HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

«Ահա եւ ես հասա Ամերիկա»,- երգում է Լոս Անջելեսում բնակվող երաժիշտը (վիդեո)

Հեղինակային երգ` անգլերենո՞վ, ջեմբե՞, ռո՞ք, թավջութա՞կ, հայերը Լոս Անջելեսու՞մ, քննադատությո՞ւն, աղջիկ- տղա հարաբերություննե՞ր... Հումորով ու երաժշտական ամենատարբեր էքսպերիմենտների ուղեկցությամբ այս ամենն իր տեղն է գտել երիտասարդ ու համարձակ երաժշտի երգերում: Վերջերս Stop ակումբում Լոս Անջելեսում բնակվող Աշոտ Թադեւոսյանի համերգն էր:

Հայտնի փաստ է, որ Լոս Անջելեսի հայկական իրականության մեջ գերակշռում է ռաբիսը, Արմենչիկը, թերեւս, ամենահայտնի երաժիշտն է այնտեղ, նրանից բացի շատերը կան, թեկուզ ոչ այդքան հայտնի: Այնուամենայնիվ, երաժշտության ոլորտում կան նաեւ նրանք, ովքեր փորձում են հարթել իրենց ճանապարհը այս կամ այն կերպ` ամեն մեկն իր նախընտրած ժանրում:

«Ցանկացած իրականության մեջ գերիշխում է այն երաժշտությունը, որը հեշտ հասանելի է, որը սառը խմիչքի նման հաճելի է լինում, շատ բանի մասին չես մտածում: Այն երաժշտությունը, որը բան ունի ասելու, կարծես ավելի նման է անտառում ճամփորդության, որի ընթացքում դու կարող ես ինչ-որ բաներ հայտնաբերել, նոր բաներ սովորել քո մասին, քո շրջապատի մասին: Դա արդեն ավելի դժվար հասանելի է զանգվածներին: Ամերիկյան երաժշտության մեջ էլ գերիշխում է փոփ երաժշտությունը, որն ինձ համար նույն ռաբիսն է: 90 տոկոսը դա է լսում»,- ասում է Աշոտ Թադեւոսյանը:

Ապրելով այդ միջավայրում` Աշոտը տարօրինակ կերպով կապված է հեղինակային երգի հետ: Նա չի վախենում ներկայացնել իր երաժշտությունը, Լոս Անջելեսում ապրող երիտասարդն էլ, ում մեջ ներթափանցել է ամերիկյան կենցաղը, կարող է հեղինակային երգի կարիք ունենալ: «Ամեն տեղ էլ կան հարցեր, եւ կան մարդիկ, որոնց հուզում են այդ հարցերը, որոնք ծարավ են դրան, որոնք դրա կարիքն ունեն: Եթե դա չլինի, պարզապես ինչ-որ բան պակաս կլինի: Անհնար է, չեմ կարծում, որ ինչ-որ տեղ կարող է լինել, որտեղ այդ ժանրի բացակայությունն իր հետքը չթողնի»:

Երիտասարդ երաժիշտը երգեր սկսել է գրել 15 տարեկանից: Սկզբնական շրջանում պարզապես երգում էր ընտանիքի, հետո` ընկերների համար: Երբ դրական արձագանք եղավ, որոշեց, որ միգուցե կարելի է նաեւ փորձ անել երաժշտության ասպարեզում: Աշոտ Թադեւոսյանի խոսքերով` իր վրա մեծ ազդեցություն է թողել Ռուբեն Հախվերդյանը, որի երգերը սկսել է լսել դեռ 1989 թվականից: Նրանից շատ բան է սովորել, ինչպես երգերից, այնպես էլ մտածելակերպից:

«Հայրս կասետ ուներ, այդպես ծանոթացրեց երաժշտին, հետո հիշում եմ` գրադարանում նա համերգ ունեցավ, այդտեղից ազդվեցի, ու այդ ամենը ինձ հարազատ դարձավ: Ոգեւորվեցի, ու ցանկություն ծնվեց ինձ մոտ, որ ես էլ գրեմ, որովհետեւ այն հաճույքը, որ ես եմ ստացել իրենից, ուզում եմ ինչ-որ կերպ ես էլ պատճառեմ»,- ասում է նա:

Միացյալ Նահանգներում Աշոտ Թադեւոսյանը 6 տարի թատրոնում է խաղացել, չնայած մասնագիտությամբ հոգեբան է: Ասում է` երգերն իր համար թերապիա են: «Ես այդպես եմ բուժվում: Սկզբում չէի զգում, որ այդպես է, հիմա արդեն, երբ ինչ-որ մի բան այնպես չի ստացվում ինձ մոտ, ես գիտեմ` ինչ եմ անելու»:

Աշոտ Թադեւոսյանի գրած երգերը իրական կյանքի մասին են` ամենատարբեր թեմաներով: Մեծ մասը պատմություններ են, որոնք «հրավիրում են» ծիծաղելու անտեսված իրականությունների վրա: Երգերում քննադատություն է` համեմված հումորով: «Հենց մեզ վրա ենք ծիծաղում, կոնկրետ ինձ վրա, որովհետեւ ես էլ եմ այս ազգի մի մաս»:

Երգերից մեկի մեջ նա երգում է այն մասին, թե ինչպես են հայերը նշում ապրիլի 24-ը: «Ինձ համար շատ խորթ է, որ դրոշներով, բարձր երգեր միացրած երիտասարդները պտտվում են փողոցներով: Ու շատ մարդիկ, ովքեր ծանոթ չեն ապրիլի 24-ին, չեն իմանում` դա ինչ է, առաջին անգամ երբ տեսնում են, թվում է` ինչ-որ տոնակատարություն է, որին պետք է մասնակցեն»:

Ապրելով Լոս Անջելեսում` նա նկատել է, որ այնտեղի հայերն ունեն հատուկ բնութագծեր, ինչպես եւ ցանկացած կոնկրետ տարածքում ապրող հայերը: Աշոտ Թադեւոսյանին շատ բաներ խորթ են թվում, աչք են ծակում, եւ «ուզած-չուզած` երգերի մեջ դա արտացոլվում է»: Չնայած հեղինակը չի սիրում խոսել դրանց մասին, ասում է` երգի մեջ կարելի է, որովհետեւ ինչ-որ կոնկրետ մասսայի մասին ես խոսում:

«Լոս Անջելեսում հայտնվեցի 1995 թ.` ցուրտ ու մութ տարիներից անմիջապես հետո, երբ շատերն էին հեռանում երկրից: Այստեղ ընդհանրապես չէր լինում ապրել: 14 տարեկան էի այդ ժամանակ: Ինչքան էլ մենք շատ կողմ չէինք երկրից հեռանալուն, բայց եկավ այն օրը, որ հասկացանք` չի ստացվում պարզապես այստեղ: Ու տեղափոխվեցինք Ամերիկա, Լոս Անջելես»,- պատմում է Աշոտը:

Աշոտին շատ բաներ Երեւանում էլ են խորթ եղել, կարծում է, որ Երեւանում լարվածություն կա: 4 տարեկանում նա հայտարարեց, որ էլ բակ դուրս չի գալու, չի խաղալու, որովհետեւ տեսավ, թե ինչպես է մեկը մեկի հետեւից ընկել` կացինը ձեռքին: «Փոքր ժամանակվանից միշտ կարդացել եմ, գրքերով տարված եմ եղել ու միշտ ոնց որ օտար եմ զգացել ինձ` լինի բակում, ընկերական շրջապատում, թե դպրոցում: Միշտ այն տպավորությունն է եղել, որ կան ինչ-որ լավ տղաներ կամ տղաներ, որ իրենց ավելի բարձր են համարում ու իրավունք ունեն` ինչ ուզում են անեն: Այս ամենի մասշտաբներն, իհարկե, ավելի մեծանում են տարիքի հետ: Դա շատ է վանել ինձ»:

Մեկուկես տարի առաջ էր, որ իր երգերը ներկայացնելու մտադրության մասին խոսեց ընկերների հետ, ովքեր երաժշտության ոլորտում էին: Առաջին համերգը եղավ անցած տարի ապրիլին, Ամերիկայում: Նորաստեղծ խմբի ելույթը դրական գնահատականի արժանացավ ու որոշեց, որ արժե շարունակել: Այդ խմբի կազմից մնացին երկու հոգի` ինքն ու ջեմբեյահարը: Հետագայում արդեն խմբին տարբեր երաժիշտներ միացան: Այսօր «Splinter»-ը ունի 3 հիմնական անդամ, եւ եւս 3 հոգի, ովքեր աշխատում են խմբի հետ:

Երբ Հայաստանում համերգ ունենալու ժամանակը եկավ, նրան օգնեցին իր ընկերները, այդ թվում` թավջութակահար Արտյոմ Մանուկյանը, ինչպես նաեւ այսօր ԱՄՆ-ում բնակվող կիթառահար երգիչ Գոռ Մխիթարյանը: Ի դեպ, առաջին համերգը հենց Գոռ Մխիթարյանի հետ է եղել: Քանի որ ամբողջ  խումբը չէր կարող ճամփորդել, Աշոտն այստեղ ծանոթացավ երաժիշտների հետ, որոնց հետ էլ հանդես եկավ Երեւանում իր ունկնդիրների առջեւ:

«Splinter»-ը ալտերնատիվ world music նվագախումբ է: Խմբի երաժշտությունը, կարելի է ասել, համամարդկային է, քանի որ կրում է տարբեր մշակույթների ազդեցությունը` Ասիայից Ամերիկա: Խումբը զարգանում է եւ էքսպերիմենտներ անում աշխարհի, ֆոլկ, ալտերնատիվ, ավանդական եւ դասական երաժշտական ոճերում` իր ունկնդրին տանելով մի յուրօրինակ ճամփորդության:

Հեղինակն ինքը դժվարանում է ասել` ինչ ժանրով է իրենց գրած երաժշտությունը, ինչ-որ առումով` ռոք, ինչ-որ առումով` բլյուզ, ինչ-որ առումով` աշխարհի տարբեր մշակույթներից եկած երաժշտություն` այսպես կոչված world music: Թմբուկը, որն օգտագործվում էր համերգի ժամանակ, արաբական էր, խումբը հիմնականում օգտագործում է աֆրիկական օրիգինալ ջեմբեն, իսպանական կախուն ունեն, ունեցել են հարավամերիկյան գործիքներ, կենա, չարանգո, պամֆլյուտ: «Իմ կարծիքով, խնդիր չկա, թեկուզ` ժանր, ժանր կստեղծենք, ի՞նչ կա»,- ասում է նա` ծիծաղելով: Աշոտ Թադեւոսյանի երաժշտական փորձերը կարելի է դիտարկել նաեւ հեղինակային երգի ժանրում, մանավանդ որ հեղինակային երգի ժանր հենց այդ անվանումով ամերիկյան երգարվեստում չկա, չես կարող ասել` սա հեղինակային երգիչ է: Կա քանթրի, ֆոլկ երաժշտություն: Աշոտ Թադեւոսյանն ինքը  մեծ տարբերություն չի տեսնում, որովհետեւ, ինչպես ինքն է ասում` ասելիքն է կարեւոր:

«Հեղինակային խոսքը տարբեր ասպարեզներում կարող է հայտնվել տարբեր անվանումների, տարբեր ժանրերի տակ, պարզապես ում հետաքրքրում է, կարող է դա ամեն տեղ էլ գտնել: Հենց թեկուզ ռեփի մեջ շատ հաճախ հեղինակային խոսք եմ ես տեսնում, ոչ փոփ ռեփը, որը մասսայականություն ունի: Դա կարող է տարօրինակ թվալ, բայց ռեփի մեջ շատ մեծ ասելիքներ են եղել: Ինձ համար հեղինակային երգը երեւի մի քիչ աբստրակտ հասկացողություն է»:

Երաժշտի ամենասիրած հեղինակներից մեկը Բոբ Դիլանն է: «Նա հզոր պոետ է, որից ես շատ բաներ եմ քաղել: Բոբ Դիլանը շատ տարբեր ժանրեր է օգտագործում, բայց իր կորիզը, իր ասելիքը ես համարում եմ հեղինակային երգչի, պոետի խոսք: Վիսոցկին ու Բոբ Դիլանը ինձ համար համարժեք մեծություններ են»:

Երիտասարդ երաժիշտը փորձում է գտնել իր ունկնդրին, եւ ոչ միայն գտնել, այլեւ ընդլայնել նրանց շրջանակը: Բարդը, լինելով դժվար ընկալվող, դժվար հասանելի երաժշտատեսակ, քիչ ունկնդիր ունի: Աշոտ Թադեւոսյանը փորձում է առանց կորցնելու բարդի հոգին,  ասելիքը, երբեք չփորձելով զոհաբերել այդ իմաստը` մի քիչ ավելի զարգացնել երաժշտական կողմը ու հասանելի դարձնել ավելի շատ մարդկանց:

«Գուցե դա իմ կողմից բացթողում է, բայց ես գտնում եմ, որ եթե ասելիք կա, գերադասում եմ, որ այդ ասելիքը հասնի ավելի շատ մարդկանց: Ես չեմ գտնում, որ երաժշտությունը զարգացնելով ինչ-որ բան ես կորցնում: Ես բոլորովին գոհ չեմ նրանից, ինչին հասել եմ: Ես դա համարում եմ առաջին քայլ: Իմ ցանկությունն է` այնպես զարգացնել երաժշտությունը եւ բառերը, որ մի օր այդ երաժշտությունը համարվի գեղեցիկ շատ ավելի մեծ մասսայի կողմից: Երբեք դա փոփին չի հասնելու»,- ասում է նա: Ապա հավելում է, որ ինքը համոզված է` կան մարդիկ, ովքեր չեն լսում ոչ այն պատճառով, որ չեն սիրում, այլ պարզապես իրենց չի հասել այդ երաժշտությունը: Այս կերպ, իր կարծիքով, ինքը կկարողանա ինչ-որ չափով ավելի մոտեցնել նրանց այդ երաժշտությանը:

Աշոտ Թադեւոսյանի երգացանկում կան եւ հայերեն, եւ անգլերեն երգեր, իսկ հեղինակային երգի ժանրում կարեւորն ասելիքն է: Հեղինակը խոստովանում է, որ ինչպես իր ապրելակերպը, մտածելակերպը, աշխարհայացքն են կիսված, «մի ոտքն այնտեղ է, մի ոտքն` այստեղ», նույն կերպ նաեւ իր լեզվամտածողությունն է: Երբ սկսել էր գրել, երգերի 50 տոկոսը հայերեն էին, 50 տոկոսը` անգլերեն: Երգերը լրիվ տարբեր էին, մեկը մի մտածելակերպով էր, մյուսը` ուրիշ: Տարբեր բաներ էին ասում, բայց երկուսն էլ շատ հարազատ էին իրեն: Ամեն ինչ կարծես նորմալ էր, հենց այդպես էլ պետք է լիներ: Երբ սկսեց արդեն լուրջ մտածել այս հարցի շուրջ, որոշեց, որ «պետք է հայկական ուղղությամբ գնա»: Այդ ընթացքում ավելի շատ երգեր գրվեցին հայերեն լեզվով:

«Որոշ ժամանակ անց ես գտա, որ անգլերենը նույնպես ինձ հարազատ էր, եւ բոլորովին չարժեր դա դեն նետել: Էլ չասած, որ դրա շնորհիվ դու կարող ես նաեւ ընդլայնել քո ասելիքը, հասնել ավելի մեծ լսարանի ամերիկյան իրականության մեջ, որովհետեւ եթե դու գտնվում ես մի երկրում, որտեղ մեծ մասը հայ չէ, ուրեմն ինչ-որ տեղ ճնշում ես, վնաս ես տալիս քեզ, եթե ստեղծագործում ես մի լեզվով եւ մի կողմ ես դնում այն լեզուն, որով նույն հեշտությամբ կարող ես ստեղծագործել»,- ասում է նա: Հիմա հեղինակն ավելի շատ գրում է անգլերենով, բայց հույս ունի, որ գալու է հավասարակշռության պահը:

Երգերն, այնուամենայնիվ, տարբեր են, ասելիքը երկու լեզուներով տարբեր կերպ է արտահայտվում: Այն երգը, որտեղ նկարագրում է հայ մարդու տեսակետը Ամերիկայում ապրող տարբեր ազգերի, տարբեր կողմերից եկած հայերի վերաբերյալ, ինչպես նաեւ հայաստանցի հայերի մտքերը մյուս հայերի մասին, նա անգլերենով պարզապես չէր կարող գրել: Եւ հակառակը: «Տեսակցություն» կոչվող երգն այն մասին է, որ մեկի հետ ժամադրության ես գնում, հետո ուրիշ հարաբերություններ են զարգանում, հետո պարզվում է, որ այն անձը, որի հետ դու անցար այդ ճանապարհը, դրա համար փող է ուզում: «Ես այդ երգը չեմ կարող հայերենով գրել: Պարզապես չի ստացվի»,- ասում է նա:

Հայաստան իր այցելության ժամանակ Աշոտ Թադեւոսյանին հյուրընկալեցին նաեւ բարդ ակումբում: Հեղինակը խոստովանում է, որ հենց  առաջին հեղինակային երգի երեկոն, որին նա ներկա գտնվեց, մեծ ազդեցություն թողեց իր վրա, իր ներքին աշխարհը խառնեց իրար: Միայն բեմից հնչող երգը չէր, ստեղծված մթնոլորտն էր, երբ երգի ժամանակ մոմի լույսի տակ մարդկանց դեմքերին նայելիս տեսնում էր` ինչպես էին երգին ձայնակցում: «Երեւի առաջին անգամ այս 16 տարվա մեջ ես պատճառ գտա, թե ինչու պիտի հետ գամ: Հուզիչ էր իսկապես»,- ասում է նա:

Եւ ապրելու, եւ ստեղծագործելու առումով Աշոտը չի կարողանում   Երեւանն ու Լոս Անջելեսը բաժանել իրարից: Ասում է` վերջիվերջո ոչ միայն նույն ազգն է, այլեւ ամեն ինչը միասին է, այնտեղի ժողովուրդը այստեղով է ապրում, այստեղի ժողովուրդն` այնտեղով: Այստեղից մի բան է քաղում, այնտեղից` ուրիշ բան, առանց մեկի կամ մյուսի, համոզված է, իր համար դժվար կլիներ: Իսկ երբ ուրբաթ երեկոյի պես մի բան է տեսնում, հասկանում է, թե այնտեղ ինչն է իրեն պակասում:                                 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter