HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Սիրիահայ տնտեսագետ. «Ես ուզում եմ մենակ՝ մեզ էն աչքով նայեն, որ մենք հայաստանցի ենք, սիրիահայ չենք»

Սիրիահայ տնտեսագետ Հարութ Փալուլյանը առաջին անգամ Հայաստան էր եկել 2008-ին՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը դիտելու և արձակուրդն անցկացնելու, երկրորդ անգամ՝ 2010-ին՝ եղբոր հարսանիքին, իսկ այս հուլիսին Հայաստան է եկել արդեն վերջնական մնալու:

Հարութը կարողացել է Երևանում աշխատանք գտնել այստեղ գալուց մեկ շաբաթ անց: Հայաստան գալու 3-րդ օրը նա տվել է մամուլի ասուլիս, որը տեսել է ֆինանսական կառավարման համակարգերի մշակումով զբաղվող «Հայկական ծրագրեր» ընկերության նախագահ Աշոտ Խաչատրյանը:

Ընկերությունից զանգահարել են Հարութին ու խնդրել ուղարկել ինքնակենսագրականը, հետո առաջարկել են հարցազրույց անել աշխատանքի ընդունվելու համար: Ընկերությունում Հարութին սովորեցրել են հաշվապահության հայերեն տերմինները և աշխատանքի ընդունել տեխնիկական սպասարկման բաժնում:

Սիրիայում Հարութն աշխատել է երկու մեծ կազմակերպությունում՝ մեկում գլխավոր հաշվապահ, մյուսում՝ հաշվապահ: Նա Հայաստան է եկել մոր, քրոջ և քեռու աղջկա հետ: Իսկ եղբայրը Հայաստանում է ապրում արդեն 10 տարի:

Հարութի քույրն էլ է տնտեսագետ և մինչ պատերազմը Հալեպում պետական կառույցում բաժնի պետ է եղել: Այժմ այդ կառույցի աշխատողները հետապնդվում են: Հարութի քույրն ուզում է Սիրիա վերադառնալ, սակայն ընտանիքը թույլ չի տալիս և շարունակում է աշխատանք փնտրել նրա համար, բայց դեռ առանց արդյունքի: Հարութի քույրը մի քանի սիրիահայի հետ «Հայկական ծրագրերում» մասնակցում է հաշվապահության հայերեն տերմինների դասընթացի:

Հարութը չի վերադառնալու Հալեպ, նույնիսկ երբ իրավիճակը հանդարտվի: Եթե քույրը աշխատանք գտնի Հայաստանում, նույնպես չի վերադառնա Հալեպում ապրելու: Միայն մայրն է, որ կարող է ժամանակ առ ժամանակ գնալ-գալ: Հարութը դեռ չի պատրաստվում դիմել Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար, բայց մայրն ու քույրն արդեն դիմել են:

Ընտանիքի բարեկամները շարունակում են Հալեպում մնալ: Հարութ Փալուլյանի խոսքով՝ նրանց հետ ամեն օր կապվում են: Բարեկամները կանխատեսում են, որ Հալեպում վիճակն օրեցօր վատանալու է:

Սիրիայում զոհված հայերի մեջ կան Հարութի ընկերները: «Առաջին զոհը՝ Վիգենը, իմ մոտիկ ընկեր է: Զինվորական էր և իր արդեն վերջին մի շաբաթն էր, պիտի ծառայությունից արձակեին»,- պատմում է Հարութը:

Իրավիճակը Հալեպի հայկական թաղամասի այն հատվածում, որտեղ Փալուլյանները ապրում էին, հանդարտ է: Բայց միևնույն է՝ փողոց դուրս գալիս զոհվելու հավանականություն կա: Նոյեմբերի սկզբին հարևան թաղամասում պատահական գնդակից զոհվեց Վարդան Խաչատրյանը, ով աշխատում էր մոտակայքի խանութներից մեկում: «Հարևան էր, ամեն օր՝ գործի գնալու ժամանակ, կտեսնեի»,- ասում է Հարութը:

Փալուլյանների տունը Հալեպում չի վնասվել ռազմական գործողություններից: Երբ արդեն վերջնական Հայաստանում հաստատվեն, Հալեպի տունը կվաճառեն և այստեղ տուն կգնեն, իսկ այժմ նրանք Երևանում վարձով են ապրում: Հարութի խոսքով՝ իրենց տան տերը շատ լավ մարդ է. չի օգտվել առիթից և սիրիահայերի համար հավելյալ վարձավճար չի սահմանել: Բայց Հարութը ճանաչում է բազմաթիվ հայաստանցիների, ովքեր, հենց սիրիահայերը սկսեցին Հայաստան գալ, բարձրացրին տների վարձավճարները՝ փոխանակ իջեցնելու: Հարութի խոսքով՝ այդ հայաստանցիները մոռանում են, որ սիրիահայերը «պատերազմից են փախել»:

«Ես ուզում եմ մենակ՝ մեզ էն աչքով նայեն, որ մենք հայաստանցի ենք, սիրիահայ չենք, սփյուռքահայ չենք: Ցավոք սրտի, շատ-շատ նայում են, որ մենք սփյուռքահայ ենք»,- ասում է Հարութ Փալուլյանը:

Նա հավելում է, որ եթե որևէ մեկը պատերազմից փախչի ու գնա Հալեպ, ապա բոլոր հայերը կբացեն իրենց դռները և կասեն՝ «հրամմեցեք»՝ անկախ նրանից այդ մարդը հա՞յ է, քրիստոնյա արա՞բ, թե՞ մահմեդական:

«Հոմսի մեջ որ սկսվեց պատերազմը, Հալեպ փախան ժողովուրդը՝ մուսուլմաններ: Մեր քրիստոնեական շրջաններին չեկան, բայց մուսուլմանների շրջաններին եկել են: Մուսուլմանները իրենց դուռերը բացել են, ասել են՝ «եկեք մեզ հետ մնացեք, մինչև Հոմսը հանդարտի»: Շատ քրիստոնյաներ կային, որ եկել են Հալեպ, քրիստոնյաների դուռերը զարկել են, քրիստոնյաները ասել են՝ «հրամմեցեք»: Մենք էդպես ենք վարժվել: Կարող է՝ դրա համար մի քիչ ծանր ենք զգում, որ, կոպիտ ասած, կողոպտում են»,- ասում է Հարութը:

Նրա խոսքով՝ սիրիացիների ստացած աշխատավարձերը հնարավոր չէ համեմատել հայաստանցիների աշխատավարձերի հետ:

«Սիրիա, օրինակ, որ 250 դոլար առնես, կարող ես ամիսը դու թագավոր ապրել: Էստեղ 250 դոլարը ի՞նչ է: Չես կարող բաղդատություն անել: Հայաստանյան դրամը բարձր է. հայաստանյան դրամը 400 է մի դոլարը, Սիրիայում 70 է»,- ասում է նա:

Վերջին 1,5 տարում Սիրիայում ապրանքների գները բարձրացել են՝ գրեթե հավասարվելով հայաստանյան գներին: Իսկ մինչ պատերազմը Սիրիայում ապրանքները շատ ավելի էժան էին: Հարութի խոսքով՝ Սիրիայում հացը մի քանի անգամ ավելի էժան է, քան Հայաստանում: Սիրիայում 300 դրամին համաժեք հացը մոտ 7 կգ է: Հագուստը ևս Սիրիայում ավելի էժան է, հիմնականում չինական արտադրության է, բայց կա նաև տեղական արտադրության: Չինաստանից Սիրիա ապրանք ներմուծելն ավելի էժան է, քանի որ մաքս չի գանձվում: Սիրիայում կոմունալ վարձերը, տարբեր հարկատեսակներ ցածր են և վճարվում են տարին մեկ անգամ:

Հարութի խոսքով՝ այժմ ամբողջ աշխարհը Սիրիայի դեմ է, և բազմաթիվ երկրներ թույլ չեն տալիս Սիրիայի քաղաքացիներին հատել իրենց սահմանը: Սիրիահայը շատ կարևորում է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Չինաստանի դեսպանատները ռազմական գործողությունների պայմաններում էլ շարունակում են աշխատել Սիրիայում, և այդ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել սիրիացիներին:

«Մենակ վիզա տալը արդեն մեծ բան է: Որ հիմա ես գնամ ամերիկյան դեսպանատուն, ասեմ՝ «ես ամերիկյան վիզա եմ ուզում», կասեն՝ «դու սուրիացի ես, դուրս արի»: Էն աստիճան հասավ սիրիացիներու պարագան»,- ասում է Հարութը: Նա նաև դրական է համարում Հայաստանում իրականացվող «Օգնիր եղբորդ» ծրագիրը:

Հարութի խոսքով՝ Հալեպում շատ քիչ են հայերը, ովքեր արաբական դպրոցներ են հաճախում: Հարութն ավարտել է Քարէն Եփփէ ազգային ճեմարանը և Հալեպի համալսարանը: «Ես մի քիչ արևելահայերենը սովորել եմ: Որ արևմտահայերեն խոսեմ, հաստատ-հաստատ արաբերեն բառեր կասեմ»,- ասում է նա:

Հարութը նաև գիտի անգլերեն ու շատ քիչ՝ թուրքերեն, որը լսել է տանը արևմտահայ տատից ու պապից: Այժմ մտածում է թուրքերենի իմացությունը խորացնելու և ռուսերեն սովորելու մասին: Հարութը չի հասկանում հայաստանցիների խոսակցական հայերենում գործածվող ռուսերեն բառերը և հաճախ հարցնում է դրանց նշանակությունը: Նման ռուսերեն բառերից միայն մի քանիսի նշանակությունը գիտի (привет - բարև, вообще - ընդհանրապես, просто - պարզապես):

«Սփյուռքահայը ընդհանուր առմամբ իր հայ մշակույթը ավելի գիտի, քան հայաստանցին: Հայաստանցիի մեղքը չի, որովհետև հայաստանցին ինքը իր մշակույթի մեջ է ապրում: Մենք օտար երկիրներու, օտարներու մեջ ենք ապրում: Դրա համար մենք՝ սփյուռքի հայերը, միշտ իրար բռնում ենք, որ մեր մշակույթը, մեր լեզուն պահպանենք: Մենք փոքր տարիքից սովորում ենք, որ չմոռանանք, որ մենք հայ ենք: Մեկ էլ մեզ ստիպում են, որ հայերեն կարդանք, որ չմոռանանք մեր հայ լեզուն: Մենք գիտենք՝ սասունցին ոնց է հագնվում, մարաշցին ոնց է մտածում, քիլիսցին... Դե, պապենական որ եկել է»,- պատմում է Հարութը:

Նրա հավաստիացմամբ՝ Սիրիայի հայկական դպրոցներում երեխաներին սովորեցնում են, թե Հայաստանում ինչ սարեր, եկեղեցիներ, քաղաքներ ու գյուղեր կան:

«Մենք պուճուր տարիքից մտածում ենք՝ Հայաստան գնանք, էդինչ լեռը գնանք, էդինչ քաղաքը գնանք, Երևանը տեսնենք, Հրապարակը տեսնենք, Օպերան տեսնենք: Դե, դուք տեսնում եք, բայց մենք չենք տեսնում դա, դրա համար միշտ երազանքով ենք ապրում՝ գնանք, տեսնենք, սարերը բարձրանանք»,- ասում է Հարութը:

Նա Հայաստանում այցելել է բավականին շատ վայրեր. եղել է Օձունում, Դսեղում, Շուշիում, Ստեփանակերտում, Սարդարապատում, Խոր վիրապում, Զվարթնոցում: Երբեմն արշավների է գնում Երևան եկած սիրիահայ ընկերների հետ: Հարութի ընկերների մի մասը ուզում է հաստատվել Հայաստանում, մի մասը՝ գնալ Եվրոպա, մի մասն էլ մտադիր է պատերազմի ավարտից հետո վերադառնալ Սիրիա:

Մեկնաբանություններ (6)

Martin
never give up bro GOD Bless You
Մլեհ Իշխանեան
Ռեժիսոր Ավո Գաբրիելյանին ձերբակալել են (Արիւնալի Բռնատէր Բաշշար Ասադի գաղտնի սպասարկութիւնները - Մ.Ի.) http://hayeli.am/%d5%bc%d5%a5%d5%aa%d5%ab%d5%bd%d5%b8%d6%80-%d5%a1%d5%be%d5%b8-%d5%a3%d5%a1%d5%a2%d6%80%d5%ab%d5%a5%d5%ac%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab%d5%b6-%d5%b1%d5%a5%d6%80%d5%a2%d5%a1%d5%af%d5%a1%d5%ac%d5%a5%d5%ac/
Avo
The anti-Armenia title is there simply to justify Hetq's funding from Western sources.
ominac
Յաճախ նկատած եմ, այս կայքէջի հեղինակները բացասականին հետ սիրահարուած են, հաւանաբար մեծամասնութիւնը հոգեբանօրէն ընկճուած է։ Վստահ եմ որ Հայաստանի իրականութեան մէջ շատ մը անարդարութիւններ կան, բայց միւս կողմէն ով որ ապրելու միտք ունի անպայման լաւն ալ պէտք է տես նայ, չէ թէ վերջդ կու գայ։ Հետեւաբար երբ «հետք» կարդամ, վերջը անպայման ուրիշ էջեր ալ կերթամ պարզապէս ուղեղս շտկելու համար։
Mleh
5. Avo - What anti-armenian title are you talking about? Please clarify, in order for us to know with whom we are dealing with.
ominac
Մլեհ ճան, այս գրածդ մեկնաբանութիւն չէ, այլ բարձրաձայն կուլաս կոր․ ի՞նչու քեզի կը դուի որ մէկը իր ուղեղը շտկելու համար պէտք է «Հարսնաքարի կամ Երևանեան պոռնկատուներէն որևէ մեկուն մէջ մերկապար վայելելով» ժամանակ անցնէ, դուն պէտք է քիչ մը մարդավարի ընտանիքներու հետ շփուիս․ Ուրիշ հազարումէկ ձեւ կայ։ Հաւատայ ինծի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter