HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Հովհաննես Թամամյան. «Նախագահին ոչ ճիշտ ինֆորմացիա է տրվել իմ գործողությունների մասին, ով է դա արել` կռահում եմ»

Նախագահ Սարգսյանը մարտի 14-ին ոստիկանության կոլեգիայի նիստում, անդրադառնալով ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի` օրեր առաջ տեղի ունեցած պաշտոնանկությանը, հավաքվածներին բառացիորեն ասել էր. «Ինքներդ պետք է անձնական վիրավորանք զգայիք և ինքներդ առաջինը պետք է գայիք ու այդ բարձր պաշտոն ունեցող ոստիկանին ասեիք` այ անբարոյական, ինչո՞ւ ես խայտառակում մեր համակարգը»:

10 օր անց Թամամյանը կալանավորվեց: Նրան մեղադրանք է առաջադրվել «Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու» համար, «որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»:

«Ես որևէ հանցագործություն կատարելու մեջ ինձ մեղավոր չեմ ճանաչում, քանի որ հանցագործություն չեմ կատարել և իմ լիազորությունների սահմանը չեմ անցել: Հակառակը, օգնել և աջակցել եմ հանցագործության բացահայտմանը և հանցագործների հայտնաբերմանը»,- պատասխանելով «Հետքի» հարցերին` ասում է Հովհաննես Թամամյանը և հավելում, որ ինչպես մինչ կալանավորվելը, այնպես էլ հիմա պարտաճանաչ ներկայացել է քննությանը և պատասխանել քննիչի բոլոր հարցերին: Հետևաբար, ըստ նրա, իրականությանը չեն համապատասխանում մամուլի այն հրապարակումները, ըստ որոնց` Թամամյանը հրաժարվել է ցուցմունք տալուց և հայտարարել, թե կխոսի միայն դատարանում:

«Թերթերից մեկում կարդացի նաև, որ համագործակցում եմ ԱԱԾ-ի և դատախազության հետ: Ասեմ, որ 1980 թվականից անցել եմ օպերատիվ աշխատանքի, ու բոլորն ինձ հետ են համագործակցել, և դժվար թե որևէ մեկը կարողանա, հանուն ինչ-որ շահի, ինձ օգտագործել: Իմ ողջ գործունեության ընթացքում եղել եմ անաչառ և սկզբունքային օպերատիվ աշխատող, և թող որևէ մեկը չփորձի իր ցանկալին ներկայացնել որպես իրականություն»,- ասում է գեներալ-մայոր Թամամյանը:

Շարունակելով մամուլի հրապարակումների թեման` նա միաժամանակ շեշտում է, որ ոչ Հայաստանում, ոչ էլ արտերկրում որևէ բիզնես չի ունեցել և չունի, ոչ մի գույք չի վաճառել ու չի էլ վաճառելու: Եվ, ընդհանրապես, «իմ հայրենիքից հեռանալու ոչ մտադրություն ունեմ, ոչ էլ ցանկություն»:

Վերջ: Մեր մյուս հարցերին Թամամյանը չի պատասխանել, անգամ նրանց, որոնց մասին դեռ որևէ հրապարակում չի եղել, և որոնք լույս կսփռեին շատ կարևոր իրողությունների վրա: Ուստի, ելնելով նախաքննության գաղտնիությունից` մենք ևս այդ մասին առայժմ չենք խոսի:

Քրեական գործը, որի պատճառով ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանը պաշտոնից զրկվել ու դարձել է կալանավոր, կապված է Խաչիկ Մկրտչյանի սպանության հետ: Անցյալ տարվա մայիսի 12-ին Արաբկիր համայնքում զենքերի գործադրմամբ բախում էր եղել երկու խմբավորումների միջև: Առճակատման մի կողմում եղել են Արսեն Ահարոնյանը, Պետրոս Գրիգորյանը, Վռամ Բաղդասարյանը և զինվորական Հայկ Հակոբյանը: Կարելի է ասել, որ այս թևն Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի բարեկամն է. Պետրոսն ու Վռամը նրա սանիկներն են, Արսենը` քրոջ որդին, իսկ զինվորական Հայկը` Արսենի հորեղբոր տղան:

Գործի շրջանակներում մամուլում շրջանառվում է նաև ԱԺ ՀՀԿ-ական օլիգարխ պատգամավոր Լևոն Սարգսյանի (մականունը` Ալրաղացի Լյովիկ) անունը, ավելին` շարադրվել են նաև դեպքին նրա ունեցած առնչության մանրամասները: Ըստ այդմ, միջադեպից հետո, երբ Արսենն ու Պետրոսը գտնվել են հիվանդանոցում, Լևոն Սարգսյանը զանգահարել է Արսենին, ինչի արդյունքում վերջինս Վռամի կատարած սպանությունը վերցրել է իր վրա: Հիմնավորումն այն է, որ նա ստացել է հրազենային վնասվածք, և սպանությունն իր դեպքում կարող է դիտվել իբրև ինքնապաշտպանություն, իսկ եթե իրականությունն ասվի, նրա ընկերը` վնասվածքներ չստացած Վռամը, չի կարող խուսափել դիտավորյալ սպանության մեղադրանքից:

Հենց այս վարկածով էլ գործը հասել է դատարան, սակայն առաջին նիստից հետո դատավարությունը հետաձգվել և, և ամեն ինչ գլխիվայր շրջվել: Խաչիկի սպանության համար մեղադրանք է առաջադրվել արդեն Վռամ Բաղդասարյանին:

Ըստ մամուլի հրապարակումների` Վռամը պատգամավոր Սարգսյանի թիկնապահն է, մինչդեռ Վռամի ծնողները հերքել են այս տեղեկությունը` շեշտելով, որ իրենց տղան ժամանակին եղել է Հովհաննես Շահինյանի օգնականը: «Հետքի» հետ զրույցում Վռամի հայրը նշեց, որ իր որդին գուցե Լևոն Սարգսյանին ճանաչել է, բայց կոնկրետ կապ նրա հետ չի ունեցել:

«Հետքի» հավաստի տվյալներով` դեպքից հետո Հովհաննես Թամամյանը զանգահարել է Լևոն Սարգսյանին և ասել, որ զենքերը բերեն ու հանձնեն: Սարգսյանն էլ, հետևելով Թամամյանի ցուցումին կամ իբրև միջնորդ` փոխանցելով այդ ցուցումը, կազմակերպել է զենքերի` «Մակարով», «Կոլտ» և «ՏՏ» տեսակի ատրճանակների հանձնման գործընթացը: Թե ի՞նչ կապ ունի պատգամավորն այս ամենի հետ, ինչո՞ւ է Թամամյանը նրան զանգել, դեռևս չենք պարզել:

«Մակարովն» ու «ՏՏ»-ն իրավապահներին հանձնել է Արսենի հայրը, «Կոլտը»` Վռամը: Գործը շրջվելուց հետո, երբ Արսենը հրաժարվել է ինքնախոստովանական ցուցմունքներից, զենքերի տերերը փոխվել են: Ըստ այդմ, «Մակարովը», որով կատարվել է սպանությունը, եղել է Վռամի մոտ, «Կոլտը»` Արսենի, իսկ «ՏՏ»-ի հարցը, որից կրակոցներ են արձակվել, մնացել է առկախ. հայտնի չէ, թե այն ով է կրել:

Արսեն Ահարոնյանի` ինքնախոստովանական ցուցմունքներից հրաժարվելու պատճառ նշվում է այն, որ ինքնապաշտպանության վարկածը չի գործել, և նրան մեղադրանք էր առաջադրվել «շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով» դիտավորյալ սպանություն կատարելու համար (պատժվում է 8-15 տավա կամ ցմահ ազատազրկմամբ):

Եթե Հովհաննես Թամամյանը, ըստ Հատուկ քննչական ծառայության, կարողացել է փաստերը խեղաթյուրել, նախաքննությունը շեղել, ապա անհասկանալի է, թե ինչու նույն հաջողությամբ չի հասել նրան, որ Արսեն Ահարոնյանին առաջադրվեր ավելի մեղմ պատիժ սահմանող հոդված: Բացի դրանից` ինչպե՞ս կարող էր նա այդ ամենն անել` առանց բարձրաստիճան այլ ոստիկանների համաձայնության, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ ի պաշտոնե բուն քննությունն այլ անձինք պետք է վերահսկեն և իրականացնեն, ու վերջիններս անմիջականորեն Թամամյանին չեն ենթարկվում:

Խեղաթյուրված գործի հետևանքով պաշտոնից ազատվել է նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Վ. Ադամյանը, իսկ նրա տեղակալ Արմեն Պողոսյանը` կալանավորվել: Նրանցից մեկը, «Հետքի» ստույգ տեղեկություններով, ցուցմունքում նշել է, որ բոլոր գործողությունների մասին զեկուցվել ու համաձայնեցվել է նաև Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի հետ, որն էլ իր հերթին զեկուցել է ղեկավարությանը:

Ասուլիսներից մեկի ժամանակ լրագրողները Ներսես Նազարյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է ստացվել, որ ամիսներ շարունակ խեղաթյուրված նախաքննություն է կատարվել, բայց ինքը տեղյակ չի եղել: Վերջինս իր անտեղյակությունը բացատրեց նրանով, որ «գործը տարվել է քննչական գլխավոր վարչություն, և օպերատիվ մասը տարել է քրեական գլխավոր վարչությունը»: Այնինչ իրականում մինչ այդ գործը 5 ամիս քննվել է Արաբկիրի բաժնում` Երևանի ոստիկանապետի ենթակայության ներքո:

Մյուս կողմը` սպանված Խաչիկ Մկրտչյանի ընկերները, ի սկզբանե ասել են, թե չեն տեսել` ով է մահացու կրակոցի հեղինակը: Գործը շրջվելուց հետո նրանց առաջադրված մեղադրանքը վերաորակվել է, նախատեսվող պատժաչափը` խստացվել: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց արդեն կիրառվել է կալանավորումը, բայց Նարեկ Օհանջանյանը 10 օր առաջ համաներմամբ ազատ արձակվեց:

Փոխարենը կալանավորված է Նարեկի հայրը` Արմեն Օհանջանյանը: Վերջինս մեղադրվում է որդու և նրա ընկերների ազատության դիմաց ժամանակին` նախկին քննության ընթացքում, խոշոր չափի` 150 հազար ԱՄՆ դոլար կաշառք տալու մեջ:

Արմեն Օհանջանյանը մեղադրանքը չի ընդունում: Մեր տվյալներով, սակայն, գործի նյութերում առկա են նաև Ա. Օհանջանյանի հեռախոսային գաղտնալսված խոսակցությունների վերծանումները` կաշառք տալու թեմայի առնչությամբ:

Բայց մյուս կողմից` նախաքննությունը, «Հետքի» տեղեկություններով, մինչև հիմա չի հիմնավորել, թե որտեղից նրան այդքան գումար, ումից է վերցրել կամ ինչ է վաճառել: Ավելին, պարզվել է, որ տվյալ ժամանակահատվածում Ա. Օհանջանյանը երկու բանկի պարտք է եղել մոտ 30 հազար ԱՄՆ դոլար:

շարունակելի

Մեկնաբանություններ (3)

ani
Mekel harcreq Tamamyanin te vor voch biznes uni vochel poxa vercrel txen vonca Bentli qshum?
Gagik
ով է արել?????
Gagik
Ekel e karer@ havakelu jamanak@,,,,,,,,,,,,,,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter