HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուսաստանի «Հարեւանության» ծրագիրը

Հակաահաբեկչական պայքարն ավելի է խորացնում Ռուսաստան - ԱՄՆ հակասությունները

Ռուս-ամերիկյան նորագույն մրցակցության մեջ մի թույլ օղակ կար: Մինչեւ վերջերս Եվրասիա մայրցամաքում ամերիկյան ռազմատնտեսական ներկայության ընդլայնումը միայնակ կասեցնելու Ռուսաստանի առանձին փորձերը լավագույն դեպքում ավարտվում էին մասնակի հաջողություններով:

Սառը պատերազմի ավարտից հետո Ռուսաստանը ձեռքի տակ չուներ այն ընդհանուր գաղափարը, որով նա կարող էր իր շուրջը համախմբել ոչ միայն Եվրասիա մայրցամաքում լուրջ դերակատարություն ունեցող երկրներին, այլեւ ԱՊՀ շրջանակներում իր հետ համագործակցող նախկին խորհրդային երկրներին:

ՆԱՏՕ-ի ընդլայման դեմ Ռուսաստանի փաստարկները չէին կարող լինել հակաամերիկյան համախմբման դրդապատճառ: Այն երկրները, որոնց համար Ռուսաստանի հետ հարաբերություններ չփչացնելը կենսական անհրաժեշտություն է եւ անվտանգության էլի մի երաշխիք, որպես իրենց եվրատլանտյան թեքումների առհավատչյա կրկնում էին ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ու լայնորեն ժպտացող պաշտոնյաների հավաստումները` «ՆԱՏՕ-ն այլեւս սառըպատերազմյան բլոկային պայքարի ժամանակների դաշինքը չէ»:

Այսօր, սակայն, ակնհայտ է, որ շնորհիվ ԱՄՆ-ի կողմից իսկ ընձեռած հնարավորության (Եվրոպայում եւ Ասիայում ամերիկյան հակահրթիռային համակարգեր տեղակայելու մասին որոշման), Ռուսաստանը ստացավ այն «իդեան», որով նա կարող է ավելի համոզիչ դարձնել սահմանակից հարեւաններին իր շուրջը համախմբելու գործողությունները: Համոզիչ, եւ գլխավորը, բոլորի համար փոխընդունելի հիմքով: Ռուսաստանն էլ սկսում է իր «Հարեւանության» ծրագիրը:

Եվրոպայում սպառազինությունների մրցավազքի նախանշաններ

Եթե 2001 թ. սեպտեմբերից հետո շատերը մի պահ սկսեցին մտածել, թե հակաահաբեկչական պայքարը կարող է դառնալ ռուս-ամերիկյան մերձեցման եւ տարաձայնությունների հաղթահարման մեխանիզմ, այսօր այդ հակաահաբեկչական գործողություններն ավելի ու ավելի են հեռացնում այս երկու տերություններն իրարից:

Ռուս-ամերիկյան հարաբերությունների սրացման այս փուլն ամենայն հավանականությամբ դիվանագիտական միջոցներով հաղթահարելն արդեն դժվար է լինելու: Բուշ գերդաստանի ամառանոցում ( Քենեբանկպորտ, ԱՄՆ ) տեղի ունեցած Վ.Պուտին - Հայր եւ որդի Բուշերի «ազատ ոճի» բանակցություններից հետո ԱՄՆ Կոնգրեսը հավանություն տվեց ամերիկյան հակահրթիռային անվտանգության համակարգերը Արեւելյան Եվրոպայում տեղակայելու ծրագրին:

Դիվանագիտական թակարդը, որ պատրաստել էր Ռուսաստանը ԱՄՆ-ի համար, շրջանցվեց, Ադրբեջանի Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը համատեղ օգտագործելու մասին առաջարկը մնաց ռուս-ադրբեջանական եւ ամերիկա-ադրբեջանական մի քանի հանդիպումների ու քննարկումների արանքում: Ռուսաստանի տարածքում ՆԱՏՕ-ի հետ համատեղ հակահրթիռային ժամանակակից կայան ստեղծելու եւ այն միջազգային անվտանգության նոր փիլիսոփայության հիմք դարձնելու մասին առաջարկն էլ մնաց անպատասխան: Այդ առաջարկն էլ իր հերթին էր մի տեսակ անհարմար վիճակի մեջ դրել ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, քանի որ ակնհայտ էր դարձնում երկու բան. առաջինը, որ ԱՄՆ-ն փորձում էր Լեհաստանում իր համակագը տեղադրել` շրջանցելով ՆԱՏՕ-ն որպես միջազգային կազմակերպություն, եւ երկրորդ` որ ՆԱՏՕ-ն ստիպված էր բացեիբաց բանի տեղ չդնել Ռուսաստանի` անվտանգության բնագավառում համագործակցելու առաջարկը: Համագործակցություն, ինչի անհրաժեշտության մասին պնդում էին ՆԱՏՕ-ում իսկ:

Ամերիկյան Կոնգրեսի որոշումից հետո Ռուսաստանն անցավ պատասխան քայլերի: Իր վետոյի իրավունքը ՄԱԿ-ում օգտագործելու սպառնալիքով նա խափանեց կոսովյան կարգավորման ծրագիրը, հարցը հանվեց կազմակերպության օրակարգից: Հուլիսին Վ.Պուտինի ստորագրած հրամանագրով Ռուսաստանը հայտարարեց Եվրոպայում Սովորական սպառազինությունների մասին 1972 թ. պայմանագիրը միակողմանի դադարեցնելու մասին: Հուլիսի 13-ից 150 օր անց , այսինքն սկսած` դեկտեմբերի 10-ից Ռուսաստանը կարող է ձեռնամուխ լինել իր հյուսիս-արեւմտյան եւ հարավ-արեւմտյան սահմաններում ռազմուժերի ու սպառազինությունների մեծացմանը:

Ֆորմալ տեսանկյունից Լեհաստանում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգերը պետք է վահան լինեն Իրանից արձակված եւ Եվրոպայի դեմ ուղղված հրթիռների առջեւ: Ռուսաստանի բոլոր փաստարկները, թե այդ համակարգերն ի վիճակի չեն լինելու տեխնիկապես ապահովել այդ հեռավորությունից արձակված հրթիռների ժամանակին ոչնչացումը, չհամոզեցին ամերիկացիներին: Տպավորություն կա, որ հրթիռների տեղակայման նպատակը դրանց տեղակայումն է: Եվրոպայում Սովորական սպառազինությունների մասին պայմանագրի միակողմանի դադարեցման մասին որոշմամբ Ռուսաստանը համարժեք քայլ արեց իր արեւմտյան սահմանների անվտանգության ապահովման համար:

Արեւելյան դարպասների մոտ

Օգոստոսի 16-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում տեղի ունեցած Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հերթական գագաթաժողովի արդյունքում անդամ վեց երկրները` Ռուսաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը, կնքեցին Երկարատեւ բարիդրացիության, բարեկամության եւ համագործակցության մասին պայմանագիր: Չնայած ստորագրված մի շարք այլ փաստաթղթերի, Ռուսաստանի նախագահի գնահատմամաբ գագաթաժողովի գլխավոր ձեռքբերումը հենց այս պայմանագիրն է, քանի որ «այս փաստաթուղթը լավ հիմք է ՇՀԿ համալիր զարգացման եւ համատեղ գործողությունների ծավալման համար, ինչպես կազմակերպության անդամների, այնպես էլ դիտորդ-պետությունների հետ»: Վերջին մի քանի տարիների ընթացքում ՇՀԿ դիտորդ պետությունների կարագավիճակ են ստացել Հնդկաստանը, Մոնղոլիան, Աֆղանստանը, Պակիստանը, Իրանը:

Տեղեկանք

ՇՀԿ-ն որպես այդպիսին հիմնվեց 2001 թ.չինական Շանհայ քաղաքում, երբ 1996 թվականից գործող «Շանհայի հնգյակին»` Ռուսաստան, Չինաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան միացավ Ուզբեկստանը:

Կազմակերպությունն ի սկզբանե ռազմա-քաղաքական ոլորտում համագործակցության հայտ ներկայացրեց, քանի որ սկսեց համատեղ սահմաններում սպառազինությունների ու զորքերի քանակի հնարավոր նվազեցման մասին պայմանավորվածություններից, իսկ այժմ արդեն հասել է համատեղ զորավարժանքներ անցկացնելու փաստին: Օգոստոսի 17-ին ՇՀԿ գագաթաժողովի բարձրաստիճան մասնակիցներին Պուտինն ուղեկցեց Չելյաբինսկի մերձակայքում գտնվող ռազմական հենակայան, որտեղ ընթանում էին անդամ մասնակիցների մոտ 5 հազար զինվորականներից կազմված ուժերի համատեղ զորավարժությունները: Զորքերը վարժվում էին համատեղ սահմանների պահպանության սցենարին համահունչ:

Եթե հետեւենք Շանհայի հնգյակի եւ այնուհետեւ ՇՀԿ բոլոր հանդիպումների ընթացքում կնքված պայմանագրերին ու այլ փաստաթղթերին, ապա կհամոզվենք, որ Ասիայում իր նախադեպը չունեցող այս կազմակերպությունը գնալով ավելի է ընդլայնում համագործակցության իր շրջանակները եւ վեր է ածվում աշխարհաքաղաքական լուրջ գործոնի: Այսպես, 1996 Առաջին համդիպման արդյունքում կնքնվեց Համատեղ սահմանում ռազմական ոլորտում վստահություն հաստատելու միջոցների մասին համաձայնագիրը, հաջորդ տարի` 1997-ին իրականություն դարձավ Չինաստանի եւ մնացած չորս երկրների ընդհանուր սահմանում զինուժերի եւ սպառազինությունների համատեղ կրճատման մասին համաձայնագիրը, 1998թ. չինական կողմի նախաձեռնությամբ հրապարակվեց համատեղ հայտարարություն բարիդրացիության մասին եւ անվտանգության հարցերում համատեղ խորհրդակցություններով առաջնորդվելու մասին:

1999 թվականին ընդունված ռազմավարական համագործակցության մասին Հռչակագրում հատուկ առանձնացվեցին «Մետաքսի մեծ ճանապարհը» վերականգնելու մասին խնդիրները: 2000 թ. Շանհայի հնգյակի հերթական գագաթաժողովի ուշադրության կենտրոնում Հակահրթիռային պաշտպանության մասին պայմանագրի պահպանումն էր որպես աշխարհում ռազմավարական կայունության հաստատման հիմք: Այս գագաթաժողովում հատուկ նշվեց, որ «բազմաբեւեռությունը ձեւավորվող նոր աշխարհակարգի համար վճռորոշ նշանակություն ունի եւ միջազգային դրության կայունության համար դրական գործոն է»:

2002 ստեղծվեց Տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցը, որի նպատակը անդամ երկրների զինուժերի համատեղ հակաահաբեկչական վարժանքների կազմակերպումն էր: 2003թ. ՇՀԿ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները կնքեցին առեւտրա-տնտեսական 20 տարվա համագործակցության մի ծավալուն ծրագիր, որը միավորում է տրանսպորտա-հաղորդակցական, էներգետիկական, հեռահաղորդակցական, գյուղատնտեսական, տուրիզմի, ջրային տնտեսության եւ բնապահպանական ոլորտներին առնչվող մոտ 100 համատեղ ծրագրեր:

ՇՀԿ-ում տեղի ունեցող տրասֆորմացիաները (հակաահաբեկչական համատեղ գործողություններից մինչեւ գլոբալ աշխարհակարգի հաստատման մեջ պայմաններ թելադրելու մտադրվածություն) բնականաբար ավելի ու ավելի են գրավում ԱՄՆ, եվրոպական կառույցների եւ հատկապես ՆԱՏՕ-ի ուշադրությունը: Կազմակերպությունն ունի հսկա ներուժ, եւ ոչ միայն այն պատճառով, որ միավորում է երկրների, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է Եվրասիա մայրցամաքի տարածքի 3/5 մասը (30մլն. քառ. կմ) եւ որտեղ ապրում է աշխարհի բնակչության 1/4 մասը (1,5 մլրդ. մարդ): Այլեւ այն պատճառով, որ ՇՀԿ-ն ձեւավորվել եւ գործում է որպես նախադեպը չունեցող մի միջազգային կառույց, որը միավորում է Ասիայում եղանակ ստեղծող, մեկը մյուսին սահմանակից երկրներին նրանց աշխարհաքաղաքական շահերի համադրման հիմքով:

Չնայած թե ամերիկյան, թե ռուս վերլուծաբանների շրջանում տարածված այն կարծիքին, որ ՇՀԿ-ն պետք է դիտարկել որպես ԱնտիՆԱՏՕ, գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումները հիմք են տալիս պնդելու, որ այն ունի նախեւառաջ հակաամերիկյան ուղղվածություն: Կան կարծիքներ, որ ՇՀԿ-ի ներսում եղած բազմաթիվ հակասությունները, նախեւառաջ երկու հզոր անդամների` Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ, թույլ չեն տա այս երկրներին արգելք դառնալու ամերիկյան ծավալման գործընթացի առաջ: Արեւմտյան վերլուծաբանները մինչեւ վերջերս վստահ էին, որ այս երկու հզոր պետությունները դեռեւս միմյանց այնքան չեն վստահում ռազմական բնագավառում համագործակցությունն ընդլայնելու եւ ռազմական բլոկ ստեղծելու համար:

Այն հանդուրժողանականությունը, որով ամերիկյան եւ արեւմտաեվրոպական կառույցները, առանձին երկրները վերաբերվում էին ՇՀԿ-ին, բացատրվում էր նրանով, որ կար ընդհանուր մտահոգություն Կենտրոնական եւ Արեւելյան Ասիայի երկրներում արմատական խմբավորումների գործունեության, պարբերական ակտիվացումների եւ թմրանյութերի շրջանառության պատճառով: Այսօր, սակայն, Չինաստանն ու Ռուսաստանն ունեն ավելի լուրջ ընդհանուր մտահոգություն` ամերիկյան հակահրթիռային համակարգերը: Իհարկե, Եվրոպայում տեղակայվելիք համակարգերը Չինաստանի համար խնդիր չեն, բայց Չինաստանն արդեն սկսել է հասկանալ Ռուսաստանի նյարդային կեցվածքն այն պատճառով, որ նման համակարգեր են տեղադրվելու նաեւ արեւելքում ԱՄՆ-Ճապոնիա-Ավստրալիա ռազմական հնարավոր համաձայնագրի արդյունքում: Թեեւ ֆորմալ տեսանկյունից այս համակարգերն էլ իրենց հերթին ծառայելու են հյուսիսկորեական հրթիռների հարվածները կասեցնելուն, սակայն միեւնույն է, այս բացատրությունն էլ այնքան ընդունելի չէ Չինաստանի համար, որքան ընդունելի չէ Ռուսաստանի համար ամերիկյան համակարգերի ներկայությունը Եվրոպայում:

2005թ.-ից ՇՀԿ -ի բարձր հանդիպումներին դիտորդների կարգավիճակով կանոնավոր մասնակցում են Մոնղոլիան, Հնդկաստանը, Պակիստանը եւ Իրանը: Օգոստոսի 16-ի հանդիպմանը ներկա էր նաեւ Թուրքմենիայի նախագահը: Այս տարվա մայիսին թուրքմենական գազը Ռուսաստանի տարածքով դեպի Եվրոպա հասցնելու մասին Ռուսաստան-Ղազախստան-Թուրքմենիա պայմանագրից հետո, ինչը վերլուծաբաններն անվանեցին «Ռուսաստանի գազային հաղթանակ Կենտրոնական Ասիայում», միանգամայն տրամաբանական է ՇՀԿ-ում Թուրքմենիայի ներկայությունը:

Մյուս կողմից էլ, Կենտրոնական Ասիայի այսպես կոչված ետխորհդային երկրներից միայն Թուրքմենիան չկար ՇՀԿ-ում, եւ հավանաբար` այս երկրին այլեւս չի հաջողվի մնալ չեզոքության մասին իր նախկին դիրքերին: Իրանի նախագահ Ահմադինեջադը ոչ միայն ստացել էր գագաթաժողովին մասնակցելու հրավերք, այլեւ ունեցավ «որոշ երկրների» (կարդա` ԱՄՆ-ի) հասցեին հնչեցնելու Իրանի պաշտոնական կարծիքն այն մասին, թե ժամանակակից աշխարհում չի կարելի խոսել ուրիշների հետ ուժի դիրքերից, քանի որ դա առաջ է բերում համարժեք արձագանք: Ահմադինեջադի ու Պուտինի ելույթները լավ մշակված դուետի տպավորություն թողեցին: «XXI-րդ դարում աշխարհը սրընթաց փոփոխվում է, անցյալում է մնում բլոկային մտածելակերպը, առաջ են գալիս ազդեցության եւ տնտեսական աճի նոր կենտրոններ: Ռուսաստանը, ինչպես եւ ՇՀԿ մյուս անդամները միջազգային բազմաբեւեռ համակարգի ամրապնդման կողմնակիցն է, համակարգ, որը բոլոր երկրներին տալիս է հավասար անվտանգության եւ զարգացման հնարավորություններ», - ասաց ՌԴ նախագահն իր ելույթում:

Ավելորդ չէ նշելը նաեւ, որ ի տարբերություն միջազգային մի շարք կազմակերպությունների, ՇՀԿ-ում բոլոր որոշումներն ընդունվում են խստագույն կոնսենսուսի` այսինքն միաձայնության հիմքով: Չնայած ՇՀԿ-ի անդամ դառնալու Հնդկաստանի, Պակիստանի եւ Իրանի ցանկություններին, այստեղ որոշել են առայժմ կատարելագործել ներկազմակերպական մեխանիզմները: Դրանից հետո է հավանաբար սկսվելու ՇՀԿ ընդլայնումը Ռուսաստանի հարավարեւելյան սահմանի ողջ երկայնքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter