HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Հետաքննվում է վարկային ծրագիրը

2000 թ. սկսվեց «Համայնքային զարգացման ծրագիրը», երբ «Երեւանի ջրմուղ-կոյուղի» (ԵՋԿ) ՓԲԸ-ն 35 միլիոն դոլար վարկ ստացավ Համաշխարհային բանկից (ՀԲ):

Հայաստանի կառավարության համաֆինանսավորմամբ միջազգային օպերատոր «A. Utilities»-ը պետք է բարելավեր Երեւանի ջրի որակն ու մատակարարումը: Միակ շոշափելի արդյունքը երեւանցիների համար այն է, որ այսօր ջրի գինը 350 տոկոսով ավելի է «Համայնքային զարգացման ծրագիրը» սկսելու պահին գործող գնից:

2004 թ. մարտին Ազգային ժողովում ստեղծվեց «1991թ.-ից առ այսօր օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված վարկերի, դրամաշնորհների եւ մարդասիրական օգնության օգտագործման արդյունավետությունը» ուսումնասիրող հանձնաժողով: Վահան Հովհաննիսյանի ղեկավարած խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը ներկայացրեց «Համայնքային զարգացման ծրագրի» ուսումնասիրության արդյունքները, որտեղ ամենախոշոր չարաշահումներն էին արձանագրվել: Վ. Հովհաննիսյանը հայտնեց, որ արդյունքները վերջնական չեն, ուսումնասիրությունը շարունակվում է: Այս հանձնաժողովն իր աշխատանքը պետք է ավարտեր 2004 թ. հոկտեմբերին, սակայն երկու ամիս լրացուցիչ ժամանակ տրվեց ավելի մանրամասն եւ հիմնավորված ուսումնասիրություն ներկայացնելու համար:

Հանձնաժողովն ահռելի աշխատանք էր կատարել եւ բացահայտել էր վարկային ծրագրի միջոցները յուրացնելու եւ փոշիացնելու մեխանիզմը, պարզել հեղինակներին: Առնվազն տարօրինակ էր, որ նման փաստեր արձանագրած հանձնաժողովը հանկարծ լռեց:

2007 թ. ապրիլին Վաշինգտոնում հանդիպեցի ՀԲ-ի մի աշխատակցի հետ, ով ասաց, որ Հայաստանը շուտով հայտնվելու է մի սկանդալային պատմության մեջ: Խոսքը հենց ՀԲ-ի «Համայնքային զարգացման ծրագրի» վարկային միջոցների մասին էր:

Խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին ԱԺ հրավերով մասնակցել է բրիտանացի ավագ մասնագետ-վերլուծաբան Բրյուս Թասկերը: Տասը տարուց ավելի Հայաստանում ապրող Թասկերը սկզբում հրաժարվեց այս թեմայով խոսել, այնուհետեւ, երբ հայտնեցի, որ տեղյակ եմ Վաշինգտոնի հետ իր աշխատանքի մասին, համաձայնեց զրուցել:

Բրյուս Թասկերն այս տարվա հունվարին դիմել է Վաշինգտոնի “Government Accountability Project”- ին (GAP- կառավարության վերահսկողության ծրագիր) ` ներկայացնելով Հայաստանում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Համայնքային զարգացման ծրագրի» իրականացման ընթացքում միջազգային օպերատոր «A. Utilities»-ի թերացումներն ու սխալները, կոռուպցիոն գործունեությունը` հավելելով, որ այս ամենը շարունակվող գործընթաց է.

Թասկերի ներկայացրած 62 էջանոց նյութերն արդեն ընդունվել են GAP- ի վարույթ, եւ սկսվել է հետաքննություն:

Խոսքը ոչ միայն վարկային միջոցների, այլեւ ՀՀ պետական բյուջեի փոշիացված գումարների մասին է:

2000 թ. Մ իջազգային օպերատոր «A. Utilities»-ի ներկայացուցիչ Ռիչարդ Վոկլինգը նշանակվեց «Երեւանի ջրմուղ-կոյուղի» ընկերության գլխավոր տնօրեն: Զբաղեցնելով այս պաշտոնը` նա պատասխանատու էր տասնյակ միլիոնավոր դոլարների հասնող բյուջետային փողերի նպատակային եւ արդյունավետ ծախսման համար: Հանձնաժողովի ուսումնասիրության մեջ մատնանշվում են մի քանի կազմակերպություններ, որոնք ներքաշված են եղել այս ծրագրով կատարված միլիոնավոր դոլարների հասնող տարբեր գործարքների մեջ:

Գլխավոր վերլուծաբան Բ. Թասկերը մեզ հայտնեց, որ «Համայնքային զարգացման ծրագրի» ուսումնասիրության ընթացքում ինքը ՀԲ-ի երեւանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնին տեղեկացրել է բազմաթիվ չարաշահումների եւ ֆինանսական միջոցների ոչ նպատակային ծախսումների մասին: Բայց ՀԲ-ն ոչինչ չի ձեռնարկել, եւ վիճակն ավելի է վատացել: Չնայած հայտնաբերված բազմաթիվ խախտումներին` ՀԲ-ն մեկ տարով երկարացրել է ծրագիրը նույն Վոկլինգի ղեկավարությամբ: Նա այսօր էլ աշխատում է ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող նոր վարկային ծրագրում` որպես խորհրդական: Ավելին` 2006 թ. «Համայնքային զարգացման ծրագիրը» ՀԲ-ի կողմից ճանաչվեց հաջողված ծրագիր:

Բրյուս Թասկերի ներկայացրած փաստերն ուսումնասիրելուց հետո GAP- ը որոշում է կայացրել դառնալ նրա իրավական խորհրդատուն եւ մարտի 29-ին նամակ-պահանջագիր է ուղարկել ՀԲ-ի գլխավոր գրասենյակին կից գործող Թափանցիկության եւ համագործակցության դեպարտամենտ: Անդրադառնալով ծրագիրն իրականացնող միջազգային օպերատորի կոռուպցիոն գործունեությանը, ԱԺ հանձնաժողովի եւ ՀԲ երեւանյան գրասենյակի նախկին ղեկավար Ռոբինսոնի անհետեւողական աշխատանքներին` GAP- ը հայտնել է, որ իրենք հետեւողական են լինելու այս խնդրի լուծմանը:

Վերոհիշյալ որոշումը կայացվել է կազմակերպության միջազգային ծրագրերի տնօրեն Բիատրիս Էդվարդսի եւ նրա ղեկավարությամբ աշխատող իրավաբանների հինգ ամսվա աշխատանքի արդյունքում:

«Կառավարության վերահսկողության ծրագրին» (GAP) կարելի է ծանոթանալ հետեւյալ կայքէջում` http://www.whistleblowers.org/:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter