HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վտանգվում է նաեւ մարդկանց առողջությունը

Սյունիքի մարզի մոտ 13.000 գյուղացիական տնտեսություններին սպասարկում է թունաքիմիկատների վաճառքի արտոնագիր ունեցող ընդամենը մեկ խանութ

Սյունիքի մարզում թունաքիմիկատներ վաճառելու արտոնագիր ունի միայն Սիսիան քաղաքում գտնվող «Մակիչ—Մաջո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Տնօրեն Սեւադա Իվանյանի տվյալներով` մարզում օգտագործվող թունաքիմիկատների տարեկան պահանջարկը մոտ 10-12 տոննա է, ընկերությունը ներկրում է դրա ընդամենը 10 տոկոսը: Մյուս մասը կա՛մ լրացվում է անօրինական ճանապարհով իրացվող թունաքիմիկատների հաշվին, կա՛մ պահանջարկը չի բավարարվում:

«Թունաքիմիկատների առք ու վաճառքով զբաղվելը կարող է եկամտաբեր թվալ շատ ձեռներեցների,- ասում է ընկերության տնօրենը,- սակայն դրա համար արտոնագիր պետք է ձեռք բերել: Թունաքիմիկատների վաճառքի գներն էականորեն բարձրացել են, երբ դրանց վաճառքի համար ավելացված արժեքի հարկ է սահմանվել: Այս հանգամանքներից ելնելով` մարդիկ փորձում են գաղտնի, անօրինական ճանապարհներով թունաքիմիկատներ վաճառել: Իմ կարծիքով` սա է պատճառը, որ, որքան էլ մենք փորձում ենք շահագրգռել հետաքրքրված մարդկանց, որպեսզի նրանք, որպես թունաքիմիկատների վաճառքի արտոնագիր ունեցող կազմակերպության, պայմանագիր կնքեն մեր ընկերության հետ՝ մարզի տարածաշրջաններում թունաքիմիկատների խանութներ բացելու համար, արձագանքներ չենք ստանում»:

Սյունիքի մոտ 13 հազար գյուղացիական տնտեսությունների համար այսօր մարզում գործում է միայն մեկ մասնագիտացված խանութ, որտեղ թունաքիմիկատների վաճառքն իրականացվում է սահմանված կանոնների համապատասխան՝ արտահագուստով, սպասարկման կանոններով, սակայն այս դեպքում եւս չի պահպանվում դեռեւս խորհրդային տարիներից ուժի մեջ մտած եւ մինչեւ այժմ կիրառվող այն կարգը, որ թունաքիմիկատների պահեստավորումը, վաճառքն արգելվում է բնակավայրերից 500-700 մետրից մոտիկ:

Նույն խանութի միջոցով, տնօրենի հավաստմամբ, տարեկան վաճառվում է մոտ 500-600 կգ հեղուկ հերբիցիդ, որը հիմնականում օգտագործվում է Մեղրիի տարածաշրջանում: Ընկերությունը վաճառում է թունաքիմիկատը, սակայն որեւէ պատասխանատվություն չի կրում դրանց օգտագործման համար:

«Սիսիանի տարածաշրջանում մեր ընկերությունը ֆերմերներին առաջարկում է նաեւ սեփական ապարատներով բուժպատվաստումներ իրականացնել, ինչը հեռավորության պատճառով չենք կարող ապահովել մյուս տարածաշրջաններում»,-ասում է Սեւադա Իվանյանը: Նա մտահոգություն է հայտնում, որ մարզի տարածքում իրացվող դեղերի գերակշիռ մասը կասկածելի բաղադրություն ունի, քանի որ ներկրվում է անօրինական ճանապարհով, պատահական մարդկանց միջոցով, եւ ֆերմերները որեւէ երաշխիք չունեն, որ դրանք ցանկալի արդյունք կտան, քանի որ այն ձեռք են բերում չփաթեթավորված վիճակում, առանց պիտանելիության ժամկետների մասին նշումների, օգտագործման համապատասխան ցուցումների: Հաճախ էլ մարդիկ, ծանոթ չլինելով նոր դեղամիջոցներին, նախընտրում են արդեն իսկ ծանոթ, հին, բայց գործածությունից դուրս մնացած թունաքիմիկատը` չգիտակցելով, որ այն կարող է վնասակար ազդեցություն ունենալ:

Այն, որ թունաքիմիկատների օգտագործման եղանակների, դրանց կիրառման արդյունավետության մասին բնակչության իրազեկությունը ցածր է, հաստատում է նաեւ սերմերի գործակալության Սյունիքի մարզային կառույցի ղեկավար Նվարդ Միքայելյանը. «Հող մշակող կամ այգի խնամող մարդը ոչ միայն ստիպված ձեռք է բերում էժան, անհայտ ծագում ունեցող դեղամիջոց, այլեւ տեղյակ չէ, թե որ դեղն է ավելի արդյունավետ օգտագործել այս կամ այն հիվանդության դեմ պայքարելու համար: Նա իրազեկված չէ նաեւ, թե բույսերի աճի որ ժամանակահատվածում պետք է օգտագործվի տվյալ դեղամիջոցը: Օրինակ` Կապանի տարածաշրջանի Սյունիք համայնքում բույսերին թունաքիմիկատ էր տրվել ջերմոցում, որի պատճառով դրանք վարակվել էին, հետագայում վարակը սածիլների հետ դաշտ էր տեղափոխվել, տարածվել ամբողջ դաշտում գտնվող բույսերի շրջանում: Բացի այդ, որոշ դեղամիջոցներ, ինչպես, օրինակ, կարտոֆիլի՝ կոլորադյան բզեզի դեմ օգտագործվող թունաքիմիկատը, յուրաքանչյուր տարի պետք է փոխարինվի այլ դեղամիջոցով, սակայն հազիվ թե ֆերմերներն այդ մասին տեղյակ են»:

Տիկին Նվարդը նաեւ իր անհանգստությունն է հայտնում, որ մի շարք միջազգային, հասարակական կազմակերպություններ ֆերմերային տնտեսություններին տրամադրում են տարբեր թունանյութեր՝ առանց որեւէ բացատրական աշխատանք կատարելու: Նրա կարծիքով` պատճառներից մեկն այն է, որ համայնքապետարանները չունեն գյուղատնտես մասնագետներ:

Սյունիքի Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի համայնքային կապերի զարգացման մասնագետ Անուշավան Հովսեփյանը նշում է, որ կենտրոնի գյուղի խորհրդատուները պարբերաբար լինում են համայնքներում, անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրում ֆերմերներին, թե որ հիվանդության դեպքում ինչպիսի դեղամիջոց պետք է կիրառվի, սակայն կենտրոնը չունի վերահսկելու ֆունկցիա, որպեսզի կանխվի դեղամիջոցների անօրինական վաճառքը, կամ չի կարող միջամտել որեւէ մեկի ձեռներեցությանը: Պարոն Հովսեփյանը նաեւ իր մտահոգությունն է արտահայտում, որ եթե վերջին տարիներին ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից զգալի աշխատանքներ են իրականացվել յուրաքանչյուր համայնքում անասնաբույժի հաստիքներ ապահովելու, անասնաբուժական ծառայություններ իրականացնելու, պետպատվերի շրջանակներում որոշ հիվանդությունների դեմ պարտադիր կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու համար, ապա դաշտավարության ոլորտում այդ առումով դեռեւս որեւէ նախաձեռնություն հանդես չի բերվում:

«Ֆերմերների անիրազեկության պատճառով շատ հաճախ,- ասում է Ս. Իվանյանը,- օգտագործվում են այնպիսի դեղամիջոցներ, որոնք գործածությունից դուրս են եկել, ինչպես, օրինակ, գրանոզա կոչվող դեղամիջոցը, որը նախկինում օգտագործվում էր սերմերի ախտահանման համար, այժմ գործածությունից դուրս է եկել, մինչդեռ պատահական մարդիկ մեծ ծավալներով այն իրացնում են հատկապես գյուղական համայնքներում»:

«Մակիչ—Մաջո» ընկերության տնօրենն իր տարակուսանքն է հայտնում այն մասին, որ շատ դեղեր, որոնք թեեւ արգելված են, այնուամենայնիվ, զանգվածաբար օգտագործվում են, օրինակ` ցինկի ֆոսֆիդը կրծողների դեմ պայքարի ընթացքում: Տարբեր թունաքիմիկատների, պարարտանյութերի ներկրման հետ կապված վերահսկողության բացակայության պատճառով,- շարունակում է Իվանյանը,- ինչպես նաեւ օգտվելով այն հանգամանքից, որ մարդիկ տեղյակ չեն, ցածր գնով կամ ապրանքափոխանակության միջոցով ֆերմերներին են վաճառվում այնպիսի պարարտանյութեր, որոնց մեջ ազդող նյութի սահմանված տոկոսը նորմայից ցածր է՝ այսպիսով վտանգի տակ դնելով հողի մշակի բազմաչարչար աշխատանքի արդյունքը:

Ըստ Նվարդ Միքայելյանի` այս գործում մեծ անելիք ունեն նաեւ համայնքների ղեկավարները: Նրանք պետք է հետեւողական լինեն, որպեսզի պատահական մարդիկ չփորձեն կասկածելի ծագում ունեցող բուժանյութեր տարածել, քանի որ դրանով վտանգվում է նաեւ համայնքի մարդկանց առողջությունը:

Բնականաբար, տեղական իշխանության բոլոր ղեկավարները մտահոգված են իրենց համայնքների բնակիչների առողջության անվտանգության ապահովման համար, սակայն փաստ է, որ որեւէ իրավասություն չունեն կանխելու անօրինական ճանապարհով իրացվող թունաքիմիկատների վաճառքը: Այդ ֆունկցիան այժմ վերապահված է բույսերի պաշտպանության կարանտին տեսչություններին:

Ապօրինի ճանապարհով թունաքիմիկատների վաճառքը կանխելու ուղղությամբ Սյունիքի մարզում այդ տեսչության գործունեության մասին կարդացեք առաջիկայում:

Հոդվածը պատրաստել է «Գորիսի մամուլի ակումբ» հ/կ-ն՝ Համաշխարհային բանկի եւ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստանի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter