
1993թ. հունիսի 12-ին զոհվեց Մոնթե Մելքոնյանը
Վաղ առավոտյան Լեռնային Ղարաբաղի Մարտունու ինքնապաշտպանական ուժերը սկսեցին Ադրբեջանի Աղդամի շրջանի մի քանի գյուղերում տեղակայված ռազմական հենակետերի ոչնչացման գործողությունը:
Ամեն ինչ հաջող էր ընթանում: Կեսօրին գործողությունն ավարտված էր: Մոնթեն, Կոմիտասը, Սարիբեկը, Սարոն, Հովիկը եւ Գեւորգը «Վիլիսով» մտան Մարզիլի գյուղ: Տարածքը զննելուց հետո նրանք պետք է որոշեին նոր դիրքերի տեղերը:
Խաչմերուկում զրահամեքենա նկատելով` «Վիլիսը» կանգնեց: Մոտ 40 մետր հեռավորության վրա գտնվող զրահամեքենայի շուրջ խմբված էին զինվորներ: Կոմիտասը, որ ադրբեջանական զինվորական համազգեստով էր, դուրս եկավ մեքենայից, քայլեց նրանց ուղղությամբ: Նա գոռաց` հայե՞ր եք:
Դիմացինները ադրբեջաներենով պատասխանեցին` ոչ: Կոմիտասը հետո պատմում էր. հարցնելու պահին արդեն գիտեր, որ թշնամու զինվորներն են: Նա կրակելով ետ քաշվեց: Մեքենայում գտնվողները դուրս նետվեցին եւ կրակելով սկսեցին դիրքավորվել: Թշնամու ավտոմատավորներին միացավ զրահամեքենայի խոշոր տրամաչափի գնդացիրը:
Առաջին կրակոցի ժամանակ տղաները պառկած էին: Մոնթեն վազեց դեպի կողքի տան պատը: Լսվեց գնդացրի երկրորդ կրակոցը: Կպել էր պատին… Բեկորի մի մեծ կտոր մխրճվել էր Մոնթեի գլխի մեջ: Տղաներից չորսն արդեն վիրավոր էին: Հովիկը Մոնթեին գրկած` ռացիայով օգնություն կանչեց. 00-ն չկա, 00-ին խփել են… Հրամանատարի կողքին դիրքավորվելով` նրանք շարունակեցին դիմադրել: Օգնության հասած ուժերը ադրբեջանական ջոկատին ոչնչացրին, ադրբեջանցի զինվորներից մեկին գերի վերցրին: Հետախուզության պետը` Սարիբեկ Մարտիրոսյանն, արդեն արյունաքամ էր եւ հիվանդանոց հասցնելուն պես մահացավ:
Մեկնաբանություններ (16)
Մեկնաբանել