HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Էդմոնդ Խուդյանը կասեցնում է իր փաստաբանի լիազորությունները. ինչու՞ է այդքան շահագրգիռ դատավոր Սուքոյանը

Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը, մտածելով, որ դատարաններում ընդունած (տես` Դատական թնջուկ. փաստաբանը օգնության համար դիմում է Սերժ Սարգսյանին) իր իսկ բնորոշմամբ` ապօրինի վճիռներն ու որոշումները հնարավոր է կապված լինի իր փաստաբանի`Լեռնիկ Հովհաննիսյանի հետ, կասեցրել է նրա լիզորությունները:

Ահա թե ինչ է գրել Է. Խուդյանը Լ. Հովհաննիսյանին ուղղված նամակում. «Հարգելի պարոն Հովհաննիսյան, այսօր էլեկտրոնային տարբերակով Ձեզնից ստացա թիվ ԵԱՆԴ 1724/02/10 գործով դատարանի 25 մայիսի 2011թ. որոշումը։

Ձեռքի տակ ունենալով տվյալ գործի նյութերը և Հայաստանից ինձ հետ բերած քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, ուսումնասիրելով դատարանի որոշումը և օրենսգրքի 86 հոդվածի առաջին մասում արձանագրվածը, և հաշվի առնելով, որ այդ որոշումը կայացվել է սնանկության գործով 17.05.2011 թվականի անօրեն որոշմանը խոչընդոտող օրինական հիմքերը Կենտրոնի դատարանում վերացնելու միտումով` ցավով արձանագրում եմ, որ գործ ունենք դասական կոռուպցիայի հետ, որի դեմ պայքարելու միջոցներ այս պահին Դուք չունեք։

Կասկածի տակ չդնելով Ձեր մասնագիտական որակները, ստեղծված իրավիճակում ես իրավունք ունեմ մտածելու, որ միգուցե դատական համակարգում անձնապես Ձեր դեմ որոշակի լարվածություն կա և այդ անօրինություններն իրականացվում են այն նպատակով, որ խոչընդոտեն Ձեր մասնագիտական գործունեությանը և համբավին։

Այդ իսկ պատճառով որոշել եմ կասեցնել Ձեր լիազորությունները թիվ ԵԱՆԴ 1724/02/10 գործով և իմ անունից հանդես գալու համար լիազորել «Ամերիա» ընկերությանը, որի հետ նախկինում աշխատել եմ, կամ մեկ այլ փաստաբանի: Խնդրում եմ այդ մասին տեղեկացնել դատարանին, որպեսզի շուրջ յոթ ամսվա ընթացքում դատավոր Գայանե Մազմանյանի կողմից ընդամենը մեկ նիստ հրավիրած այդ գործով ծանուցվեմ ես, մինչ պայմանավորվածություն ձեռք բերեմ իմ շահերը ներկայացնողի հետ: Խնդրում եմ սույն գրությունը չընդունեք որպես Ձեր հանդեպ անվստահություն, պարզապես ստեղծված իրավիճակն ու իմ շահերն են ինձ դրդում գործել այս կերպ»:

Այս գրությունից հետո (02.06.2011թ.) փաստաբանը դիմում է ներկայացրել դատարանին` տեղեկացնելով, որ իր վստահորդը կասեցրել է իր լիազորությունները եւ խնդրել է, որ վերջինս ծանուցագրերը այսուհետ ուղարկի անձամբ Էդմոնդ Խուդյանին:

Սակայն դատարանը, քանի որ նախօրոք որոշել էր, որ «ՎՄԳ Գրուպ» ՓԲԸ-ի հանդեպ կիրառված արգելանքը պետք է վերացվի, շարունակել է իր ապօրինությունը: Հայաստանում դատական համակարգը, բազմաթիվ փորձագետների կարծիքով, ամենակոռումպացվածն է: Հասարակությունը նույնպես չի վստահում դատարաններին, նման արդյունք են տվել տարբեր կազմակերպությունների կողմից կատարած հետազոտությունները: Ավելին դատավորները գրեթե չեն պատժվում իրենց կայացրած ապօրինի դատավճիռների, վճիռների, որոշումների համար:

Բազմաթիվ են օրինակները, որոնց մասին գրում են լրատվամիջոցները: Նրանք չեն պատժվում եւ շարունակում են նույն ոճով աշխատել: Հիմա ներկայացնենք մի փաստ, որը բավարար է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նկատմամբ Արդադատության խորհրդում վարույթ հարուցելու համար: Սակայն նման վարույթ չի հարուցվի, քանի որ Ա. Սուքոյանը սեփական նախաձեռնությամբ չի կարող այսպիսի որոշում կայացնել, նա վստահաբար, ստացել է Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հավանությունը:

Ավելին` հավանական է` վերջինիս հրահանգով է Սուքոյանը նման որոշում կայացրելու եւ շարունակելու է կայացնել: Եւ այսպես մեր ձեռքի տակ է Հայաստանի արագընթաց փոստային ծառայության միջոցով Էդմունդ Խուդյանի արդեն նախկին ներկայացուցիչ` փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանին ուղարկված ծանուցագիրը: Սա բացառիկ դեպք է, երբ դատարանը օգտվել է արագընթաց փոստային ծառայությունից` վճարելով 500 դրամ:

Սա նշանակում է նաեւ, որ դատավորը իր գրպանից է վճարել: Հունիսի 10-ին` առավոտյան ժամը 10:10-ին բերած ծանուցագրով դատավորի օգնական Վ.Ասատրյանը Լեռնիկ Հովհաննիսյանին տեղեկացնում է, որ նույնը օրը` ժամը 12:15-ին, դատական նիստ է նշանակված: Այս «արագացված» ծանուցագիրը հետագայում հիմք է դառնալու ապօրինի որոշում ընդունելու համար: Այն բավականին թանկ արժե, դատավորը հենց այնպես չէ նման «պլան» նախագծել: Ի՞նչն է ստիպել դատավորին այսքան արագ նիստ անել և որոշում կայացնել:

Ինչու՞ է այսքան շահագրգռված դատավորը, ի՞նչ են նրան տվել, կամ ո՞վ է նրան զանգահարել: Սրանք այն հարցերն են, որոնք պետք է պարզի Արդարադատության խորհուրդը: Եթե մեր իշխանությունները, եթե Արդրադատության նախարար Հրայր Թովմասյանը ուզում են վերացնել կոռուպցիան, եւ եթե ցանկանում են ցուցադրական գոնե մի դեպք ունենալ, կարող են քանդել այս կծիկը, պարզել, թե ինչու՞ է դատավորն այսքան շահագրգռված «Արին կապիտալ» ներդրումային ՍՊ ընկերության սնանակության գործով խոչընդոտ հանդիսացող արգելանքը վերացնելու հարցում, ինչո՞ւ է այդ միջնորդությունը ներկայացվել ոչ թե «ՎՄԳ Գրուպ» ՓԲԸ-ի, այլ` հայցվորի կողմից հանդես եկող սնանկության գործով կառավարչի կողմից, պարզել նաեւ թե սնանկության գործով կառավարիչը քանի՞ անգամ եւ ինչու՞ է այցելել սնանակության գործով դատավորին և դատավոր Սուքոյանին: Կուռուպցիան աներույթ չէ, կոռուպցիան փաստ է, եւ ահա դրանցից մեկը:

Հ.Գ. Պարզվում է` Վլադիմիր Մանգասարյանին զոհ են դարձել նաեւ մի քանի այլ սփյուռքահայեր: Նրանցից մեկն էլ «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր, բարեգործ Նարեկ Հարությունյանն է: Վերջինիս պատմությունն աշագրավ է նրանով, որ Մաշտոցի պողոտայի 33 ա շենքում տարածք ձեռք բերելու համար Ն.Հարությունյանը լիազորել էր «Երկիր» միության նախագահ Սեւակ Արծրունուն: Հաջորդ շաբաթ «Հետքը» կներկայացնի այդ պատմությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter