HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

10 հատ չվաճառված սղոցի կտրիչի գինը. նախագահի ելույթից մեկ օր անց

Մայիսի 28-ին Գնունու շինանյութերի շուկայի անհատ ձեռներեց և վաճառող Արթուր Էժդարյանին մի երիտասարդ խնդրել է 10 հատ սղոցի կտրիչ վաճառել: Մեկ սղոցի կտրիչն արժե 4000 դրամ: Վաճառողն ասել է, որ պետք է վաճառասեղանի տակ նայի, թե արդյոք ունի՞ գնորդի ուզած քանակի ու չափսի ապրանք: Երիտասարդն էլ պատասխանել է, որ գնում է մոտակայքից այլ ապրանքներ գնելու, խոստացել է մի քանի րոպեից վերադառնալ ու վերցնել 10 հատ սղոցի կտրիչը, և թողել է 40 հազար դրամ:

Արթուր Էժդարյանը դեռ դասավորում ու պատրաստում էր սղոցի կտրիչները, երբ երիտասարդի փոխարեն եկել է մեկ այլ երիտասարդ, ով ներկայացել է որպես Մյասնիկյան հարկային տեսչության (ՀՏ) աշխատակից` առանց անուն ասելու: Հարկայինի աշխատակիցը վաճառողին ասել է. «Քեզանից դիսկ են գնել, դու ՀԴՄ կտրոնը չես տվել: Եթե քեզ փող են տվել, դու պարտավոր էիր ՀԴՄ կտրոնը խփել»: Արթուր Էժդարյանը պատասխանել է, որ ինքը նույնիսկ չի հասցրել պատրաստել և տոպրակի մեջ դնել ապրանքը, 40 հազար դրամ թողած երիտասարդը գնացել է` վերադառնալու պայմանով: «Ես 40 հազար տվողին ընդհանրապես էլ չեմ էլ տեսել»,- ասում է Արթուր Էժդարյանը:

Այդ ժամանակ հարկայինի աշխատակիցը խնդրել է դուրս գալ և դրսում շարունակել խոսակցությունը, որպեսզի «շատ մարդիկ տեղյակ չլինեն» դրանից: Դրսում հարկայինի աշխատակիցը զանգահարել է մեկ այլ մարդու, ով միացել է զրույցին, փաստաթղթեր բերել և ասել, որ Արթուր Էժդարյանը վերադարձնի 40 հազար դրամը: Վաճառողի հետ դրսում զրուցողները խոստովանել են, որ 40 հազար դրամ թողած երիտասարդը ևս հարկայինի աշխատակից է, իսկ 40 հազար դրամն էլ «պետական փող է»:

Հարկայինը մինչ մայիսի 28-ը արդեն հսկիչ գնում կատարել էր Արթուր Էժդարյանից. գնել էր մեկ հատ նույն սղոցի կտրիչից, ինչի դիմաց վաճառողը հասցրել էր տրամադրել ՀԴՄ կտրոնը: Սա հաստատվում է նրանով, որ մայիսի 28-ին հարկայինի աշխատակիցները Արթուր Էժդարյանից պահանջել են վերադարձնել ոչ միայն 40 հազար դրամը, այլև այդ մեկ սղոցի կտրիչի գինը` 4000 դրամը: Նրանք ներկայացրել են Արթուր Էժդարյանից նախկինում գնված այդ մեկ սղոցի կտրիչը:

Շատ կարճ տևած խոսակցության ժամանակ անհատ ձեռներեցը տեսուչներին ասել է, որ չի կարող նրանց տալ պահանջվող գումարը, քանի որ չի ճանաչում նրանց, նրանք հարկային տեսուչ լինելը հաստատող որևէ փաստաթուղթ չեն ներկայացնում, և իրենից էլ նախկինում սղոցի կտրիչ գնած մարդիկ այլ են եղել: Դրանից հետո հարկայինի աշխատակիցները, առանց որևէ բան ասելու, հեռացել են:

Մայիսի 30-ին Արթուր Էժդարյանին զանգահարել են, առանց անուն ասելու` ներկայացել որպես հարկայինի աշխատակից, պահանջել ներկայանալ Մյասնիկյան հարկային տեսչություն, ստորագրել կազմված արձանագրությունը, վճարել տուգանքը, ինչպես նաև վերադարձնել 40 հազար դրամը: Անհատ ձեռներեցը պատասխանել է, որ որևէ արձանագրություն չի ստորագրի, քանի որ խախտում չի արել:

Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից «Հետքին» հայտնեցին, որ Մյասնիկյանի ՀՏ պետի հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգման հանձնարարագրով Արթուր Էժդարյանին նշանակվել է տուգանք` 150 հազար դրամի չափով:

Հունիսի 4-ին անհատ ձեռներեցը փոստով ստացել է Մյասնիկյան ՀՏ պետ Ա.Հարությունյանի հանձնարարագիրը և արձանագրությունը: Ըստ այս փաստաթղթերի` հսկիչ գնում կատարել են Մասնիկյանի ՀՏ հարկային տեսուչներ Յուրիկ Վարդանյանը և Սարգիս Սահակյանը:

Տեսուչները գրել են. «Ս.թ. մայիսի 28-ին ժամը 12:45-ի սահմաններում ք. Երևան Վարդանանց 78 հասցեում գործող ա/ձ Արթուր Էժդարյանին պատկանող տաղավարից կատարեցինք հսկիչ գնում 40000 դրամի չափով (տրամադրվեց կանխավճար 40000 դրամ, էլեկտրական սղոցի (բալգարկա) քարկտրիչ 4000 դրամ X10), որի դիմաց չմուտքագրվեց ՀԴՄ և չտրամադրվեց ՀԴՄ կտրոնը: Մեր կողմից դուրս բերվեց Z հաշվետվության տվյալները և վերականգնվեց չմուտքագրված գումարը: Մեր կողմից տրված կանխավճարի գումարը ետ չվերադարձվեց»:

Յուրիկ Վարդանյանը և Սարգիս Սահակյանը հսկիչ գնումն արել են` «համաձայն Մյասնիկյան ՀՏ պետի «10» մայիսի 2011թ. թիվ 2604359 հանձնարարագրի»: Իսկ մայիսի 10-ով թվագրված այդ հանձնարարագրում գրված է. «Ուսումնասիրության ժամկետը` 10 աշխատանքային օր»: Մայիսի 10-ից հաշված` 10 աշխատանքային օրը լրանում է մայիսի 23-ին: Մինչդեռ հարկային տեսուչներն ուսումնասիրությունն արել են մայիսի 28-ին` ժամկետի սպառվելուց 5 օր անց:

Համաձայն «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետի` «Ստուգման ժամկետը չպետք է գերազանցի ստուգում իրականացնելու մասին համապատասխան պետական մարմնի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար անձի) հրամանում կամ հանձնարարագրում նշված ժամկետը:...»

Երբ այս ժամկետների մասին «Հետքն» ասաց ՊԵԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նելլի Մանուչարյանին, նա նշեց. «Հսկիչ գնումը պրոֆիլակտիկ աշխատանք է: Իրենք պարբերաբար իրականացնում են բոլոր տնտեսվարող սուբյեկտների մոտ, կամ նրանց մոտ, ում նկատմամբ, ասենք, բողոք է ստացվում, կամ ինչ-որ ուսումնասիրություններով տվյալներ են ձեռք բերվում: Էնպես որ, այդ նույն հաջողությամբ կարելի է ասել` բայց այդ մարդը իրավունք ունի՞, ասենք, մայիսի 28-ին խախտել օրենքը: Բնականաբար, կարծում եմ, որ` ոչ»:

Հսկիչ գնումն իրականացվել է ոչ աշխատանքային օր` մայիսի 28-ին: «Հետքի» հարցին, թե արդյոք մայիսի 28-ը Պետական եկամուտների կոմիտեում ՊԵԿ-ի նախագահի հրամանով հայտարարվա՞ծ էր աշխատանքային օր` Նելլի Մանուչարյանը պատասխանեց, որ ինչպես ամբողջ հանրապետությունում, այնպես էլ ՊԵԿ-ում մայիսի 28-ը ոչ աշխատանքային օր էր:

«Ուղղակի կարող է` հանձնարարագիրը մի օր շուտ է բացված եղել, կամ մի օր հետո է բացված եղել: Այդ կարգի խախտումներ մենք անընդհատ հայտնաբերում ենք, որի մասին մեր կայքում էլ ենք միշտ մանրամասն տեղեկատվություն դնում: Ինքը ոչ առաջինն է, ոչ վերջինն է: Չգիտեմ` ինչու է էդպես որակում, բայց մերոնց գործողությունները ամբողջությամբ օրենքի շրջանակներում են եղել»,- ասաց Նելլի Մանուչարյանը:

ՊԵԿ-ը նշում է, որ հսկիչ գնման ուսումնասիրության ժամանակ խախտվել են ՀՀ կառավարության 26.08.04թ.-ի թիվ 1325-Ն որոշման 19 կետի բ) ենթակետի պահանջները: Բ) ենթակետում գրված է, որ պատասխանատու անձը պարտավոր է «ՀԴՄ-ի միջոցով տպել և գումարն ստանալու պահին ապրանքի հետ միասին գնորդին, պատվիրատուին տրամադրել դրամարկղային չեկ (կտրոն)»: Սակայն Արթուր Էժդարյանը չի հասցրել ապրանքը տալ «գնորդին», քանի որ վերջինը, թողնելով գումարը, արագ անհետացել է:

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն` եթե Արթուր Էժդարյանը խախտման փաստն արձանագրելուց հետո երկամսյա ժամկետում չմուծի 150 հազար դրամ տուգանքը, ապա այն կկրկնապատկվի:

Անհատ ձեռներեցը պատրաստվում է դատարան դիմել: Մինչ այդ նա իր հետ կատարվածի մասին նամակ է գրել նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հակոբյանին, վարչապետի վերահսկողության ծառայության պետ Սարգիս Գրիգորյանին, կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին:

«Ես ուզում եմ դիմել ցանկացած տեղ, որ ինձ օգնեն»,- ասում է Արթուր Էժդարյանը: Բայց միաժամանակ էլ հիշում է, որ իր հետ այս դեպքը տեղի է ունեցել ՊԵԿ-ի ղեկավար անձնակազմի հետ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային հանդիպումից ընդամենը մեկ օր հետո:

Հ.Գ. Մայիսի 27-ի վերոնշյալ աշխատանքային հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը ՊԵԿ-ի ղեկավար անձնակազմին ասել էր. «Համակարգը պետք է կարողանա, անընդհատ ավելացնելով հարկերի հավաքելիության աստիճանը, միաժամանակ դառնա ավելի ու ավելի ընդունելի, ընկալելի, արդար, համահավասար, բեռ չդարձող ու հնարավորինս բարյացակամ տնտեսավարող սուբյեկտների համար:... Մեր նպատակադրումը շատ հստակ է. մենք պետք է առաջին հերթին փոխենք հարկային և մաքսային մարմինների ընկալումը հասարակության և գործարար համայնքի կողմից` հարկ հավաքագրող մարմնի կերպարից վերածելով այն հարկ վճարողների սպասարկման` ժամանակակից ծառայություններ մատուցող և վերահսկողություն իրականացնող մարմնի»:

Մեկնաբանություններ (3)

Հաշվապահ
Տվյալ դեպքում հարկայինները դրսևորել են սրամիտ ու գրագետ մոտեցում: Ըստ երևույթին անհատ ձեռնարկատերը ճանաչել է հարկայիններին (կամ կասկածել է) և հարկայինները որոշել են օգտագործել եղանակը:Հանձնարարագրի ամսաթիվը հանդիսանում է տեսուչներին ստուգում իրականացնելու հրաման տալու ամսաթիվը և տեսուչները պարտավոր են հաջորդող 30 օրվա ընթացքում սկսել ստուգումը: ՀԴՄ ստուգման դեպքում ստուգումը սկսելու առաջին աշխատանքային օր է հանդիսանում տնտեսվարողի մոտից առաջին հսկիչ գնումը կատարելու օրը: Նշեմ նաև որ տվյալ դեպքում ես առավել հավանական եմ համարում այն տարբերակը, որ ըստ երևույթին տնտեսվարողի մոտ տվյալ պահին 10 հատ սղոց չի եղել և վերջինս պայմանավորվել է սղոցները գնորդին տալ հաջորդ օրը:
alex
Shat hnaramit en harkaini ashxatoxner@, inj fokusn er en hnarum, irenc tex@ krkesuma! Haram hac@ ji utvi, lav imaceq!!!!
Zara
Բոլորս էլ գիտենք որ Հայաստանում շատ շատ մանր մունր տեղերում հդմ կտրոն չեն տալիս: Կարծում եմ նրանց հանդեպ շատ շատ խիստ պետք է վարվել: շատ տեղերում առևտուր եմ արել, հդմ կտրոն եմ ուզում, ձեռով գրում տալիս են, հետո ասում եք երկիրը երկիր չի դառնա, ժողովուրդ!, ով է մեղավոր, մենք բոլորս!: Բոլորին խորհուրդ կտամ գրել ինտերնետում այն բոլոր խանութների, սրճարանների և այլն... անունները, ովքեր հդմ կտրոն չեն տալիս, թող հարկայինները գնան ու ստուգեն! ու այնքան տուգանեն, որ մյուս անգամ վախից օրենքով շարժվեն!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter