իրադարձություններն ու խոսակցությունները: Տուժողը պատմեց, որ Թուրքիա ցանկացել է գնալ, որովհետեւ չի ունեցել հիմնական աշխատանք եւ գտնվել է սոցիալական ծանր վիճակում: 2011թ-ին պատահական հեռախոսազրույցի ժամանակ ծանոթացել է Անահիտ Ղ.-ի հետ: Տեղեկանալով, որ վերջինս Թուրքիա գնալ-գալ ունի, խնդրել է իրեն էլ տանել: Անահիտը տեղեկացրել է, որ ինքը «դեպորտ» ունի, բայց կարող է ծանոթացնել ընկերուհու հետ: Ամբաստանյալ Նարինե Մ.-ն եւ տուժող Հ. Մ.-ն ծանոթացել են հաջորդ օրը:

Տուժողը պնդեց, որ ինքը ամբաստանյալին խնդրել է իր համար դայակի աշխատանք գտնել եւ ամենեւին էլ միտք չի ունեցել մարմնավաճառությամբ գումար աշխատելու: Օգոստոսի 4-ին տուժողն ու ամբաստանյալը ավտոբուսով մենել են Գյումրիից Վրաստան: Նարինեն Տրապիզոն մեկնող ավտոբուսի երկու տոմս է վերցրել եւ պատճառաբանել, որ պիտի նախ այցելի իր ծանոթին` Սուսաննային, այնուհետեւ նոր իրենք կուղեւորվեն Կոնիա քաղաք:

Տրապիզոնում տուժողն ու ամբաստանյալ Նարինե Մ.-ն հյուրընկալվել են Սուսաննային, ով շրջապատում առավել հայտնի է «Դոկտոր» մականունով: Նույն օրը Հ. Մ.-ն ապառիկով հագուստներ է գնել Սուսաննայից: Տրապիզոն հասնելու հաջորդ օրը աղջիկները Կոնիա չեն մեկնել, որովհետեւ ուշացել են ավտոբուսից, իսկ հետո Նարինեն հայտնել է, որ պիտի մնան եւ աշխատեն Տրապիզոնում, որովհետեւ Կոնիայի իր ծանոթները հեռախոսազանգերին չեն պատասխանում:

Տուժողը պնդեց, որ այդ ժամանակ է միայն Նարինեն ասել, թե պիտի զբաղվեն մարմնավաճառությամբ` պարտքերը փակելու եւ Հայաստան հետ վերադառնալու համար: «Ես իրանց ըսեցի, օր չեմ ուզե էդ գործով զբաղվիմ: Մոտս փող չէր մնացել, ըսեցի ընձի 70 դոլար փող տվեք պարտքով, ես հասնիմ Հայաստան, աշխատիմ տամ: Սուսանն էլ, թե ըբը շորերի փողը ով պիտի տա, դու ըդքան շոր ես վերցրել: Ես ուզեցի Սուսանին հագուստները հետ տալ, չվերցրեց: Նարինեն էլ, թե ինչի ես խառնվել իրար, մնա աշխատի, փողդ փակվի, ահագին գումար էլ կունենաս, օր հետ էրթաս»,-պատմեց տուժողը:

Հ. Մ.-ն վիճել է ամբաստանյալների հետ: Զայրացել է, երբ ճշտել է, որ Սուսաննայից կատարած գնումների արդյունքում ինքը պարտք է մնացել 5000 ամն դոլար: Սուսաննան, ըստ տուժողի հայտարարության, սպառնացել է իրեն հեռանալու դեպքում «խայտառակ անել սաղ Գյումրիով մեկ ու մորս էլ հայտնել, որ ես մարմնավաճառ եմ, եթե իրա պարտքը չփակվիմ»: Հ. Մ.-ն հայտարարեց, որ Նարինեն եւ Սուսաննան նախապես էին ամեն ինչ պլանավորել, որ Կոնիա քաղաքում խնամակալ աշխատելը եղել է պատրվակ, իրեն Թուրքիա տեղափոխելու բուն նպատակը մարմանավաճառությամբ զբաղվելն է եղել: Գումարները ծախսելն ու իրեն առանց գումար թողնելն էլ է եղել մտածված, ինչպես նաեւ հագուստներ գնելու առաջարկը:

Տուժողը` հասկանալով, որ գտնվում է անելանելի վիճակում` չունի գումար, չգիտի տեղացիների լեզուն, չի կարողանալու ինքնուրույն հեռանալ Տրապիզոնից, ստիպված է եղել համաձայնվել Սուսաննայի եւ Նարինեի առաջարկին` զբաղվել մարմնավաճառությամբ: ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Վլադիմիր Հովհաննիսյանի այն հարցին, թե ճիշտ է, որ տուժողը եղել է Դուբայում եւ զբաղվել մարմնավաճառությամբ, Հ. Մ.-ն պատասխանեց, որ տեղեկությունը ճիշտ է միայն իր Դուբայում լինելու մասով:

«Ես 17 տարեկանում ամուսնացել եմ, 4 տարի անց բաժանվել եմ: Եղբայրս որոշեց ընձի տուն չընդունել ու վռնդեց: Հենց այդ ժամանակ էլ ինձ խաբեությամբ տարել են Դուբայ եւ ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ: Բայց ես չեմ զբաղվել: Ընդեղ 15 օր եմ մնացել, հետո Նելլին ընձի 2-րդ հարկից քցեց վար, իմ ողնաշարը կոտրված է մինչեւ հմի էլ բուժում կստանամ: Ընձի ինվալիդ ուղարկեցին Ղազախստան, ընդեղ 5 տարի առանց անձնագիր աշխատել եմ»,-պատմեց տուժողը:

Տուժողը հաստատեց փաստը, որ Թուրքիայում անձնագիրը մշտապես իր մոտ է եղել, ինքը տեղաշարժվելու խնդիր չի ունեցել: Տրապիզոնում գտնվելու 4 ամիսների ընթացքում 3 անգամ տաքսի մեքենայով, վրացուհի մի աղջկա հետ մեկնել է Բաթումի` վիզա ստանալու նպատակով: Տուժողը չժխտեց նաեւ, որ այդ ընթացքում գումար է ուղարկել տուն` 1000 դոլարի չափով, թեպետ նրա մայրը դատաքննության ընթացքում պնդում էր, թե աղջկանից մեկ անգամ 200, մեկ անգամ էլ 300 դոլար գումար է ստացել:

Տուժողը նաեւ հաստատեց, որ Տրապիզոնում գնել է արբանյակային ալեհավաք, նոութբուք, բջջային հեռախոս քրոջ համար, եւ երկու մեծ պարկ հագուստ, որոնք ամբաստանյալ Նարինեի եւ վկա Վարդուհու հետ սեպտեմբերի վերջին ուղարկել է Գյումրի: Տուժողը նաեւ ասաց, որ որեւէ մեկն իրեն չի ստիպել մարմնավաճառությամբ զբաղվել: Ապրել է 5 հարկանի «Իշիկ» հյուրանոցում: Աշխատանքային ժամերը եղել են ժամը 11-ից մինչեւ գիշերվա 3-ը: «Ման ենք եկել հարկերով, սենյակների դռները ծեծել ենք ու առաջարկել ենք մեր ծառայությունները»,-պատմեց տուժողը: Օրական 250 դոլար է աշխատել տուժողը, որից 120-ը մշտապես տվել է Սուսաննային պարտքի դիմաց:

Ըստ տուժողի, ինքը Սուսաննային պիտի պարտք լիներ ընդամենը 2,500 դոլար, այնինչ ամբաստանյալը պահանջել է 8000 ամն դոլար: Հ. Մ.-ն Նարինեին ասել է, որ չի պատրաստվում այդքան գումար տալ Սուսաննային: Վիճել են եւ տուժողը ծեծել է Նարինեին: «Հա ծեծել եմ ու լավ եմ էրել»,-հայտարարեց Հ. Մ.-ն: Տուժողը նաեւ խոստովանեց, որ արտաքսման գործը կազմակերպել է իր թուրք ընկեր Յաղուբի միջոցով: Վերջինս խորհուրդ էր տվել անձնագիրը թողնել հյուրանոցի համարում: Ոստիկանները ստուգելու ժամանակ կհայտնաբերեն եւ իրեն կարտաքսեն: «Որովհետեւ ես չէի կրնա հենց ընես ելնեի ու գայի Հայաստան: Սուսանն իրա փողը գուզեր, բայց օր արտաքսեին, ես էլ կրնայի ըսեի, թե ինչ էնեմ Սուսան ջան, տեսար, օր արտաքսեցին»,-բացատրեց տուժողը:

Հ. Մ.-ն դատարանում ցուցմունք տալիս երբեմն-երբեմն հուզվում էր: Նրա պատմությանը հետեւող ամբաստանյալներից հատկապես «Դոկտորը» այդ ամենը լսում էր դեմքից չհեռացող ժպիտով: Ամբաստանյալներ-տուժող հարց ու պատասխանի ժամանակ դատարանում սկսվեց անեծքների, «բալեքին թաղելու», սուտ խոսելու մեղադրանքների ու վիրավորավորանքների տարափ: Կանայք պատրաստ էին միմյանց կոկորդ կրծելու, եթե դահլիճում չլինեին դատական կարգադրիչները: Հ. Մ.-ն իր լացակումած պահվածքը մոռացած`որոշել էր դահլիճում գտնվողներին իրազեկել ամբաստանյալների ինտիմ կյանքի մանրամասներին, սակայն դատավորը կանխեց, հրահանգելով չվիրավորել միմյանց անձը, չհրապարակայնացնել միմյանց կյանքի մանրամասներն ու Թուրքիայում արածները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter