HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Պետական վարկն ու «Թամարա ֆրութ»-ի հակաճգնաժամային առաջարկը

Երեք տարի առաջ ահագնացող ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում «Թամարա ֆրութ» ՓԲԸ-ն առաջարկել էր հանրապետության տարբեր գյուղերում հիմնել օրգանիկ այգիներ: 2009 թ. փետրվարին կառավարությունը հավանության արժանացրեց ծրագիրը եւ հատկացրեց 300 միլիոն ՀՀ դրամ, ընդ որում՝ գումարը տրամադրվեց Ռուսաստանից ստացված պետական վարկի՝ 500 միլիոն ԱՄՆ դոլարի հաշվին: Ակնկալվում էր հիմնվելիք 60 հա ազնվամորու, մոշի, սեւ եւ կարմիր հաղաջի այգներից 2011թ.՝ առաջին բերքատու տարում, 1 հա-ից ստանալ 4 տ, 2012 թ.` 8 տ, իսկ 2013 թ.` 12 տ բերք:

Որոշ ժամանակ անց Վերահսկիչ պալատը (ՎՊ) 2010 թ. տարեկան հաշվետվությունում օրգանիկ այգիների այս ծրագիրը բնորոշեց ոչ իրատեսական ժամկետի եւ արժեքի առումով: ՎՊ-ն արձանագրեց մի շարք խախտումներ, օրինակ՝ տնտեսությունների ընտրության համար հայտարարված մրցույթում «հաղթող է ճանաչվել ծրագրերի պահանջները չբավարարող 3 մենատնտես»: Ասենք, մենատնտեսի այգին համապատասխան գրանցում չի ունեցել, պահանջվող 3 հա-ից փոքր է եղել, բայց նրա հետ, միեւնույն է, կնքվել է պայմանագիր: Կամ մենատնտես-գյուղնախարարություն-«Թամարա ֆրութ» եռակողմ պայմանագիրը կնքվել է անցկացվելիք մրցույթից առաջ:

Մրցույթի անցկացման պատասխանատուն գյուղատնտեսության նախարարությունն էր: Նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչություն պետ Գեւորգ Հարությունյանն ասում է, որ որպես այդպիսին՝ մրցույթ չէր էլ կարող անցկացվել, ու չնայած կառավարության որոշման մեջ նշված է «մրցույթ» բառը՝ խոսքը պարզապես սահմանված որոշ չափանիշերի մասին է, որոնց համապատասխանող հողատերերի հետ էլ կնքվել են պայմանագրեր: Եվ որպեսզի որոշ մարզեր ծրագրից դուրս չմնան, կիրառվել են նաեւ բացառություններ, ասենք՝ պայմանագիր է կնքվել 3-ից պակաս՝ 2 հա հողամաս ունեցողի հետ:

«Եթե գյուղացուն ընդառաջ ենք գնացել, որովհետեւ ծրագիրն արդեն հաստատվում էր, եթե մի հարցում փորձում ես գյուղացուն օգուտ տալ, դա վա՞տ է»,- հարցնում է Գեւորգ Հարությունյանը եւ վստահեցնում՝ ծրագիրը, հակառակ ՎՊ գնահատականի, «շատ լավն է, արդարացված եւ իրատեսական»:

«Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ապրանքների և նյութերի շուկայական գները սխալ որոշելու, դրանց արժեքն ակնհայտ բարձր գներով հաշվարկելու, ոչ իրատեսական ծրագիր կազմելու արդյունքում պետական բյուջեից հատկացվել է 77,5 մլն դրամ ավելի գումար, որը ենթակա է վերականգնման»,- արձանագրել էր ՎՊ-ն՝ միաժամանակ նշելով, որ ծրագրով չօգտագործված 132 մլն դրամը եւս պետք է վերադարձվի պետբյուջե:

Գեւորգ Հարությունյանը Բորիս Հովհաննիսյանը

«Ծրագրի նկատմամբ վերահսկողություն է իրականացվել եւ մեր (գյուղնախարարության), եւ ֆինանսների նախարարության կողմից. արժեքները բարձր չեն հաշվվել, եւ հաշվարկումը կատարվել է պատշաճ ձեւով»,- վստահեցնում է Գեւորգ Հարությունյանը՝ նշելով, որ ամեն ինչ կախված է մեկնաբանությունից. ՎՊ-ն իրողությունները մեկնաբանել է այլ տեսանկյունից: «Ամեն դեպքում, ՎՊ-ի հաշվետվության արդյունքում ինչը որ պետք էր, հետագայում կառավարության նոր որոշմամբ շտկվել է»,- շարունակում է Գեւորգ Հարությունյանը:

ՎՊ-ն իր արձանագրած խախտումների կապակցությամբ իրավապահներին չի դիմել, իսկ կառավարությունը ավելի քան 2,5 տարի անց՝ 2011թ. սեպտեմբերին, նոր որոշմամբ փոփոխություններ է կատարել նախորդ որոշման մեջ: Արդյունքում մենատնտեսներին անհրաժեշտ է ունենալ ոչ թե առնվազն 3, այլ 2 հա հողամաս, իսկ գյուղնախարարությունը վերջիններիս ընտրելու համար պետք է ոչ թե մրցույթ անցկացնի, այլ մամուլում հայտարարություն տեղադրի: Մի շարք փոփոխությունների հետ նոր որոշմամբ միաժամանակ ամրագրվել է, որ «Թամարա ֆրութ»-ին ծրագրի իրականացման համար 300-ի փոխարեն հատկացվում է 244 մլն դրամ:

«Թամարա ֆրութ» ՓԲԸ-ի նախագահ Բորիս Հովհաննիսյանը մանրամասնում է, թե ինչու է պետության հատկացրած գումարը 56 մլն դրամով պակասել, եւ ինչու է ՎՊ-ն եզրակացրել, որ «ապրանքների շուկայական արժեքը հաշվարկվել է ակնհայտ բարձր գներով»: Ըստ Հովհաննիսյանի՝ ծրագիրը կազմելիս հապշտապ հարցում են ուղարկել Հոլանդիա, որտեղից պատասխանել են, որ մեկ տնկիի արժեքը 4000 դրամ է: Նախատեսվել է, որ «Թամարա ֆրութ»-ը 80 մլն դրամով կներկրի 20 հազար հատ բարձր բերքատվության տնկի եւ սեփական տնկարանում դրանք բազմացնելով՝ 1 տարի անց կհատկացնի ծրագրում ընդգրկված մենատնտեսներին: Այդ կերպ տեղում աճեցված հոլանդական տնկիի արժեքը պետք է կազմեր 220 դրամ:

«Բայց երբ ծրագիրը հաստատվեց, ես Հոլանդիայում նույն տնկին ավելի էժան ճարեցի. բոլոր ծախսերը ներառած՝ 1 հատի արժեքը կազմեց 755 դրամ: Ես էլ տնկիների համար նախատեսված գումարով՝ 80 մլն դրամով, ներկրեցի ոչ թե 20 հազար, այլ 112 հազար 800 հատ: 20 հազարը տնկարանում աճեցրի, իսկ մնացածը միանգամից բաժանեցի ֆերմերներին, որ ծրագիրն իզուր տեղը 1 տարով հետ չընկնի,- պարզաբանում է Բորիս Հովհաննիսյանը:- Բայց Վերահսկիչ պալատը հաշվետվություն կազմեց, կառավարությունն էլ ասաց՝ ոչ, եթե աճեցրածը բաժանեիր, գինը 755 դրամի փոխարեն 220 կլիներ: Ու տարբերությունը՝ 56 միլիոն դրամը, ինձնից գանձեցին. ես վնաս կրեցի: Հիմա դա ձեւակերպել են որպես վարկ, ու ես 6 ամիսը մեկ 5 տարում այդ գումարը կվերադարձնեմ: Արդեն 12 միլիոնը տվել եմ»:

Ծրագրով նախատեսվել է միայն բնական պարարտանյութով` գոմաղբով մշակվող 60 հա այգի հիմնել, սակայն առայսօր 6 մարզի 14 համայնքներում հիմնվել են 46 հա ընդհանուր մակերեսով այգիներ: «Թամարա ֆրութ»-ի ղեկավարը վստահեցնում է, որ մինչեւ տարեվերջ կհիմնվեն նոր այգիներ, եւ մոտ ապագայում պակասն անպայման կլրացվի: Իսկ գյուղնախարարության պաշտոնյան՝ Գեւորգ Հարությունյանը, հավելում է, որ դիմումատուները շատ են, ուղղակի հիմնականում վերջիններիս հողակտորները սահմանված չափանիշերին չեն համապատասխանում:

«Հետքը» որոշել է օրգանիկ այգիներին ծանոթանալ տեղում: Ծրագիրը մեկնարկել է Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում: Առաջին տնտեսվարողը 30-ամյա Ռոբերտ Մարտիրոսյանն է:

Ազատամուտ. անպտուղ այգի

1968 թ. որպես բանվորական ավան հիմնված Ազատամուտը սահմանամերձ է: Անկախությունից հետո 22 բարձրահարկ շենք ունեցող բնակավայրը ստացել է գյուղի կարգավիճակ: Հիմնականում գործազրկության պատճառով բնակչության թիվն անընդհատ նվազում է. 8600-ից այժմ գյուղում մշտապես ապրում է 3929 մարդ:

Ազատամուտը վարելահողեր չունի, եւ գյուղացիներից ոմանք օգտագործում են ժամանակին ադրբեջանական անկլավ Սոֆլու բնակավայրի հողերը: Հենց այստեղ էլ գտնվում է օրգանիկ այգիների ծրագրի առաջին շահառու Ռոբերտ Մարտիրոսյանի մոտ 2 հա ոռոգելի հողամասը:

Ռոբերտը 2008 թվականից Ազատամուտի գյուղապետ Ժորա Մարտիրոսյանի որդին է: Վերջիններիս անունները հոլովվում են նաեւ խուլիգանության գործում, որին «Հետքն» արդեն անդրադարձել է:

Գյուղապետ Մարտիրոսյանը պատմում է, թե ինչպես է իրենց հողամասը 3 տարի առաջ ընդգրկվել օրգանիկ այգիների ծրագրում. «Կանգառում կանգնած էի, երկու «ջիպով» եկան կանգնեցին, տարածքը մտիկ արեցին, մի հատ կարճ մարդ էր՝ «Թամարա ֆրութ»-ի տերը, բա՝ հողամասն ո՞ւմն ա, ասի՝ իմը, թե՝ բերեք սենց բան անենք, մենք ամեն ինչը կտանք, բայց պետք ա տարածքը մաքրես, հարթեցնես: Հետո ավտոներով շպալները, բանը բերին, ապրիլի 4-ին էլ տնկիները դրեցինք: Ես իմ մարդկանց հետ ամենը ինչը նորմալ կազմակերպեցի, ու տնկեցինք»:

Ժորա Մարտիրոսյանը

Ըստ գյուղապետի՝ այգին հիմնելուց միայն 2-3 ամիս անց են կանչել «Թամարա ֆրութ»-ի գրասենյակ եւ ասել, որ պետք է պայմանագիր կնքվի. «Ասի՝ սենց չի լինի, առանց վարձի, գումար տալու, ես ի վիճակի չեմ, էդքան փող չունեմ, որ կարողանամ էդ ծախսերն անել, մշակել, բա՝ լավ կլինի, մի քանի տարուց ամեն ինչ քո սեփականը կլինի... Դե, ասի՝ լավ, արդեն դրել ենք, էլ ինչ անենք, տղայիս հետ էի գնացել, Ռոբերտը ստորագրեց, եկանք»:

«Թամարա ֆրութ»-ի նախագահ Բորիս Հովհաննիսյանը վստահեցնում է, որ տնտեսվարողի հետ պայմանագիրը կնքվում է ապրանքի՝ հենասյուների, մետաղալարի, գոմաղբի եւ տնկիների մատակարարումից հետո, բայց միաժամանակ նշում է, որ Ազատամուտում Մարտիրոսյանի այգին տնկվել է մայիսի 2-ին: Մինչդեռ եռակողմ պայմանագիրը թվագրված է հունիս ամսով:

Հովհաննիսյանի խոսքով՝ իրենց տնտեսապես ավելի ձեռնտու կլիներ, որ այգիները հիմնվեին մայրաքաղաքին ավելի մոտ գտնվող մարզերում: Սակայն ծրագրի նպատակը զբաղվածության ապահովումն է նաեւ սահմանամերձ, հեռավոր գյուղերում, դրա համար էլ այգի են հիմնել նույնիսկ Չինարի գյուղում: Իսկ կոնկրետ Ազատամուտի դեպքում նույնիսկ Տավուշի մարզպետն է խնդրել ամեն ինչ անել, որ «կիսաավանային այդ գյուղում գոնե մի քանի հոգի աշխատեն»:

«Բոլորի դեպքում պայմանը մեկն է. 8 տարի բերքը պետք է միայն «Թամարա ֆրութ»-ին վաճառեն, ընդ որում՝ հաշվի ենք առնում, որ առաջին 3 տարին կարող է բերք չլինի: Մենատնտեսը պետք է վճարի միայն աշխատուժին ու ջրի վարձը,- ասում է Բորիս Հովհաննիսյանը եւ անդրադառնում կոնկրետ Ազատամուտի այգուն:- Մենք իրեն (Ժորա Մարտիրոսյանին - հեղ.) տվեցինք ապրանքը, բայց իրենք գիտեն՝ մի հատ էլ պետք է փող տանք, որ մշակեն: Ստեղ-ընդեղ էլ ավել-պակաս խոսում են, թե իբր ստեղ փող լվալու միջոց է: Իրականում դրանք այն մարդիկ են, որոնք միայն մտածում են՝ այս պահին ինչ քյար կմնա, ինչ կարող են պոկել, իսկ հետո ինչ կլինի, ինչքա՞ն օգուտ կմնա, արդեն չեն մտածում: Բայց սա մինի բիզնես է բոլորի համար»:

Հոկտեմբեր, 2012թ.

«Ինձ ասել են՝ բերքը 7-8 տարի կիլոգրամը 500 դրամով քեզնից կառնենք, ու դրանից հետո էլ պայման չկա՝ ամեն ինչ քոնն է, բերքդ ում կուզես, կծախես: Բայց ստեղ ցածրադիր ա, մալինան արեւից վառվում ա: Ջուրը միշտ կա, բայց ինչքան էլ ջրում ես, չի լինում, խաշվում ա: Սմառոդինան էլ մի բան չի. մի քանի հատ բռնել ա, բայց մանր հատիկներ են, բանի պետք չեն: Մենակ մոշն ա շուն՝ դիմացկուն, դրա համար էլ որոշել եմ ամբողջը մոշ դնել, բայց 4 տարի հետ ենք ընկել»,- շարունակում է Ժորա Մարտիրոսյանը: Վերջինս նաեւ նշում է, որ «Թամարա ֆրութ»-ի տրամադրած տնկիներից բացի՝ մոտ 8 հազար ազնվամորու տնկի էլ սեփական միջոցներով են հայթայթել ու տնկել:

«Տղես ա ընկել գյուղերով հավաքել, բայց ձրի. դրա եղածն ի՞նչ է, 20 դրամով էլ չես կարող հաշվել... Ո՞նց կարող ես ասել՝ դրան փող եմ տվել: Ուղղակի չգիտեի, որ եղանակից ա, ես մասնագետ չեմ, որ իմանամ՝ մալինան կաճի՞, թե՞ չի աճի: Հենա սկզբից սաղ մոշ կանեի»,- ասում է Ազատամուտի գյուղապետը:

«Թամարա ֆրութ»-ը գնել է նաեւ 20 հազար հատ տեղական տնկի՝ յուրաքանչյուրը 110 դրամով: Ծրագիրը վերահսկող մարմնի՝ գյուղնախարարության ներկայացուցիչ Գեւորգ Հարությունյանն այս գնումը շատ նորմալ է համարում, իսկ տեղական տնկիի արժեքը՝ շուկայական: «Եթե մարդն ուզում է ինչ-որ բան վատաբանել, ուրեմն դա կանի: Մարտիրոսյանը գնացել է այգիներից, ինչ-որ մեկի տնամերձից, որը դուրը եկել է՝ գույնը, համը, կտրել բերել է: Դա տնկի չէ»,- ասում է Հարությունյանը: 

Ազատամուտի գյուղապետը նաեւ հիշում է, որ մի անգամ «Թամարա ֆրութ»-ն իր հետ այգի է տարել «ինչ-որ Գերմանիայում լիցենզավորված» մասնագետի, որը «հողը դանակով փորեց, ինչ-որ սպիտակ աղային մաս էր, թե ինչ էր, ասաց՝ մալինան ստեղ չի լինի, իզուր ա»:

«Հեքիաթ է, նման բան չկա: Ցանկացած հողակտոր ընտրելիս ուսումնասիրող հանձնաժողովում մասնագետ կա նաեւ հանրապետությունում օրգանական գյուղատնտեսության ոլորտում սերտիֆիկացնող մարմնից՝ «Էկոգլոբից»: Ուսումնասիրվել է եւ հաստատվել՝ եթե մշակես, ազնվամորին էլ կաճի եւ կապահովի բարձր բերքատվություն,- ասում է գյուղնախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչություն պետ Գեւորգ Հարությունյանը:- Գիտեք, Ժորա Մարտիրոսյանը միակ մարդն է, որին կրկնակի տնկանյութ է տրվել: Ասացինք՝ լավ, փչացրել ես, ոչինչ, նորից ազնվամորու տնկանյութ տվեցինք, բայց էլի ոչինչ չարեց»:

«Թամարա ֆրութ»-ի նախագահն էլ հավելում է, որ Ազատամուտում «իդեալական հող է», նման պայմաններ ոչ մի տեղ չկան. «Չեն ջրում, չեն աշխատում, հետո բողոքում են»:

«2010 թ. վարչապետը պետք է այցելեր օրգանիկ այգիներ, տեսներ, թե վիճակն ինչպես է: Դրանից առաջ մարզպետի ու գյուղնախարարի տեղակալի հետ Ազատամուտ է գնում փոխվարչապետը: Տեսնում են՝ շատ ահավոր վիճակ է: Հարցը դրեցինք, մարզպետը նախատեց նրան (Ժորա Մարտիրոսյանին - հեղ.), որ գործը անի,- պատմում է Բորիս Հովհաննիսյանը:- Այդ պահին գործերն արեց, մենք էլ տնկիներ տվեցինք, ինքն էլ ճարեց, քաղհան արեց, այգին բերեց նորմալ վիճակի: Վարչապետը գնաց այցելության, սեղան գցեց, ամեն ինչ արեց, որ երեւա՝ ինքը գործ է անում: Բայց դրանից հետո էլի չջրեց, ու ապրանքը չորացավ»:

«Ես ստեղ բանջարեղեն՝ կարտոֆիլ, կուկուռուզ եմ ցանել, ահագին օգուտ ստացել: Հիմա վնասի տակ եմ ընկել: Տնկին տվել են՝ առանց բացատրելու, թե ով պետք է մշակի... Ես էլ փաստի առաջ եմ կանգնել. 10 հոգու օրական 4000 դրամ եմ տվել, որ մշակեն: Հիմա էլ 5000-ից պակաս չեն ուզում: 3 տարի է՝ իմ տնից եմ այդ այգու վրա գումար ծախսում, բայց ոչ մի օգուտ դեռ չեմ տեսել: Տեսա՝ չի ստացվում, էլ չեմ զբաղվում, էլ չեմ կարող: Ամեն ինչն անելուց հետո բերել պայմանագիր են կապել»,- դժգոհում է գյուղապետ Մարտիրոսյանը:

«Անբարեխիղճ մարդը ո՞նց է լինում: Ժորա Մարտիրոսյանը մեր հակառեկլամն է: Նույնիսկ գնացել ենք ու նկարել. այգին ոնց կար, այդպես էլ մնացել է, գործ չի արվում: Նա չի աշխատում եւ սպասում է, որ օդից եկամուտը կընկնի,- հավելում է «Թամարա ֆրութ»-ի ղեկավարը:- Ազնվամորին, որ 2 շաբաթ էլ չջրես, կչորանա, դրանից առաջ ինչ էլ արած լինես, կկորի: Իսկ մոշը ջրելու նկատմամբ քիչ զգայուն է, դրա համար էլ մոշից չի բողոքում: Բայց ես դրան էլ եմ համաձայն. թող միայն մոշ լինի, եւ ամբողջ բերքը ես կգնեմ: Միայն թե մշակի»:

Բորիս Հովհաննիսյանը՝ որպես գործարար, հավատացնում է, որ ծրագիրը ցանկացած մենատնտեսի կարող է 50 տոկոս եկամուտ բերել, քանի որ «պետությունը ծախսերի 70 տոկոսը վերցրել է իր վրա»:

«Ես այս տարի կգ-ն 650 դրամով արդեն 3.8 տ մալինա եմ գնել: Ախր, մենք այնքան լավ այգիներ ունենք: Գնացեք Լոռու մարզ եւ տեսեք, թե սարի դոշին՝ անհարմար դիրքում, մարդիկ նույն ծրագրով ինչպես են այգին մշակում»,- ասում է «Թամարա ֆրութ» ՓԲԸ-ի նախագահ Բորիս Հովհաննիսյանը:

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter