HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Պատժելու համար ընտրել են «ամենաթույլ» դատավորին

Փաստաբանն Արդարադատության խորհրդի որոշումը ձեւական է համարում

ՀՀ Արդարադատության խորհուրդը (ԱԽ) հուլիսի 11-ին քննել է Քրեական վերաքննիչ դատարանի դատավորներ Ե. Դարբինյանին, Ա. Հովհաննիսյանին եւ Ա. Պողոսյանին, ինչպես նաեւ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Լեռնիկ Աթանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի միջնորդությունը: Հիշյալ դատավորները քննել են զինծառայող Միշա Հարությունյանի գործը, որը դատապարտվել էր զինվորներից մեկին սպանելու մեղադրանքով: ԱԽ-ն մերժել է Քրեական վերաքննիչ դատարանի եռյակ կազմին կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ նախարարի միջնորդությունը` բավարարվելով նրանց հարցը քննարկելով: Մ. Հարությունյանի պաշտպան Հայկ Ալումյանը խիստ զարմացած է, որ ԱԽ-ն մերժել է նախարարի՝ Քրեական վերաքննիչ դատարանի եռյակ կազմին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը, նաեւ՝ որ նախարարը պատասխանատվության ենթարկելու միջնորդություն չի ներկայացրել վճռաբեկ դատարանի կազմի վերաբերյալ:

ԱԽ-ն վարույթի քննարկման արդյունքում արձանագրել է. «ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը փորձ է արել նվազեցնելու առաջին ատյանի դատարանի դատավճռում առկա խախտումները, եւ այդ ապացույցները, որոնք, ըստ առաջին ատյանի դատարանի, կիրառելի էին, եւ կիրառելի էին արդարադատություն իրականացնելու նպատակով, փորձ է արվել հերքել վերաքննիչ դատավարության ընթացքում: Այսպիսով՝ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը դատավճիռ կայացնելիս հիմնվել է այլ ապացույցների վրա, սակայն չի անդրադարձել Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռում ամրագրված գնահատականներին»:

Նախարարը ԱԽ-ին միջնորդել է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Լեռնիկ Աթանյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ առաջարկ ներկայացնել ՀՀ Նախագահին, քանի որ նա թույլ է տվել ոչ միայն ՀՀ Սահմանադրության, օրենքի եւ ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված նորմերի կոպիտ խախտումներ, այլեւ «նյութական վնաս է պատճառել Հայաստանի Հանրապետությանը եւ էական վնաս հասցրել ՀՀ հեղինակությանը եւ վարկանիշին»:

Խորհուրդը մերժել է նաեւ նախարարի այս առաջարկը՝ գրելով, որ դատավճռում ամրագրված «Իրականում հետաքննության մարմնի կողմից բռնություն է գործադրվել ճշմարտությունը բացահայտելու համար»արտահայտությամբ դատավոր Լեռնիկ Աթանյանը, փաստորեն, ընդունել է խոշտանգումների արդյունքում ձեռք բերված ապացույցները եւ դրել մեղադրանքի հիմքում, դրանով իսկ ոչ միայն արդարացրել է նշված անձանց նկատմամբ իրականացված խոշտանգումները, այլեւ թույլ է տվել ինչպես ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով, այնպես էլ միջազգային պայմանագրերով սահմանված սկզբունքների խախտումներ: ԱԽ-ն խիստ նկատողություն է հայտարարել նրան` մեկ տարի ժամկետով զրկելով աշխատավարձի 25 տոկոսից:

Փաստաբան Հայկ Ալումյանի կարծիքով՝ դատավոր Լեռնիկ Աթանյանն իր արտահայտության համար, որը, նրա բնութագրմամբ, ինկվիզիցիայի տարիներից հետո աշխարհում չէր լսվել, իհարկե, պետք է պատասխանատվության ենթարկվեր: Սակայն դատավորն այդ արտահայտությունը գրել էր 2002 թ. գարնանը, որից հետո ինքը երեք տարի անընդմեջ դիմել է իրավասու ատյաններին` Արդարադատության խորհրդին, արդարադատության նախարարին՝ այդ արտահայտության համար դատավորին պատասխանատվության ենթարկելու համար:

«Բոլորը մերժում էին կարգապահական վարույթ հարուցելու մասին իմ դիմումները` պատասխանելով ոչ պակաս «թեւավոր խոսք» դարձած մեկ այլ արտահայտությամբ` «Արդարադատություն իրականացնելիս դատարանն անկախ է եւ ենթարկվում է միայն օրենքին»: Եվ հիմա, երբ Եվրոպական դատարանը « Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում ամրագրեց, որ ակնհայտ անօրինական ձեւակերպում է եղել, հասկացան, որ դատավորին պետք է ենթարկել պատասխանատավության»,- ասում է Հ. Ալումյանը: Փաստաբանի կարծիքով՝ սկսած ԱԽ-ի անդամներից եւ վերջացրած ԱՆ-ի ղեկավարությամբ, կոլեկտիվ հեղինակային իրավունք ունեն Լեռնիկ Աթանյանի արած արտահայտության նկատմամբ, քանի որ ժամանակին նրան պատասխանատվության չենթարկելով՝ իրենց վրա են վերցրել այդ արտահայտության բեռը:

Փաստաբան Ալումյանը նշեց, որ ճիշտ է՝ այդ արտահայտությունից բոլորն են ցնցվել, բայց չպետք է մոռանալ, որ դատավճիռն ուժի մեջ են թողել վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանները: Նա ընդգծեց, որ Եվրոպական դատարանի վճռում քննադատվում են ոչ այնքան առաջին ատյանի, որքան վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների կայացրած դատական ակտերը, եւ ամենեւին էլ չի շեշտադրվում առաջին ատյանի դատավճիռը: «Եվրադատարանի կայացրած վճռով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմնական խախտողը հենց վճռաբեկ դատարանն է եղել: Վճռում շեշտվում է, որ այդ ապացույցների հիման վրա են բոլոր ատյանները դատավճիռներ կայացրել, եւ այդ հիմքով էլ խախտումը ճանաչել են: Ընդ որում՝ Եվրոպական դատարանում քննարկման առարկան հենց դա էր` արդյոք վերադաս դատական ատյաններում դատավորները հիմնվե՞լ են անթույլատրելի ապացույցների վրա»,- հավելեց փաստաբանը: Նրա տեղեկացմամբ՝ Հայաստանի կառավարությունն իր առարկությունների մեջ պնդել էր, որ միայն առաջին ատյանի դատարանն է որպես ապացույց կիրառել անթույլատրելի ցուցմունքները, իսկ Եվրադատարանը համաձայնել է իր փաստարկների հետ, այն է` վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններն իրենց որոշումներում հիմնվել են խոշտանգումների ազդեցությամբ ձեռք բերված ապացույցների վրա:

Ալումյանը կարծում է, որ այս պարագայում սլաքն ուղղել առաջին ատյանի դատարանի դատավորի վրա՝ նշանակում է մեջներից ամենաթույլին ընտրել ու նրան պատժել մի արտահայտության համար, որի համահեղինակն են են նաեւ իրենք: «Սա ընդամենը ձեւական բնույթ կրող կարգապահական տույժ է՝ տպավորություն ստեղծելու համար, որ մեր պետությունը միջոցներ է ձեռնարկել օրինազանցներին պատժելու համար»,- ավելացրեց փաստաբանը:

Հայկ Ալումյանը հայտնեց, թե չի կիսում այն տեսակետը, որ ԱԽ-ի ներկայիս կազմը, որում գերակշռողը դատավորներն են, նպաստավոր է արդարադատության համար: Նրա ասելով՝ դատավորներն իրենք իրենց ապահովագրելու համար աշխատում են անտեսել գործընկերների սխալները՝ յուրաքանչյուրը մտածելով, որ վաղն այդ սխալն ինքն է կատարելու: «Երբ հարցը լիովին դատավորներին է թողնվում, դա չի կարող լուրջ համակարգ համարվել, եւ հիմա մենք քաղում ենք դրա պտուղները»,- հայտնեց պրն Ալումյանը՝ նկատի ունենալով ԱԽ-ի վերը հիշատակված որոշումները: Վերջինիս կարծիքով՝ դեռ սկզբնական փուլում Խորհուրդը ջանում է ցույց տալ, որ համակարգը աշխատում է, բայց կանցնի մի քանի տարի եւ պարզ կդառնա, թե ինչքան սխալ էր Խորհուրդը միայն դատավորներով կազմավորելը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter