HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

Մաքսային ռեկե՞տ, թե՞ պայքար կոռուպցիայի դեմ

Ինչպես հայտնի է, որևէ քիչ թե շատ արժեքավոր իր Հայաստան բերելիս պետք է անցնել մաքսային ինստանցիաներով և որոշ դեպքերում մաքսազերծել այն: Մաքսազերծման վճարները կազմում են ապրանքի մաքսային արժեքի 0-ից մինչև 52 տոկոսը` կախված իրից (կամ ապրանքից): Հայտնի է նաև, որ ապրանքի մաքսային արժեքը որոշում (ասում) է մաքսային ծառայությունը` կախված հայաստանյան շուկայում իրի արժեքից:

Սակայն, ՀՀ մաքսային օրենսգրքի (ՄՕ) 83-րդ հոդվածը ենթադրում է, որ մաքսային արժեքը որոշվում է հայտարարագրով` այդ ապրանքի գնման և Հայաստան տեղափոխման փաստաթղթերով ու դրանցում նշված գներով (արժեքներով): Այսինքն, եթե ապրանքը Հայաստանում արժե 1000 դոլար, բայց դուք այն գնել եք, օրինակ, 200 դոլարով և Հայաստան հասցնելու համար էլ ծախսել (վճարել) եք ևս 100 դոլար, ապա, համաձայն օրենքի, ձեր ապրանքի մաքսային արժեքը 300 դոլար է և ոչ 1000:

Ներմուծվող ապրանքի մաքսային արժեքը, համաձայն ՄՕ 88 հոդվածի, մաքսային մարմինները որոշում են այն դեպքերում, երբ ամբողջական չեն գնման և Հայաստան հասցնելու փաստաթղթերը: Այսինքն, եթե այդ իրը գնված է e-bay համակարգով, կամ եթե այն, օրինակ, արտերկրում գնված և Հայաստան ուղարկված ավտոմեքենա է, համաձայն ՄՕ-ի, պետք է որ հայտարարագրով մաքսազերծելու հետ խնդիրներ չլինեն:

Ի հեճուկս Մաքսային օրենսգրքի՝ մաքսային մարմինները համարյա միշտ իրենք են որոշում ներմուծվող ապրանքի մաքսային արժեքը: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ավտոմեքենաների մաքսազերծման ժամանակ կիրառվում է հաստատված մի «գնացուցակ»: Գնացուցակում, իբր, գրված են մեքենաների արժեքները հայաստանյան շուկայում:

Ինչպես արդեն հիմնավորվեց, նման «գնացուցակի» նույնիսկ գոյությունն ապօրինի է, իսկ դրա կիրառումը, փաստորեն, օրենքի խախտմամբ քաղաքացիների հաշվին պետական բյուջե լցնելու միջոց է, քանի որ երբեմն այդ գնացուցակով և այլ խախտումներով գանձվում է օրենքով ենթադրվող գանձումից հնգապատիկ ավել գումար: Սակայն, գանձվող գերավճարների փաստացի չափին, ինչպես նաև մեքենաների մաքսազերծման հետ կապված այլ խնդիրներին ու առանձնահատկություններին կանդրադառնանք հետագայում:

Անշուշտ, իրենց իրավունքներից քաջատեղյակ քաղաքացիները և տնտեսվարողները կարող են բողոքարկման (այդ թվում` դատական) եղանակով հասնել ներմուծվող ապրանքի՝ հայտարարագրով մաքսազերծմանը, և այդպիսի նախադեպեր կան: Սակայն, խնդիրն այն է, որ տնտեսվարողները, որպես կանոն, վախենում են դատարան դիմել ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի` հաշվի առնելով, որ այդ դեպքում կարող են լուրջ խնդիրներ ունենալ նույն կոմիտեի մաս կազմող հարկային ծառայության հետ:

Իսկ ինչպե՞ս է այդ ապօրինությունը բացատրվում

Ընթերցողի մոտ ծագած բավականին բնական այս հարցի պատասխանը բավականին անմիարժեք է: Օբյեկտիվ լինելու համար հարկ է նշել, որ Պետական եկամուտների կոմիտեում ունեն բավականին լուրջ հակափաստարկ, ըստ որի՝ այդպես իրենք պայքարում են կոռուպցիոն ռիսկերի դեմ, քանի որ երբ հստակ է տվյալ ապրանքի մաքսային արժեքը, կեղծ հաշիվ-ապրանքագրով կամ կաշառքով հնարավոր չէ պետությանը խաբել: Սակայն, եկեք հասկանանք, որ զարգացած երկրներում և նույնիսկ Վրաստանում արդեն հաղթահարել են այդ խնդիրը և վերացրել կոռուպցիան մաքսային մարմիններում՝ առանց օրինախախտումների և բարեխիղճ քաղաքացիներից ու տնտեսվարողներից ավել գումարներ պոկելու:

Այնուամենայնիվ, Պետեկամուտների կոմիտեն պաշտոնապես չի ընդունում այդպիսի «գնացուցակի» գոյությունը (2011 թ. պատասխանելով ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի հարցմանը` ցուցակի գոյությունը հերքել էր ՊԵԿ նախագահի տեղակալը)` չնայած այն հանգամանքին, որ այդ ցուցակը կախված էր ավտոմեքենաների մաքսազերծման մասնագիտացված մաքսատան պատից:

Զավեշտալին այն է, որ մաքսային մարմինների այդ քաղաքականությունը, կարծես, տարամիտում է իշխող Հանրապետական կուսակցության տեսակետից: ՀՀԿ անդամ և ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի արդեն ավելի քան 5 տարի գործող նախագահ Վարդան Այվազյանը շաբաթներ առաջ «Ազատություն» ռադիոկայանի «ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդմանն անդրադառնալով մաքսային մարմիններին տրված ապրանքի մաքսային արժեքի որոշման իրավունքին՝ հայտարարել էր. «Այ, այդ մեղքի համար զղջում եմ, որ չեմ գրել, որ չի կարելի»:

Հարցի վերաբերյալ բավականին միարժեք է ընդդիմության տեսակետը: ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը անցյալ տարվա մարտի 1-ի հանրահավաքին իշխանություններին ներկայացրեց 17 կետից բաղկացած պահանջ, որոնց թվում էր նաև մեքենաների մաքսազերծման հետ կապված ապօրինություններին վերջ տալը: Իսկ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հարցազրույցներից մեկում մատնանշել էր խնդրի լուծման` կոռուպցիոն վտանգներ չունեցող եղանակները:

Նախորդ գումարման Ազգային ժողովում հարցը բազմիցս (հիմնականում 2010-2011 թվականներին) բարձրացրել էին «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը, Լարիսա Ալավերդյանը և Անահիտ Բախշյանը, սակայն գործադիր մարմինները (հիմնականում ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը) համառորեն հերքում էին «գնացուցակային» այդ ապօրինի քաղաքականության գոյության փաստը:

Մեկնաբանություններ (3)

Վ. Առաքելյան
Եթե Պետեկամուտների կոմիտեն պաշտոնապես չի ընդունում այդպիսի «գնացուցակի» գոյությունը, այսինքն ստում է, ապա ըստ տրամաբանության օրենքների այդ չընդունող պաշտոնյան պարտավոր է ինձ և իմ նման հազարավոր ուրիշներին ետ վերադարձնել վրաստանում գնված մեքենաներից մաքսազերծման հավելյալ շորթված գումարը:
Վ. Ա
Ամեն ինչ արվում է, որպեսզի մեր հանրապետություն ներկրվի որքան հնարավոր է հնամաշ, ծախսատար՝վատ ավտոմեքենաներ: Ամեն ինչ արվում է, որպեսզի մոտակա պատերազմական ընդհարման դեպքում մեր ռազմական նշանակություն ունեցող ավտոպարկը թշնամու ունեցածից ավելի թույլ վիճակում գտնվի:
ԳԱԳԻԿ
ԱՄԵՆ ՄԻ ՕԼԻԳԱՐԽ ԻՐ ԱՎՏՈՍՐԱՀԸ ՈՒՆԻ ԵՎ ԵԹԵ ԴՐՍԻՑ ԼԱՎ ՄԵՔԵՆԱ ԵՆ ԲԵՐՈՒՄ < ՀՐԱՀԱՆԳՎԱՑ > Է ԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏԵՆ ՈՐՊԻՍԻ ՀԱՍՏԱԳԼՈՒԽՆԵՐԻ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԱՌՆԵՆ ԵՎ ԴՐՍԻՑ ՄԵՔԵՆԱ ՉԲԵՐԵՆ ԱՆՀԱՏՆԵՐԸ,,,,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter