HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շինուհայրի խնդիրները գրեթե նույնությամբ կտեղափոխվեն համայնքի զարգացման առաջիկա ծրագիր

«Անունս Խանում ա, բայց էս անունն ունեցող կինը ամեն լավաշի համար հինգ դրամ ստանալով  կարա՞ խանումի պես ապրի: Գյուղում թե հարսանիք կամ, աստված հեռու տանի, մարդ ա մեռնում, էդ օրը  մի էրկու կոպեկ ավելի եմ վաստակում, մնացած օրերին հազիվ 1000 դրամ եմ ստանում»,- ծիծաղելով ասում է շինուհայրցի հացթուխ կինը եւ ավելացնում, որ այնուամենայնիվ, վերջին տարիներին, մասնավորապես «Տաթեւեր» ճոպանուղու կառուցումից հետո, ճոպանուղի տանող ճանապարհին գտնվող Շինուհայրում կյանքն աշխուժացել է:

«Տուրիստները մեր թոնրատուն էլ են մտնում, նկարվում, լավաշ առնում, բայց դե, նրանց կերածը հինչ ա, վեր մեր գործին հինչ օգուտ տա»,- շարունակում է Խանումը: Դրա  հետ միասին հացթուխը նշում է, որ գյուղում մարդկանց կենցաղի բարելավման համար բազմաթիվ խնդիրներ կան, որոնցից ամենակարեւորը, ըստ նրա, խմելու եւ ոռոգման ջուրն է:

Այս մասին նշված է նաեւ Շինուհայր համայնքի «2009-2012թթ. սոցիալ-տնտեսական զարգացման քառամյա ծրագրում: Համայնքի ղեկավար Սմբատ Երեմյանը տեղեկացնում է, որ  խմելու ջրի  ներքին ցանցը կառուցվել է 1971 թ.-ին եւ մաշվածության պատճառով կոյուղին, անձրեւաջրերը մի քանի տեղում խառնվում են խմելու ջրին, իսկ ձմռանը գյուղն օրերով ջուր չի ունենում:

«Համայնքում ջրամատակարարումն իրականացվում է կրկնակի կառավարմամբ. խմելու ջրի  վարձավճարը հավաքագրում է «Հայջրմուղկոյուղին», իսկ սպասարկումն իրականացնում եւ վթարները վերացնում ենք համայնքի միջոցներով»,- ասում է համայնքի ղեկավարը: Երկու տարի առաջ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ տնօրեն Պատրիկ Լորենին առաջարկել են ամբողջությամբ ընկերությանը փոխանցել ջրամատակարարման ցանցը, սակայն ջրամատակարարող կազմակերպությունն առաջարկել է նախ` հիմնովին նորոգել ցանցը, որից հետո քննարկել փոխանցելու հարցը:

«Տեղական բյուջեի միջոցներով հնարավոր չէ ցանցը նորոգել»,- ասում է Սմբատ Երեմյանը եւ ավելացնում, որ այդ պատճառով փորձում են ֆինանսական լրացուցիչ միջոցներ ներգրավել համայնքային այդ եւ այլ խնդիրները լուծելու համար: Այդ առումով նա հատկապես կարեւորում է համայնքի եւ «Քաունթերփարթ Ինթերնեշնլ»-ի հետ համագործակցությունը, որի շրջանակներում գյուղը մասնակի ապահովվել է գիշերային լուսավորությամբ, նորոգվել է համայնքապետարանի դահլիճը:

Չնայած նրան, որ այս խնդիրն առաջնային չի համարվել նաեւ համայնքի զարգացման քառամյա ծրագրում, այնուամենայնիվ, ուրախալի է, որ տեղական բյուջեից 2,6 մլն դրամ համաֆինանսավորումով հնարավոր է եղել մի աշխատանք կատարել: Մինչդեռ համայնքում մի շարք խնդիրներ կան, որոնք նախորդ ծրագրից գրեթե նույնությամբ կտեղափոխվեն համայնքի զարգացման առաջիկա քառամյա ծրագիր: Խոսքը մասնավորապես վերաբերում է ոռոգման ջրի ապահովմանը, որը շինուհայրցիների եկամտի հիմնական միջոցը համարվող գյուղատնտեսության զարգացման պայմաններից մեկն է:

«Վերջին տարիներին կառավարությունը որոշակի քայլեր է ձեռնարկում գյուղացուն աջակցելու համար, բարձրորակ սերմացու է տրամադրում, պարարտանյութ, ցածր տոկոսադրույքներով վարկային միջոցներ են ներգրավում, սակայն այս ամենն արդյունավետ չի կարող լինել, եթե գյուղի հարյուրավոր հեկտարներ ոռոգելի չեն»,- ասում է Սմբատ Երեմյանը: Վերջինս նշում է, որ ոռոգման ջրի խնդիրն ընդգկվել է նաեւ համայնքի 2009-2012թթ. քառամյա ծրագրում, սակայն անցնող տարիներին լուծման հնարավորություններ այդպես էլ չեն եղել:

Շինուհայրում գյուղատնտեսության միջոցով մարդկանց բարեկեցության ապահովման հնարավորության մասին է պատմում նաեւ շինուհայրցի Արամայիս Ղազարյանը: «Տղաներիս հետ  100-ից ավելի ոչխար ենք պահում, միայն պանիրն է, որ կարողանում ենք ճոպանուղու շրջակայքում գտնվող սննդի օբյեկտների միջոցով իրացնել»,- ասում է նա:

Չնայած ոչխարի ու գառան մսի իրացման ներկայիս մեծ պահանջարկին, նրանց չի հաջողվում շահեկան լուծում գտնել: «Լավ կլիներ, որ պայմանագիր ունենայինք մսի վաճառքով զբաղվող որեւէ կազմակերպության հետ եւ նրանց միջոցով իրացնեինք արտադրված միսը: Այդ դեպքում կկարողանայինք կանխիկ գումար ունենալ՜ տնտեսությունն ընդլայնելու համար, թե չէ այս ձեւով աշխատածը չի տնտեսվում եւ այդ պատճառով տղաները որոշել են Ռուսաստան գնալ»,- ասում է Արամայիսը:

Պարզվում է, որ Արամայիսի տղաները եզակի չեն, ովքեր գյուղը լքելու պատրաստություն են տեսնում: Համայնքապետի խոսքով` գյուղի ծխամատյանում գրանցված 743 ընտանիքից 140-ը դրսում է, հիմնականում` Ռուսաստանում, վերջին ժամանակներում նաեւ ներքին արտագաղթի միտում է նկատվում. մեկնողների մի մասը տեղափոխվում է հիմնականում Արարատյան դաշտի բնակավայրեր: Սմբատ Երեմյանը նշում է, որ արտագաղթի կանխման գործում զբաղվածության խնդրից բացի կարեւոր է նաեւ երիտասարդների ազատ ժամանցի կազմակերպումը, մշակութային կյանքի աշխուժացումը, մինչդեռ Սյունիքի ամենամեծ գյուղական բնակավայր Շինուհայրի մշակույթի տունը հիմնովին ավերված է:

Մշակույթի տան մի հատվածում երեք տարի առաջ Վորլդ Վիժնի նախաձեռնությամբ գյուղմթերքի ընունման կետ է կառուցվել, սակայն մի քանի ամսվա անարդյունավետ մարքեթինգից հետո նույն տարածքում այժմ անապահով մի ընտանիք է բնակվում: «Երաժշտական տարբեր համույթներ, թատերական խմբեր, հատկապես ճոպանուղու շահագործումից հետո, ցանկություն են հայտնում հյուրախաղերով հանդես գալու գյուղում, բայց դահլիճ չունենք»,- ասում է համայնքապետը:

Այդ դեպքում առնվազն տարօրինակ է, որ համայնքային իշխանության  աշխատակազմում նաեւ սպորտի, մշակույթի բաժնի մասնագետի հաստիք է պահվում: Զարմանալի է նաեւ, որ ինչպես վերոնշյալ, այնպես էլ համայնքային այլ խնդիրներ չեն մատնանշվել համայնքային իշխանության գործունեության հիմնական ուղեցույց հանդիսացող քառամյա ծրագրում: Ուշադրություն չի դարձվել համայնքային այնպիսի կարեւորություն ունեցող խնդրի, ինչպիսին, օրինակ, գյուղի մանկապարտեզի անմխիթար վիճակն է:

Նախորդ տարիներին մանկապարտեզի տանիքը մասնակիորեն նորոգվել է Վորլդ Վիժն կազմակերպության միջոցներով, սակայն 66 երեխա ունեցող մանկապարտեզում, այն դեպքում, երբ գրեթե ամբողջ գյուղը գազիֆիկացված է, երեխաների սնունդը պատրաստվում է փայտե վառարանի վրա, իսկ 2-3 տարեկան երեխաները  սանհանգույցի բացակայության պատճառով, անգամ ձմռանը, ստիպված են դուրս գալ շենքից: Մանկապարտեզի տնօրեն Անժելա Ղուլյանը պատմում է, թե ինչպիսի դժվարությամբ են իրականացնում երեխաների խնամքն ու դաստիարակությունը:

«Քարե դարի պայմաններ են, բայց ինչ արած, հարմարվում ենք: Գյուղում նախադպրոցական տարիքի եւս 40-ից ավելի երեխա կա, բայց չենք կարող նրանց ընդունել»,- ասում է նա:

Սակայն մանկապարտեզի, ինչպես նաեւ նույնքան անխիթար վիճակում գտնվող երաժշտական դպրոցի վերանորոգման խնդիրների մասին քառամյա ծրագրում հիշատակված են միայն համայնքի սեփականություն համարվող գույքի ֆիզիկական վիճակի նկարագրության մեջ: Դրա փոխարեն  համայնքի զարգացման համար կարեւոր այս փաստաթղթի տարբեր ենթավերնագրերում ներկայացված են քառամյա ծրագրի հետ կապ չունեցող մեկնաբանություններ, ինչպես օրինակ, որպես համայնքի ուժեղ կողմ, նշվում է այն փաստը, որ «համայնքում կա Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձան կոթող». դրա կողքին ոչ մի ակնարկ տարածաշանում զբոսաշրջության զարգացումը խթանելու գյուղի հնարավորությունների մասին: 

Դժվար է կռահել, չեն կարեւորե՞լ, թե` քառամյա ծրագրին կամ համայնքային իշխանության որոշումներին են անլուրջ վերաբերվել: Հավանաբար վերջինը, հակառակ դեպքում համայնքապետարանի պատի տեղեկատվական ցուցատախտակին այդ որոշումներից գոնե մի նմուշ կլիներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter