
Գերմանացի ներդրողը պատրաստ է տասնամյակներ շարունակ պայքարել Գագիկ Ծառուկյանի դեմ
Գերմանական «ԻստԻնվեստոր» ընկերության տնօրեն Ստեփան Լաքսհուբերն ասում է, որ պատրաստ է երկարամյա, նույնիսկ տասնամյակներ տևող պայքար մղել ընդդեմ գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի և «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի, որպեսզի վերականգնվի իրենց սեփականության խախտված իրավունքը: «Մենք համարում ենք, որ այս գործը առանցքային է այն հարցում, թե ինչպես է պաշտոնական Հայաստանը վերաբերվում օտարերկրյա ներդրողներին,-«Հետքի» հետ զրույցում ասում է Ստեֆան Լաքսհուբերը,- մինչև չուղղվի և արդարացի չգնահատվի ու փոխհատուցվի մեր բաժնետոմսերի իրական արժեքը «Մուլտիգրուպի» կողմից, մենք շարունակելու ենք առաջ գնալ դատական բոլոր ատյաններով»:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվեց գերմանացի ներդրող Ստեֆան Լաքսհուբերի ներկայացրած «Իստինվեստոր» ընկերության հայցն ընդդեմ Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի:
Հիշեցնենք, որ բաժնետերերի 2008թ. հոկտեմբերի 12-ի ընդհանուր արտահերթ ժողովը որոշել էր համախմբել (կոնսոլիդացնել) Երևանի «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի բաժնետոմսերը' դրանցից ամեն 2363.5 հատը փոխարինելով մեկ նոր բաժնետոմսով, որի անվանական արժեքը 18 908 000 ՀՀ դրամ է: Իսկ ընկերության մեկ ամբողջական բաժնետոմսի շուկայական արժեքը, որով հետ էր գնվել բաժնետերերից, սահմանվել էր 28 000 դրամ: Մինչդեռ «ԻնտԻնվեստորը» մեկ բաժնետոմսը ձեռք էր բերել 105 հազար ՀՀ դրամով:
Կոմբինատի շահերը ներկայացնող Դավիթ Մանթաշյանը այսօր միջնորդեց դատարան հրավիրել կոմբինատում ավելի վաղ փորձաքննություն իրականացրած ընկերության մասնագետներին, որոնց ինքն ուզում է հարցեր ուղղել: Սակայն «ԻստԻնվեստորի» փաստաբան Արա Զոհրաբյանը առարկեց: Փաստաբանը հիմնավորեց, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում «մասնագետ» հասկացությամբ դատավարության մասնակից գոյություն չունի (ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն է դա նախատեսում), և տվյալ պայմաններում քաղաքացիական դատավարությանը մասնակցելու որևէ կարգավիճակ չունեցող անձի ներգրավումը այս գործում չի բխում Քաղ.դատ. օր.-ի նորմերից, առավել ևս` միջնորդությունը ներկայացնելիս Դավիթ Մանթաշյանը որևէ նորմով չհիմնավորեց մասնագետի ներգրավումը: Դատավոր Արայիկ Մելքոնյանը մերժեց Դավիթ Մանթաշյանի միջնորդությունը` նշելով, որ դատարանը հանձնարարություն էր տվել «Անիկոմ» ՍՊԸ-ին, սակայն ոչ այն ընկերությանը, որի փորձագետներին պատասխանող կողմը ցանկանում է ներգրավել:
Նախորդ դատական նիստին կոմբինատի շահերի ներկայացուցիչը գրավոր միջնորդություն էր ներկայացրել` դատարան հրավիրել «Անիկոմ» ընկերության փորձագետներին: Դատարանը բավարարել էր միջնոդրությունը: Սակայն այսօրվա նիստին նրանք չէին ներկայացել: Դատարանը որոշեց ևս մեկ անգամ ծանուցել փորձագետներին և հետաձգել գործի քննությունը: Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 23-ին:
Ստեփան Լաքսհուբերը «Հետքի» հետ զրույցում նշում է, որ իրենք այնքան էլ «երջանիկ» չեն փորձաքննության արդյունքներից, քանզի փորձաքննողները բաց են թողել բազմաթիվ կետեր և կողմեր, որը զգալիորեն կավելացներ գործարանի արժեքը, այդպիսով նաև իրենց բաժնետոմսերի արժեքը կոնյակի գործարանում:
«Շատ տխուր ճշմարտություն է, որ մենք նույնիսկ որևէ արձագանք չստացանք Հայաստանում (չեմ խոսում աջակցության մասին), մեր ապարդյուն կանչերին որևէ տեղական կառույց չարձագանքեց, օրինակ` նույնիսկ Զարգացման հայաստանյան գործակալությունը, ամենասկզբում, երբ նույնիսկ փաստաբանները չէին ուզում ստանձնել հսկա գործարարի դեմ այս դատական գործը: Բայց ես ուզում եմ մեկ անգամ ևս ասել, որ իսկապես սիրում եմ Հայաստանը. հիանալի երկիր է, մարդասեր և աշխատասեր մարդկանցով, կրթական լավ համակարգով: Հայաստանը շատ բան ունի առաջարկելու, և սովորական հայ մարդկանց հետ աշխատելը միշտ էլ հաճելի է,- ասում է օտարերկրյա ներդրողը:
Ս. Լաքսհուբերը նշում է, որ ինքը ներդրումներ չէր անի և չէր շարունակի ներդրումներ անել մինչ օրս, եթե չտեսներ Հայաստանի մեծ պոտենցիալը` իր օժտված, բարձր կրթություն ունեցող երիտասարդ սերնդով. «Հայաստանը իսկապես հսկայական պոտենցիալ ունի, և դա կարող է բարձրացվել: Սակայն որպեսզի դա արվի, Հայաստանը պետք է հարգի և երաշխավորի օտարերկրացիների նվազագույն իրավունքների պաշտպանությունը, այլապես Հայաստանը չի կարող դիտարկվել որպես գրավիչ երկիր»:
Մեկնաբանություններ (14)
Մեկնաբանել