HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Նաիրիտի» «անվճարունակությունն» ու ԴԱՀԿ-ի «անգործությունը»

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի նախկին աշխատակից Կարեն Իսրայելյանը չվճարված աշխատավարձի մեծ մասը գործարանից չի կարողանում ստանալ: Այս տարվա փետրվարին օրինական ուժ է ստացել վերաքննիչ դատարանի որոշումը, ըստ որի՝ գործարանից հօգուտ Իսրայելյանի պետք է բռնագանձվի 8 միլիոն 155 հազար 89 դրամ:

Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության Շենգավիթի բաժնում հարուցվել է կատարողական վարույթ, սակայն այս ընթացքում Կարեն Իսրայելյանի օգտին վերականգնվել է միայն 2 մլն 600 հազար դրամ:

«Այսօր մեր գործարանում աշխատող յուրաքանչյուր մարդ կարող է դիմել դատարան եւ պահանջել իր աշխատավարձը: Բանվորները 7 ամիս, մյուսները 6 ամիս, մարդիկ էլ կան 8 ամիս աշխատավարձ չեն ստացել: Դատարանը կորոշի, ասենք, 10 օրվա ընթացքում նրանց պարտքը վճարել: Բայց գործարանը գումար չունի, եթե ունենար, բնականաբար, այդ պարտքերը չէին առաջանա»,- «Հետքին» պարզաբանում է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի ծառայության պետ Անուշ Հարությունյանը: Նա միաժամանակ հիշեցնում է նույն գործով ընթացքի մեջ գտնվող մեկ այլ դատավարության մասին:

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը այս տարվա օգոստոսին բավարարել է «Նաիրիտ գործարան»-ի դիմումը եւ 4 ամսով հետաձգել նույն դատարանի՝ անցյալ տարվա նոյեմբերի վճռի կատարումը: Հենց այս վճիռն էլ հետագայում վերաքննիչի միջամտությամբ ստացել է օրինական ուժ եւ որոշվել է Իսրայելյանին չվճարված ավելի քան 8 մլն աշխատավարձը ՓԲԸ-ից բռնագանձել:

Կարեն Իսրայելյանը Շենքավիթի դատարանի այս նոր՝ վճռի կատարումը հետաձգելու որոշումը բողոքարկել է, եւ վերաքննիչն այն բեկանել ու կրկին ուղարկել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

«Հիմա առաջին ատյանի դատարանը դեռ որոշում չի կայացրել, եւ մենք սպասում ենք այդ որոշմանը»,- մանրամասնում է Անուշ Հարությունյանը: Իսկ Կարեն Իսրայելյանը հակադարձում է, որ այս բեկանմամբ շարունակում է ուժի մեջ մնալ իր աշխատավարձն անհապաղ վճարելու վճիռը, ավելին՝ նույնիսկ մինչեւ Շենգավիթի դատարանի կողմից նոր որոշում կայացնելը գործարանից իրեն հասանելիք աշխատավարձը պետք է վաղուց բռնագանձված լիներ:

«Նաիրիտ գործարան»-ին պատկանող գույքը ԴԱՀԿ ծառայության կողմից ներկայացվել է հարկադիր աճուրդի, սակայն պարտապան ՓԲԸ-ի դրամական միջոցների վրա արգելանք այդպես էլ չի դրվել, թեեւ դա անել ԴԱՀԿ ծառայությունն ուղղակի պարտավոր էր, եւ նման պահանջով Իսրայելյանը ծառայությանը բազմիցս դիմել է:

«Դրամական միջոցներ (գործարանում) գրեթե չկան, որ կալանք դրվի, ու դրա համար որոշակի պրոցեսներ են պետք. այդ ամեն ինչը պետք է լինի դատական գործընթացներով»,- ասում է «Նաիրիտ գործարան»-ի հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի ծառայության պետը: Սակայն Կարեն Իսրայելյանը նկատում է, որ այս ընթացքում գործարանի հաշվեհամարով ավելի քան 1 մլրդ դրամ է շրջանառվել. «Ու նրանք այդ 1 միլիարդից չեն կարողացել 8 միլիոն դրամ վճարել՝ դատարանի վճիռը կատարելու համար»:

«1 մլրդ դրամի շրջանառություն կարող է լինել. մենք աշխատավարձ ենք ստանում 1 մլրդ դրամից ավելի եւ մարդկանց աշխատավարձ ենք բաժանում: Ի՞նչ անեինք, աշխատավարձ չտայինք, որ միայն Իսրայելյանին 8 միլիոնը վճարեինք,- հարցնում է Անուշ Հարությունյանը,- կներեք, նրա նման 1000 հոգի աշխատանքից ազատվածներ կան, որոնց գումարները նույն կարգով նույն ձեւի պետք է վճարվեն: Չի կարելի միայն մեկի տեսանկյունից խնդրին նայել: Այո, այսօր գործարանը մեծ պրոբլեմներ ունի, պարտքեր ունի, եւ նա միակը չէ, ում պարտքերը չեն վճարվում»:

Կարեն Իսրայելյանը դիմել է նաեւ մարդու իրավունքների պաշտպանին: ՄԻՊ Կարեն Անդրեասյանն այս տարվա սեպտեմբերին որոշել է, որ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների «ոչ իրավաչափ գործողությունների /անգործության/ արդյունքում խախտվել է Կ. Իսրայելյանի իրավունքները»:

ՄԻՊ-ը միաժամանակ ԴԱՀԿ-ին առաջարկել է «ապահովել օրենքով սահմանված պահանջի՝ պարտապանի դրամական միջոցների վրա արգելանքի առաջնային եւ անհապաղ կիրառումը», երկրորդ՝ «օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել խախտումը թույլ տված հարկադիր կատարողին /կատարողներին/»:

«Հետքը» ԴԱՀԿ ծառայությանը խնդրել է մեկնաբանել, թե ինչո՞ւ չի կատարվել (ու չի կատարվում) օրենքի պահանջը եւ արգելանք չի դրվում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի դրամական միջոցների վրա: Եվ երկրորդ՝ արդյոք հետեւե՞լ են ՄԻՊ-ի հորդորին ու պատասխանատվության ենթարկել օրինախախտ հարկադիր(ներ)ին:

ԴԱՀԿ ծառայության մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանի խոստման համաձայն՝ դեռ երեկ վերոնշյալ հարցերի պատասխանը պետք է ստանայինք: Սակայն մինչ այս պահը ԴԱՀԿ ծառայությունը որեւէ մեկնաբանություն չի տվել:

Մեկնաբանություններ (1)

Վ.Առաքելյան
Հետաքրքիր է, որն է ձեռնտու, այս գործարանը նման ձևով շահագործելը, թե՞ գետնին հավասարեցնելը և տեղում խոտ ցանելը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter